Ժողովրդավարացում` Եվրոպայի հետ եւ առանց Եվրոպայի
ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների քննարկումներն ու արդյունքում ընդունված փաստաթղթերը դեռ մնալու են երկու երկրներում կարեւորագույն թեմաները:
Հայաստանում առնվազը մինչեւ 2009-ի հունվար, Ադրբեջանում ` լավագույն դեպքում մինչեւ այս տարվա նոյեմբեր: Ո՞րն է դրա պատճառը` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպական կառույցների վերաբերմունքի հարցում նախանձախնդրությո՞ւնը, ստորացուցիչ պատժամիջոցների չարժանանալու հրամայակա՞նը, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները նույն մամլիչի տակ դնե՞լը, թե՞ ուրիշ հանգամանքներ: Շարունակում ենք ներկայացնել այս թեմաներով Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացրած մեր հարցազրույցները փորձագետների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ:
«Ռեգիոն» կենտրոն
Հակամարտության բացասական ազդեցությունն ուռճացված է ներկայացվում
Հարցազրույց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ
- Եվրախորհրդին անդամագրվելիս Հայաստանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Անցել է 8 տարի, նշվածներից հատկապես ո՞ր ոլորտներում են ամենից քիչ կատարվել ստանձնված պարտավորությունները, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չունենք: Ստանձնած պարտավորությունների ցուցակում սա միակն է, որը միայն Հայաստանինը չէ: Նմանատիպ պարտավորություն մի փոքր այլ ձեւակերպումով ունի նաեւ Ադրբեջանը: Եվ եթե լիներ առաջընթաց, ապա կլիներ երկուսի միաժամանակյա համաձայնության դեպքում: Իհարկե, զինադադարի պահպանումը եւ բանակցային գործընթացի շարունակականությունը վկայում է, որ ետընթաց էլ չկա: Այդ իմաստով դոփում ենք տեղում: Օրենսդրության փոփոխությունն իր մեջ պարունակում է երկու հիմնական մաս՝ իրավական ակտերի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին եւ դրանց գործնական կիրառում: Եթե «գործնականում կիրառման» մասը թողնենք մի կողմ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի օրենսդրական դաշտը ավելի կայացած է, քան նույնիսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի շատ երկրներինը: Օրենքների կիրառելիության մասում կան թերացումներ: Սա էլ պատճառ է դառնում մի շարք սահմանափակումների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության դաշտում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունն անկախ կատեգորիա չէ եւ նույնպես կարգավորվում է իրավական նորմերով:
- Ղարաբաղյան հակամարտությունն ազդու՞մ է Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի վրա:
- Բացասական ազդեցություն կա, բայց այդ ազդեցությունը շատ դեպքերում ուռճացված է ներկայացվում: Թվում է, թե երկընտրանք կա անվտանգության եւ ժողովրդավարության միջեւ: Փորձեմ բացատրել. ժողովրդավարության բաղկացուցիչ մասը հանդուրժողականությունն է: Եթե հակամարտության կարգավորման խնդիր ունեցող երկրներից մեկը ժողովրդավարացման ընթացքում ապահովում է բավարար չափով ազատություններ, սերմանում է հանդուրժողականության մթնոլորտ (որի դեպքում զինված գործողությունները բացառվում են), ապա պետք է երաշխիք ունենա, որ մյուս կողմն էլ է դա անում, հակառակ դեպքում ժողովրդավարությունը կարող է շատ թանկ արժենալ մի կողմի համար: Այս պատճառով ստեղծվում է թվացյալ երկընտրանք՝ անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն: Եթե անգամ ասվածի մեջ կա ճշմարտության հատիկ, ապա այն բազմապատկվում է աննկարագրելի աստիճանի: Միշտ հեշտ է սեփական խնդիրների պատճառը համարել արտաքին գործոնները: Այս մոտեցումը շահարկվում է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Վերջերս ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ հնչեցվեց հայտարարություն, որ այնտեղ ժողովրդավարական ինստիտուտները չեն զարգանում, քանի որ կա ղարաբաղյան հակամարտություն: Եթե նույն Եվրոպայի կառույցը հարցին ցուցաբերում է նման մոտեցում, էլ որտեղի՞ց է հավատում, որ երկու երկրների գործող իշխանությունները պետք է ձգտեն ժողովրդավարության: Այլ խոսքերով նշանակում է, որ կարող են սեփական ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ուզում են եւ ասել, որ պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է: Ես չգիտեմ՝ այս մոտեցումը ու՞ր կտանի բանակցային գործընթացը:
- Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Եվրոպայի խորհուրդը, նշում են Հայաստանում քաղաքական հիմքով մարդկանց կալանավորելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ բռնություններ եւ ճնշումների այլ մեթոդներ կիրառելու մասին: Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն կրեն նման գործողությունների համար:
- Չեմ կարող միանշանակ պնդել, որ նման դեպքեր չկան, գուցե ես չգիտեմ: Եթե որեւէ մեկը եղած բռնությունների եւ ճնշումների համար կրեր համարժեք պատասխանատվություն, ապա ես կհիշեի այդ դեպքի մասին, ուրեմն կարող եմ ենթադրել, որ նման դեպքեր չկան կամ կան, բայց համարժեք չեն: Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, եւ նաեւ տեղի ունեցած բռնությունների եւ դժբախտությունների պատճառը, որ չի գնահատվել հակազդեցության համապատասխանության աստիճանը: Հայաստանում եղան դեպքեր (մարտի 1-ը), երբ հակազդեցությունը համապատասխան չէր իրավիճակին: Հայաստանի ոստիկանության համակարգում չկան մեխանիզմներ եւ ստորաբաժանումներ, որոնք կարող են, չվնասելով մարդուն եւ նրա առողջությանը, խաղաղ հանրահավաքի դեպքում ադեկվատ գործել, երբ այն փորձում է դուրս գալ օրենքի սահմաններից:
- Խոսքի ազատությունը ժողովրդավարական հիմնարար ազատություններից է: Հայաստանում կա՞ այն: Ի՞նչ խնդիրների են բախվում իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ներն ու լրագրողները:
- Այդ առումով Հայաստանում երիտասարդ ժողովրդավարական երկրներին բնորոշ վիճակ է: Ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցը՝ հեռուստատեսությունը, անշուշտ, վերահսկվում է: Տպագիր մամուլում ազատ խոսելն ավելի հեշտ է: Այստեղ ազատության աստիճանը պահպանվում է, բայց այն չունի այն ազդցեությունը, որը բավարար կլիներ խոսքի ազատության ապահովման համար: Բայց կա նաեւ խնդրի հակառակ կողմը: Օրինակ՝ ի՞նչ են անում լրագրողներն այդ ազատության հետ: Արդյոք բավարա՞ր են նրանց ջանքերը եղած ազատությունն օգտագործելու համար: Եթե լինի ազատ խոսքի իրական պահանջարկ, ապա անգամ բարձրաստիճան պաշտոնյային շատ դժվար կլինի պայքարել դրա դեմ: Լրատվամիջոցների խնդիրները համարժեք են իրենց ազդեցության չափին: Օրինակ՝ «ԳԱԼԱ» հեռուստաալիքը, անգամ լինելով մարզային, շատ մեծ լսարան ուներ եւ իր անհնազանդության պատճառով ենթարկվեց հարկային ճնշումների: Շատ ԶԼՄ-ներ ընդհանրապես խնդիրներ չունեն, բայց պատճառն այն չէ, որ նրանց նկատմամբ հանդուրժող են, պարզապես նրանց ազդեցությունն աննշան է:
- Կատարյա՞լ են, արդյոք, Հայաստանի վրա Եվրախորհրդի ազդեցության մեխանիզմները: Արդյո՞ք այդ կազմակերպության բանաձեւերը պարզապես թղթեր չեն, որոնք երկրի իշխանությունները բանի տեղ չեն դնում:
- Չեմ կարծում, որ մեր իշխանությունները բանաձեւերը բանի տեղ չեն դնում: Նրանք հասկանում են, որ Եվրախորհուրդը բավականին հեղինակավոր կառույց է, եւ նրա հետ ունեցած խնդիրները պարբերաբար անդրադառնալու են մյուս ոլորտներում, օրինակ՝ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության բնագավառում, անվտանգության հարցերում: Ինչ վերաբերում է մեր երկրի նկատմամբ կիրառվող մեխանիզմներին, ապա դրանք համահունչ են առկա նպատակներին, հնարավորություններին եւ շահերին: Եթե նրանք փակեն դուռը մեր առաջ, զրկեն անդամակցությունից կամ սահմանափակեն ձայնի իրավունքը, ապա չեն կարողանա հաղորդակցվել այս երկրի հետ եւ, հետեւաբար, կկորցնեն նաեւ ազդեցությունը: Հասկանալի է, որ Եվրախորհրդում չեն ուզում գնալ այդ ճանապարհով: Եթե նրանք սկսեն բոլոր 47 անդամ-երկրներին չափել կատարյալ չափանիշներով, ապա կեսն այդ ցուցակից դուրս կմնա: Թուրքիան էլ բացարձակ չի համապատասխանում եւ չի բավարարում շատ չափանիշների, բայց նրա առջեւ դուռ չի փակվում: Հասկանալի է, որ կան շահեր, կա նաեւ հաղորդակցության ուղիներ պահելու անհրաժեշտություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել