HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ստեփանավանը սկսել է շնչել ու ապրել

Հայաստանում Լոռվա ժողովրդին ասում են «միամիտ լոռեցի»: Դրա տակ պետք է հասկանալ պարզ ու մաքուր, անխարդախ ու անքեն, հոգեւոր հարուստ ներաշխարհով ժողովուրդ, որ նման է իր առինքնող բնությանը:

Լոռվա բազմաթիվ մարգարիտների մեջ առանձնանում է Ձորագետի բարձրադիր ափին, անտառապատ լեռնալանջերով շրջապատված գեղատեսիլ սարահարթի վրա գտնվող Ստեփանավան քաղաքը: Արեւոտ օրերը, մեղմ, չափավոր խոնավ օդը, կանաչ տարածքների առկայությունը Ստեփանավանը դարձնում են հանրապետության հրաշալի ամառանոցներից մեկը:

Բախիր ցանկացած ստեփանավանցու դուռ եւ քեզ ներս կհրավիրեն` պարզելու «ում որդին ես կամ ում բարեկամը»: Հետո տնական պանիր եւ թթվասեր կհյուրասիրեն ու կպատմեն անցյալի լավ օրերից ու ներկայի հոգսերից: Տարեցներն ու ավագները հիշում են, որ ամառվա գալուն պես Ստեփանավանը լցվում էր զբոսաշրջիկներով ու «դաչնիկներով» Խորհրդային Միության բոլոր ծայրերից, հատկապես Վրաստանից եւ Ռուսաստանից:

«Ստեփանավանում չկա մի ընտանիք, որն ամառվա ամիսներին Վրաստանից, Ռուսաստանից կամ Հայաստանից հանգստացողներ հյուրընկալած չլինի: Այստեղ անգամ Մանթաշովն է հանգստացել»,- պարծենում է քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Միութենական առողջարանային կենտրոն լինելու հանգամանքով են ստեփանավանցիները բացատրում իրենց` ռուսերենին լավ տիրապետելը եւ առաջադեմ ու ազատամիտ լինելը:

«Անահիտ» եւ «Վահագն» պանսիոնատներով, «Լալվար» տուրիստական հանգրվանով հայտնի առողջարանային քաղաքն ուներ նաեւ բազմաթիվ արտադրություններ` եւ արդյունաբերության ոլորտի, եւ գյուղատնտեսության:

«Ամենահզոր պանրի գործարանները, որ շվեյցարական պանիր էին արտադրում եւ սապասարկում Մոսկվան, Լենինգրադը եւ Հայաստանի ամբողջ տարածքը, մեր տարածաշրջանում էին` Ստեփանավանում եւ Տաշիրում: Քանի որ մեր արտերը համարվում են ալպիական գոտի, բարձր որակի եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք էր ստացվում: Ունեցել ենք կարի, տրիկոտաժի, կահույքի գործարաններ, «Պրոմսվյազը» եւ ՎԵՉԵՈ գործարանը»,- ասում է քաղաքապետը:

Արտադրության ու տուրիզմի ներդաշնակ համադրությունը Ստեփանավանը դարձրել էր բնակության եւ հանգստի համար գրավիչ քաղաք: Սակայն 1988 թ. երկրաշարժը Լոռվա այս առաջին քաղաքը վերածեց ավերակների: «Ավերիչ երկրաշարժից հետո շատ բան փոխվեց: Դրանից հետո սկսվեց նաեւ Միության փլուզումը: Կարելի է ասել, որ մեր տարածաշրջանն ամբողջությամբ կաթվածահար եղավ: Փակվեցին արտադրական բոլոր հզորությունները եւ մինչ օրս չեն գործում: Քանդվեցին քաղաքի վարչական տարածքները, փողոցները, ջրագծերը եւ մնացած կոմունիկացիաները,- հիշում է Սարգիս Ղարաքեշիշյանը:-1991-92 թթ. սեփականաշնորհումից հետո տարիների ընթացքում եղած գործարանները թալանվեցին: Մեր քաղաքում անփույթ վերաբերվեցին գործարանների նկատմամբ, եւ սեփականատերերը ամբողջությամբ այնպես են քանդել-թալանել, որ անգամ գործարանների տեղն էլ չի մնացել: Մի փոքր մաս կահույքի ֆաբրիկայից է մնացել, մնացածն ամբողջությամբ թալանվել է»:

Վագոնե տնակների վերածված քաղաքից այսօր գրեթե հետք չի մնացել: Թերեւս երկրորդային որոշ անբարեկարգ փողոցներ եւ մի քանի «դոմիկներ» ոչ կենտրոնական թաղամասերում: Վերականգնումն իրականացվել է տեղական եւ դրսի ջանքերով: Ասյտեղ կան ռումինացիների, իտալացիների, ամերիկացիների, ռուսների կառուցած թաղամասեր: 2004 թ. 208 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամով:

«Մինչ այդ, ճիշտ է, ոչ մեծ, փոքր ծրագրեր արվել են, շենք-շինություններ են կառուցվել: Եղել է 1800 բնակարանի կարիք, այսօր մնացել է 59 կարիքավոր: Առաջիկա 10 օրերի ընթացքում կառավարությունը բնակարանի գնման 11 վկայագիր կտրամադրի, 48 բնակարանի ծրագիր էլ այսօր պատրաստվում է: Մենք ունենք 3-4 հարկանի անավարտ շինություններ, դրանց վրա ավելացնելու ենք մեկ հարկ, տանիքը, դուռ-լուսամուտները դնենք ու հանձնենք ստեփանավանցիներին: Ֆինանսավորումը կլինի 2009-ի սկսզբին, որովհետեւ սա ներառված է մյուս տարվա ծրագրում, երկրորդ եռամսյակում մենք բնակարանները կհանձնենք, եւ կառավարությունն այլեւս այդ մասով պարտավորություն չի ունենա բնակչության առջեւ»,- հավաստիացնում է քաղաքապետը:

Քաղաքի զարգացման ուղղությունը տուրիզմն է, հանգստյան գոտիների ստեղծումն ու սպասարկման մակարդակի բարձրացումը: Քաղաքի առաջին` «Լոռի» հյուրանոցի վերականգնումից բացի ներդրումային նոր ծրագրեր են իրականացվել: Երկրաշարժից քանդված «Լալվար» տուրիստական հանգրվանի տեղում, սոճիների անտառի գրկում Տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվել է «Լոռի-բերդ» տուրհանգրվանը, որն իր դռները հանգստացողների համար բացեց այս տարվա հուլիսին: «Մի մասը հնուց պահպանված քոթեջներն են, մյուս մասը հիմքից նոր է կառուցվել: Ներկայումս ապահովում ենք 80 մահճակալ»,- ասում է տուրհանգրվանի տնօրեն Ռազմիկ Պապյանը: Նորաբաց «Լոռի-բերդ»-ը առանց գովազդի էլ հանգստացողների պակաս չի ունեցել:

«Մեր գովազդը առաջին 20 հանգստացողներն են եղել, որոնք հետո ուղարկեցին իրենց բարեկամներին ու ընկերներին,- գոհունակությամբ ասում է պրն Պապյանը եւ հայաստանցիներին կոչ անում Քոբուլեթ կամ Բաթում գնալու փոխարեն գալ Ստեփանավան. «Մեր բնությունն ավելի չքնաղ է: Սոճիների մեր պուրակը ոչ միայն հանգստի, այլեւ առողջության տեսանկյունից է գրավիչ»:

Ընթացիկ տարում, քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանի հավաստիացմամբ, եւս երկու ներդրումային ծրագիր կհաստատվի. «Մենք այսօր պայմանավորվածություններ ունենք 2-3 էպիզոդով, մասնավոր անհատներ կան, որ ցանկություն ունեն մեր տարածաշրջանում հանգստյան տներ եւ առողջարաններ կառուցելու»: «Արդյոք դա չեն անի՞ անտառների հաշվին, ինչպես Ծաղկաձորում» մեր մտահոգությունը քաղաքապետը չկիսեց: «Իհարկե, ոչ: Անտառների շնորհիվ է, որ գալիս են Ստեփանավան հանգստանալու: Ստեփանավանը Ծաղկաձոր չի: Մենք այսօր հզոր ենք մեր բնությամբ, ծառերով, հո անապատ չենք դարձնելու՞»:

Ներդրում անելու ցանկություն է հայտնել նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիան, որին քաղաքապետարանն արդեն տարածք է տրամադրել մարզաբազա կառուցելու համար:

Ստեփանավանը նաեւ ձմեռային հանգստի գոտի դարձնելու մտադրություններ կան: «Իհարկե, մենք այն մակարդակը չունենք, որ Ծաղկաձորի նման դահուկային սպորտի բազա կառուցենք, բայց, բոլոր դեպքերում, մեր տարածքը շատ ձնառատ է լինում, Հայաստանի շրջաններից ամենամեղմ ձմեռը մեզ մոտ է, շատ գեղեցիկ, ամառվանից էլ հաճելի: Տաք, արեւոտ եւ ձնառատ ձմեռ»,- ասում է Սարգիս Ղարաքեշիշյանը:

Քաղաքապետի համոզմամբ` տուրիզմի զարգացումը Ստեփանավանում 20 տոկոսով կկրճատի գործազկրությունը, որը ներկա դրությամբ 40-45 տոկոս է կազմում: Այստեղ էլ, Հայաստանի մյուս մարզերի նման, ապրուստի հիմնական միջոցներից մեկը սեզոնային արտագնա աշխատանքն է: Երթուղայինի վարորդ Լեւոնն ասում է, որ ստեփանավանցիներն ավելի շատ Թբիլիսիից են Ռուսաստան մեկնում (իհարկե, մինչեւ վերջին ռուս-վրացական ռազմական իրադարձությունները). օդակայանն ավելի մոտ է, ինքնաթիռի տոմսը` ավելի էժան: Չնայած քաղաքապետը վստահեցնում է, թե արտագաղթը «100 տոկոսով կանգնած է, որովհետեւ քաղաքում բազմաթիվ շինարարական աշխատանքներ են սկսվել պետական եւ մասնավոր սեկտորում», մեզ հանդիպած յուրաքանչյուր երկրորդ ստեփանավանցի կնոջ ամուսինը Ռուսաստանում էր եւ մոռացել էր թե կնոջը, թե երեխաներին:

«Այս պահին ինչ-որ առումով նաեւ աշխատուժի, մասնագետների պակաս կա քաղաքում: Ժամեժամ աշխատանքի վարձատրության գինը բարձրանում է, առաջ բանվորը աշխատում էր 1000 դրամ օրավարձով, այսօր` 3000: Հիմա Արմանիսի ոսկու հանքի տարածքում էլ շինարարական աշխատանքներ են սկսվել, եւ սեզոնային աշխատողները, հուսով եմ, շուտով կվերադառնան Ստեփանավան: Մենք նաեւ բազմաբնակարան շենքերի շինարարություն ենք սկսելու, դատարանի շենքն է կառուցվելու, Ազգային անվտանգության ծառայության շենքը, ուստի շինարարների կարիք շատ կա»,- ասում է պրն Ղարաքեշիշյանը:

Ստեփանավանում տուրիզմի զարգացմանը խոչընդոտող երկու կարեւոր խնդիր կա` խմելու ջուրը եւ պատմամշակութային հուշարձանների անբարեկարգ ու անխնամ վիճակը: Ջուրը գալիս է գրաֆիկով` 2 օրը մեկ անգամ: Եվ ստեփանավանցիները երկուր օրը մեկ երկու օրվա ջրի պաշար են հավաքում:

«Մենք այսօր մեր քաղաքի ջրով սպասարկում ենք Վանաձոր, Ալավերդի քաղաքներն ու տարբեր գյուղական համայնքներ, բայց մեզ մոտ ջրի խնդիր ունենք: Պատճառը մաշված ջրագծերն են` 50-60-ական թթ.-ի խողովակները: «Հայջրմուղի» հետ համատեղ ծրագիր ենք սկսել եւ տարբեր թաղամասերում մոտ 3 կմ երկարությամբ ջրագծեր ենք փոխում: Ջրի կորուստը մոտ 65 տոկոս է կազմում: Մինչեւ հոկտեմբեր կավարտվի ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում 35 տոկոս ջուր կտնտեսենք: Համակարգն ամբողջությամբ, սակայն, չի վերականգնվի, մոտավորապես քաղաքի 20 տոկոսը»,- ասում է քաղաքապետը:

Ստեփանավանը կիսող Ձորագետի չքնաղ կիրճի ձախ ափին 10-րդ դարում ստեղծվել է Տաշիր Ձորագետյան թագավորությունը, որի արքայական պալատների ողջ համալիրի փշրանքները կանգուն են մինչեւ օրս: Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա գտնվող այդ բնակավայրը ստացել է «Լոռե» բերդաքաղաք անվանումը: Ըստ պատմական ակունքների` «Լոռե» բերդաքաղաքում ապրել է հայոց մեծ արքա Աշոտ-Երկաթ Բագրատունին, եւ այդպես էլ բերդաքաղաքը ստեփանավանցիներն անվանում են Աշոտ-Երկաթ:

Ստեփանավան ժամանող յուրաքանչյուր հանգստացողի կամ զբոսաշրջիկի տեղաբնակները խորհուրդ են տալիս այցելել բերդաքաղաք, սակայն մուտքից իսկ այն լքված ավերակների տպավորություն է թողնում: Տարածքը մաքրված չէ մոլախոտերից, բերդաքաղաքի մասին պատմող միակ ցուցանակը կոտրված-ընկած է գետնին, իսկ արքունական պալատում եւ բաղնիքում թագավորում է աղբը: Անբարեկարգ է նաեւ պատմամշակութային այս հուշարձան տանող ճանապարհը: Ստեփանավանի քաղաքապետն ասում է, որ ինքը մեծ ցանկություն ունի շրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ եւ դեպի այդ հուշարձաններ տանող ճանապարհների բաերկարգմամբ զբաղվելու, սակայն իրավունք չունի:
«Դրանք մեր վարչական տարածքում չեն: Ես անցյալ տարի վարչապետին խնդրեցի համապատասխան հանձնարարական տալ, ասենք` այդ տարածաշրջանը ամրացնել քաղաքին, որպեսզի գոնե սպասարկումը եւ պահպանությունը իրականացնենք: Բերդաքաղաքը շատ վատ վիճակում է, խոտերի մեջ թաղված խաչքարեր կան, մինչեւ վերջերս մարդիկ անասուններ էին արածեցնում: Գոնե պահակ կնշանակեի, կհետեւեի տարածքի մաքրությանը: Բայց մենք այդ իրավունքը չունենք, այնտեղ քաղաքի բյուջեով որեւէ լումա ծախսելու իրավունք չունենք: Հուշարձանների պահպանության գործակալությունից եկան եւ ասացին, որ դա պատմամշակութային հուշարձան է, եւ հնարավորություն չկա այն քաղաքապետարանին տրամադրելու: Խոստացան 2009 թ. պետբյուջեով գումարներ նախատեսել այնտեղ բարեկարգման աշխատանքներ կատարելու համար»,-ասում է քաղաքապետը:

Ստեփանավանի երկրորդ հպարտությունը «Սոճուտ» բուսաբանական անտառ-արգելանոցն է կամ Դենդրոպարկը` հիմնադրված 1933 թ. լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից: 35 հա տարածք ընդգրկող այս անտառում աշխարհի տարբեր բուսականության գոտիներում աճած շուրջ 500 տեսակի ծառատեսակներ ու թփուտներ կան: Անդրկովկասի ենթալպյան գոտում այս այգին առաջինն է, որտեղ բնական անտառը վերաձեւավորվել է անտառային այգու, եւ ուր հայտնվող ցանկացած մարդ իրեն զգում է դրախտում: Զբոսաշրջության զարգացման համար սա անգնահատելի հարստություն է, բայց ցանկացած հուշարձան կամ արգելանոց առաջին հերթին մատչելի պիտի լինի ճանապարհների առումով:

«Սոճուտը» Գյուլագարակ համայնքի վարչական տարածքում է, եւ դեպի արգելանոց տանող ճանապարհի կառուցման համար պատասխանատու է Գյուլագարակի համայնքապետարանը: Սակայն տեղացիները համայնքապետարանի հետ հույս չեն կապում: Նրանք սպասում են հաջորդ տարվան, երբ Դենդրոպարկի հարեւանությամբ գտնվող «Սոճուտ» մանկական առողջարանի սեփականատեր, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը վերանորոգումից հետո առողջարանի բացման կապակցությամբ կբարեկարգի նաեւ առողջարան ու Դենդրոպարկ տանող ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter