HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունձը սկսվել է, բայց կոմբայնը դեռ գյուղ չի հասել

Չորաթան գյուղի բնակիչները խուճապի մեջ են. «Հեկտարներով ցորեն ունենք, բայց կոմբայն չկա. վենց դենք էդքան բերքը տուն քցիլ... Էս արդեն մի տարի ա մեզ խափըմ են` թե կոմբայն դեն պիրիլ կեղի հմար, բայց ու՞ր ա...

Էլ ինչքա՞ն ճամփա պահենք էդ կոմբայնին... Առանց կոմբայնի դե՞նք ցորենը հնձիլ»,- բողոքում են գյուղացիները: Խնդիրն այն է, որ գյուղում կոմբայն չկա, հին կոմբայնը 1984 թ. արտադրության է, որով այլեւս հնարավոր չէ հնձել: 


«Գյուղացիների բողոքն արդարացի է. մեկ տարուց ավելի է սպասում ենք նոր կոմբայնին, բայց այդպես էլ չստացանք»,- ասում է Չորաթանի համայնքապետ Վարուժան Բաղմանյանը: Չորաթան գյուղն առաջինն է պայմանագիր կնքել «Գյուղական բարեփոխումների աջակցության ծրագրի» իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հետ, որ արտերկրից իրենց համար կոմբայն գնի: Պայմանագիրը կնքվել է 2007 թ., բայց մինչ օրս կոմբայնը գյուղ չի հասել: ԾԻԳ-ում կոմբայնի ուշանալը տարբեր կերպ մեկնաբանեցին:

«Տեխնիկայի համար մրցույթ է կազմակերպվել, եւ այն շահել է մի կազմակերպություն, բայց պայմանագրով նախատեսված ժամկետում չի հասցրել ուղարկել, եւ պայմանագիրն ուժը կորցրել է: Արդյունքում կրկին մրցույթ է կազմակերպվել, դրա համար էլ Չորաթան ուղարկվելիք կոմբայնն ուշացել է: Նոր կազմակերպության հետ արդեն ե՛ւ պայմանագիր է կնքվել, ե՛ւ գումարն է փոխանցվել: Միակ խնդիրն այստեղ պարզելն է, թե ինչպես է կատարվել թղթարարությունը, եւ տեսնենք` կարո՞ղ ենք որեւէ կերպ նպաստել, որ կոմբայնը շուտ հասնի գյուղ»,- ասաց «Գյուղական բարեփոխումների աջակցության ծրագրի» մարզային աջակցության թիմի կոորդինատոր Պավել Ցուցուլյանը:

«Գյուղական բարեփոխումների աջակցության ծրագիր» ԾԻԳ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Արտավազդ Խալաթյանն այլ կերպ է մեկնաբանում կոմբայնի ուշացումը: Նա ողջ մեղքը բարդեց Համաշխարհային բանկի եւ կոմբայնն առաքող ընկերության` «Տեխնոկոմի» վրա. «Սկզբում Համաշխարհային բանկով էինք ակրեդիտիվ բացել, նա էր գումարն ուղարկելու: Մի մախինա էլ Համաշխարհային բանկն ա, էլի: Բանկին մի քանի անգամ դիմեցինք պայմանագրի ժամկետը երկարացնելու համար, մեկ ամսից ավել տեւեց, մինչեւ պատասխանեցին: Ամեն դեպքում` տվեցին: Հետո էլ «Տեխնոկոմի» ղեկավարությունն օպերատիվ չաշխատեց, մինչեւ պայմանագրի ժամկետը լրացավ: Դրանից հետո պայմանագրի ժամկետը նորից պետք է երկարացնեինք, իսկ որպեսզի արագ ստացվեր` «Էյչ-էս-բի-սի» բանկի հետ պայմանագիր կնքեցինք»:

Մեր հարցին, թե ինչու՞ բանկի հետ պայմանագիր կնքելը մեկ տարի տեւեց, Ա. Խալաթյանը պատասխանեց, թե այդքան բան արդեն չի հիշում:

Ի դեպ, ակրեդիտիվ բացելու փաստաթղթերը Ա. Խալաթյանը պատրաստվում էր բանկ տանել հենց այն օրը, երբ մենք առաջին անգամ` հունիսի 9-ին, ծրագրի իրականացման գրասենյակում էինք: Մեր երրորդ այցի ժամանակ Արտավազդ Խալաթյանը զանգահարեց «Տեխնոկոմի» գրասենյակ` Ռոստով: Այնտեղից տեղեկացրին, որ բեռնավորումը կատարել են հունիսի 30-ին:

Արդեն ստացվել են նաեւ կոմբայնի փաստաթղթերը, իսկ կոմբայնը դեռ ուշանում է: Գյուղացիների անհանգստությունն էլ ավելի է մեծանում. հին կոմբայնով չեն հասցնի հունձն ավարտել, հնձված հացահատիկն էլ անորակ կլինի: «Մինչեւ էդ կոմբայնը հասնի ստէ, մեր կեղի արտերը լոխ վեր կթափեն, էլ ու՞մ ա պետկը»,- ասում են չորաթանցիները: Համայնքապետն էլ շտապում է հանգստացնել համագյուղացիներին` խոստանալով, որ հարեւան գյուղերից, նույնիսկ ուրիշ մարզից կոմբայն կբերի, եւ նրանց բերքն ամբողջությամբ ու անվնաս տուն կհասնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter