HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ինչու՞ են ձգձգվում շինարարությունները

Հայտնի իրողություն է, որ մայրաքաղաք Երեւանն ու մարզերը զարգացման տարբեր մակարդակ ունեն: Հեռավոր, սահմանամերձ մարզերում էլ ենթակառուցվածքների ստեղծման եւ մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված որոշ ծրագրեր են իրականացվում:

Իսկ ի՞նչ որակով են դրանք կառուցվում եւ ի՞նչ ժամկետներում, որքանո՞վ են դրանք ծառայում սահմանագոտու բնակիչների կենսակերպի բարելավմանը: 

2006 թ. սկսվեց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Ոսկեպար-Բաղանիս 6.3 կմ նոր, շրջանցիկ ճանապարհի կառուցումը: Պետական բյուջեով ճանապարհաշինական մեծ ծրագրի մրցույթը շահեց «Էներգոցանցշին» ընկերությունը, որի անվանումն իսկ հուշում է, որ այն քիչ կապ ունի ճանապարհների կառուցման հետ: Ընկերությունը մրցույթը շահեց առանց բավարար շինարարական տեխնիկա եւ աշխատուժ ունենալու:

Եթե շինարարության համար բավարար տեխնիկա ունենար, ապա Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ից մի քանի միավոր շինարարական տեխնիկա չէր խնդրի, եթե անհրաժեշտ աշխատուժ ունենար, ուրեմն Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար գյուղի բնակիչներին որպես ճանապարհաշինարարներ չէր հավաքագրի:

Ի սկզբանե նախատեսված էր այս ճանապարհը շահագործման հանձնել 2007 թ. հուլիսին: Հետո շինարարության ավարտը հետաձգվեց մինչ օգոստոս: Ընդամենը 6 կմ երկարությամբ այս ճանապարհի կառուցման համար նախատեսված էր 700 միլիոն դրամ: Սակայն ոչ միայն ճանապարհի գործարկման ժամկետը խախտվեց, այլեւ` նախահաշիվը: 2007 թ. սեպտեմբերի 27-ին կառավարությունը որոշեց եւս 67 միլիոն 962 հազար դրամ հատկացնել այս բազմաչարչար ճանապարհի կառուցումն ավարտելու համար: Մինչ զարգացած երկրներում գործարկման ժամկետները խախտած շինարարներին տուգանում են, Հայաստանում պարգեւատրում են լրացուցիչ ֆինանսավորմամբ:

Այս ճանապարհի աշխղեկ Գագիկ Սաֆարյանը մեզ վստահեցնում էր, որ այն կգործարկվի մինչեւ 2007 թ. նոյեմբեր: Սակայն խոստումն այլ է, իրականությունը` այլ: Զարմանալի է, որ ճանապարհաշինական բնագավառում չմասնագիտացած այս հիմնարկությանը այդ նույն ժամանակ սահմանագոտում վստահվել էին մի քանի այլ խոշոր ծրագրեր: Անցյալ տարի նույն ընկերությունը, բացի վերոհիշյալ շրջանցիկ ճանապարհից, շուրջ 330 միլիոն դրամով իրականացնում էր Կողբ-Զիկատար մոտ 10 կմ ճանապարհի կառուցումը, ինչպես նաեւ` Վրաստանի հետ սահմանի շուրջ 25 կմ հատվածի կառուցապատումը:

Սա ցույց է տալիս, որ ձեւական բնույթ են կրում զանազան շինարարական մրցույթները, երբ ընկերությունը, չունենալով բավարար տեխնիկա եւ աշխատուժ, հեռավոր մարզում միաժամանակ մի քանի խոշորածավալ ծրագրեր է իրականացնում:

Վերադառնալով Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին` նշենք, որ նախատեսված էր, որ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը 2007 թ. նոյեմբերին կկատարի նոր ճանապարհի բացումը: Սակայն ճանապարհն այնքան անորակ եւ կիսատ-պռատ էր կառուցվել, որ այդպես էլ շրջանցիկ ճանապարհի (որի կառուցման համար շուրջ 800 միլիոն դրամ էր ծախսվել) հանդիսավոր բացումը չկայացավ:

Հիմա այդ ճանապարհը կառուցված է, սակայն դրանով մեքենաներ չեն երթեւեկում: Վարորդները գերադասում են ավելի հարմար, հին ճանապարհը` խուսափելով վառելիքի ավելորդ ծախսից: Ստացվում է, որ այս ճանապարհը կառուցվել է այն դեպքի համար, եթե հանկարծ Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի: Սակայն սահմանի այս հատվածում մարդիկ ապրում են այսօրվա մտահոգություններով, ոչ թե թեական մտահոգություններով: Կամ էլ սահմանագոտում մի կերպ գոյատեւելուց հոգնած, արտագաղթելով` կյանքի իմաստն այլ ափերում են փնտրում:

Մինչ պետբյուջեի միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, արդեն 15 տարի է, ինչ նույն Ոսկեվանի տարածաշրջանի սահմանամերձ 6 գյուղերը` Ոսկեվանը, Կոթին, Բաղանիսը, Ոսկեպարը, Բարեկամավանը եւ Ջուջուանը բնական գազ չունեն: Երկու տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից «Անանիա Շիրակացի» շքանշանով պարգեւատրվելու ժամանակ Ոսկեվան համայնքի երկարամյա ղեկավար Էմմա Հակոբյանը նախագահից գյուղի գազաֆիկացման հարցում աջակցություն խնդրեց:

Հարցի լուծման համար մի քանի հարյուր միլիոն դրամ է անհրաժեշտ, որն այդպես էլ չի գտնվում: Ոսկեվանի ենթաշրջանի սահմանամերձ գյուղերի համար բնական գազից առավել կենսական հարց է ոռոգման ջուրը: Մանավանդ` ինքնահոս եղանակով մատակարարվող ջուրը: Հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո սահմանագծին գտնվող Ջողազի ջրամբարով նախկինում ոռոգվող հազարավոր հողերը դարձան անջրդի, քանզի ոռոգման խողովակաշարը ձգվում է ադրբեջանական տարածքով: Արդեն 17 տարի Ոսկեվանի ենթաշրջանի հողերն անջրդի են:

2006 թ. ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 37 կմ (ճյուղավորումներով հանդերձ) երկարությամբ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից, Ոսկեպար գետից սկիզբ առնող ջրատարը պետք է սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան գյուղերում ոռոգելի դարձնի շուրջ 1100 հա հողատարածություն: Ոսկեպարում ոռոգելի կդառնա 500 հա, Կոթիում` 380, Ոսկեվանում` 100 հա, Բաղանիսում` 70 հա:

Այս ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր ավարտել այս տարվա հուլիսին: Հետո որոշվեց ջրագիծը գործարկել սույն տարվա նոյեմբերին: Շինարարության ընթացքում հարկ եղավ փոխել նաեւ նախագիծը, քանզի շինարարության մի հատվածում կառուցողները կարծր ապարների էին հանդիպել: Նախկին նախագծով խողովակաշարը պետք է ձգվեր գետի հունի երկայնքով, նոր նախագծով ջրատարն ավելի բարձրադիր տեղանքով է անցնում: Ընթացիկ տարում սույն ջրատարի գործարկումը բացառվում է: Գործարկումը հարցականի տակ է նաեւ հաջորդ տարի:

Բացատրենք, թե ինչու: Ջրատարի շինարարությունն իրականացնում են 3 կազմակերպություններ` «Գրիար» ընկերությունը` Գրիգորի Հարությունյանի ղեկավարությամբ, «Ասկա» կազմակերպությունը (ղեկավար՝ Սուրիկ Պողոսյան) եւ Հակոբ Հակոբյանի (ով հանրությանն առավել հայտնի է Ճոյտ մականունով) կողմից ղեկավարվող շինարարական կազմակերպությունը, որին կառուցման նպատակով տրվել է ջրատարի 11 կմ-ոց հատված:

Ջրատարի շինարարության վերահսկողությունն իրականացնող Սմբատ Գասպարյանի վկայությամբ` ջրագծի շինարարությունն իրականացնող 2 կազմակերպությունները հիմնականում կատարել են իրենց գործը, չնայած փոքր հատվածներում դեռ խողովակաշար չի անցկացված, որոշ տեղերում դեռ չեն արվել միացումները: Վիճակն այլ է Հակոբ Հակոբյանի շինարարական կազմակերպությանը հանձնված հատվածում: Այս 11 կմ-ոց հատվածից խողովակաշարի համար անցուղի է փորված միայն 7 կմ-ում, իսկ խողովակաշարն անցկացված է լոկ 2 կմ հատվածում: 2 կմ էլ լեռնային, դժվարամատչելի տեղանքում է, ուր պետք է պայթեցումներ արվեն:

Այս ընկերությունը, չունենալով սեփական հզոր տեխնիկա, ստիպված է եղել «Կամացու» տրակտոր վարձակալել Իջեւանի մի շինարարական կազմակերպությունից: «Կամացուն» աշխատեցնող տրակտորիստի հետ օրական վարձատրության հարցում համաձայնության չեն եկել, եւ վերջինս թողել է այս աշխատանքը:

Այս մրցույթը շահելուց հետո Հակոբ Հակոբյանը խնդիրներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան իշխանավորների եւ օրենքի հետ: Այդ հոգսերով տարված` նա բավական ուշ սկսեց զբաղվել սույն ջրատարով: Սկզբում նա ոչ պաշտոնական, բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերել «Ասկա» կազմակերպության հետ, որպեսզի վերջինս կառուցի նաեւ իր հատվածը: Ինչ-ինչ խնդիրների պատճառով պայմանավորվածությունը խախտվել է, եւ հիմա ինքը պիտի կառուցի մրցույթով իրեն տրված հատվածը: Սակայն ծագել են նոր խնդիրներ: Շինարարությունը ձգձգվել է, այդ ընթացքում տեղի է ունեցել դոլարի արժեզրկում (ԻՖԱԴ-ի ծրագրերը ֆինանսավորվում են դոլարով):

Բացի այդ, նախագծի փոփոխումով ջրագծի երկարությունը մեծացել է, ինչի հետեւանքով եւս լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում: Լրացուցիչ ֆինանսավորման հիմնավորվածության անհրաժեշտության մեջ համոզված է նաեւ ԻՖԱԴ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը: Սակայն ե՞րբ կլինի այն, եւ ե՞րբ Հակոբ Հակոբյանը շինտեխնիկա կգտնի իրեն վստահված հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter