HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Փոխադարձ հայցեր. Իջեւանի քաղաքապետը եւ «Հետքը»` միմյանց դեմ

Մեր ընթերցողներն արդեն տեղյակ են, որ Իջեւանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու եւ վնասի հատուցման պահանջների մասին» հայց է ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով «պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը հերքելու Իջեւանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները եւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող լուրերը»:

Հայցի առիթը մայիսի 5-ին «Հետքում» հրապարակված «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով հոդվածն է, որտեղ ներկայացվում են Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր: 

Իջեւանի քաղաքապետարանը դատարանից պահանջել է նաեւ «Հետաքննող լրագրողներ»-ից բռնագանձել 930.000 դրամ` իբրեւ «զրպարտչական հոդվածի հեղինակին պատասխանատվության ենթարկելու համար փաստաբանական ծառայության մատուցման վճար»:

Հայցքի քննությունը նշանակված է սեպտեմբերի 29-ին Երեւանի քաղաքացիական դատարանում: Զուգահեռաբար «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն նամակով դիմել էր Իջեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել մայիսի 23-ի ավագանու նիստի արձանագրությունը եւ այն որոշումը, որով 930.000 դրամ է հատկացվել փաստաբանական ծառայության համար: Սակայն քաղաքապետը մերժել է` «հնարավոր շահարկումներից խուսափելու» պատճառաբանությամբ եւ ասել, թե դրանք կտրամադրի դատական պրոցեսն ավարտվելուց հետո:

Կազմակերպությունը նույն խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետին` նկատի ունենալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30 հոդվածի 8-րդ կետի համաձայն` ավագանու որոշումները 7-օրյա ժամկետում առաքվում են մարզպետարան: Մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշումները տրամադրելու փոխարեն «միջնորդությամբ դիմել է» Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Վերջինս մարզպետին տվել է նույն պատասխանը, ինչ «Հետաքննող լրագրողներ»-ին: Եվ մարզպետ Ղուլարյանը մերժել է լրագրողներին` հղում անելով քաղաքապետի պատճառաբանությանը:

«Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն «տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասը (114.000 դրամ) հատուցելու պահանջով» Իջեւանի քաղաքապետի դեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter