HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Սարակապի միջնակարգ դպրոցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզ` մասնակցելու Սարակապ համայնքի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Ուսումնական հաստատությունը վերակառուցվել է «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում: Կառավարության ղեկավարը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում՝ ծանոթացել վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին: 

Սարակապի դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայում հասնում է 117-ի, սակայն դպրոցը հնարավորություն ունի ընդունելու 216 աշակերտ: Ուսումնական հաստատության վերակառուցման նպատակով ներդրվել է 537 մլն դրամ: Այն ունի մարզական և հանդիսությունների դահլիճներ, նոր կաթսայատուն, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման և կենտրոնացված զանգի ժամացույցային համակարգեր:

Դպրոցն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական և մարզական գույքով, ինչպես նաև համակարգիչներով: Դպրոցի մասնաշենքում գործելու է նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 24 երեխայի համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ դպրոցաշինությունը կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում է: 

«Նման հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաև գյուղական կյանքին և ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ ձևավորում վստահություն, ինչն այսօր ամենակարևորն է մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ Սարակապի դպրոցն իր ուսուցիչների աշխատանքի և աշակերտների՝ գիտելիքին նվիրման աստիճանով, կլինի հանրապետության լավագույն դպրոցներից մեկը: 

Այնուհետև գործադիրի ղեկավարը զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող հարցերին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter