«Հիմնանորոգված» մանկապարտեզները հիմնանորոգման կարիք ունեն
ՀՀ կառավարության 2007 թ. uեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ պահուuտային ֆոնդից 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ հատկացվեց մարզերում զարգացման ծրագրեր իրականացնելու համար, որից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 877 մլն 700 հազար դրամ` 36 ծրագրեր իրականացնելու համար:
Այս գումարից 10-ական մլն դրամ հատկացվել է Սեւանի վարչատարածքի երկու գյուղական համայքների` Լճաշենի եւ Ծովագյուղի մանկապարտեզների հիմնանորոգման համար: Ի դեպ, նկատենք, որ Գեղարքունիքի մարզպետարանը Սեւանի վարչատարածքում մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից ընտրել է հենց այս երկու գյուղերի` Լճաշենի ու Ծովագյուղի մանկապարտեզների հիմնանորոգումը: Սակայն պարզվեց, որ երկու մանկապարտեզներում էլ հիմնանորոգում չի կատարվել, ինչպես նախատեսված էր կառավարության հիշյալ որոշումով, որի ձեւակերպմանը երկու համայնքների ներկայացուցիչներն էլ ծանոթ չէին:
Լճաշեն համայնքի ներկայացուցիչները քանիցս հայտնել են իրենց դժգոհությունը նորոգում իրականացնող շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին, որի պատճառով աշխատանքները 3 անգամ ընդհատվել են: Լճաշենի մանկապարտեզում նորոգումն իրականացվել է մանկապարտեզի առաջին հարկում: Առհասարակ չի վերանորոգվել մի չօգտագործվող մասնաշենք, որը գտնվում է անմխիթար վիճակում: Փոխվել են շենքի հիմնական մուտքի 2 դռները, մի քանի պատուհաններ, նախամուտքին հաջորդող միջանցքային հատվածի տանիքի ազբոշիֆրերը, մեկ այլ մասնաշենքի ազբոշիֆրերը լրացվել են նորերով, մի քանի սենյակներում մասնակի նորոգվել է հատակը, ներկվել են խոհանոցը, դահլիճը, միջանցքների պատերը, առաջին հարկի որոշ սենյակների հատակներ, որոշ պատուհաններ: Ներկարարական աշխատանքների որակն ակնհայտորեն վատն է. յուղաներկված գրեթե բոլոր պատերը ճաքճքված են եւ այս պահին վերանորոգման կարիք ունեն:
Մանկապարտեզի երկրորդ հարկում խիստ անխնամ ներկվել են մի քանի պատուհաններ: Խոհանոցի պատերը ներկելուց հետո որոշել է այնտեղ ջուր անցկացնել: Մասնակի վերանորոգված ու դարձյալ անխնամ ներկված հատակները տխուր տպավորություն են թողնում: Մանկապարտեզի համար այդ 10 մլն դրամի հատկացումը բացառիկ երեւույթ է, սակայն, ինչպես նշում է մանկապարտեզի վարիչ Էմմա Աբրահամյանը, իրենց մանկապարտեզը Սեւանի վարչատարածքի գյուղական համայնքների միակ գործող մանկապարտեզն է: Միայն ձմռանն են 2-3 ամսով դադարեցնում աշխատանքը: Ներկայումս ուրախանալու առիթ ունեն, քանի որ շվեյցարական մի կազմակերպություն մանկապարտեզում իրականացնելու է լոկալ ջեռուցում, որի շնորհիվ հնարավոր կդառնա աշխատել ամբողջ տարին:
Ինչպես տեղեկացանք Լճաշենի համայնքապետ Կորյուն Մարգարյանից, մանկապարտեզի նորոգման աշխատանքների նախահաշիվը կազմվել է առանց իր գիտության, սակայն հետեւել է, որպեսզի շինարարական աշխատանքների ծավալաթերթում ներառված բոլոր աշխատանքները իրականացվեն: Թեպետ համայնքի ներկայացուցիչները գոհ չեն աշխատանքների որակից, սակայն ուրախ են, որ մի գործ էլ իրենց համայնքում է արվում: Կատարողական ակտն իրենք հաստատել են, սակայն համայնքի ղեկավարը չկարողացավ հիշել` տրվե՞լ է իրենց ակտի օրինակը, թե՞ ոչ: Իսկ վերանորոգող շինարարական կազմակերպության անունն այնդպես էլ չկարողացանք ճշտել, հաջողվեց պարզել միայն, որ այն Սեւանում է գործում, իսկ ղեկավարի անունը Դերենիկ Վարդանյան է:
Հուսանք, որ Լճաշենի մանկապարտեզի շինարարական աշխատանքների թերությունները դեռեւս հնարավոր է շտկել, քանի որ ՀՀ կառավարության 2007 թ. uեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշման 3.ա կետը նախատեսում է. «Աշխատանքն ամբողջ ծավալով ընդունելուց հետո պատվիրատուն կապալառուին վճարում է կատարված պահումների գումարի 50 %-ը, իuկ մնացած գումարը վճարվում է աշխատանքի արդյունքի համար uահմանված երաշխիքային ժամկետի ավարտից հետո: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել կամ առաջացել են թերություններ, ապա պահված գումարը կապալառուին վճարվում է վերջինիu հաշվին թերությունների վերացումից եւ դրանք պատվիրատուի ընդունելուց հետո: Նման պայմանագրով երաշխիքային ժամկետ է uահմանվում պատվիրատուի կողմից ամբողջ ծավալով աշխատանքն ընդունվելու oրվան հաջորդող oրվանից հաշված 365 oրացուցային oրը»:
Ավելի արտառոց վիճակում գտանք Ծովագյուղի «հիմնանորոգված» մանկապարտեզը, որը 1997 թ.-ից չի գործել: Այստեղ նույնպես հիմնանորոգում չի կատարվել: Հիմնովին փոխվել է մանկապարտեզի տանիքը, տեղադրվել են 2 դուռ ու 4 պատուհան: Այս դռների դիմաց թավ եղինջ է աճել, ինչը հավաստում է, որ նոր դռներից չեն օգտվում:
Ծովագյուղի համայնքապետարանի ներկայացուցիչները զարմացան` լսելով, որ կառավարությունը 10 մլն դրամ է հատկացրել մանկապարտեզը հիմնանորոգելու համար: «Անհնար է»,- եղավ արձագանքը: Թե ինչու՞ է այդպես ձեւակերպվել կառավարության որոշման մեջ, իրենք չեն կարող բացատրել: Աշխատակազմի քարտուղար Խաչիկ Մկրտչյանը հայտնեց, որ իրենք նախահաշիվ են կազմել, ըստ որի` մանկապարտեզը հիմնանորոգելու եւ գույքով ապահովելու համար անհրաժեշտ է 50-60 մլն դրամ: Իհարկե, այդ նախահաշիվը չի կազմվել համապատասխան կազմակերպության կողմից: Մանկապարտեզն էլ չի գործում, քանի որ չունի կոյուղու համակարգ, կահույք, սպիտակեղեն: Սակայն ունի 4 աշխատող` վարիչ, հավաքարար, տնտեսվար, պահակ, որոնք միասին ստանում են 120 հազար դրամ աշխատավարձ, քանի որ պատասխանատու են գույքի համար:
Մյուս հայտնաբերումն այստեղ այն է, որ մանկապարտեզում գորգագործական արտադրամաս է գործում, որտեղ աշխատում են Ծովագյուղի 50-60 բնակիչներ: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ասելով` ինքն անտեղյակ է, թե որ ընկերությանն է պատկանում այդ արտադրամասը, սակայն մանկապարտեզից տարածք է հատկացվել ամսական 30 հազար դրամ վարձավճարով: Քիչ անց համայնքապետարանի հաշվապահ Ռուբեն Բադեյանը ժխտեց աշխատակազմի քարտուղարի ասածը` հայտնելով, որ մանկապարտեզի համապատասխան տարածքը գորգագործներին (կրկին չկարողացավ նշել ընկերության անվանումը) հանձնված է անհատույց, սակայն համայնքապետարանի ու ընկերության միջեւ պայմանագիր չի կնքվել:
Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու հաշվապահը ոչ մի կերպ չկարողացան հիշել մանկապարտեզի նորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության անունը, ինչպես նաեւ այդ կազմակերպությունը ներկայացնող որեւ անձի: Նրանք նաեւ նշեցին, որ համայնքապետարանում որեւէ փաստաթուղթ չկա այդ աշխատանքների մասին, թեեւ տեղյակ են, որ համայնքի ղեկավարը ստորագրել է կատարողական ակտ: Հաշվապահ Ռ. Բադեյանն ասաց, որ մարզային բոլոր ծրագրերի առնչությամբ որեւէ փաստաթուղթ իրենց մոտ չի պահվում: Դժվար է պատկերացնել հաշվապահի նման մոտեցումը, մասնավորապես կատարողական ակտի առումով, քանի որ ակտը հաստատած յուրաքանչյուր կողմ պետք է ունենա իր օրինակը:
Փորձեցինք ճշտել, թե Ծովագյուղում վերջին 1-2 տարվա ընթացքում ուրիշ ի՞նչ ծրագիր է իրականացվել մարզպետարանի միջոցով, սակայն աշխատակազմի քարտուղար Խ. Մկրտչյանն անտեղյակ էր: Հուշեցինք ոլորտը` ջրամատակարարում, իսկ նա կրկին ոչ մի աշխատանք չհիշատակեց: Հուշեցինք, որ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (DFID) ֆինանսական օգնության միջոցներից Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրով Ծովագյուղի խմելու ջրատարի գլխամասային կառույցների նորոգման համար ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հատկացվել է 2 մլն դրամ: Աշխատակազմի քարտուղարը միայն այդ ժամանակ հիշեց ու հավաստեց, որ նման աշխատանք իրականացվել է համայնքում, սակայն այդպես էլ չկարողացավ ստույգ հիշել, թե ե՞րբ է իրականացվել` 2006 թ., թե՞ 2007 թ.-ին:
Հավելենք, որ Ծովագյուղի մանկապարտեզը ոչ միայն չի գործում, այլեւ գտնվում է հակասանիտարական վիճակում: Փաստորեն, պետական միջոցները, որոնք հատկացվել են, անարդյունավետ են ծախսվել են:
Ենթադրվում է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է այն ծրագրերը, որոնք ունեն համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, մինչդեռ մեր տեսածն այլ բան է փաստում. գումարը հատկացվել է իր բովանդակությանն անհամապատասխան: Անհասկանալի է նաեւ ծրագրերի բաշխման տրամաբանությունը, երբ Սեւանի վարչատարածքում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է հայտնաբերվում միայն 2 գյուղում, եւ այն էլ` չգործող մանկապարտեզը: Առավել ցավալի է այն, որ «հիմնանորոգված» մանկապարտեզները հիմնանորոգման կարիք ունեն աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել