HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Խաղաղություն եւ կայունություն Կովկասում` ըստ Ռեջեփ Թայիբ Էրդողանի

Պատերազմը Հարավային Օսիայում աշխարհին ստիպեց բացահայտել նոր քաղաքական իրողությունները Հարավային Կովկասում: Ռուսաստանի դաշնակիցներն ու թշնամիները հնարավորություն ստացան դասեր քաղել այս պատերազմից: Ամենամեծ դասը, ինչպես երեւում է, քաղեց հարեւան Թուրքիան:

Այն արագությունը, որով Թուրքիան արձագանքեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ցույց տվեց, թե որքան խոցելի են Անկարայի աշխարհաքաղաքական դիրքերը Կովկասում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ընդհատելով իր արձակուրդը, նախ մեկնեց Մոսկվա, այնուհետեւ` Թբիլիսի եւ Բաքու: Ռուսաստանում Թուրքիայի վարչապետի այս անսովոր դիվանագիտական ակտիվությունն ընկալեցին որպես «հուսահատ փորձ` ուղղելու կովկասյան ճգնաժամի հետեւանքով Թուրքիայի թուլացող դիրքերը եւ գտնելու նոր աշխարհաքաղաքական իրավիճակում երկրի ազգային շահերը պաշտպանելու միջոցներ»: 

Ինչպես հայտնի է, British Petroleum ընկերությունը որոշում կայացրեց փակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը, ինչպես նաեւ Բաքու-Սուփսա նավթամուղը այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է լարվածությունը տարածաշրջանում: Պատերազմը ցույց տվեց դեպի Արեւմուտք գնացող եւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրերի խոցելիությունը:

Մոսկվայում Էրդողանը հանդես եկավ նախաձեռնությամբ` ստեղծել «Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմ», որի մեջ կմտնեն Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը: Պլատֆորմի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատումն է համագործակցության միջոցով: Ինչպես նշեց Էրդողանը Բաքվում` «նախեւառաջ այս պլատֆորմը պետք է հիմնվի աշխարհագրական գործոնի վրա, որպես իր նպատակ պետք է դնի տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը, պետք է ընդգրկի նաեւ տնտեսական համագործակցությունը եւ էներգետիկ անվտանգությունը»: Թուրքիայի վարչապետի խոսքերով` պլատֆորմը պետք է հիմնվի ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա:

Թուրքիայի արեւելյան քաղաքականությունը` վտանգված

Հարավային Կովկասի անկանխատեսելի զարգացումներն, իրոք, լուրջ հարված հասցրին Թուրքիայի ազգային շահերին: Վերջին տարիներին Թուրքիան իր արտաքին քաղաքականության արեւելյան ուղղությունը (Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության հաստատմանն ուղղված ջանքերը) երկրորդ պլան էր մղել` ողջ ուժն ու եռանդը կենտրոնացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացի վրա: Թուրքիայի արեւելյան քաղաքականությունը ավելի ակտիվ էր 1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Անկարան նորանկախ թյուրքալեզու հանրապետություններին առաջնորդելու կուրս էր իրականացնում` միաժամանակ ներկայացնելով նաեւ Վաշինգտոնի շահերը տարածաշրջանում: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքական այս կուրսը ձախողվեց ներքին եւ արտաքին մի շարք գործոնների պատճառով, իսկ Վաշինգտոնը որոշում ընդունեց ուղղակիորեն ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում: Դրանից հետո էլ Թուրքիան չէր հրաժարվել տարածաշրջանային գերտերության իր հավակնություններից` մտադրվելով ավելի ակտիվ գործել, հատկապես, եթե Եվրոպան Անկարային չընդուներ իր ընտանիք: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, բոլոր այն դեպքերում, երբ եվրոպական դռները փակվում էին Թուրքիայի առջեւ, վերջինս իր հայացքն ուղղում էր արեւելք` ձգտելով փոխհատուցել «եվրոպական ճակատում» կրած իր անհաջողությունները դեպի արեւելք ընկած երկրների եւ ժողովուրդների հանդեպ իր ազդեցությունը տարածելով: Եվ ահա, վրաց-հարավօսական պատերազմի հետեւանքով, երբ տարածաշրջանում Մոսկվայի եւ Վաշինգտոնի շահերը հասել են բախման կիզակետին, Անկարայի արեւելյան (պահեստային) քաղաքականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում ` սպառնալով
Թուրքիային թողնել առանց ազդեցության ոլորտների: Իսկ քանի որ Անկարայում լավ են հասկանում, որ նախկին խորհրդային տարածքում անհնար է հաշվի չնստել ռուսական գործոնի հետ, Թուրքիան որոշել է համագործակցել իր վաղեմի մրցակից Ռուսաստանի հետ: Թուրքիայի վարչապետի հապճեպ նախաձեռնությունը, փաստորեն, ոչ այլ ինչ է, եթե ոչ առաջարկ` կիսելու ազդեցությունը Կովկասում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ` դուրս թողնելով տարածաշրջանի մյուս ավանդական խաղացողներին` Վաշինգտոնին, Բրյուսելին եւ Թեհրանին: Նման քայլով Թուրքիան միանգամից մի քանի խնդիր է լուծում: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի մեծ դեր խաղալ տարածաշրջանային գործընթացներում: Թուրքիան հնարավորություն է ստանում վերականգնել դեռեւս Խորհրդային Միության փլուզման հետեւանքով կորցրած ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի իր դերը Արեւմուտքի համար: Թուրքիայի ավելի մեծ ներգրավվածությունը Եվրոպային հարող մի տարածաշրջանում, որի անկայունությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, ավելի կարեւոր է դարձնում Թուրքիային նաեւ Բրյուսելի համար: Վերջապես, համագործակցությունը Ռուսաստանի հետ ինչ-որ տեղ ապահովում է նաեւ դեպի արեւմուտք ձգվող խողովակաշարերի անձեռնմխելիությունը: Այսպիսով, Անկարան ոչ միայն վերականգնում է իր դիրքերը Կովկասում` հետագայում նաեւ Կենտրոնական Ասիայում ամրապնդվելու հեռանկարով, այլեւ միջնորդի դեր ստանձնում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում` անհամեմատ մեծացնելով վերջինիս կախվածությունը իրենից:

Խաղաղություն եւ կայունություն Կովկասում` առանց Մեթյու Բրայզայի

Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Մեթյու Բրայզան խոստովանեց, որ «զարմացել էր Կովկասում կայունության ինչ-որ պակտի մասին թուրքական իշխանությունների նախաձեռնությունից»: «Ինձ այդ մասին չեն զգուշացրել»,- ասաց Բրայզան: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ վրացական իրադարձությունները ցույց տվեցին համաշխարհային քաղաքականություն սահմանելու ԱՄՆ-ի անկարողությունը: «Միացյալ նահանգներն արդեն պետք է կիսեն իշխանությունն աշխարհում այլ երկրների հետ»,- եզրակացրեց Գյուլը: Ընդգծելով այն հանգամանքը, որ Միացյալ նահանգներն այլեւս չեն կարողանում վերահսկել ամբողջ աշխարհը մեկ կենտրոնից, Թուրքիայի նախագահն առաջարկեց գործել միասին: «Մենք պետք է ստեղծենք նոր աշխարհակարգ»,- նշեց նախագահը: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Էրդողանի այս գաղափարը, թե տարածաշրջանի պետությունները` Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը կարող են պայմանավորվել Հարավային Կովկասում առանց ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մասնակցության, համարում է անիրական, քանի որ «հաշվի չառնել Արեւմուտքի շահերը տարածաշրջանում անհնար է ըստ էության»: Թուրքական մամուլն իր հերթին նշում է, որ այս հարցում անհնար է հաշվի չառնել նաեւ Իրանին, «որը եւս ունի տարածաշրջանային շահեր եւ որոշ առումով նույնիսկ կարող է համարվել կովկասյան պետություն»:

«Մինսկի խմբի գործունեությունը արդյունքներ չի տալիս արդեն 16 տարի, եւ դա մեզ ստիպում է մտածել: Խաղաղության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում»,- հայտարարեց Թուրքիայի կառավարության ղեկավարը Բաքվում: Թուրքիայի վարչապետը համոզված է, որ իր առաջարկած պլատֆորմը հնարավորություն կտա լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սակայն Անկարայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ: Էրդողանի համոզմամբ` Կովկասյան դաշինքի ստեղծումը կլուծի հակամարտությունները Կովկասում 1921թ. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Կարսի պայմանագրի սկզբունքների հիման վրա: Ինչպես հայտնի է, Կարսի պայմանագիրը սահմանեց տարածաշրջանի ներկայիս դե յուրե սահմանները` Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին:

Տուն Կովկասի համար

Կովկասում տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ համագործակցության տարբեր ձեւաչափեր ստեղծելու գաղափարը գալիս է դեռ 90-ականների սկզբից: Տարածաշրջանի պետությունների ղեկավարների, ինչպես եւ տարածաշրջանից դուրս գտնվող այլ շահագրգիռ ուժերի կողմից բազմիցս առաջ են քաշվել Կովկասյան տան, Ընդհանուր տան, Կովկասում կայունության պակտի, Խաղաղ Կովկասի գաղափարները: Թուրքիայի վարչապետի վերջին նախաձեռնությունը շատ նման է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից առաջ քաշված նախաձեռնությանը: 2000 թ. հունվարի 15-ին Վրաստան կատարած իր պաշտոնական այցելության ժամանակ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը հանդես եկավ «Կայունության պակտ Կովկասի համար» նախաձեռնությամբ` որպես բազմակողմ ֆորում, որը կառաջնորդվեր ԵԱՀԿ սկզբունքներով: Սակայն այս բոլոր նախաձեռնությունները, որոնց հիմնական նպատակն էր տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարումը համագործակցության միջոցով, անհնար եղավ իրականացնել հենց այդ հակասությունների պատճառով: Անդրկովկասի երեք հանրապետությունների` 1918-1920 թթ. կարճատեւ անկախության ժամանակ եւս փորձ եղավ հիմնել Անդրկովկասյան կոնֆեդերացիա: Կովկասի միավորումը այն ժամանակ էլ ձախողվեց երեք պետությունների` իրար հակասող շահերի պատճառով. եթե Վրաստանն ու Ադրբեջանը իրենց անկախությանը սպառնացող վտանգը տեսնում էին հյուսիսից` Ռուսաստանից, ապա Հայաստանի համար այդ վտանգը գալիս էր Թուրքիայից: Կովկասի միավորման անհաջող փորձերը ստիպում են տալ ամենակարեւոր հարցը. ի՞նչն է այս անգամ նպաստելու Կովկասի միավորմանը:

Խաղաղության խողովակաշարային բանաձեւը

Էրդողանի համոզմամբ` Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովումը հնարավոր է տարածաշրջանային պետությունների միջեւ տնտեսական համագործակցության խորացման միջոցով: Որպես լավագույն տնտեսական ձեռնարկումներ, որոնք նպաստել են տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը, նա մատնանշում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրերը: Էրդողանն այսպիսով ակնարկում է, որ տարածաշրջանում էներգետիկ խողովակների դիվերսիֆիկացումը առաջարկվող պլատֆորմի ողնաշարն է: Անկարայում գործող Միջազգային ռազմավարական հետազոտական կազմակերպության` Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Գյուներ Օզկանը Էրդողանի խոսքերից եկել է այն եզրահանգման, որ եթե Աբխազիան, Հարավային Օսիան եւ Հայաստանը օգտվեն գոյություն ունեցող կամ ծրագրվող տարածաշրջանային մեծ տնտեսական ծրագրերից, ինչպիսին էներգետիկ խողովակներն են եւ երկաթուղիները, ապա էթնո-տարածքային պատերազմները` տարածաշրջանային անվտանգության ամենակարեւոր խնդիրները, կարող են կանխվել եւ նույնիսկ վերջնականապես լուծվել: Թուրք փորձագետը հիշեցնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ բանակցող Ջոն Մարեսկայի` 1995 թ. արտահայտած այն տեսակետը, որ եթե «խաղաղության խողովակաշարը» Բաքվից Ջեյհան ձգվեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքներով, դա կքաջալերեր հայաստանյան քաղաքական գործիչներին կապիտալիզացիայի ենթարկել այն եւ ներգրավվել հակամարտությունը կարգավորելու անկեղծ ջանքերում: Ինչպես նշում է թուրք փորձագետը, առաջարկվող «խաղաղության խողովակաշարը» նույն կերպ կարող էր լուծել նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մինչ այսօր գոյություն ունեցող խնդիրները եւ հնարավորություն կտար երկուսին կարգավորել իրենց քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները: Եթե Էրդողանի հայտարարություններն անկեղծ են, եւ Անկարան, իրոք, ցանկանում է նախաձեռնել տարածաշրջանային տնտեսական համագործակցություն` դռները բացելով նաեւ Հայաստանի համար, ապա սա 360 աստիճանի փոփոխություն է Երեւանի հանդեպ 16 տարի շարունակվող Անկարայի քաղաքականության մեջ: Մինչ այսօր, ինչպես գիտենք, Թուրքիան եւ Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում են Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը` որպես նախապայման համարելով ԼՂ հիմնախնդրի լուծումը եւ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելը: Հիմա, փաստորեն, Անկարան ակնարկում է, թե պատրաստ է Հայաստանին ներառել տարածաշրջանային տնտեսական ծրագրերում` որպես նախապայման ԼՂ հիմնախնդրի լուծման համար:

Եւս մեկ առիթ Երեւան գալու համար

Թեեւ Մոսկվա, Թբիլիսի եւ Բաքու կատարած իր այցերից հետո Էրդողանը հայտարարեց, որ բոլոր երեք պետություններում իր առաջարկությունը դրական արձագանք է ստացել, այնուամենայնիվ, վերլուծաբանները գտնում են, որ Մոսկվան եւ Թբիլիսին, Երեւանն ու Բաքուն չեն բանակցի միմյանց հետ այս գաղափարի շուրջ: Ամեն դեպքում, նրանք, ովքեր իսկապես կարող են օգուտ քաղել այս թեկուզ անիրատեսական նախաձեռնությունից, Երեւանն ու Անկարան են: Ինչպես նշել է Էրդողանը, նա ծրագրում է բանակցություններ վարել նաեւ Հայաստանի հետ: Դեռեւս Մոսկվա կատարած իր այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հրավիրեց Հայաստան` միասին դիտելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Թուրքիայի վարչապետի առաջարկությունից հետո նախկինում հայկական եւ թուրքական մամուլում հնչող հարցը` կգա՞, արդյոք, Գյուլը Հայաստան, ավելի արդիական է հնչում: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 24-ին International Herald Tribune-ում «Կովկասի պահը» վերնագրված իր հոդվածում «հետաքրքիր» է համարում Թուրքիայի վարչապետի առաջարկությունը` ավելացնելով, որ գաղափարը ճիշտ մշակման եւ ճիշտ իրագործման կարիք ունի: Միաժամանակ նախկին արտգործնախարարը նշում է, որ մոտ օրերս ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ տեղի ունենալիք խաղը «պատեհ առիթ է, որպեսզի երկու հարեւանները քննարկեն անվտանգության ընդհանուր մարտահրավերները եւ ուղի հարթեն խաղաղության տարածաշրջան կերտելու համար»: Թուրքական մամուլում եւս երկխոսությանն ուղղված կոչեր են արվում. այնտեղ գտնում են, որ Անկարան հրավերը պետք է ընդունի եթե ոչ նախագահի, ապա գոնե արտգործնախարարության որեւէ պաշտոնյայի մակարդակով: Շատերը կհամաձայնեն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ավելի մեծ խաղաղություն եւ կայունություն կբերի Կովկասին, քան բոլոր հարցերը միանգամից լուծելու թեկուզ անկեղծ, բայց անիրատեսական ջանքերը: Ինչպես ցույց է տալիս իրականությունը, «պահը» տարածաշրջանային պետություններից յուրաքանչյուրի համար լինում է տարբեր, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարելի է դասել այն խնդիրների շարքին, որոնց լուծումը իրոք կարող է ազդարարել «Կովկասի պահը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter