HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Զարմանում եմ` սա ձեր ինչի՞ն է պետք»

2007 թ. Հայաստանի մարզերի գյուղական եւ քաղաքային համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից մարզերին հատկացրեց 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ: Վարչապետ Սերժ Սարգսյանն այս որոշումը ստորագրեց սեպտեմբերին, որից հետո գումարները փոխանցվեցին մարզպետարաններին:

Արարատի մարզին հատկացվեց 1 մլրդ 072 մլն 440 հազար դրամ: Մարզպետի տեղակալ Ս. Մինասյանի հավաստմամբ` գումարի մոտ 75 տոկոսը (991.357 հազար) ծախսվել է 56 գյուղական եւ քաղաքային համայնքներում հիմնականում մանկապարտեզների եւ մշակույթի տների վերանորոգումների նպատակով: 

Թեպետ աշխատանքները պաշտոնապես ավարտվել են անցած տարվա ձմռանը, սակայն մեր այցելած մարզի 5 գյուղերում վերանորոգված ոչ մի մանկապարտեզ մինչեւ հիմա չէր գործում, իսկ մշակույթի տները կամ ավերակ էին, կամ` փակված:

Արարատի մարզի Գետազատ գյուղի մանկապարտեզը չէր վերանորոգվել կառուցման օրից: Համենայն դեպս, մանկապարտեզի տնօրենն ու գյուղի գյուղապետը չկարողացան հիշել նման դեպք:

Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվեց 15 մլն դրամ: Բայց դա խնդիրը չլուծեց. մանկապարտեզի դռները փոխվեցին, բայց դարձյալ մնացին փակված:

Դեռեւս ոչ մի երեխա մանկապարտեզ չի մտել, թեպետ մոտակա 3 գյուղերում մանկապարտեզներ չկան, եւ տնօրեն Սուսաննա Վարդանյանի ասելով` ծնողները խնդրում են, որ իրենց երեխաներին մանկապարտեզ վերցնեն:

Շինարարները վերանորոգել են մանկապարտեզի տանիքը, պատերը, հատակը, փոխել են պատուհաններն ու դռները, բայց ավերակ են թողել խոհանոցը, պահեստը, իսկ բակում զուգարանի միայն փոսն են փորել:

Շինանյութի աղբանոց դարձած խաղահրապարակում կանգնած տնօրենը հարցնում է, թե ի՞նչ պատասխան է տալու ծնողներին, եթե այստեղ երեխա ընդունի:

Մանկապարտեզի սենյակներից մեկում տուփերի մեջ դրված էին սալիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված էին խոհանոցի եւ զուգարանի համար: Ադպես էլ փաթեթավորված մնացել են:

Եթե անգամ մանկապարտեզի պատերն ու հատակն արդեն հիմնանորոգված են, դրանք նորից վերանորոգման կարիք ունեն. ձմռանից հետո պատերի ներկը թափվել էր, իսկ հատակի մանրատախտակը` խոնավությունից դուրս թռել: Շինարարները «խոստացել են» վերադառնալ բակում ջրի ծորակը նորոգելու համար:

«Ես խոսել եմ մի քանի բարեգործական կազմակերպությունների հետ: Նրանք պատրաստ են մանկապարտեզի բացվելու դեպքում օգնել նոր կահույք ձեռք բերել, նրանցից մեկը խոստացավ ապահովել սննդի հարցը, բայց մինչեւ հիմա մանկապարտեզն ամբողջությամբ բարեկարգված չէ եւ այստեղ հնարավոր չէ աշխատել»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

Գետազատի գյուղապետ Ճարպիկ Վարդանյանը շատ գոհ էր կատարված աշխատանքից: Երբ խնդրեցինք ցույց տալ շինարարությունից հետո շենքի ընդունման ակտը` հասկանալու համար, թե շինարարները պարտավորությունների ո՞ր մասն են արել, ասաց, որ շինարարներն ընդունման ակտն իրենց հետ են տարել:

Գյուղապետը, ստորագրելով ընդունման ակտը, համաձայնություն է տվել կատարված աշխատանքի որակին: Պետության հատկացրած 15 մլն դրամը նախատեսված էր մանկապարտեզի հիմնանորգման համար, ինչը ենթադրում էր, որ վերանորոգումների կարիք գոնե առաջիկա տարիների ընթացքում այլեւս չի լինելու:

Մրգանուշ գյուղի մշակույթի տան եվրադռները նույնպես փակ են: Գյուղապետ Մանվել Սարգսյանը հավաստիացնում է, որ սեպտեմբերից մշակույթի տանը գործելու է շախմատի խմբակ: Իհարկե, դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ վերանորոգված դահլիճում եւ սենյակներում նստարան կամ աթոռ լինի:

Մշակույթի տան տանիքը երկու տարի առաջ վերանորոգվել է համայնքային գումարներով: 2007 թ. էլ պետության տրամադրած 10 մլն դրամով վերանորոգվեց դահլիճը, փոխվեցին դռներն ու պատուհանները:

«Կահույք գնելու ենք համայնքի գումարներով: Առայժմ հարմար գնով չենք գտնում: Երաժշտական գործիքներից միայն դաշնամուր ունենք, այն էլ` մի քանի անգամ կարգի բերված»,- ասում է գյուղապետը:

Մշակույթի տան դահլիճի վերանորոգումն ավարտվել է անցած տարվա հոկտեմբերին: Ոչ մի անգամ չօգտագործված դահլիճում պատերը խոնավությունից վնասվել են, այնպես որ նոր վերանորոգումը չէր խանգարի:

Ներքին Դվին գյուղի մշակույթի տան հին պատերը հազիվ են պահում նոր տանիքը: Պետության հատկացրած 10 մլն-ով փոխվեց կտուրը, իսկ մնացածը քանդված մնաց: Եթե գյուղ հյուր է գալիս, երեխաները գյուղապետարանից բերում են աթոռները եւ շարում միջանցքում. հյուրերը նստում են, տանտերերը` կանգնում: Տաք ամիսներին բոլոր միջոցառումներն ու տոները նշվում են մշակույթի տան բակում. այդպես ավելի ապահով է:

Մշակույթի տան տնօրեն Արթուր Զաքարյանը մշակույթի տան դռները հազիվ է բացում` հին են եւ կոտրված: Նա ասում է, որ կտուր ունենալը քիչ է, աշխատելու համար իրենց դահլիճ էլ է պետք: «Եթե դահլիճ ունենանք, գրական երեկոներ կկազմակերպենք, երգիչներ ու բանաստեղծներ կհրավիրենք: Թատրոնի կամ համերգի համար Արտաշատ ենք հասնում, իսկ եթե այստեղ դահլիճ լինի, գյուղացին, թեկուզ հոգնած, չի ալարի, երկու քայլի վրա կգա, կմասնակցի ու կգնա տուն»,- ասում է Արթուրը:

Մշակույթի տան միջանցքում շաբաթը երկու անգամ կազմակերպվում են ժամանակակից եւ ժողովրդական պարի դասեր: Մասնակցում են եւ փոքրերը եւ մեծահասակները: Շուտով համերգային շրջագայության են մեկնելու մարզի տարբեր գյուղեր:

Կա նաեւ գրադարան: «Գրադարանի համար նոր գրականություն վերջին անգամ 1993 թ. ենք ստացել»,- ասում է մշակույթի տան տնօրենը:

Գյուղապետ Արծրուն Աբրահամյանը շինարարների կատարած աշխատանքը թերի գնահատեց. աշնանն ու ձմռանն անձրեւաջրերի ու հալած ձյան հետքերի պատճառով 10 մլն դրամ արժեք ունեցող առաստաղը կարծես նոր չլիներ:

Կանաչուտում մշակույթի տան վերանորոգումները սկսվել են մեկ շաբաթ առաջ: Այն վերանորոգում է Սոցիալական ներդրումների հիմնադրամը` տրամադրելով 39 մլն դրամ, որից 8-ը պետք է գյուղապետարանը տար:

Գումարի մի մասը համայնքն իր բյուջեից է տվել, մյուս մասը տվել է պետությունը: Եւս 6 մլն համայնքին հատկացվել է մանկապարտեզի վերանորոգման համար:

Մանկապարտեզի տանիքը գյուղապետարանը վերանորոգել է երկու տարի առաջ: Հատկացված 6 մլն-ով վերանորոգվեց շենքի մնացած մասը` պատերը, հատակը, դռները, սանհանգույցը:

Գյուղապետ Լեւոն Ասատրյանի հավաստմամբ` 8 տարի փակված մանկապարտեզը կբացվի 10 օրից: Կարելի էր հավատալ, եթե մանկապարտեզի խաղահրապարակը տվյալ պահին չծառայեր որպես շինհրապարակ կողքը կառուցվող բուժկետի համար:

Մեր այցելած վերջին գյուղը Վարդաշենն էր: Պետության տրամադրած 5 մլն դրամով առաջին անգամ վերանորոգվել է գյուղի մշակույթի տան, գյուղապետարանի եւ փոստային ծառայության ընդհանուր տանիքը:

Մշակույթի տունն ու փոստային ծառայությունն առաջին հարկում են, գյուղապետարանը` երկրորդ, այնպես որ ավելի շուտ վերանորոգվել է գյուղապետարանի տանիքը, քանի որ մշակույթի տունը ինչպես ավերակ էր, այնպես էլ մնացել է:

Պատուհաններն ու դռները կոտրված են, դրսից ծառերի ճյուղերը ներս են մտնում, հատակը հողե է, անկյուններում աթոռների կոտրված մասերն են: Նույնիսկ մեր երկրորդ այցելության ժամանակ չհաջողվեց խոսել գյուղապետի հետ, քանի որ նա գյուղում չէր:

Վարդաշենի գյուղապետարանի սենյակներից մեկում երկու աշխատակցուհիներից մեկը, իմանալով մեր այցի նպատակը, անկեղծորեն հետաքրքրվեց. «Զարմանում եմ` սա ձեր ինչի՞ն է պետք»: Ի նկատի ուներ` ինչո՞ւ են նման հարցերը մեզ հետաքրքրում:

Նույն այդ երիտասարդ կինը քիչ անց պատմում էր, որ երկու երեխա ունի, իսկ մոտակայքում չկա մի մանկապարտեզ կամ մի խմբակ, որտեղ իր երեխաները հաճախեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter