HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինչու՞ է սպիտակել Դեբեդը

Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մինչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Բերքահավաքի եռուն շրջանում Դեբեդի հովտի բնակավայրերի այգեգործներին օգնության էին հասնում շրջանի այլ գյուղերի բնակիչներ, դպրոցականների խմբեր, սակայն, այնուամենայնիվ, առատ բերքի մի մասը այդպես էլ փտում-փչանում էր ծառերի տակ:

Նոյեմբերյանի արեւահամ պտուղը գնացքներով եւ ինքնաթիռներով առաքվում էր խորհրդային երկրի տարբեր ծայրեր: Պտղի մի մասն էլ վերամշակվում էր Այրումի պահածոների գործարանում: 

1990-ական թվականներին, երբ հանրապետությունում վառելիքա-էներգետիկ ճգնաժամ էր, Այրումի ոռոգման քառաստիճան պոմպակայանն անգործության մատնվեց, անջրդի մնացած դեղձի այգիները գրեթե ամբողջությամբ չորացան: Սկսած 2000 թվականից՝ ԻՖԱԴ կազմակերպության աջակցությամբ Դեբեդի հովտում սկսվեց դեղձի այգիների վերականգնումը: 2005-ին գործարկվեց Այրում ՀԷԿ-ից սկիզբ առնող ոռոգման ջրատարը, որն ինքնահոս եղանակով շուրջ 1000 հա տարածք է ջրարբիացնում:

Այժմ Նոյեմբերյանի տարածաշրջանում մոտ 400 հա դեղձի այգիներ բերքատու են: Այս տարի էլ լավ բերք է եղել: Այրումի պահածոների գործարանը, որը խորհրդային տարիներին վերամշակում էր դեղձի բերքը, տարիների թմբիրից հետո վերսկսեց ակտիվ գործունեությունը: Գործարանը նոր սեփականատեր ունի` Արտաշատի պահածոների գործարանի տնօրեն Սերգեյ Կարապետյանը, ով այստեղ արդեն 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել: Ձեռնարկությունում վերագործարկվել է արտադրական երկու հոսքագիծ, գործարանը հնարավորություն ունի օրական ընդունել 200 տոննա բերք:

Պրն Կարապետյանի վկայությամբ՝ այս տարի իրենք կարող են պտղաբույծներից ընդունել 1500-2000 տոննա դեղձ: Նրա խոսքերով՝ հետագայում վարկավորման միջոցով աջակցություն կցուցաբերեն գյուղացիներին: Սերգեյ Կարապետյանը վստահեցնում է, որ երկուսուկես տարի անց Այրումի պահածոների գործարանն Արտաշատի պահածոների գործարանի նման նորոգ եւ բարեկարգ տեսք կունենա:

Պահածոների գործարանն արդեն սկսել է դեղձի ընդունումը եւ վերամշակումը: Թվում է` նոյեմբերյանցի այգեգործների դժվարությունները հետեւում են մնացել, եւ Դեբեդի հովիտը վերագտել է զարգացման հեռանկարը: Սակայն հողագործները մտահոգված են: Պտղավանցի Գեղամ Ջիլավյանը դժգոհում է, որ առավոտները Դեբեդը սպիտակավուն է դառնում:

Գետի սպիտակ հոսքը սկսվում է գիշերով եւ սովորաբար շարունակվում մինչ առավոտյան ժամը 11-ը: Պտղագործները բողոքում են, որ գետի աղտոտված ջրով դեղձենիները ոռոգելուց հետո դրանք չորանում են: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հ/կ-ի նախագահ Սպարտակ Զաքարյանն ասում է, որ գետի սպիտակելու հետեւանքով չորացել են ձմերուկի ցանքերը: Այգեգործները վկայում են, որ անցած տարի էլ նման դեպքեր են եղել, սակայն այժմ գետի աղտոտման դեպքերն անհամեմատ շատ են: Պտղաբույծները կասկածում են, որ Դեբեդը ծանր մետաղներով հագենում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կամ Ախթալայի լեռնահարստացման ձեռնարկության կողմից:

Պտղավանցիներն այս կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնեցին հուլիսի 29-ին այգիներ այցելած գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին: Օգոստոսի 22-ին Պտղավանի այգիներ էր եկել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետն այցելել էր ժամը 15-ի սահմաններում, սակայն այդ օրը Դեբեդի սպիտակ հոսքը սովորականից երկարատեւ էր, եւ փոխվարչապետը տեսավ մոխրագույն ջուրը:

Գետի աղտոտվածության մասին մեր հարցին փոխվարչապետ Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Երկու օր առաջ հանձնարարական է տրված գյուղատնտեսության նախարարությանը: Նախարարությունը Դեբեդի ջրից նմուշներ է վերցել, Երեւանում փորձաքննություն է կատարվում: Պայմանավորվածություն եմ ձեռք բերել նաեւ բնապահպանության նախարարի հետ, եւ այս նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու Դեբեդ գետի երկայնքով տեղակայված գործարանների կողմից Դեբեդ արտանետումների նկատմամբ: Հարկ է գնահատել գետի աղտոտվածության աստիճանը: Եթե պարզվի, որ ջուրը թույլատրելի սահմանից ավելի աղտոտված է, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել դրա պատճառները վերացնելու համար: Ես կարծում եմ, որ շատ սեղմ ժամկետում մենք կգտնենք այդ հարցի լուծումը»:

Նոյեմբերյանցի այգեգործները կարծում են, որ Դեբեդի սպիտակ գույնը Լոռու մարզի գործարանների կողմից Դեբեդ արտանետվող անագից է առաջանում: Ամեն անգամ այգիները ջրելուց հետո ծառերի բները մի տեսակ կարծրանում, «բետոնե» են դառնում: Այգեգործները լոկ մխիթարվում են, որ Դեբեդի ձկները զանգվածաբար չեն ոչնչացել, ուրեմն գետի աղտոտվածությունը դեռ ծայրահեղ կետին չի հասել: Սակայն շուտով կգործարկվի Թեղուտի բազմամետաղ հանքավայրը` իր հսկա պոչամբարով: Դա նոր սպառնալիք կլինի Դեբեդի էկոհամակարգի համար: Մինչդեռ Դեբեդի ջուրը միայն ոռոգման նպատակով չի օգտագործվում: Գետի երկայնքով Լոռու եւ Տավուշի մարզի բազմաթիվ բնակավայրեր են: Ամռան տապին այստեղ երեխաներ են լողում, գյուղացները ջրում են անասուններին: Այրում, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերում խմելու նպատակով վերցնում են գետի ափին փորված հորերի ջուրը: Ավազի շերտի միջով անցնելով` որքանո՞վ է մաքրվում ծանր մետաղներով հարստացած ջուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter