HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Վրաց-ռուսական պատերազմի սոցիոլոգիան

Սեպտեմբերի 10-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ -Հայաստանի մասնաճյուղը (CRRC-Armenia) ԵրիտԱԿ հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում Գյոթեի անվան համալսարանի (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) սոցիոլոգիայի եւ սոցիալական հոգեբանության պրոֆեսոր Թիլման Ալերտի հետ:

Վերջինս հանդես եկավ «Վրաց-ռուսական պատերազմի սոցիոլոգիան. ռացիոնալության եւ ինքնության խնդիրները» թեմայով դասախոսությամբ: 

Թեեւ պրոֆեսորն ի սկզբանե տեղեկացրեց, որ իր առջեւ խնդիր է դրել ներկայացնելու վրաց-ռուսական պատերազմի զուտ սոցիոլոգիական վերլուծությունը եւ չի շոշափելու դրա քաղաքական ասպեկտները, դրանից խուսափել չստացվեց, քանի որ դասախոսությանը ներկա գտնվողները խիստ հետաքրքրված էին պատերազմի քաղաքական վերլուծություններով: «Մարդիկ, քաղաքական գործիչները եւ մասնակիցները պիտի որոշեն, թե ով է մեղավոր, ոչ գիտնականները,- նշեց պրոֆեսորը եւ ավելացրեց, որ իր հիմնական խնդիրը պատերազմը դատապարտելն է: Իսկ ավելի կոնկրետ, բանախոսը որոշեց կենտրոնանալ պատերազմող կողմերի վարքագծի շարժառիթների վրա եւ պարզել, թե ի՞նչն է դրդել պատերազմ սկսելու որոշում կայացնել:

Ըստ Թ. Ալերտի` խորհրդային շրջանում ազգային ինքնությունն ի զորու եղավ ձեւավորել համերաշխություն, եւ ազգային ինքնագիտակցությունը գերակշռող էր: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան ակտիվացրեց ազգային տրամադրությունները, ինչն արդյունավետ էր անկախացման գործընթացի համար, սական, ինչպես կարծում է բանախոսը, անհեռանկարային է հիմա: Վրաց հասարակությունն այսօր ավելի շատ «համայնք» է, քան «հասարակություն», մարդիկ հետաքրքրված չեն հասարակական հարաբերություններով: «Այսօր վրաց հասարակության մեջ գերակշռում է այն համոզմունքը, որ փոփոխությունները պետք է լինեն դրսից, եւ ոչ թե ներսից: Դա ստիպում է փնտրել «ուժեղ եղբայրների»»,- նշում է Թ. Ալերտը:

Վրաց ղեկավարության քայլերը պրոֆեսորը որակում է «կամայական» եւ «ապստամբական» եւ նշում, որ դրանք իրականացվել են առանց պատասխանատվության գիտակցման: «Այսօր Վրաստանը, պատերազմում պարտված կողմ լինելով հանդերձ, իրեն ներկայացնում է որպես հերոս, որ հաջողությամբ պայքարել է Ռուսաստան կոչվող վիշապի դեմ»:

Վրացական ղեկավարության գործողությունները Թ. Ալերտը փորձում է բացատրել պատմական մի շարք գործոններով: Նախ` որոշակի դեր է խաղացել այն հանգամանքը, որ իշխանության գալուց անմիջապես հետո նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարողացավ վերահսկողություն հաստատել Աջարիայի հանդեպ, ինչը մեծացրեց երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու` հասարակության ակնկալիքները նոր նախագահից:

Սահակաշվիլու հաջորդ քայլը, որ առանձնացնում է Թ. Ալերտը, առաջին նախագահ Զ. Գամսախուրդիայի աճյունը Չեչնիայից Թբիլիսիի պանթեոն տեղափոխելն էր: Սահակաշվիլին սրբազան արարողություն կազմակերպեց` Գամսախուրդիային ներկայացնելով որպես ազգային հերոս, եւ դրանով ասես ինքն իր վրա պարտավորություն վերցրեց շարունակել Գամսախուրդիայի նախաձեռնությունները:

Երրորդ գործոնը, որով բանախոսը պայմանավորում է Սահակաշվիլու գործողությունները, այն ուժեղ համոզմունքն էր, որ նա իր թիկունքում ունի Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի աջակցությունը, որոնք «միայնակ չեն թողնի իրեն»:

Թ. Ալերտը հետաքրքիր համեմատություններ անցկացրեց Վրաստանի երեք նախագահների միջեւ: Այսպես` Զվիադ Գամսախուրդիան, ով «ակտիվացրեց էթնիկ համերաշխությունը» Վրաստանում «Վրաստանը վրացիների համար» կարգախոսով, ըստ պրոֆեսորի, «իսկական ինտելեկտուալ անձնավորություն էր, ով եկավ իշխանության հանկարծակիորեն եւ քաղաքականության հանդեպ ուներ գեղագիտական մոտեցումներ»:

Էդուարդ Շեւարդնաձեն, ով «միակ պրոֆեսիոնալ սոցիալականացված քաղաքական գործիչն էր», պետության մասին ազգային տեսանկյունից չէր մտածում: Դա Թ. Ալերտը պայմանավորում է նրանով, որ Շեւարդնաձեն Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարն էր, լուծում էր ավելի մեծ մասշտաբի, գլոբալ հարցեր եւ հանկարծ, դառնալով աղքատ պետության ղեկավար, «հարկադրված էր վրացի լինել»: Առաջին բանը, որ արեց Շեւարդնաձեն, մկրտվեց, սակայն, ինչպես Ալերտն է նշում, դա էլ չօգնեց:

Վրաստանի ներկայիս նախագահ Մ. Սահակաշվիլու թերությունն այն է, որ որպես մի մարդ, ով իրավաբանի կրթություն է ստացել արտասահմանում` ԱՄՆ-ում, նա Վրաստանի եւ նրա ապագայի վերաբերյալ ավելի տեսական պատկերացումներ ունի, քան գործնական:

Վերջում պրոֆեսորը նշեց, որ «ռազմական արկածախնդրությունը ղեկավարների համար լեգիտիմություն ստեղծելու լավագույն միջոցն է». Ռուսաստանը փոխհատուցեց իր ներքին խնդիրները արտաքին հաջողություններով, նույնը կարելի է ասել Սահակաշվիլու մասին: Ալերտը հիշեցրեց, որ մի գերմանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում Վրաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար երկիրը գրավիչ դարձնելու եւ նրանց վերադարձն ապահովելու համար, Սահակաշվիլին պատասխանել է, որ դա չէ ամենակարեւոր հարցը ներկայում:

«Սահակաշվիլին հաղթեց որպես զոհ, բայց ստիպված էր շատ մարդկանց կյանքի գնով փոխհատուցել»,- նշում է բանախոսը: «Մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ մենք զոհեր ենք»,- սա է համոզմունքը Վրաստանում: Տվյալ պայմաններում, ըստ Ալերտի, Եվրոպան ստիպված է կանգնել Վրաստանի թիկունքին եւ աջակցել, իսկ այդ աջակցությունը Վրաստանում շարունակվում է ընկալվել որպես «կախարդական ֆենոմեն», որ գալիս է դրսից:

Հ.Գ.
Թիլման Ալերտը Հայաստանում էր գերմանացի միսիոներ Հովհաննես Լեփսիուսի 150-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Նա կատակով նշեց, որ քանի որ եղել է Գառնիում, Գեղարդում, Մատենադարանում, հետեւաբար բավարար իրավունք ունի խոսելու Հայաստանի մասին: Նա ասաց, որ ուրախ է հատկապես այս ժամանակ լինել Հայաստանում, «ոչ այնքան ֆուտբոլային խաղի համար, որքան այն պատճառով, որ սառույցը կոտրվեց»: «Հուսով եմ` ժամանակը կգա, եւ թուրքական գրառումները կլինեն Ցեղասպանության թանգարանում` ոչ միայն թուրք մտավորականների, այլեւ հասարակ թուրքերի կողմից»: «Սա նոր Թուրքիան է, հին Թուրքիան չէ: Ես գիտեմ, որ նրանք գալիս են թանգարան եւ լալիս, երբ տեսնում են այդ ամենը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter