HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Երբ պղտոր ջրում ձուկ որսալն արդարացվում է

Հայկական դիվանագիտական ռեւերանսների հմայքը

Մոսկվայում ստորագրելով Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը պաշտպանող ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, անշուշտ, հույսը դրեց այն բանի վրա, որ փոքրիկ Հայաստանի ձայնը կխեղդվի Փոթիի եւ Բաթումիի մատույցներում Սեւ ծովի ջրերն ակոսող ամերիկյան ռազմանավերի ազդանշանների ներքո։

Այսինքն` ոչ ոք բանի տեղ չի դնի փաստը, որ այդ հայտարարության բովանդակությունն ուղղակիորեն հակասում էր նախօրեին ՀՀ արտգործնախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջեւ նախագահի ունեցած ելույթի բուն նպատակակետին, այն է՝ Հայաստանը չի կարող ճանաչել Աբխազիայի եւ Հր. Օսիայի անկախությունը։ Եվ այդպես էլ ոչ մի տրամաբանական բացատրություն չտրվեց, թե եթե Հայաստանը չի ճանաչում այդ ինքնահռչակ երկրների անկախությունը, որ հենց Ռուսաստանի շնորհն էր, ապա ինչպե՞ս կարող էր Երեւանը պաշտպանել Մոսկվայի կովկասյան ձեռնարկումները։


Երկակի ստանդարտների այս ակնհայտ դրսեւորումը, հայկական դիվանագիտության այս յուրօրինակ ռեւերանսներն, ըստ էության, բանի տեղ չդրեց նաեւ Վրաստանը. Թբիլիսին այդպես էլ որեւէ մակարդակով չարձագանքեց իր հարավային հարեւանի այս «աճպարարություններին»։ Եվ այդ հանգամանքը փաստեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների սառեցման միտումները որակական այլ հարթություն են տեղափոխվել։ Հենց այս հեռանկարն էր, թերեւս, հաշվի առել նախագահ Ս. Սարգսյանը, երբ, ի լուր Մոսկվայի եւ հատկապես Թբիլիսիի, դիվանագետների երեւանյան նույն հավաքի ժամանակ հարկ համարեց հատուկ շեշտել, որ արդեն հաջորդ տարի Հայաստանն Իրանից կարող է ճիշտ այնքան գազ ներկրել (մոտ 2.5-3 մլրդ խ/մ), որքան այսօր ստանում է Ռուսաստանից Վրաստանի տարածքով։ Այլ կերպ ասած՝ Երեւանն ի ցույց դրեց, որ այլեւս չի վախենում Վրաստանով ներկրվող գազի տարանցման սակագները բարձրացնելու` Թբիլիսիի շանտաժներից։

Իրան-Հայաստան գազամուղն, անշուշտ, էներգետիկ անկախության կարեւոր գործոն է, եւ դրա շինարարությունը Երեւանին մանեւրելու հիանալի հնարավորություններ ընձեռելու իմաստով ավարտին է մոտենում կարծես թե ճիշտ ժամանակին։ Սակայն երբ Սերժ Սարգսյանն անում էր այդ հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեռ չէր ահազանգել առաջիկա ժամանակահատվածում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու խիստ իրատեսական հնարավորության մասին։

Որքանո՞վ է, սակայն, իրատեսական նման զարգացումը։ Հր. Օսիայում Վրաստանի ծավալած օպերացիայի տապալումը եւ Ռուսաստանի անսպասելի չափազանց կոշտ քաղաքականությունը չեզոքացրին Կովկասյան լեռներից ներքեւ ընկած ողջ շրջանը Ռուսաստանի ազդեցությունից ազատելու եւ Վրաստանը Իրանին հարվածելու պլացդարմ դարձնելու` Վաշինգտոնի պլանները։ Խնդիրն այն է, որ հարավկովկասյան մյուս երկու երկրներն այս պլանի իրականացման առումով ԱՄՆ-ի համար աննպատակահարմար էին ի սկզբանե։ Հայաստանի առումով՝ որովհետեւ այն ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցության հարաբերություններ ուներ, անդամակցում է ՀԱՊԿ-ին, դեպի Իրան ելքը նրա համար կենսական նշանակություն ունի, եւ Երեւանը երբեք իր տարածքը չէր դարձնի իրանյան արշավանքի ճանապարհ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս ձեռքերը կապում է Իրանում բնակվող մոտավորապես 13 միլիոնանոց ադրբեջանական համայնքի անվտանգության հեռանկարը։ Ուստի մնում էր Վրաստանը, որի հաշվով եւ Վաշինգտոնը հուսախաբ եղավ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս, Կովկասյան անվտանգության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու իր նախաձեռնությամբ եւ այդ հարցում Մոսկվայի հետ կարծես թե սկզբունքային համաձայնությունների գալով, բացահայտ ցույց տվեց, որ փորձելու է ԱՄՆ-ի ազդեցությունից դուրս, ավելի անկախ, նախաձեռնող խաղացողի դեր ստանձնել տարածաշրջանում։ Բացի դրանից, Թուրքիան արդեն իրաքյան պատերազմում ԱՄՆ-ի համար կատարել էր իրեն վերապահված դերը, եւ Իրանի դեմ նոր արշավի ուղղակի մասնակիցը դառնալով` Անկարան մահմեդական աշխարհի հետ իր հարաբերությունները վերջնականապես փչացնելու ռիսկի կդիմեր։ Այսպիսով, իրանյան արշավանքի կովկասյան ճակատը կորցնելուց հետո տնտեսական ներքին լրջագույն պրոբլեմներ ունեցող ԱՄՆ-ի համար Իսրայելի գործոնը մնում է ամենանպատակահարմարը։

Պետք է հաշվի առնել նաեւ, որ ԱՄՆ-ն որոշակի ճգնաժամ է ապրում նաեւ արտաքին քաղաքականության այլ հարթություններում։ Մասնավորապես, այդպես էլ չի հաջողվում ավարտին հասցնել Աֆղանստանի «ազատագրման» օպերացիան, Իրաքում հասնել որոշակի կայունության։ Մյուս կողմից` հարավօսական հակամարտությունում Վրաստանին պաշտպանելու Վաշինգտոնի ցայտնոտային որոշումն այդ երկրում աստիճանաբար կորցնում է հասարակական օժանդակությունը Հր. Օսիայում Վրաստանի օկուպացիոն քայլերի մասին վկայող նոր, պաշտոնական մեկնաբանություններից կատարելապես տարբերվող փաստերի տարածման պատճառով։ Եվ Բուշի վարչակազմը, նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, սասանում է ոչ միայն իր, այլեւ ընդհանրապես հանրապետականների հեղինակությունը։ Նաեւ այդ հեղինակությունը վերականգնելու նպատակով է անհրաժեշտ բուն ԱՄՆ-ում հնարված «համաշխարհային չարիքի» դեմ, որի մաս է կազմում, անշուշտ Իրանը, նոր հաղթարշավ սկսելը։ Եվ այդ կրակից շագանակներ հանելու համար ամենահարմար թեկնածուն մնում է Իսրայելը։ Իսկ եթե Իսրայելն իսկապես նման արկածախնդրության դիմի, իրանյան գազի գնով ձեռք բերվելիք էներգետիկ անկախության հայկական «տեսիլքը» միրաժի նման կարող է ցնդել։

Ի՞նչ գին է վճարում Հայաստանը

Այսինքն՝ այսպես թե այնպես, Հայաստանն այսօր չի կարող առանց վախենալու հայացքը շրջել Վրաստանից։ Ահա թե ինչու է այսքան ուշացումով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում Թբիլիսի՝ փորձելու բացատրել Հայաստանի դիրքորոշման պատճառներն ու առանձնահատկությունները եւ վերադարձնելու կորսված վստահության նվազագույն մակարդակը։ Իսկ այս հարցում, որքան էլ տարօրինակ թվա, Աբխազիայի եւ Հր. Օսիայի չճանաչման որոշումը կարող է կարեւոր խաղաքարտ դառնալ Նալբանդյանի ձեռքում։

Իսկ դա այնքան էլ ցածր գին չէ, որ առաջարկում է Երեւանը։ Խնդիրն այն է, որ Աբխազիայի եւ Հր. Օսիայի անկախությունների չճանաչումը Երեւանին դնում է շատ խիստ սահմանափակումների մեջ եւ բանակցային գործընթացում սահմանափակում ռեւերանսների հնարավորությունները։ Չպաշտպանելով այդ տարածքների անկախությունը` Հայաստանն ակամա հանդես է գալիս տարածքային ամբողջականությունը պաշտպանողի կամ առնվազն այս սկզբունքին առաջնահերթություն տվողի կարգավիճակում։ Առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանի՝ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում Մինսկի խմբի համանախագահներից մեկի կողմից այդ երկու «երկրներին» ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված անկախություն շնորհելը կարող էր քարտ բլանշ տալ Երեւանին` Լեռնային Ղարաբաղի պահով եւս նույն կեցվածքը պահանջելու իր ռազմավարական դաշնակցից։ Իրականում, սակայն, նման որեւէ ցանկություն Մոսկվան չունի։ ՌԴ արտգործնախարար Լավրովը շատ պարզ հայտարարեց. Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ԼՂ-ի միջեւ որեւէ ընդհանուր բան չկա, քանի որ, ի տարբերությում առաջին երկուսի, ԼՂ-ում բանակցող կողմերից ոչ մեկը պատերազմական գործողություն չի սկսել։ Այսինքն` ստացվում է, որ Ռուսաստանի համար ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում միայն պատերազմական գործողությունների ժամանակ։ Սա առավել քան երկդիմի, անսկզբունքային մոտեցում է, չնայած բացարձակապես ոչ անսպասելի։ Իսկապես, միամտություն կլիներ կարծել, թե Ռուսաստանը կճանաչեր կամ կպաշտպաներ ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը եւ այդպիսով անուղղակի կերպով Կովկասում Ադրբեջանի դեմ երկրորդ ճակատը բացելու քայլին կդիմեր։ Դա, Կիեւի եւ Թբիլիսիի նման, Բաքվին եւս ՆԱՏՕ-ի գիրկը շպրտելու պոտենցիալ ռիսկ է պարունակում, որին գնալու դեպքում Ռուսաստանն իսկապես կարող է վերջնականապես կորցնել Կովկասը։ Այլ կերպ ասած՝ ՌԴ-ի համար Աբխազիայի եւ Հր. Օսիայի անկախությունների ճանաչումը ոչ թե հակամարտությունների կարգավորման սկզբունքային դիրքորոշման արտահայտություն էր, այլ պարզապես իր այսրոպեական շահերն ու հետաքրքրությունները պաշտպանելու պարզ ձգտում։ Հակառակ դեպքում նա Աբխազիայի եւ Հր. Օսիայի անկախությունները ճանաչելուց հետո անմիջապես պետք է ճանաչեր նաեւ Կոսովոյի անկախությունը, ինչը, սակայն, տեղի չունեցավ եւ հավանաբար տեսանելի հեռանկարում չի էլ ունենա։

Նախաձեռնողականության երեք մակարդակներ

Այսպիսով, Մոսկվան պարզ կերպով հասկացրեց Երեւանին, որ իր վրա հույս չդնեն։ Ի՞նչ է մնում այս իրադրության մեջ անել Հայաստանին։ Ըստ էության, վերջինիս ուղղակի այլ բան չի մնում, քան օգտվել տարածաշրջանային խառնաշփոթից եւ, նախաձեռնողական քաղաքականություն վարելով, փորձել իր շահերը պաշտպանել երեք հիմնական ուղղություններով։

1. Պահը պետք է օգտագործել եւ, ցույց տալով վրաց-օսական օրինակը, միջազգային հանրության մոտ հասունացնել այն գաղափարը, որ ԼՂ հակամարտությունը չպետք է ունենա ռազմական լուծում եւ, նոր աշխարհաքաղաքական իրադրության գործոնի խաղարկմամբ, պատրաստակամություն հայտնել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի հետ ստորագրելու հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու մասին պայմանագիր։ Դա խիստ աննպատակահարմար վիճակում կդնի Ադրբեջանին, եւ վերջինիս ցանկացած որոշման դեպքում հայկական կողմը շահող դուրս կգա։ Մյուս կողմից` Հր. Օսիայի վրա հարձակվելու Վրաստանի քայլը, ՌԴ կողմից Աբխազիայի եւ Հր. Օսիայի անկախությունների միակողմանի ճանաչման ակտը եւ վրացական տարածքներ ռուսական զորքերի ներխուժումը, ինչպես նաեւ Կոսովոյի օրինակը հասունացնում են միաջզգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող հանրաքվեների միջոցով հակամարտությունների կարգավորման տարբերակը ամենահեռանկարայինը եւ արդյունավետը համարելու գաղափարը։ Հայաստանը պետք է թեկուզ բանակցությունների սեղանին առկա դետալներից այդ մեկն առանձնացնելու եւ հատուկ ուշադրության առարկա դարձնելու միջոցով դիվանագիտական, քարոզչական բոլոր խողովակներով պաշտպանի այս գաղափարը։ Եվ չպետք է վախենալ, որ այդ դեպքում Հայաստանն անուղղակիորեն կասկածի տակ է դնում 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները։ Այն ներկայումս ծառայում է որպես հայկական կողմի դիրքորոշման իրավական հիմքերը պաշտպանող կարեւորագույն գործոն, սակայն զուտ քաղաքական առումով բանակցային գործընթացում որեւէ նշանակություն չունի, քանի որ այն չի ճանաչվում ոչ ՄԱԿ-ի, եւ ոչ էլ որեւէ այլ միջազգային կառույցի կողմից։ Անհրաժեշտ է այս հարցում ձերբազատվել կարծրատիպերից եւ ավելի ճկուն լինել։ Իսկ դրա համար ավելի նպաստավոր ժամանակահատված դժվար թե լինի, քանի որ վրաց-օսական հակամարտությունը Ադրբեջանի համար ակնհայտ դարձրեց, որ ԼՂ խնդրի ռազմական լուծման եւ ռազմական բյուջեն մեծացնելու մասին մտածելը ոչ մի հեռանկար չունի։ Եվ չպետք է չօգտվել այս առումով Բաքվում տիրող շփոթությունից։

2. Բախտի քմահաճույքով Հայաստանը հենց այս դրամատիկ իրադարձությունների ընթացքում է ստանձնում ՀԱՊԿ նախագահությունը։ Այդ հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել` մեծացնելու կազմակերպության հատկապես քաղաքական բաղադրիչը։ Մոսկվան ՀԱՊԿ-ում ունեցած իր քաղաքական կշիռն օգտագործելու միջոցով հասավ նրան, որ անդամ երկրների նախագահները համաձայնեցված մոտեցում ցուցաբերեցին Կովկասում իր վարած քաղաքականության նկատմամբ։ Հայաստանը կարող է ոչ միայն պահանջել, որպեսզի ՀԱՊԿ անդամ երկրները անխտիր բոլոր հարցերի վերաբերյալ համաձայնեցված մոտեցում ցուցաբերեն, այլեւ նախագահության ողջ ժամանակահատվածը ծառայեցնի այդպիսի մեխանիզմներ ստեղծելու նպատակին։ Հակառակ դեպքում այդ կազմակերպությունը կարող է վերածվել բացառապես Մոսկվայի շահերը սպասարկող ակումբի։ Հարկավոր է օգտվել այն իրողությունից, որ Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է Ռուսաստանի համար, որ քիչ թե շատ պաշտպանում է վերջինիս բոլոր քայլերը, եւ Մոսկվան այս փուլում չի ցանկանա փչացնել հարաբերությունները հարավկովկասյան իր «ֆորպոստի» հետ։ Այսինքն` նաեւ Մոսկվայից պահանջել, որպեսզի իր ազդեցությունն օգտագործի ՀԱՊԿ-ում խաղի ընդհանուր կանոններ սահմանելու նպատակով, որպեսզի, օրինակ, կազմակերպության անդամներից ոչ ոք իրեն իրավունք չվերապահի մյուս անդամների անմիջական շահերին, հետաքրքրություններին հակասող գորոծղություններ ծավալել։ Իսկ դրա ականատեսը եղել ենք արդեն մի քանի անգամ։

3. Պետք է միանշանակ աջակցել Կովկասյան անվտանգության եւ կայունության պլատֆորմի ձեւավորման նախաձեռնությանը։ Ավելին` առանձին հարցերում նաեւ նախաձեռնողականություն ցուցաբերել։ Պարզ է, որ այդ համակարգի ստեղծմամբ Թուրքիան փորձում է Ռուսաստանի հետ տարածաշրջանում ազդեցությունը բաժանելու քայլ ձեռնարկել եւ որոշակի հեգեմոն դիրք ձեռք բերել։ Սակայն, նա չի կարող հասնել դրան՝ առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման։ Դիտորդի կարգավիճակով այդ պլատֆորմի ստեղծմանն աջակցելը Թուրքիային այդ ենթակառուցվածքը ստեղծելու լիարժեք հնարավորություն կտա, ինչի արդյունքում, լինելով համակարգի մասը, Հայաստանը կվերածվի միայն համակերպվող, կատարող երկրի։ Անհրաժեշտ է նման հնարավորությունից զրկել Թուրքիային՝ կրկին հենվելով ռուսական գործոնի վրա։

Եթե Թուրքիան եւ Ռուսաստանն իսկապես տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու հարցում շահագրգիռ են, ապա ուղղակի չեն կարող շրջանցել Հայաստանի հետաքրքրություններն ու շահերը, քանի որ, առանց Հայաստանի, այդ պլատֆորմը ոչինչ չարժե։ Եվ դա չեն կարող հաշվի չառնել առաջին հերթին հենց Ռուսաստանում` երկու կարեւոր պատճառով։ Նախ՝ այդ պլատֆորմի մաս կազմող մյուս բոլոր երկրները կա՛մ ՆԱՏՕ-ի անդամ են՝ ի դեմս Թուրքիայի, կա՛մ բացահայտ ու քողարկված եղանակով ձգտում են դաշինքին անդամակցության։ Եվ Հայաստանը կրկին կարեւոր դեր է ստանձնում Ռուսաստանի համար, որովհետեւ ՆԱՏՕ-ին որոշակիորեն հակակշռելու ձգտում ունեցող հակադիր ռազմաստրատեգիական բլոկի՝ ՀԱՊԿ-ի անդամ է, որի ներգրավումը այդ պլատֆորմում Մոսկվայի համար կենսական նշանակության հարց է դառնում։ Երկրորդ՝ եթե Հայաստանը չի մտնում այդ համակարգի մեջ, ապա Մոսկվան կորցնում է Իրանին ուղղակիորեն կապող ամենանպաստավոր խողովակներից մեկը։ Եվ բոլորովին զարմանալի չի լինի, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ռուսաստանը, իբրեւ այդ պլատֆորմի ստեղծման նախապայման, պնդեն նաեւ դրան Իրանի մասնակցության հանգամանքը, քանի որ միայն Իրանի ներգրավմամբ տարածաշրջանում իսկապես ուժերի հավասարակշռում տեղի կունենա։

Բոլոր դեպքերում, Հայաստանի համար սկզբունքային երկու խնդիր կա, որոնք պետք է հանդիսանան պլատֆորմի մաս դառնալու հստակ նախապայման, եւ հատկապես դրանք պետք է լինեն այն շարժիչ ուժերը, որոնք այդ համակարգին մասնակցությունը Հայաստանի համար դարձնում են նպատակահարմար, նույնիսկ անհրաժեշտ։

ա. Հայաստանն անվերապահորեն պետք է մաս կազմի տարածաշրջանային անխտիր բոլոր առկա եւ պլանավորվող էներգետիկ, կոմունիկացիոն, տնտեսական նախագծերին թե՛ արեւելք-արեւմուտք, թե՛ հյուսիս-հարավ շառավիղներով։ Միայն նման պլատֆորմի համատեքստում կարելի է պատկերացնել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան համագործակցության որեւէ հնարավորություն, եւ Հայաստանը չպետք է ձեռքից բաց թողնի այդ հնարավորությունը։

բ. Կովկասում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միմիայն բանակցությունների միջոցով, եւ բոլոր երկրների միջեւ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Վերջին գործոնը չի նշանակում, թե Հայաստանը սկսում է «քիրվայություն» անել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, մանավանդ առկա հակամարտությունները, տարաձայնությունները հաշվի առնելով։ Սակայն դիվանագիտական հարաբերություններ չլինելու հանգամանքն ինքնին գրեթե պատերազմական կամ նախապատերազմական դրություն է հիշեցնում, իսկ նման հարաբերությունների պայմաններում ոչ մի խոսք չի կարող, բնականաբար, լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության մասին։

Առաջին հայացքից, գուցե, այս պահանջ-նախաձեռնությունները կարող են մաքսիմալիստական, ինչ-որ տեղ ուտոպիստական թվալ իրականացման իմաստով՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ հատկապես Ադրբեջանի կանխատեսելի հակադրումը։ Սակայն այս նպատակների սահմանումը եւ հետամտումը ակտիվ դիվանագիտություն որդեգրելու լայն դաշտ է ստեղծում։ Պետք է նկատի առնել, որ պղտոր ջրում ձուկ որսալն ազգային շահերի պաշտպանության իմաստով ցանկացած դեպքում արդարացվում է։
Պետք է միայն փորձել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter