HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Կառավարության որոշումը հանրակացարանի իրական բնակիչների համար չէ

ՀՀ կառավարության 2007 թվականի որոշումներից մեկով արտոնվեց հանրակացարանների բնակարանները անհատույց սեփականության իրավունքով հատկացնել այն ընտանիքներին, որոնք փաստացի բնակվում են հանրակացարանում եւ դրանից բացի այլ օթեւան չունեն:

Էջմիածնի Աթաբեկյան 101 հասցեի հանրակացարանը, որը 1988 թվականից վերաբնակեցվել էր Ադրբեջանից բռնագաղթածներով, ըստ կառավարության որոշման տրամաբանության, պետք է հատկացվեր նրա բնակիչներին: Բռնագաղթած 9 ընտանիքներից բացի Աթաբեկյան 101 հասցեում արդեն 20 տարի սեփական ծածկ ունենալու բաղձալի օրվան սպասում են տեղաբնակ այլ ընտանիքներ էլ: 

Կառավարության որոշման մասին լուրն ուրախացրեց նրանց, տուն ունենալու հայսեր արթնացրեց, բայց երբ շենքում հայտնվեցին նոր հարեւաններն ու անմիջապես մեծածավալ շինարարություն ձեռնարկեցին, տեղաբնակները հասկացան, որ հանրակացարանում իրենց օրերը հաշված են, թեեւ բնակվելու օրվանից գրանցված են այդ հասցեում:

Հանրակացարանից «դուրս հրավիրվելու» մտավախությունն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ներսիսյան վարժարանի տնօրեն Սեդա Ենգիբարյանը, որի ընտանիքը նույնպես այդ շենքում է բնակվում, զբաղեցրած սենյակներն ազատելու պահանջով սկսեց անհանգստացնել բնակիչներին: Նշենք, որ Ներսիսյան վարժարանն ու հանրակացարանը նույն վարչական տարածքում են գտնվում, եւ հանրակացարանի նկատմամբ հսկողությունը եւս վարժարանի ղեկավարությունն է իրականացնում:

Տնօրենի` սենյակներն ազատելու պահանջին բնակիչները թեեւ հրաժարվեցին ենթարկվել, բայց համոզված չեն, որ համառելով կարող են հարցը հօգուտ իրենց լուծել:

Հանրակացարանում հայտնված նորեկների հագ ու կապից, ավտոմեքենաների մոդելներից հնաբնակները հասկացել են, որ իրենց տեղը նեղանում է:

Ովքե՞ր են այդ մարդիկ, ում հանրակացարանից տարածքներ են տրամադրվել: Ի՞նչ կարգավիճակում են, որ շուտափույթ տնավորել էր պետք, երբ հնաբնակների հարցը դեռ օդից կախ է...

Քանի որ Ներսիսյան վարժարանը ԿԳ նախարարության հաշվեկշռում է, փորձեցինք նախարարությունից ստանալ հուզող հարցերի պատասխանները: Բայց պարզվեց, որ վարժարանը նախարարության հետ առնչվում է միայն մեթոդական հարցերով. «Միայն ծրագրեր ենք իրականացնում եւ զբաղվում դասագրքերով: Իսկ ինչ վերաբերում է հանրակացարանին, դրանով զբաղվում է Արմավիրի մարզպետարանը»,- ասաց ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ի պատասխան հանրակացարանի հնաբնակների մտահոգության, թե նոր հարեւաններն անտուն ու անապահով չեն եւ սենյակները վերանորոգելուց ու սեփականացնելուց հետո վաճառելու են, ասաց. «Նրանցից ոչ մեկն էլ ապահովված չէ: Բոլորն էլ մանկավարժներ են: Մեզ են դիմել, ուսումնասիրել ենք, տեսել, որ տուն չունեն, հատկացրել ենք, մինչեւ բնակարան կունենան»:
«Անօթեւան» մանկավարժներին հանրակացարանում «ժամանակավոր» բնակության թույլտվությունը տվել է մարզպետարանում ստեղծված «Կրթական վարչության» (ձեւակերպումը` մարզպետ Ա. Ղահրամանյանի) հանձնաժողովը:

Կողմերի, տվյալ դեպքում` հանձնաժողովի եւ բնակչի միջեւ որեւէ փաստաթուղթ, մասնավորապես պայմանագիր, չի ստորագրվել: Թե ժամանակավոր ասվածը քանի՞ տարի է` որեւէ տեղ չի ամրագրվել: Եվ հետո` դժվար է պատկերացնել ժամանակավոր կացարանն ահռելի միջոցներով հիմնանորոգող «կարիքավոր» մանկավարժի: Բայց որ նորաբնակների թվում մանկավարժներ կան, փաստ է: Օրինակ` 2-րդ հարկում խղճուկ մի սենյակ է հատկացվել Ներսիսյան վարժարանի ուսուցչուհիներից մեկին: Մի քանի սենյակ էլ` Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենին:

Այլ ոլորտներ ներկայացնող «անապահով» նորաբնակներ նույնպես կան: Առաջին հարկի մի հատվածը բաժանվել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: «Փարոս» համակարգի աշխատակցուհիներից մեկին էլ է սենյակ բաժին հասել:

Հանրակացարանի հին ու նոր բնակիչների միջեւ առաջին բախումն արդեն տեղի է ունեցել: Վալյա Ղուկասյանը պատմեց, որ վերեւի հարկի իր նոր հարեւանը, ով սենյակները կառուցվածքային փոփոխության է ենթարկում, հարմար է գտել կոյուղագծի ուղղությունը փոխել եւ այն անցկացնել իր տան միջով: «Բա թույլ տամ, որ կոյուղու խողովակը տանս միջով տանե՞ն: Ոնց ուզում` անում են»,- ասաց տիկին Վալյան: «Ինչ արվում է, բնակիչների համար է արվում: Բոլորն էլ հավասարապես օգտվելու են դրանից»,- հակադարձեց Աշոտ Ղահրամանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter