HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական մերձեցման հեքիաթը

Երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայից հնչեցրեց Աբդուլլահ Գյուլին ֆուտբոլի հրավիրելու առաջարկը եւ պատմաբանների համատեղ հանձնախումբ ստեղծելու իր չառարկությունը, ընդդիմությունը, բնականաբար, քննադատեց Սարգսյանին, որոշ լրատվամիջոցներ էլ այդ քննադատությունը որակեցին որպես պարզ չկամություն։

Ու թեեւ Սարգսյանի մոսկովյան այցից օրեր անց «Ժամանակ Երեւան» օրաթերթը հրապարակեց անցած տարվա դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի` հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը, այնուամենայնիվ, չկամության վարկածը դուրս չեկավ շրջանառությունից։

Դեկտեմբերի 8-ի ելույթում հայ-թուրքական հարաբերություններին հատուկ անդրադառնալու անհրաժեշտությունն առաջացել էր, որովհետեւ ընտրապայքարի մեկնարկի առաջին իսկ օրերից պաշտոնական քարոզչությունը Տեր-Պետրոսյանի վարկանիշի աճը փորձում էր կանխել զանազան պիտակներով, այդ թվում՝ նաեւ անվանելով նրան «թրքամետ»։

Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից շուրջ կես տարի առաջ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր բառացիորեն հետեւյալը. «Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը»։

Սա ասվում էր այն ժամանակ, երբ դեռ պարզ չէր, թե ինչպե՞ս են անցնելու նախագահական ընտրությունները, եւ թե ի՞նչ աստիճանի լեգիտիմությամբ է օժտված լինելու Հայաստանի երրորդ նախագահը։ Հիմա, երբ ամեն ինչ պարզ է, երբ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը չի վայելում հասարակության վստահությունը, հայ-թուրքական հաշտեցման թեմայի արծարծումն անգամ վտանգ է պարունակում, եւ, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջարկին (խոսքը հանձնախումբ ստեղծելու մասին է, ֆուտբոլի հետ, կարծես թե, ոչ ոք խնդիր չունի) քննադատաբար մոտենալը ոչ թե պարզ չկամություն է, այլ՝ խիստ պարտադիր զգուշավորություն։

Ընդդիմության շարքերում շատերը կողմ լինելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հաշտեցման ծրագրերին, տարածաշրջանային երկխոսությանը` կարծում են, որ Հայաստանի ներկա իրավիճակում կան մի շարք խոչընդոտներ, որոնք են.
ա) հասարակական վստահության դեֆիցիտը,
բ) միջազգային կազմակերպությունների, օտար պետությունների վստահության դեֆիցիտը Հայաստանի կառավարության նկատմամբ,
գ) խոսքի ազատության ցածր մակարդակն ու ԶԼՄ-ների անազատությունը,
դ) վերջին տասը տարում հասարակության գիտակցության մեջ թշնամու կերպարի հետեւողական արմատացումը,
ե) վերջին տասը տարում ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքերի թուլացումը։

Այս պայմաններում շուրջ մեկ դար սառեցված խնդրի արծարծումը կարող է գլխացավանք դառնալ ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում, եւ գուցե սա է պատճառը, որ Թուրքիան չի շտապում արձագանքել իր համար, թվում է թե, շահավետ առաջարկությանը, որի մեջ կա ցեղասպանության ճանաչման հարցը գոնե առժամանակ սառեցնելու խոստում։ Եւ երբ Թուրքիայից ասում են՝ տեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները, առաջին հերթին նկատի ունեն հասարակական վստահության դեֆիցիտի հաղթահարումը։

Միջազգային կազմակերպությունների, օտար պետությունների վստահության դեֆիցիտը, որ կա Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գուցե օգտակար է Թուրքիայի համար, սակայն հասարակական վստահության դեֆիցիտի պայմաններում կարող է ներքին ցնցումների պատճառ դառնալ։ Հայ հասարակությունը չի կարող ընդունել «Լեգիտիմության ճանաչում հայ-թուրքական նորմալ հարաբերությունների դիմաց» բանաձեւը։

Ազդեցիկ ԶԼՄ-ների անազատության պայմաններում հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությունը դառնալու է Սերժ Սարգսյանի պարբերաբար ձախողվող PR-ի բաղկացուցիչներից մեկը, եւ հասարակությունը հնարավորություն չի ունենալու քննարկելու իր սպասելիքներն ու տագնապները։ Հետեւաբար, գրավոր կամ բանավոր ձեռք բերված որեւէ համաձայնություն մնալու է կամ թղթի վրա, կամ՝ օդում։

Այս՝ երրորդ կետի հետ սերտ կապի մեջ է նաեւ չորրորդը՝ վերջին տասը տարում հասարակության գիտակցության մեջ թշնամու կերպարի արմատացումը, քանի որ այն արվել է հիմնականում իշխանության կողմից վերահսկվող ազդեցիկ լրատվամիջոցներով։ Եթե ԶԼՄ-ներն ազատ չեն, ո՞վ եւ ինչպե՞ս պետք է համոզի հասարակությանը, որ թուրքը գենետիկ թշնամի չէ, որ Օրհան Փամուքի Նոբելյան մրցանակի արժանացած գրքերը կարդալու բան են, որ թուրքը կարող է մշակութային արժեք ստեղծել եւ այլն։

Տեւական քննարկումների մեջ պետք է մրցեին գաղափարները, մոտեցումներն ու սկզբունքները, եւ դրանցից հաղթողը պիտի առիթ տար երկրի նախագահին նախաձեռնելու/չնախաձեռնելու հարյուր տարվա վաղեմության հանգույցների լուծումը կամ չլուծումը։ Այդ քննարկումների արդյունքում հասարակությունը պիտի համոզվեր, որ հարեւան երկրի հետ հարաբերությունների նորմալացումը բխում է ոչ միայն իշխանությունների օրվա շահերից կամ գերտերությունների գլոբալ հետաքրքրություններից, այլ իր՝ քաղաքացու նյութական ու բարոյական պահանջմունքից։

Առավել վտանգավորն, ըստ իս, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի թուլացած դիրքերն են։ Այս պարագայում կարելի է խոսել անդարձ կորսված ժամանակի մասին։ Եթե տասը տարի առաջ Հայաստանը կարող էր համաժամանակյա բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ օգագործելով ղարաբաղյան հաղթաթուղթը, տարածաշրջանում իր ունեցած այդ պահին դեռ հետաքրքիր աշխարհագրական ու քաղաքական նշանակությունը, դառնար կոմունիկացիոն ծրագրերի մասնակից (գուցե՝ նախաձեռնող), ապա այսօր քննարկելու շատ բան չունի։ Գուցե պատահականություն էր, բայց Գյուլի համար PR տեսանկյունից շատ շահեկան. Սարգսյանի պարզած ձեռքն օդում թողնելով՝ Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի ու վրացի գործընկերների հետ Կարսում նշեց «Կարս-Ախալքալաք-Բաքու» երկաթգծի հիմնարկեքը։ Տրանսկովկասյան մի երկաթուղի, որով անցնող գնացքների պատուհաններից չի երեւալու Հայաստանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter