Խառնաշփոթ Ախալքալաքում
Ախալքալաքում ոստիկանի սպանության գործի հետ կապված որոնվում է Գուրգեն Շիրինյանը։ Ամբողջ քաղաքը լարված վիճակում է:
Ոստիկանության Ախալքալաքի շրջանային վարչությունը 10 000 լարի է խոստանում նրան, ով տեղեկություններ կհաղորդի Գուրգեն Շիրինյանի գտնվելու վայրի մասին։ Ոչ ոստիկանության շրջանային, ոչ էլ ռեգիոնալ վարչությունները այս դեպքի առնչությամբ տեղեկություններ չեն տալիս։ Պատասխանը նուjնն է. «Այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն տալու իրավունք չունենք»։
Ամեն ինչ սկսվեց հուլիսի 17-ի վաղ առավոտյան։ Ժամը 4-ին Թամարա թագուհու փողոցում, այն տան մոտ, որտեղ ապրում է ոստիկանության Ախալքալաքի շրջանային վարչության պետ Սամվել Պետրոսյանը, պայթյուն որոտաց։ Վարկածներից մեկի համաձայն՝ դա պայթուցիկ փաթեթ էր, ըստ մեկ ուրիշի՝ նռնակ։ Տուժողներ չեղան, միայն ջարդվեցին հարեւան տան ապակիները։
Կասկածներն ընկան 26-ամյա Գուրգեն Շիրինյանի՝ Ջավախքի երիտասարդական մարզական միության (ՋԵՄՄ) անդամի վրա։ Նույն օրը ժամը 19.15-ին, նրա տանը կատարված խուզարկության ժամանակ, որն իրականացրին երեք չզինված ոստիկաններ, Գուրգեն Շիրինյանը գնդակահարեց (ենթադրաբար՝ գգգ ավտոմատից) նրանցից մեկին։ Սպանվածը Բարալետ գյուղի բնակիչ, քրեական ոստիկանության աշխատակից Արթուր Բերուջանյանն է։ Դրանից հետո Շիրինյանի տունը, որտեղից լսվում էին կրակոցներ, շրջապատվեց։ Փակվեցին մոտակա ճանապարհները, իսկ շրջապատման մեջ մնացած հարեւան տներից հնարավոր չէր դուրս գալ։ Ինչպես ասում են հարեւանները՝ բոլորը կարծում էին, թե տան մեջ կրակողը հենց Գուրգենն էր, բայց հետո պարզվեց, որ նա տանը չէ։
Ոստիկանության Ախալքալաքի վարչությունը, համագործակցելով այլ ուժային կառույցների հետ, որոնում է Գուրգեն Շիրինյանին, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «սպանության», «մահափորձի» եւ «անօրինական զենք կրելու» հոդվածներով։
Այդ օրվանից Ախալքալաքում կամ նրա շրջակայքում տեղի ունեցող ցանկացած բան բնակչությունը կապում է Շիրինյանի գործի հետ։ Այսպես` Ախալքալաքում եւ Նինոծմինդայում բոլոր ձերբակալությունները կապվում են երիտասարդական կազմակերպության անդամների եւ ոստիկանության Ախալքալաքի վարչության պետ Սամվել Պետրոսյանի միջեւ հակամարտության հետ։
Եւ ոչ միայն ձերբակալությունները։ Հուլիսի 19-ի առավոտյան մի քանի նոր իրադարձություններ, որոնք մարդիկ կապում են նույն գործի հետ, ցնցեցին Ախալքալաքի բնաչությանը։ Առաջինը եւս մեկ ոստիկանի՝ Արմեն Գաբրիելյանի մահն է։ Վարկածներից մեկի համաձայն՝ Գաբրիելյանն ինքնասպանություն է գործել Շիրինյանին բռնելու հատուկ գործողության ժամանակ, ըստ մեկ այլ վարկածի՝ այդ գործողության ժամանակ Գաբրիելյանին պատահաբար գնդակահարել են իր գործընկերները։ Այս հարցի վերաբերյալ եւս պաշտոնական տեղեկատվություն ստանալ մեզ չհաջողվեց։
Քաղաքում շրջում են լուրեր այն մասին, թե արդեն սպանվել է երրորդ ոստիկանը, այս անգամ՝ ոստիկանության Նինոծմինդայի շրջանային ոստիկանության աշխատակից։ Բայց այս տեղեկությունը չհաստատվեց։
Երրորդ իրադարձությունը, որն ախալքալաքցիներն ուղղակիորեն կապում են Գուրգեն Շիրինյանի գործի հետ, Նինոծմինդայի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարն է։ Վիրավորվել էր մի որսորդ։ Ավելի ուշ պարզվեց, որ որսորդը պատահաբար վիրավորել էր ինքն իրեն։ Նրան վիրահատել էին Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում։ Նա ողջ է, առողջական վիճակը՝ կայուն։
Հուլիսի 17-ից ի վեր քաղաքը լարվածության մեջ է։ Փողոցներում, տներում բոլոր խոսակցությունների թեման սպանություններն են եւ որոնման մեջ գտնվող Շիրինյանը։ Թվում է` ոչ ոք չի կասկածում, որ նա սպանել է ոստիկանին։ Մարդիկ խղճում են ոստիկանին, որն ընդամենը 23 տարեկան էր, ուներ կին եւ մանկահասակ երեխա։ Բայց բոլորը միաբերան կրկնում են. «Գոնե Գուգոյին (Գուրգենին) չբռնեն, գոնե նա կարողանա մի տեղ թաքնվել»։ Ախալքալաքցիները կարծում են, որ կատարվածի համար մեղավոր են երկու կողմերն էլ։ Նրանք չեն խուսափում խոսել այդ մասին, բայց չեն ուզում, որ իրենց անուններն ու կարծիքները հայտնվեն թերթերում։
Իր անունը հայտնել ցանկացավ միայն 25-ամյա Ս. Պետրոսյանը։ «Իհարկե, այս ամենը, որ պատահեց մեր քաղաքում, ահավոր է։ Բայց ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ ծվարած տագնապներն իզուր են։ Տեսեք, թե ինչ է կատարվում. ինչ պատահի` անպայման կապում են Գուրգենի հետ։ Ես կարծում եմ, որ ժողովուրդն ամեն ինչ չափազանցնում է. չէ՞ որ առաջ էլ ինչ-որ տեղերում ինչ-որ բաներ էին պատահում»,- ասում է նա։
Այս ընթացքում ոստիկանությունը նորից ու նորից է հարցաքննում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ձեւով կապված են Գուրգեն Շիրինյանի հետ՝ ազգականներին, ընկերներին, մերձավորներին, ՋԵՄՄ-ի աշխատակիցներին։ Ձերբակալված են Շիրինյանի հայրը եւ հորաքույրը։
Հուլիսի 21-ի վաղ առավոտյան այն շենքից, որտեղ գտնվում է ՋԵՄՄ-ի եւ Երիտասարդական ռադիոյի գրասենյակը, ինչպես նաեւ ՋԵՄՄ-ի նախագահ Վահագն Չախալյանի տնից առգրավվել է զենք։ Վահագն Չախալյանը ձերբակալվել է, կալանավորվել են նրա եղբայրը եւ հայրը՝ Արմեն եւ Ռուբեն Չախալյանները։ Նրանք մեղադրվում են անօրինական զենք պահելու մեջ, բայց բոլորը ուշադրություն դարձրին այն բանի վրա, որ սկսած հուլիսի 17-ից` թե՛ գրասենյակում, թե՛ տանը բազմիցս կատարվել են խուզարկություններ, բայց մինչեւ հուլիսի 21-ը ոչինչ չի գտնվել։
Արդեն հուլիսի 17-ին, հենց որ հայտնի դարձավ պայթյունի եւ մեղավորի որոնումների մասին, ախալքալաքցիները սկսեցին հիշել Պետրոսյանի եւ ՋԵՄՄ-ի կոնֆլիկտի մասին։ Ակտիվիստ Վահագն Չախալյանի, որը մեկ անգամ չէ, որ հանրահավաքներ է կազմակերպել տեղի բնակչությանը հուզող տարբեր հարցերի վերաբերյալ, կոնֆլիկտը Պետրոսյանի հետ սկսվել է դեռ մի քանի տարի առաջ։ Այդ կոնֆլիկտի բարձրակետը տեղի բնակիչները համարում են նախանցյալ տարի Երեւանի արվարձանում Վահագն Չախալյանին եւ Գուրգեն Շիրինյանին ծեծի ենթարկելը, որից հետո Շիրինյանը երկար բուժվել է հիվանդանոցում։ Այն ժամանակ նրանց Հայաստանում դատեցին սահմանն անօրինական հատելու համար եւ սահմանեցին պայմանական պատիժ։ (Ճիշտ է, ավելի ուշ պատժի տեւողությունը կրճատվեց, եւ այսօրվա դրությամբ այն արդեն սպառվել է։) Չախալյանը կարծում է, որ դրան խառնված է եղել ոստիկանության Ախալքալաքի վարչությունը։ Ուստի հուլիսի 17-ի պայթյունը բոլորն ընկալեցին որպես ՋԵՄՄ-ի վրեժը Պետրոսյանների նկատմամբ։
Այդ գիշեր Վահագն Չախալյանի ընկերները տոնում էին նրա ծննդյան օրը։ Նրանց բոլորին հարցաքննեցին առանց հետաձգելու, միայն Գուրգեն Շիրինյանին չկարողացան գտնել մինչեւ երեկո, որի արդյունքն էլ դարձավ դրան հաջորդած ամբողջ պատմությունը։
23-ամյա Անի Մ.-ի կարծիքով՝ այդ ամենից կարելի էր խուսափել։ «Դա չպետք է պատահեր։ Եթե ինչ-որ մեկը պայքարում է հանուն գաղափարի կամ ինքնահաստատման, դա նրա անձնական գործն է։ Բայց արդյունքում տուժեցին բացարձակապես անմեղ մարդիկ։ Այդ պայթյունը մի ինչ-որ անհեթեթություն էր։ Չէ՞ որ ոչ մեկը չտուժեց, միայն կոտրվեցին մի տան ապակիները, որտեղ մարդ չի ապրում։ Եւ ամբողջ այդ դժբախտությունը՝ ինչ-որ կոտրված ապակիների պատճառով»,- ասում է նա։
«Այդ ի՞նչ էր, որ նրանք չկարողացան բաժանել։ Նրանց թշնամանքը երկար պատմություն ունի, եւ դրանից ինչքա՜ն անմեղ մարդ է տուժել։ Ո՞րն է դրա իմաստը։ Միակ բանը, որ իմացանք, այն է, որ մեր ոստիկանությունը պատրաստ չէր արտակարգ իրադրություններին. Գուգոյին մինչեւ հիմա չեն գտել եւ հավանաբար չեն էլ գտնի»,- ասում է Արմեն Ս.-ն։
Ախալքալաք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել