
Հայերի ընդհարում ռուսական մաֆիայի հետ Հռոմում
Հունիսի 24-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Իտալիայում Հայաստանի հինգ քաղաքացի է ձերբակալվել սպանության կասկածանքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի քաղաքացիներ Արթուր Ասատրյանը, Դավիթ Ղազարյանը, Վահե Բուդաղյանը եւ Միհրան Մկրտչյանը ձերբակալվել են հունիսի 14-ին, իսկ Տիգրան Գյուրջյանը` հունիսի 20-ին: Աղբյուրի հավաստմամբ` վերը նշված ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման մեջ չեն եղել»:
Ձերբակալված Արթուր Ասատրյանը, մականունը` Պիպո, էջմիածնեցի է: «Հետքը» Պիպոյի մասին նախկինում գրել է (Տես՝ Ո՞վ է փոխարինելու գեներալ Մանվելին Էջմիածնում): Սպանությունը, որում նրանք կասկածվում են, տեղի է ունեցել Հռոմի ռեստորաններից մեկում: Իտալական լրատվամիջոցները դեպքը լուսաբանել են` կապելով այն ռուսական մաֆիայի հետ:
Ըստ մեր աղբյուրների` Պիպոյի հավատարիմ զինակիցներից մեկը` ըմբշամարտիկ, Եվրոպայի եւ աշխարհի մի շարք առաջնությունների հաղթող, Հայաստանի քաղաքացի, բայց այդ օրերին Հռոմում գտնվող Մ. Խ.-ն տեղեկություն է ստանում այն մասին, որ Օդեսայում գտնվող հանցավոր մի խմբավորում, որի եւ Պիպոյի խմբի միջեւ վաղուց թշնամանք կա, վարձու մարդասպան է «գործուղել» Հռոմ` Պիպոյին սպանելու համար:
Տեղեկության իսկությունն ու քիլլերի մասին մանրամասները ճշտելուց հետո Մ.-ն ճշտում է նաեւ Պիպոյի` այդ պահին գտնվելու վայրն ու շտապում ընկերոջ կյանքը փրկելու:
Ռեստորանում, որի սրահներից մեկում դեռ հեռվից տեսնում է սեղանի շուրջ նստած Պիպոյին ու մյուս ընկերներին, քիչ հեռու, մի սեղանի մոտ էլ նկատում է ռուսական դիմագծերով տղամարդուն: Վերջինիս արտաքինի ու հագուստի մանրամասների մասին ստացած իր տվյալները ոչ մի կասկած չեն թողնում, որ ռեստորանի ռուս այցելուն հենց ինքը` վարձու մարդասպանն է: Մ. Խ.-ն մոտենում է եւ, առանց որեւէ բառ ասելու, դանակով սպանում ռուսին:
Անակնկալի եկած ընկերները կռահում են Խ.-ի արարքի դրդապատճառը, որում էլ համոզվում են հենց տեղում` սպանվածի սեղանի վրա թերթի տակ գտնելով պատվիրված սպանության գործիքը` ատրճանակը:
Մ. Խ.-ն, Պիպոն ու ընկերները` թվով վեց հոգի (ՀՀ եւ Ուկրաինայի քաղաքացիներ), ձերբակալվում են հենց դեպքի վայրում:
Օրեր առաջ Պիպոն իր հայաստանյան ընկերներից մեկի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ իրեն առաջիկայում ազատ կարձակեն, միայն թե Հայաստանից իրեն դրական բնութագրող փաստաթղթեր են պետք:
Էջմիածնի քաղաքապետարանի մեր աղբյուրի հավաստմամբ` Արթուր Ասատրյանի` որպես պարկեշտ, առաքինի եւ ազնիվ քաղաքացու բնութագիրն Էջմիածնի քաղաքապետարանը օրերս ուղարկել է Հռոմ:
«Եթե այդ բնութագիրն ու այլ փաստաթղթերն այս անգամ փրկեն նրան անազատությունից, ապա կյանքի փրկության որեւէ միջոց նրան չի օգնի»,- ասաց նրա էջմիածնեցի ծանոթներից մեկը: Վերջինիս համոզմամբ` ձախողված մահափորձը վերջինը չի լինելու. «Մաֆիայի օրենքներն անողոք են. եթե արդեն կա նրան վերացնելու պատվեր, ուրեմն վաղ թե ուշ դա կիրագործվի»:
Մեկնաբանել