HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտահոգություններ եւ հույսեր՝ ըստ Մեթյուի

Հուլիսի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, նույն ինքը՝ ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատության» կայքէջում տեղադրված հարցազրույցի վերնագիրն է` «Հնարավոր չէ խոսել Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին»։

Եթե այս հարցազրույցը տարածված լիներ պաշտոնական խողովակներով, ասենք, օրինակ, արդարադատության նախարարության մամուլի ծառայության միջոցով, առանց կասկածելու կարելի էր մտածել, որ ինչ-ինչ մտքեր վերագրված են աշխարհի ամենաժողովրդավարական երկրի պաշտոնյային, բայց «Ազատություն» ռադիոկայանի բծախնդրությանը կասկածելու ոչ մի պատճառ չունեմ։

Եթե դիվանագիտությունը չլիներ ծանրակշիռ եւ լուրջ արհեստ, կարելի էր կարծել, որ պարոն Բրայզան կարեւոր մի լանչից ուշանալու պահին արագ-արագ հարցազրույց է տվել՝ շատ էլ չմտածելով, թե ինչ է ասում, սակայն ամերիկյան պաշտոնյաների անկեղծությանն էլ կասկածելու պատճառ չունեմ։

Իսկ ի՞նչ է ասում ժողովրդավարության փարոսի խոսնակը։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Արձանագրային բառապաշարով կազմված նախադասություններ, որոնք կարդալիս, սակայն, կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատումը Միացյալ նահանգներին ամենաքիչն է հետաքրքրում։

Եւ այսպես` պարոն Բրայզան ասում է. «Հայաստանի իշխանությունները մարտի 1-2-ի ողբերգության վերքերը ապաքինելուն ուղղված որոշ դրական քայլեր կատարել են, սակայն մի շարք հարցեր մինչեւ հիմա լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»։ Հիմա տեսնենք, թե ի՞նչն է մտահոգում եւ ի՞նչն է հուսադրում ամերիկացիներին։

Մտահոգում է այն, որ «մինչեւ հիմա կան քաղաքական մեղադրանքների կամ ենթադրյալ հանցագործությունների համար կալանավորվածներ», որ «ամբողջովին չի վերականգնվել ազատ կերպով ցույցեր եւ երթեր անցկացնելու մարդկանց իրավունքը», եւ որ իշխանության ու ընդդիմության միջեւ անջրպետ կա։ Երրորդ մտահոգությունը հայտնելիս պարոն Բրայզան, սովորության համաձայն, փորձել է ընդդիմության եւ իշխանության նկատմամբ հավասար վերաբերմունք դրսեւորել, սակայն չի նկատել, որ երրորդի բուն պատճառն առաջինն ու երկրորդն են: Ո՞նց կարող է անջրպետը վերանալ, եթե իշխանությունն ապօրինի կերպով բանտում է պահում ութսուն քաղբանտարկյալի եւ շուրջ հիսուն անգամ մերժում է հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտերը։

Հիմա տեսնենք, թե ի՞նչն է հուսադրում։ Հուսադրում է այն, որ «ընդդիմությանն ավելի շատ տեղ է հատկացվում հանրային հեռուստատեսության եթերում (? & ?)»։ Թե ի՞նչ է տեսել պարոն Բրայզան Հ1-ի եթերում, դժվարանում եմ անգամ կռահել, բայց կարող եմ մի բան ասել, որ եթե Հայաստանում լիներ 350 հազար սեւամորթ, կաթոլիկ կամ ստանդարտ մարմնական ու հոգեւոր կողմնորոշումներից դուրս մարդ, ամերիկյան վարչակարգն ամեն ինչ կաներ այդ հասարակությանը սեփական հեռուստատեսային կամ ռադիո ալիքով ապահովելու համար: Իսկ ընդդիմությանն, ըստ պաշտոնական տվյալների, ձայն տված 350 հազար մարդը (ոչ պաշտոնականն ու մնացյալ ընդդիմությանը ձայն տվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է) պետք է բավարարվի իշխանությունների մատուցած թերմացքով: Այսուհանդերձ, պարոն Բրայզան հուսով է, որ «գ այդ շատ դրական քայլը (խոսքը Հ1-ի մասին է) այսուհետ ավելի կանոնակարգված կլինի»:

Բրայզային հուսադրում է նաեւ այն, որ «…մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովն աշխատում է»։ Բացառապես իշխանությունից եւ ընդդիմության թափոնից կազմված մի հանձնաժողովի աշխատանքը, որի բուն նպատակը իշխանության հանցանքը պարտակելն է, կարող է այնպես ուրախացնել Լինքոլնի ու Ջեֆերսոնի գործի շարունակողին, որ առաջ անցնելով ասի. «…հուսով ենք` կառավարությանը կհաջողվի համոզել ընդդիմությանը՝ միանալ այդ աշխատանքներին»։

Ամերիկացի դիվանագետին հուսադրում է նաեւ այն, որ հունիս-հուլիսին ընդդիմությանն, այնուամենայնիվ, հաջողվել է մի քանի հանրահավաք անցկացնել, որոնց իշխանությունը չի միջամտել։ Այսինքն՝ մարտի 1-ից հետո չի եղել հունիսի 20-ի ողբերգություն կամ հուլիսի 4-ի արյունահեղություն։ Բռավո՜։

Իսկապես հուսադրող է, անցնենք առաջ ու նորից դառնանք մտահոգություններին։ Այնտեղ՝ Վաշինգտոնում, Բրայզային եւ իր ընկերներին «…անհանգստացնում է ձերբակալված քաղաքական գործիչների քանակը»։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե ձերբակալված քաղաքական գործիչների առկայությունը, այլ՝ քանակը։ Այս նախադասությունը կարդալով` կարելի է հասկանալ, թե մեկ տարի առաջ այնտեղ՝ Վաշինգտոնում, ինչու՞ չէին անհանգստանում Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, Արման Բաբաջանյանի, Մուրադ Բոջոլյանի հարցերով կամ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին անցած ամռանը ներկայացված միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որն այդպես էլ չհաստատվեց։ Չէին անհանգստանում, որովհետեւ քանակ չկար, քանակ։ Եւ ներկա մեծ քանակն է, որ թույլ չի տալիս խոսել «…Հայաստանում ժողովրդավարության նախկին թափի վերականգնման մասին»։

Ուրեմն պարզվում է, որ հայ ժողովուրդն ամիսներ շարունակ պայքարելով, զոհեր ու բանտարկյալներ տալով` ընդամենը պայքարում է «ժողովրդավարության նախկին թափը վերականգնելու» համար։ Մի թափ, որի մեջ երկու անգամ ընտրությունները կեղծած նախագահին չի շնորհավորել ԱՄՆ նախագահը, մի թափ, որում տեղ չունեին ազատ խոսքն ու կարծիքը, մի թափ, որում դատարանները սեւեռված հետեւում էին կեղծիքով նախագահ դարձած մարդու ցուցամատի շարժումին, մի թափ, որի մեջ հանուն կլանային կայունության այլասերվում էր քաղաքական դաշտը։

Ի դեպ, այդ «թափի» տարիները տարօրինակ զուգադիպությամբ համընկնում են հակաթուրք քարոզչության ամենաեռուն շրջանին, երբ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներով որեւէ հակառակ կարծիք (թուրքերի հետ բարեկամության հնարավորության մասին) չէր կարող հնչեցվել։ Հիմա այդ «թափի» տարիներն ապրած հասարակությունը, որը նաեւ բազմաթիվ պատճառներով չի վստահում նոր նախագահին, ինչպե՞ս է ընկալելու այն «խիզախ քայլը», որն, ըստ Մեթյու Բրայզայի, արել է Սերժ Սարգսյանը «…նախագահ Գյուլին Երեւան հրավիրելով եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին խոսելով…»։ Հարց, որի պատասխանը Մեթյուն դժվար թե ունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter