HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ ազատազրկում՝ ամերիկահայ գործարարին սպանելու համար

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ցմահ ազատազրկման է դատապարտել ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող երրորդ անձին` 1982թ. ծնված Գեւորգ Բադալյանին: Այս մասին դատարանից «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: 

Նախկինում գողության համար դատապարտված Բադալյանին ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին Հարավ Արեւմտյան թաղամասում: Վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս 2009թ.-ին, եւ նրա մասով քրեական գործից անջատվել էր առանձին վարույթ: Իսկ Բադալյանի երկու հանցակիցներին` Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին, Կենտրոնի դատարանն անցյալ տարվա ապրիլին դատապարտեց ցմահ ազատազրկման: 

Պետրոս Թեմիրյանն ամերիկահայ գործարարի ընկերն էր: Նա ձերբակալվել էր սպանությունից օրեր անց և հենց նա էլ իրավապահներին հայտնել էր դիակի տեղը: Կարեն Դալլաքյանը հայտնաբերվել էր ամիսներ անց` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես նա, այնպես էլ Գեւորգ Բադալյանը բարերար Բերբերյանի հետ ուղիղ կապ չեն ունեցել և եղել են Պետրոս Թեմիրյանի ընկերները:

Հիշեցնենք, որ «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ Բերբերյանը 2009 թ. ապրիլի 25-ի երեկոյան դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) և այլևս չէր վերադարձել: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերել էին գործարարի դին:

Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել էին Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան, ըստ նախաքննական մարմնի, Գ. Բադալյանը տարել էր օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Պետրոս Թեմիրյանին և Կարեն Դալլաքյանին մեղավոր է ճանաչել նրանում, որ վերջիններս, իբրև կազմակերպված խումբ, Բերբերյանին սպանել են շահադիտական դրդումներով` ավազակությամբ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով: Նույն մեղադրանքն է առաջադրվել նաեւ Գեւորգ Բադալյանին:

Նազարեթ Բերբերյանն ընտանիքով Երեւանից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1970-ականների սկզբին: Նրա ընտանիքը` կինը, զավակները եւ քույրը, ապրում են ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում Ն. Բերբերյանն ունի խանութների ցանց: 1990-ականների կեսերին նա տեղափոխվել էր Երեւան, ձեռք բերել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական ֆաբրիկան: Նա բարեգործություններ էր անում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, իսկ վերջին շրջանում որոշել էր Հայաստանում իրականացնել մի մեծ բիզնես պրոեկտ:

Նազարեթ Բարբերյանը Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող հյուրանոցի սեփականատերն էր:

Այն կառուցելով` նա ծրագրել էր ձեւավորել «զբոսաշրջության շրջան». շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում պետք է տեղակայվեին հուշանվերների խանութներ:

Բացի այդ` հյուրանոցում ապաստանած զբոսաշրջիկներին պետք է հնարավորություն տրվեր այցելել Դալարի գորգագործության ֆաբրիկա, ծանոթանալ գորգերի ձեռագործ արտադրությանը, իսկ ցանկության դեպքում գնել ոչ միայն դուր եկած սովորական գորգը, այլեւ շատ մատչելի եւ փոքրիկ «հուշանվեր-գորգեր»: Կյանքի շրջանում Բերբերյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում փնտրել է հնաոճ իրեր` հյուրանոցը եւ գորգի ֆաբրիկան ուրույն ձեւով կահավորելու եւ ձեւավորելու համար:

«Հետքի» տեղեկություններով` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Բերբերյանի մոտ սկսվել են որոշակի դժվարություններ: Նա բանակցություններ է վարել միջազգային հյուրանոցային ցանց ունեցող երկու ընկերությունների հետ` ակնկալելով ներդրումներ նրանց կողմից: Թե ի՞նչ ընթացք են ունեցել բանակցությունները, դժվար է ասել, քանի որ Նազարեթը բնավորությամբ «փակ» էր և իր ծրագրերի մասին շատ քիչ էր խոսում: Այսօր անհայտ է նաև հյուրանոցի ճակատագիրը:

Մեկնաբանություններ (1)

Garo
Here is a prime example of why diaspora Armenians will not be moving to Armenia any time soon, even from poor countries from the Middle East and elsewhere. Let's not kid ourselves, Armenia is a cesspool of corruption, so never mind the Turks and Azeris for now. Armenia needs to be cleaned up first of all from these traitor mafia clowns who have a grip over the country and are steadily looting the people's future since 20 years. What other alternative is there if we want Armenians to repatriate to Armenia? The only choices we have is a revolution, that is a violent one, not peaceful one because criminals do not believe in peaceful resolutions to problems. Or the other option is wait 50 years when there are few Armenians left in the diaspora and Armenia as well. We lose both ways, so God help Armenia, that is all I have to say.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter