«Դեմքով դեպի հարկատուն» շարքի բարեփոխումները շարունակվում են
Անցած երկու շաբաթների ընթացքում ՀՀ հարկային պետական ծառայության պետի տեղակալները մեկը մյուսի հետեւից ասուլիսներ էին հրավիրում` ներկայացնելով հարկային ոլորտում ընթացող բարեփոխումներն ու իրադարձությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի «դեմքով դեպի հարկատուն» հայտնի արտահայտությունը դարձել էր ասուլիսների կարգախոսը:
«Մեր երկրում նախագահը կամ վարչապետը պետք է ասի, որ բարեփոխումներ ենք սկսում, որից հետո պաշտոնյաները հայտարարում են, որ «այսուհետեւ պետք է ուրիշ ձեւ աշխատենք» եւ գործի են անցնում»,- նկատում է «Թի ըքաունթ» հաշվապահական ընկերության տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը:
Տոնավաճառներում կտեղադրվեն ՀԴՄ-ներ
Օգոստոսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ հարկային ծառայության պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը բոլոր տոնավաճառներում եւ սպասարկման կետերում պետք է դրվեն հաշվիչ- դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Դրանցով հարկային ծառայությունը ստուգում է առեւտրի շրջանառության չափը:
«Իսկ մարմնավաճառները նույնպե՞ս պետք է աշխատեն ՀԴՄ-ներով», «Շուտով շարժական սանհանգույցներ են բացվելու Երեւանում, որտե՞ղ է դրվելու հաշվիչ- դրամարկղային մեքենան»,- հարցնում էին լրագրողները:
Հարկային ծառայության պաշտոնյան պնդում էր, որ բացառություններ չեն լինելու. «Եթե կարողանանք գտնել մարմնավաճառների կազմակերպիչներին, ապա նրանց էլ ՀԴՄ կպարտադրենք»:
ՀԴՄ- ներով աշխատելու համար անհրաժեշտ է գրանցվել: Հնարավոր է, որ առեւտրականներից մի քանիսը միավորվեն եւ ստեղծեն իրավաբանական անձ կամ էլ գործեն անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով: Հարկային ծառայության ղեկավարները հավաստիացնում են, որ գրանցման գործընթացը շատ հեշտ է լինելու: «Փաստաթղթեր չենք պահանջելու: Ընդամենը 1 լուսանկար, անձնագրի պատճե, դիմում (դիմումի ձեւը կտրվի պետռեգիստրում) եւ 3 հազար դրամ պետական տուրք»,- կառավարության նիստի ժամանակ ասել է հարկային պետական ծառայութան պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը:
«Ամենախոշոր 8 տոնավաճառներում մոտավորապես 5 հազար տնտեսվարող կա: Այդ տոնավաճառներից մեկում, որտեղ մոտ 1150 մարդ է աշխատում, գրանցված էին միայն 50-ը: Ստվերը շատ է, դրա վրա աչք փակելն անիմաստ է»,- ասել է պրն Չիլինգարյանը:
Առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությունն առաջացնում է վարչական եւ քրեական պատասխանատվություն:
Դեռեւս 2007 թ. ապրիլին տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու կառավարության որոշման հաջորդ օրը տոնավաճառների աշխատակիցները հավաքվեցին կառավարության շենքի դիմաց` բողոքելով այդ որոշման դեմ: «Ժամանակները փոխվում են: Հիմա բիզնեսով զբաղվող մարդիկ գումար ունեն եւ կարող են իրենց թույլ տալ աշխատել հարկային դաշտում: Մարդիկ ոչ թե չեն ուզում հարկ վճարել, այլ ուզում են հավասար պայմաններում գործել: Մեր խնդիրը հավասար պայմանների ապահովումն է»,- ասում է պրն Նուրիջանյանը:
Հարկային ծառայության հաշվարկներով` ՀԴՄ-ներով առեւտրի իրացման դեպքում տարեկան 15- 20 մլրդ դրամ ավելի գումար կգանձվի:
«Ոսկու շուկա» ԲԲԸ-ում վարձակալության հիմունքով գործում է 4800 տնտեսվարող: «Ոսկու շուկա» ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Բաղդասարյանը կողմ է ՀԴՄ-ների կիրառմանը, սակայն չի բացառում, որ դա կազդի ոսկու գների վրա: «Անշուշտ, գները կբարձրանան, բայց տարբերությունն աննշան կլինի»,- ասում է նա:
Հաշվիչ - դրամարկղային մեքենաներն արժեն 40 - 70 հազար դրամ: Չի բացառվում, որ դրանց ձեռքբերման համար ընկերությունը վարկեր տրամադրի իր վարձակալներին:
Տոնավաճառների ՀԴՄ-ները պետք է իրար հետ կապված լինեն միասնական համակարգչային ցանցով: Հաշվետվություններն ամենօրյա կտրվածքով պետք է հանձնվեն հարկային մարմիններին, ավելացված արժեքի հարկը նույնպես պետք է վճարվի ամեն օր: (Ամսական ԱԱՀ վճարող համարվելու չափն առաջարկվում է 2009 թ. հունվարից բարձրացնել ամսական 100 մլն դրամի` ներկայիս 60 մլն-ի դրամից):
Սուպերմարկետները հարկայինից զարգացած են
Տոնավաճառներում եւ սպասարկման կետերում ՀԴՄ-ներ տեղադրելու որոշմանը նախորդել էին Երեւանի սուպերմարկետներում անցկացված ստուգումները: Հարկային ծառայության աշխատակիցները 5-10 օրով փակել էին ստուգման ենթարկված 23 սուպերմարկետներից 8-ը` «Արբատ», «Պարմա», «Սալեքս Գրիգ», «Զովք», «Բակալեա», «Հայր եւ որդի Արամյաններ», «Դավիթ 60» եւ «Փունջ» խանութները:
Այս խանութներում հսկիչ- դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքը մեկ տարվա ընթացքում կրկնվել էր երկու կամ երեք անգամ: Նշված խանութներից դուրս է բերվել շուտ փչացող սննդամթերքը, որից հետո հարկայինի վերահսկողության վարչության աշխատակիցները փակել են խանութները:
«Նախքան խանութները փակելը մենք ամեն խանութում 3-10 օր չափագրումներ ենք անցկացրել: Եթե որեւէ խանութի առեւտրի օրական շրջանառությունը մեր չափագրումներով կազմել է միջինը, ասենք, 2 մլն դրամ, ապա մենք ենթադրել ենք, որ ամսական նրանց միջին շրջանառությունը պետք է 50- 60 մլն դրամ լինի: Սակայն, նրանց ներկայացրած հաշվետվություններում խանութը միջին ամսական շրջանառությունը 3- 4 անգամ պակաս է ցույց տվել»,- ասում է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքով տարվա ընթացքում առաջին անգամ խախտման դեպքում նախատեսվում է 75 հազար դրամ տուգանք, երկրորդ անգամ` 150 հազար տուգանք եւ խանութի գործունեության կասեցում 5 օրով, երրորդ անգամ խախտում արձանագրելիս` 300 հազար դրամ տուգանք եւ աշխատանքային կասեցում 10 օրով:
«Սթար» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը կողմ է այն միջոցառումներին, որոնք կարող են ազատել տնտեսությունը ստվերից, սակայն նշում է, որ հարկային ծառայությունը խնդիրները միակողմանի է լուծում:
«Մենք պատրաստ ենք մասնակցել բոլոր բարեփոխումներին եւ առաջարկել մեր գիտելիքներն ու փորձը` արդյունավետ լուծումներ գտնելու համար, սակայն ունենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք հարկային ծառայողները չեն ցանկանում հաշվի առնել»,- ասում է պրն Քերոբյանը:
Հարկային ծառայության կողմից թույլատրված մոտ 100 ՀԴՄ- ների տիպերից եւ ոչ մեկը հարմար չէ սուպերմարկետներում օգտագործելու համար. դրանք նախատեսված են փոքր խանութների համար:
«Եթե մենք առաջնորդվենք հարկայինի պահանջներով, ապա պետք է հրաժարվենք սուպերմարկետներից,- ասում է Վահան Քերոբյանը,- մենք միլիոնավոր դրամ արժեցող տեխնոլոգիաներ ենք ներկրում` մեր բիզնեսում լավագույնը ներդնելու համար, սակայն միաժամանակ ստիպված ենք օգտագործել հարկայինի պարտադրած հնադարյան սարքավորումները»:
«Սթար» ընկերության ղեկավարությունը բազմիցս դիմել է հարկային ծառայություն` խնդրելով օրինականացնել կամ թույլատրել այդ տեխնոլոգիաների կիրառումը, որը նաեւ կհեշտացնի հարկայինի վարչարարությունը, բայց ընկերության դիմումներին հարկայինը չի արձագանքել:
«Հիմա մենք զուգակցում ենք մի քանի գործողություն. օգտագործում ենք մեր տեխնոլոգիաները եւ տալիս ենք ֆիսկալ կտրոն, որ հարկայինը բավարարված լինի»,- բացատրում է պրն Քերոբյանը:
Հարկային ծառայությունը պահանջում է նաեւ, որ կտրոնը լինի հայերեն, սակայն հայերեն կտրոն տպող հսկիչ- դրամարկղային մեքենաները շատ հին են սուպերմարկետների համար: «Սթար» ընկերությունն արդեն պատվիրել է գրել համակարգչային ծրագիր, որով հնարավոր կլինի հայերեն կտրոն տպել: Այդ պատվերն իրականացնում է արտասահմանյան ընկերություն եւ որոշակի ժամանակ է պահանջում աշխատանքն ավարտելու համար:
Դրվագներ հարկային ծառայության բարեփոխումների շարքից
Ստեղծվել է հարկային վարչարարության 2008- 2011 թթ. ռազմավարության փաստաթուղթ, որում ներառված են հարկային վարչարարության քաղաքականության յոթ հիմնական նպատակներից բխող 29 ծրագրեր եւ դրանց կատարման ժամանակացույց: Հստակեցվել է շուրջ 109 բարեփոխումների միջոցառումների ցանկ:
«Չեմ կարող ասել, որ որեւէ էական փոփոխություն եմ տեսնում: Զգում եմ, որ պետությունը հասկացել է հարկային համակարգի բարեփոխման կարեւորությունը, բայց լուրջ փոփոխություններ դեռ չեմ տեսնում»,- ասում է «Թի ըքաունթ» հաշվապահական ընկերության տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը:
Հարկայինը դեռ շարունակում է հարկատուների վրա ճնշում գործադրել հին մեթոդներով: Մասնավորապես մոտ երկու շաբաթ առաջ «Թի ըքաունթ» ընկերության հաճախորդներից մեկին զանգահարել է հարկային տեսուչը եւ պահանջել կանխավճար տալ, թեպետ առեւտրի իրացում դեռ չէր եղել եւ, հետեւաբար, հարկը չէր գոյացել: Հարկատուն պատասխանել է, որ վճարման ժամկետը հոկտեմբերին է, եւ նա չի կարող հիմա վճարել: Հարկային տեսուչը պատասխանել է արդեն սովորական եւ ընդունված բառապաշարով. «Եթե այդպես է, ուրեմն հանձնարարագիր կբացենք եւ կգանք ստուգման»:
Նման կամայականություններից խուսափելու համար հարկային պետական ծառայությունը մշակում է ռիսկային ցուցանիշների հաշվարկման համակարգչային ծրագիր: Բացառելով մարդկային գործոնը` այն ընտրելու է այն հարկատուներին, որոնց մոտ կատարվելու են ստուգումներ: Ծրագիրն աշխատելու է` հիմք ընդունելով հարկատուի ներկայացրած փաստացի տվյալները, եւ ընտրելու է այն հարկատուներին, որոնք ծրագրի մեջ ներդրված չափանիշների հիման վրա դիտվում են որպես ռիսկային: Հիմա ծրագիրը փորձնական փուլում է:
Հարկային ծառայության վարչարարության բարեփոխումների շարքից է նաեւ «թեժ գծի» ստեղծումը:
««Թեժ գծով» ստացված հարցերը նույն օրը փոխանցվում են վերադաս հարկային մարմնի համապատասխան վարչությանը կամ տվյալ հարցին առնչվող հարկային տարածքային տեսչություններին: Պատասխանների տրման համար սահմանված է եռօրյա ժամկետ: Գործնականում այս ամբողջ գործընթացը սովորաբար տեւում է ոչ ավել, քան մեկ շաբաթ, սակայն, եթե տրված հարցն առաջացնում է հարկային հսկողության անհրաժեշտություն (ուսումնասիրություն կամ ստուգում), ապա նշված ժամկետը երկարում է»,- նշված է հարկային ծառայությանն ուղղված մեր հարցման գրավոր պատասխանում:
Գործնականում պատկերը մի փոքր այլ է: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ստեղծվել է Տիգրան Մարտիրոսյանի մոտ` «թեժ գծից» օգտվելու առաջին փորձառությունից հետո:
«Մոտ մեկ ամիս առաջ ես հարցով զանգել եմ «թեժ գիծ» եւ մինչեւ այժմ պատասխան չեմ ստացել: Խնդիրն այն էր, որ մեր հաճախորդ ընկերություններից մեկում պետք է ուսումնասիրություն կատարվեր, որի անցկացման կարգը հաստատում է կառավարությունը: Ես փորձեցի «թեժ գծի» միջոցով ճշտել` արդյոք կա՞ հաստատված կարգ, սակայն մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել»:
Հաշվապահական ոլորտում աշխատող մասնագետները որպես աշխատանքի հիմնական խոչընդոտ նշում են տեղեկատվության պակասը: «Ես ունեմ գործընկերներ, ովքեր հաշվետվություններ հանձնելու համար գերադասում են գնալ հարկային տեսչություններ եւ հերթ կանգնել: Նրանք ասում են, որ հերթի մեջ ժողովուրդը խոսում է օրենքներից, փոփոխություններից: Դա էլ մի միջոց է` իմանալու, թե որտեղ ինչ է տեղի ունեցել: Բայց կարծում եմ, որ դա քաղաքակիրթ մոտեցում չէ»,- ասում է Տիգրան Մարտիրոսյանը:
Տեղեկատվության պակասը լրացնելու համար հարկային ծառայությունը խոստանում է մինչեւ 2009 թ. վերջը Հայաստանում բացել հարկատուների սպասարկման 5 կենտրոններ: Այդտեղ կաշխատեն մասնագետներ, որոնք հարկատուներին խորհրդատվություն կտրամադրեն նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Մեկնաբանել