
Վտարում են սեփական բնակարանից
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 41-ամյա Ռիտա Գալստյանին եւ նրա երեք անչափահաս երեխաներին վտարել Ռիտայի հայրական տնից:
Բնակարանը, որտեղից սեպտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, վտարելու են կնոջն ու երեխաներին, պայմանագրով 4 տարի դաշտային աշխատանքներ կատարելու համար 1960 թվականին ստացել են Ռիտայի մայրն ու հայրը: Այն գտնվում է Պռոշյան գյուղում:
Ռիտայի մոր մահից հետո հայրը` Պատվական Գալստյանը, նորից է ամուսնանում: Երկրորդ կինը` Սեդա Գրիգորյանը, եւ նոր ամուսնությունից ծնված երեխաները նույնպես հաշվառվում եւ բնակվում են այդ բնակարանում: (Այդ ժամանակ սեփականությունը չէր գրանցվում սեփականատիրոջ անունով, կատարվում էր միայն բնակիչների հաշվառում):
1992 թ. Ռիտան գողության համար դատապարտվում է 6 տարվա ազատազրկման: Գործող օրենսդրության համաձայն` դատապարտյալը դուրս է գրվում հաշվառումից, իսկ պատիժը կրելուց հետո կրկին հաշվառվում է նույն հասցեում: Այդպես էլ եղել է. 1992 թ. Ռիտան դուրս է գրվել հաշվառումից, իսկ 1998 թ.` կրկին հաշվառվել հայրական տանը:
Երբ Ռիտան գտնվում էր ազատազրկման վայրում, Սեդա Գրիգորյանն ամուսնու` Պատվական Գալստյանի մահից հետո` 1995 թ., սեփականաշնորհում է բնակարանն ու տան հողատարածքը եւ որպես սեփականատեր վկայականի մեջ նշում միայն իր եւ իր երկու երեխաների անունները:
Նոտարը, ով վավերացրել է սեփականաշնորհման գործարքը, հաշվի չի առել, որ բնակարանից ժամանակավորապես բացակայում է եւս մեկ անձ: Սեփականությունը գրանցելու համար նոտարին ներկայացվում է տեղեկանք համայնքից, որի մեջ պարտադիր նշվում են բնակարանում հաշվառված կամ ժամանակավորապես դուրս գրված անձինք: Ռիտային ոչ ոք չի տեղեկացրել իր հոր բնակարանի սեփականաշնորհման մասին:
Ազատազրկման վայրից վերադառնալուց հետո Ռիտան նորից հաշվառվում է այդ տանը եւ իր երեխաների հետ ապրում տան մի սենյակում: Մի քանի տարի այդպես ապրելուց հետո Սեդա Գրիգորյանը համարում է, որ մի սենյակը շատ է միայնակ մոր եւ երեք երեխաների համար եւ դիմում է դատարան` պահանջելով Ռիտային եւ նրա երեխաներին վտարել բնակարանից:
Օգոստոսի 19-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յ. Բաղդասարյանը որոշում է կայացնում Սեդա Գրիգորյանի հայցը բավարարելու մասին: Վճռի մեջ գրված է. «Ռիտա Գալստյանին եւ նրա երեք երեխաներին դուրս գրել հաշվառումից եւ վտարել բնակարանից»:
«Ես ուրիշ ապրելու տեղ չունեմ, երեք երեխաներիս հետ ապրում ենք մի սենյակում` առանց խոհանոցի, սանհանգույցի: Հիմա էլ ուզում են, որ փողոցում ապրենք»,- ասում է Ռիտան:
Ռիտան հակընդդեմ հայց էր ներկայացրել, սակայն չիմացության պատճառով սխալ եւ անհիմն պահանջ էր ձեւակերպել: Նա խնդրել էր իրեն «ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել»: Դատարանը մերժել էր հակընդդեմ հայցը, քանի որ բնակարանը սեփականաշնորհվել էր Ռիտայի հոր մահից հետո եւ, հետեւաբար, այն չի եղել նրա հոր սեփականությունը, որը որպես ժառանգություն կփոխանցվեր նրան:
«Քանի որ այդ կինը տաս տարի ապրել է այդ բնակարանում եւ ունի ապացույցներ, նա կարող է դիմել դատարան վաղեմության ուժով սեփականության ճանաչման իրավունքի պաշտպանության համար: Այդպիսի նախադեպ կա, որը կիարռվել է բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ, երբ մարդիկ ապրել են տաս տարուց ավելի եւ ճանաչվել են որպես սեփականատեր»,- ասում է Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Բակումյանը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում գրված է. «Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տաս տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)»:
Մոտ երկու շաբաթից Ռիտային իր երեխաների հետ կվտարեն բնակարանից: Այսօր նա չունի գումար փաստաբան վարձելու` դատարանում իր իրավունքները պաշտպանելու համար:
Մեկնաբանել