«Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում նորոգվել է Երևանի թիվ 71 դպրոցը
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանին, ով առաջիններից մեկն է, որ միացել է Երևանի քաղաքապետի կոչին և «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար է փոխանցել` ամբողջությամբ ապահովելով Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը:
Շնորհակալություն հայտնելով դպրոցի բարեկեցությանն ուղղված ձեռնարկի և բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերի համար՝ քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են և անհրաժեշտ:
«Այս քայլով հերթական անգամ Ձեր քաղաքացիական դիրքորոշումն եք դրսևորել: Շատ մեծ գործ եք կատարել և շատ կցանկանայինք, որ այս օրինակին հետևեին մեր բազմաթիվ հայրենակիցներ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է «Օգնիր դպրոցիդ» արշավի կարևորությունը՝ նշելով, որ դպրոցն այսօր կարիքներ ունի և ցանկացած կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը:
«Մեր երկի լավ ապագան կրթված հասարակությունն է: Եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով նաև, որ դրամահավաքության երևույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է մի քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին. «Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որևէ խոչընդոտ չպետք է ունենա»:
Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով` «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով արդեն իսկ ավելի քան 633 մլն դրամի կամավոր նվիրատվություններ են կատարվել:
Արթուր Վարժապետյանը նշել է, որ այս կերպ իսկապես լուրջ ներդումներ կարող են ներգրավել դպրոցների հիմնախնդիրների լուծման համար:
Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով բարերարին նվիրատվության համար, Երևանի քաղաքապետի շնորհակալագիր է հանձնել Արթուր Վարժապետյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել