HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաբակում ծրագրերն իրականացվել են վերադասին հաշվետվություններ ներկայացնելու համար

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղում խմելու ջրագծի նորոգման ծրագրեր իրականացնելու համար Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (DFID) ֆինանսական միջոցներից ՀՀ կառավարությունը համապատասխան 2 որոշումներով հատկացրել է 1,5 մլն եւ 1,46 մլն դրամ:

Այդ ծրագրերի առնչությամբ Նորաբակ համայքի ղեկավարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշում է, որ 2007 թ. համայնքում իրականացվել է խմելու ջրագծի մասնակի նորոգման մեկ ծրագիր: Աշխատակազմի քարտուղար Հակոբ Պետրոսյանի ասելով` մարզպետարանից իրենց տեղեկացրել են, որ 2006 թ. նախատեսված խմելու ջրագծի նորոգման ծրագրի ֆինանսավորումը տեղափոխվել է 2007 թ. եւ, որքանով իրենք տեղյակ են, այդ նպատակի համար հատկացվել է 1,5 մլն դրամ: 


Սակայն վերոհիշյալ ծրագրերի առնչությամբ ՀՀ կառավարության ընդունած որոշումների եւ դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունից այդպես էլ չկարողացանք պարզել` եղե՞լ է նման փոփոխություն, թե՞ ոչ:

Հիշյալ ջրագիծը 1998 թ. վերանորոգվել է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցներով Կաթոլիկ օգնության ծառայության իրականացրած ծրագրով: Այդ ժամանակ ջրագծի փականը տեղադրվել է շատ մակերեսային` 8-10 սմ խորությամբ, որը համայնքի բնակիչ Ռոբերտ Ավագյանը ցույց տվեց մեզ` ձեռքերով փորելով հողը: Իրականացված վերջին ծրագրի ժամանակ, որպես համայնքի բնակիչներ լավ իմանալով փականի տեղադրման թերությունները, շինարարներին խնդրել են ավելի խորը տեղադրել այն, որպեսզի ձմռան ցրտերին ջուրը չսառչի, սակայն բնակիչների խնդրանքը մնացել է անարձագանք: 2007 թ. հոկտեմբերի վերջին իրականացրած վերանորոգումից քիչ անց` 2008 թ. հունվարի սաստիկ ցրտերին, ջրագիծն ամբողջությամբ սառել է` փականը ոչ բավարար խորությամբ տեղադրելու պատճառով: Վթարված ջրագծից ջուրը դուրս է ժայթքում գետնի տակից ու քանդում ճանապարհը:

Համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշում է, որ գարնան հալոցքներից անմիջապես հետո ջուր չի եկել: Թե ինչպե՞ս է կատարվել ծրագիրը, համայնքն առհասարակ տեղյակ չէ: Աշխատանքների ավարտից հետո իրականացնողները ոչ մի անգամ չեն այցելել Նորաբակ: Մի անգամ իրենք հանդիպել են նրանց, նկարագրել են իրավիճակը, իսկ վերջիններս պատասխանել են, թե հավանաբար ջրագիծը վթարվել է, սակայն վթարը վերացնելու հանձնառություն չեն ստանձնել: Չգիտեն նաեւ իրականացնող կազմակերպության անունը, համայնքապետարանում այդ ծրագրի մասին որեւ փաստաթուղթ չկա: Համայնքապետի տեղակալը նաեւ նշում է, որ հին ջրագծերի մասնակի նորոգումները` տեղ-տեղ խողովակ փոխելու միջոցով, արդյունք չեն տալիս: Դա նման է միջոցները քամուն տալուն: Կենսունակ ու արդյունավետ է հիմնանորոգումը:

Համայնքի բնակիչ Ռ. Ավագյանը հայտնեց, որ վերանորոգման ընթացքում փոխված խողովակները տեղադրվել են շուրջ 1 մ խորությամբ, սակայն եթե շինարարները, իրենց առաջարկին ընդառաջելով, խորացնեին փականը, այն ծախսեր չէր պահանջի, եւ ջուրը չէր սառի: Համայնքի ներկայացուցիչների առաջարկներին իրականացնողները պատասխանել են, որ իրենց գործը լավ գիտեն: Մինչ այժմ ոչ ոք չի եկել ու չի հետաքրքրվել ջրագծի վիճակով: Աշխատակազմի քարտուղար Հակոբ Պետրոսյանը նշում է, որ աշխատանքների իրականացման ընթացքում անգամ վիճել են շինարարների հետ, սակայն այժմ, նորոգումից ամիսներ անց, փաստացի ունեն վթարված ջրագիծ: Իրենց չի տրամադրվել նաեւ որեւէ փաստաթուղթ այդ ծրագրի իրականացման ընթացքի կամ ավարտի մասին: Համայնքի պատասխանատուները նաեւ նշում են, որ համայնքային բյուջեն հնարավորություն չի ընձեռում, այլապես իրենք կնորոգեին վթարված ջրագիծը եւ կխորացնեին փականը հետագա վթարներից խուսափելու նպատակով:

Ընդգծենք, որ մարզպետարանի իրականացրած ծրագրերի առնչությամբ արված հարցադրումներին ի պատասխան` ՏԻՄ ներկայացուցիչները, սովորաբար, պաշտպանվողական կեցվածք են ընդունում: Ջանում են դրական կարծիք հայտնել, ինչը խոսում է այն մասին, որ համայնքային իշխանությունները չեն ցանկանում խնդիրներ ունենալ մարզային իշխանությունների հետ: Այս առումով դժվար է մեղադրել համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին, քանի որ այդուհետ դժվար թե արժանանան իրենց համայնքում կրկին ծրագիր ունենալու բարեհաճ վերաբերմունքին:

Նորաբակում տիրող խառնաշփոթի նկարագիրն ամբողջական չի լինի, եթե նկարագրվածին չհավելենք 2005 թ. «Ամքոր» կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքում համայնքում կառուցված «Ամքորի ցուցադրական ֆերման» ու նրա ներկա կարգավիճակը:

«Ամքոր» կազմակերպության ներկայացուցիչները 2004 թ. սկսած բազմիցս հանդիպումներ են ունեցել համայնքի բնակիչների հետ եւ նշել են, որ համայնքում կառուցված ֆերման ծառայելու է ի շահ Նորաբակի եւ Գեղարքունիքի մարզի եւս 4 համայնքների բնակիչների: Նշել են, որ ֆերմայում աշխատելու են Նորաբակի բնակիչները, իսկ ստացված բնամթերքները տրամադրվելու են համայնքի կարիքավոր ընտանիքներին ու դպրոցին` սնուցման ծրագրի իրականացման համար: «Ամքորի» ներկայացուցիչները նշել են, որ ֆերման 1 տարի գործելու է իրենց կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ապա իր գործունեությունը պետք է շարունակի ինքնուրույն:

2005 թ. ֆերմայի կառուցումից հետո «Ամքոր» կազմակերպությունը ֆերմային հատկացրել է 10 գլուխ խոշոր, 25 գլուխ մայր ոչխար, 500 հավ եւ 20-ից ավելի մայր խոզեր, ինչպես նաեւ` անիվավոր տրակտոր իր գյուղգործիքներով: Ֆերմայում գործել է կաթի մշակման եւ պանրի արտադրություն: 2005-2006 թթ. ընթացքում «Ամքորը» ֆերմայի միջոցով համայնքի 20 տնտեսությունների հատկացրել է շուրջ 6 տ հացահատիկ, որի ցանքի պարարտացումը նույնպես իրականացրել է կազմակերպությունը: Նպատակը հացահատիկի վերարտադրության կազմակերպումն է եղել. ծրագրում ընդգրկված ընտանիքները պետք է սերմացու հանձնեին, որը հաջորդ տարի պետք է տրամադրվեր 20 նոր տնտեսությունների: Նման շարունակական ընթացք պետք է ունենար կարտոֆիլի, առվույտի ցանքի կազմակերպումն ու իրականացումը, որոնց վերջնանպատակը պետք է լիներ Նորաբակ համայնքի տնտեսական զարգացումը: Ի դեպ, ֆերմայի պատասխանատու, համայնքի բնակիչ եւ նախկին համայնքապետի որդի Արմեն Կարապետյանին «Ամքորը» գործուղել է Հոլանդիա` փորձի փոխանակման նպատակով: «Ամքորի» աջակցությամբ իրականացվել է նաեւ ծառատունկ, որի արդյունքում բնակիչները բարեկարգել են ֆերմայի շրջակայքը:

Ըստ էության, ֆերման գործել է շուրջ մեկ տարի, այնտեղ աշխատել են Նորաբակ համայնքի 7 բնակիչներ` տարբեր ընտանիքներից, եւ ինչպես նախատեսել էր «Ամքորը», բոլոր գործողությունները կատարվել են ըստ պատշաճի: Սակայն, այն ժամանակ, երբ ֆերման պետք է գործեր ինքնաֆինանսավորմամբ, աշխատողներն աստիճանաբար ազատվել են աշխատանքից, ֆերման դատարկվել է, եւ դռները փակ են մինչ այսօր:
Ֆերման հաշվառված չէ Նորաբակի համայնքապետարանի հաշվեկշռում: Համայնքապետարանում բացակայում են ֆերմային տարածք հատկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը: Համայնքապետարանի աշխատակիցները պարզել են, որ անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի ստորաբաժանումն այդ տարածքը գրանցել է որպես կիսակառույց շինություն, մինչդեռ այն ավարտուն կառույց է: Ավելին, այն ամենալավ արտաքին տեսքն ունեցող շինությունն է համայնքում: Զարմանալի է, սակայն համայնքապետարանին անշարժ գույքի կադաստրի Վարդենիսի ստորաբաժանման տրամադրած համապատասխան փաստաթղթով այս կառույցի կադաստրային արժեքը զրոյական է: Առավել զարմանալի են նույն փաստաթղթում սեփականատիրոջ (հասցեատիրոջ) տվյալները` Կարապետյան Եպրաքսյա Հարությունի, ով նախկին համայնքապետի կինն է:

Ամենավառ երեւակայության տեր մարդու համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես կարող էր «Ամքորի» հայտարարած մրցույթի արդյունքում 20 դազար դոլարով կառուցված ֆերմայի շինության կադաստրային արժեքը հավասարվել 0-ի: Աշխատակազմի քարտուղարը հավաստում է, որ հիշյալ մրցույթի մասին հայտարարություն է եղել նաեւ մամուլում: Եթե անգամ ֆերման չափագրվել է որպես կիսակառույց շինություն, այդ դեպքում ո՞վ եւ ինչու՞ չի նկատել միանգամայն ավարտված շինությունը: Եթե այն ավարտուն չլիներ, բնական է, որ «Ամքորը» անասուններ չէր տրամադրի, չէր կազմակերպվի կաթի մշակման եւ պանրի արտադրություն, շրջակայքը չէր բարեկարգվի:

Ասվածից հետո կարելի է չզարմանալ, որ այժմ չկան անասունները, անիվավոր տրակտորն իր գյուղգործիքներով հանդերձ, ֆերմայի վերապատրաստված պատասխանատուի գիտելիքները չեն ծառայում համայնքի բնակիչներին: Միաժամանակ չի կարելի չզարմանալ, որ «Ամքորն» իր իրականացրած ծրագրի ավարտից հետո մոնիտորիգ չի իրականացրել, կամ ինչպե՞ս է պատահել, որ կազմակերպության միջոցներով կառուցված ֆերման հանձնվել է ֆիզիկական անձի` 0-ական կադաստրային արժեքով: Ինչպե՞ս է հանձնվել, այն վարձակալվա՞ծ է, թե՞ վաճառված` չգիտեն ո՛չ Նորաբակի համայնքի ղեկավարը, ո՛չ տեղակալը, ո՛չ աշխատակազմի քարտուղարը: Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով ֆերման լուծարվել է, ապա ինչու՞ այդ եւ դրան հաջորդող գործընթացների մասին ժամանակին չեն տեղեկացվել համայնքի բնակիչները:

Բայց, ի պատասխան այս հարցադրումների, Նորաբակի բնակիչների սոցիալական վիճակի բարելավման ու համայնքի զարգացման նպատակով կառուցված ֆերման այսօր չի գործում: Մինչդեռ այն կարող էր վճռորոշ ու բեկումնային դեր ունենալ Նորաբակի զարգացման գործում, ինչն արդեն նկատվել է նրա գործելու 1 տարվա ընթացքում:

Սակայն արդարության վերականգնումը Նորաբակում հերկուլեսյան ջանքեր է պահանջում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter