HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Կազատվի՞ պատասխանատվությունից «Ժամանակը». Թաթուլ Մանասերյանն ընդդեմ օրաթերթի

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը «զրպարտության» միջոցով արատավորելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի նախկին խորհրդականը թերթից պահանջում է հերքել 2010թ. սեպտեմբերին տպագրված տեղեկությունները, նշել, որ չկա քրեական գործ Թաթուլ Մանասերյանի դեմ և նա չի զբաղվում վաշխառությամբ, ինչպես նաև փոխհատուցել 2,5 մլն դրամ զրպարտության համար (որից 500.000-ը փաստաբանի վարձատրության գումարն է):

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը 2010թ.-ի սեպտեմբերի 29-ի համարում հրապարակել էր «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» հոդվածը , որում ասվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի (նախկին) խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրեական գործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Թ.Մանասերյանին կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջ նրանից հետո, երբ մեկ այլ քրեական գործի շրջանակներում որպես վկա հրավիրված անձանցից մեկը միամիտ բերանից թռցրել է, որ Թաթուլ Մանասերյանն իրեն տոկոսով փող է տվել:

Ի պատասխան Թաթուլ Մանասերյանի կողմից խմբագրություն կատարած զանգին և հնչեցրած զայրույթին՝ «Ժամանակ» օրաթերթը տպագրել է «Պարոն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չե՞ք տվել» վերնագրով հոդվածը՝ գործի հանգամանքների որոշ մանրամասնելով: 

Այսօր կայացած հերթական դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց լրացուցիչ փաստաթղթեր Թաթուլ Մանասերյանի մասին, որոնք են՝ տեղեկանք ԱԺ-ի կողմից, որ նա եղել է ԱԺ նախագահի խորհրդական, Ռուս-Սլավոնական համալսարանի կողմից տրված գիտական կոչում տնտեսագիտության մասնագիտությամբ, տնտեսագետի դոկտորի գիտական  աստիճան՝ տրված պետական Տնտեսագիտական ինստիտուտի կողմից, ինչպես նաև Անտվերպեն համալսարանի պրոֆեսորի երաշխավորագիր:

Պատասխանող կողմը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնցում  ասվում էր, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում անցյալ տարի քննված քրեական գործով տուժող Արթուր Մանասերյանի և Անտոն Առաքելովի առերես հարցաքննության ժամանակ Առաքելովը մանրամասներ է հայտնել իր և Թաթուլ Մանասերյանի միջև եղած գումարային գործարքների մասին, որ Անտոն Առաքելովը Մանասերյանին 2006թ. վերջից մինչև 2007թ. սկիզբը մուծել է 19,400 ԱՄՆ դոլար տոկոս, որը հաշվարկվել է որպես 40,000 դոլարի դիմաց տրված տոկոս, որից հետո առաջինը այլևս չի կարողացել մուծել, և կուտակվել է 12,000 ԱՄՆ դոլար պատքը: 

Հետևություն անելով այս ամենից՝ պատասխանողի ներկայացուցիչ Ն.Բաղդասարյանը ցանկացավ որպես վկա ներգրավել Անտոն Առաքելովին: Սակայն հայցվոր կողմը առարկեց այդ միջնորդությանը՝ մեկնաբանելով, որ եթե հաստատված լիներ վկայի ցուցմունքը, վաղուց արդեն քրեական գործ հարուցված կլիներ: Դատարանը մերժեց պատասխանողի միջնորդությունը՝ մեկնաբանելով, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետում ասվում է, որ անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե տարածած տեղեկատվության համար հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), իսկ տվյալ միջնորդությունը չի բխում սույն հոդվածի պահանջներից:

Դատարանը մերժեց օրաթերթի ներկայացուցչի` 1087.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու պահանջը` հայտարարելով, որ հոդվածը հակասահմանադրական չէ` վկայակոչելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 106-րդ հոդվածի 2-րդ կետի: Համաձայն հոդվածի` դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան եթե գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: 

Պատասխանող կողմը դատարանից խնդրեց ողջամիտ ժամկետ տրամադրել, որպեսզի գրավոր ձևակերպի դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: 

Հայցվոր կողմը առարկեց պատասխանողի միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ դա պատասխանողի կողմից ավելորդ ձգձգում է, սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը և տրամադրեց ժամկետ մինչև սեպտեմբերի 5-ը:

Մեկնաբանություններ (1)

GAGIK A.
Mi akntart chem kaskacum T.Manaseryani aznvutyan vra,,,,,Hodvac@ tpelov hanrutyan hamar ancanot tert@ cankacel e imij dzerk berel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter