
Եթե ջրամբարը չկառուցվի, դրա հողերը կօտարեն ուրիշներին
1983 թ. սկսված Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որի ավարտը նախատեսված էր 2000 թ.-ին, կանգ առավ ետխորհրդային տարիներին` 1998-99 թվականներին:
«Ջրամբարը Խորհրդային Հայաստանի կառավարության ամենամեծ նախագծերից մեկն էր: Նախագծի հաստատմանը ես էլ եմ մասնակցել: Ծախսատար ու աշխատատար նախագծին շատերն էին դեմ, բայց ընդունվեց, որովհետեւ ջրամբարի շահագործումով էապես թեթեւանալու էր Սեւանա լճի թողունակությունը»,- պատմում է նախկին Նաիրիի շրջանի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` եթե Սեւանից տարեկան բաց է թողնվում 150-180 խմ ջուր, ապա Եղվարդի ջրամբարի գործարկման դեպքում այդ ծավալը կիսով չափ նվազում է:
Եղվարդում 1000 հա տարածք զբաղեցնող այդ փոսը ոչ ոք ջրամբար չի անվանում: Ասում են` մեր չկայացած լիճը: Երբ շինարարությունն այստեղ դադարեցվեց, 500 հեկտարն արդեն բուսազրկվել էր. հատվել էին խաղողի եւ այլ մրգատու այգիները, ոչնչացվել բանջարանոցները: Ջրամբարի կարեւորությունը գերադասելով անձնական շահից` այգեգործները կատարվածին ըմբռնումով են վերաբերվել:
Քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Բենիամին Թադեւոսյանի տեղեկացմամբ` նախագծի ընդհանուր արժեքը 217,4 մլն ռուբլի էր, որի 68 մլն-ն արդեն ծախսվել էր. Եղվարդի ջրամբար ջուր հասցնելու համար պոմպակայան ու մինչեւ Սեւ ջուր խողովակաշար էր կառուցվել, ինչը թալանվել էր շինարարական աշխատանքները դադարեցվելուն պես: Ջրամբարի ավտոձեռնարկությունն իր հարյուրավոր բեռնատար մեքենաներով ու թանկարժեք տեխնիկայով եւս բաժան-բաժան էր արվել: Իսկ ավելի ուշ ամայացած ավտոձեռնարկությունը սեփականաշնորհվել է Եղվարդի մի բնակչի: Կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության պետի տեղական Յուրա Պեպանյանը ասաց, որ Եղվարդի ջրամբարը ընդգրկված է կառավարության ջրամբարաշինության հեռանկարային ծրագրում: Ասել է թե` երբեւէ կկառուցվի:
Ջրամբարում ամբարվելու էր 228 մլնխմ ջուր, որը ոռոգելու էր 34.000 հա տարածք. պատկերավոր ասած` Արարատյան դաշտն ամբողջությամբ: Ռաֆիկ Պետրոսյանն ասում է, որ նաեւ ջրհան կայան էր կառուցվելու` ջուրը Արայի լեռ հասցնելու համար. «Այնտեղ անտառ պետք է հիմնվեր, ու ջրամբարն իր բարձրադիր հատվածով երիզվեր փարթամ բուսականությամբ»:
Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի համոզմամբ` եթե ջրամբարը գործեր, կփոխվեր նաեւ տեղի կլիման: «Եղվարդը կդառնար հանգստի գոտի: Մայրաքաղաքին ավելի մոտ լինելով, քան Սեւանը` կկարճացներ հովեկների ճանապարհը: Եվ հետո, եթե Սեւանում հանգստի սեզոնը 1-2 ամիս է, մեզ մոտ` 6 ամիս»,- ասում է Ն.Սարգսյանը:
Եղվարդցիները դեռ սպասում են նախագծի իրականացմանը: Ձկնորսության սիրահար Անդրանիկ Հովհաննիսյանն ասաց, որ ջրամբարի գոյությամբ կզարգանար նաեւ ձկնարդյունաբերությունը, թափ կառներ հյուրանոցաշինությունը, ինչը նոր աշխատատեղեր է ենթադրում: «Այնպես որ, մի ջրանցքով մի շարք կարեւոր հարցեր կլուծվեն, եթե վերեւներում ցանկանան»:
Դադարեցված շինարարությունը վերսկսելու խնդրանքով Եղվարդի ղեկավարությունը դիմել է նախկին գյուղնախարարին: Դավիթ Լոքյանն առաջարկել է դիմել գրավոր: «Կքննարկենք` կպատասխանենք»,- Լոքյանի ասածը փոխանցեց քաղաքապետը:
Մինչ կառավարությունը կքննարկի Եղվարդի ջրամբարի հարցը, 1000 հա տարածքով փոսը եղվարդցիներն ինքնակամ դարձրել են ցանքատարածքներ: Առվույտ ու ցորեն են ցանում: Այլ մշակաբույսեր չեն աճեցնում, որովհետեւ տարածքը ոռոգման խնդիր ունի, իսկ ներդրումներ չեն անում, քանի որ երաշխիք չունեն, թե հողի տեր կլինեն: «Այդ հողը հիմա համայնքի վարչական տարածքում է, բայց սեփականաշնորհելու կամ օտարելու իրավունք չունենք»,- ասաց քաղաքապետ Նորիկ Սարգսյանը: Իսկ իրավունք ունենալու դեպքում, եղվարդցիների համոզմամբ, այդ տարածքից իրենց ոչինչ չի հասնի: «Դրա համար էլ ճիշտ տարբերակը շինարարությունը վերսկսելն է. դրանից կշահեն եւ եղվարդցիները, եւ տարածքի բնակիչները»,- ասաց Եղվարդի քաղաքապետարանի գյուղբաժնի պետը:
Մեկնաբանել