HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

«Մենք իրականացնում ենք Հրանտ Դինքի ուխտը»

Անցյալ շաբաթ երկօրյա այցով Հայաստան էին ժամանել Ստամբուլի «Սայաթ-Նովա» հայկական երգչախմբի եւ թուրքական «Քարտեշ Թյուրքուլեր» համույթի ներկայացուցիչներԳայանե Չալըքյան-Գավրիլովը եւ Իւլքեր Ունճոն:

Նրանք նախապատրաստում են դեկտեմբերին Երեւանում Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում եւ Վանաձորում կայանալիք իրենց համատեղ համերգը: «Հետքի» զրույցը նրանց հետ հայկական եւ թուրքական երգչախմբերի աննախադեպ այս համերգի, Գյուլի այցի եւ առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների մասին է: 


Հայ հանդիսատեսը գրեթե ծանոթ չէ Ձեր գործունեությանը: Ներկայացրեք, խնդրեմ, երկու համույթները:

Գայանե Չալըքյան-Գավրիլով  - «Սայաթ-Նովա» եւ «Քարտեշ Թյուրքուլեր» խմբերը Ստամբուլում արդեն 15 տարի միասին գործակցում են բեմի վրա: «Սայաթ-Նովան» 36 տարվա երգչախումբ է, աշխատում է հայկական ժողովրդական երգերի, մշակումների վրա: Առաջին անգամ 1996 թ. Հովհաննես Բադալյանին մենք հրավիրեցինք Ստամբուլ եւ նրա մասնակցությամբ նշեցինք Խաչատուր Ավետիսյանի 70-ամյակը: Նա հիվանդ էր, չէր կարող գալ, իր տղան` Միքայել Ավետիսյանը եկավ: Նույնիսկ այդ համերգներին «Քարտեշ Թյուրքուլեր»-ի երգչուհիներից մեկը` Ֆերիալը, մեզ հետ երգեց: Բադալյանի հետ նա զուգերգ կատարեց, Ավետիսյանի երգերից մեկը հայերեն մեկնաբանեց:

«Քարտեշ Թյուրքուլերը» 15 տարվա խումբ է: 15 տար առաջ Պօղազիչի համալսարանի ուսանողները միացել են եւ մի ծրագրով՝ «Քարտեշ Թյուրքուլեր», որ թարգմանաբար նշանակում է «Եղբայր երգեր», հանդես եկել: Խումբը կոչվել է հենց այս ծրագրի անունով: Քանի որ Անատոլիայում ապրում են բազմաթիվ փոքրամասնություններ՝ հույներ, հայեր, մակեդոնացիներ, գնչուներ, քրդեր, իրենք որոշեցին այդ բոլոր ազգերի երգերը երգել: Այդ երգերը մեծ ընդունելություն գտան, Թուրքիայի քաղաքականության վրա իրենց գործունեությունը նույնպես մեծ ազդեցություն գործեց: Հիմա «Քարտեշ Թյուրքուլերը» մեծ հռչակ է վայելում թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրոպայում: Իսկ մեր բարեկամությունը սկսվեց այն ժամանակ, երբ հայկական երգեր փնտրելիս աջակցության խնդրանքով մեզ դիմեցին: Մենք մեր իմացածն իրենց տվեցինք, ու հետո այնպիսի վիճակ ստեղծվեց, որ մենք էինք արդեն իրենց դիմում հայկական երգեր վերցնելու խնդրանքով: Երեք տարի առաջ առաջին անգամ միասնական ծրագիր մշակեցինք ու հանդես եկանք միասնաբար: Հայկական երգերն իրենց մեկնաբանությամբ երբեմն ավելի են սիրվում: Այդ ծրագիրը կոչվեց «Աշուղ է եկել մեր մայլեն», եւ երգեցինք աշուղական երգեր: Ինչու՞: Որովհետեւ տեսանք, որ անատոլիական հողերի վրա հայ, թուրք, քուրդ, ասորի աշուղներ են եղել, եւ այդ մարդիկ բոլորը նույն զգացողությունները, դարդերն են ունեցել, երգել են նույն ուրախությունների, հոգսերի մասին, նույն սիրո երգերն են երգել: Եթե թարգմանեինք, նույն բաներն էին ստացվում: Դրա համար էլ աշուղական երգեր երգեցինք: Հինգ հազարանոց բացօթյա դահլիճում շատ լավ համերգ տվեցինք: Մինչ այդ մենք միշտ խորհում էինք միասին գալ Հայաստան եւ համերգ տալ, բայց երազի նման, սեղանի շուրջ խոսում էինք ու անցնում: Այդ համերգին ներկա էր Հրանտ Դինքը եւ «Ագոսում» գրեց, որ կուզենար այս համերգը նույնությամբ Հայաստանում կայանար: Ինքը գնաց, հիմա մենք ուզում ենք իրականություն դարձնել իր ցանկությունը: Գոնե իր մեկ ուխտը կատարենք: Այժմ աշխատանքներ ենք տանում Երեւանում դեկտեմբերին այս համերգը կազմակերպելու ուղղությամբ: Կուզենք ցույց տալ, որ թշնամությունը լավ բան չէ, եւ եղբայրությամբ հարցերը շատ ավելի շուտ կլուծվեն:

Ինչպե՞ս առաջին անգամ Թուրքիայի հանդիսատեսն ընդունեց ձեր համատեղ համերգը:

Իւլքեր Ունճո
- Նախ եւ առաջ՝ համերգը շատ հավանեցին: Երկրորդ՝ աշուղական երգն ընտրելը շատ ճիշտ մտահղացում էր, որովհետեւ էթնիկական հիմք ունեցող արվեստը շատ ավելի դյուրին է ընկալվում: Մամուլում շատ դրական արձագանքներ եղան:

Առաջին անգամ, երբ նման նախաձեռնությամբ հանդես եկաք՝ փոքրամասնությունների արվեստը ներկայացնել, արդյո՞ք չէիք վախենում, որ Թուրքիայում, հատկապես ազգայնական ծայրահեղ տրամադրությունների առկայության պայմաններում, Ձեր գործունեությունը հավանության չի արժանանա հասարակության շրջանում:

Իւլքեր Ունճո
- Արդեն համալսարանում, երբ սկսեցինք, չգիտեինք, թե ինչ արձագանքներ կլինեն: Ավելի շատ համալսարանի վարչական ղեկավարությունից էինք բացասական արձագանքներ սպասում, բայց ոչինչ չեղավ: Որովհետեւ համալսարանում ավելի լիբերալ, լայնախոհ մտածողություն ունեն եւ ուսանողների նմանատիպ ձեռնարկներին հավանություն են տալիս: Համալսարանից դուրս մեր առաջին համերգը հայկական Մխիթարյան միաբանության մեջ կազմակերպվեց: Այն ստացավ հայ համայնքի աջակցությունը: Վերջին համերգներն ընդհանրապես Թուրքիայի ընդդիմադիրրջանակների կազմակերպած համերգներն են: Իսկ դրանցից հետո սկսեցին թողարկվել նաեւ մեր ձայնասկավառակները, որոնց շնորհիվ խմբի ժողովրդականությունը աճեց: Բայց անգամ այս պայմաններում կան քաղաքներ, որտեղ համերգներ չենք կարողանում տալ: Քանի որ մենք շատ անկախ խումբ ենք, չկարողացան մեզ որեւէ բանում մեղադրել: Ամենակարեւորը, որ մեր խոսքը միշտ խաղաղության մասին է:

Որո՞նք են այդ քաղաքները, ուր չեք կարողանում գնալ համերգների:

Իւլքեր Ունճո - Շատ կուզենք, բայց չենք կարողանում գնալ Մերսին եւ Տրապիզոն քաղաքները: Այստեղ պարզապես տեղական վարչակազմը կամ կուսակալը համաձայնություն չի տալիս: Միջադեպերից խուսափելու համար չենք գնում:

Մեզ համար ամենացավալին այն է, որ երկու տեսահոլովակ ունենք, առաջինը՝ քրդերեն-թրքերեն, մյուսը՝ միայն քրդերեն, եւ քրդերենը շատ հեռուստակայաններ եթեր չտվեցին ինքնագրաքննության պատճառով:

Բայց Ձեզ հրավիրու՞մ են հեռուստաեթերի:

Իւլքեր Ունճո - Վերջին տարիներին, հատկապես մեր տված մեծ համերգները եթեր են հեռարձակվում: Մասնավորաբար մեր տասնհինգամյակի առնչությամբ հարցազրույցների կանչեցին տարբեր կայաններով: Մի երգչուհի կա նշանավոր, պետական հեռուստաընկերությամբ հաղորդում ունի, մեզ կանչել էր իր մոտ հյուր, եւ իր հաղորդման ժամանակ առաջին անգամ պետական հեռուստատեսությամբ հայկական եւ քրդական երգեր հնչեցին:

Մտավախություն ունե՞ք հայ հանդիսատեսի վերաբերմունքի առնչությամբ:

Իւլքեր Ունճո - Մտավախություն բացարձակ չունեմ: Թուրքական եւ քրդական երգերը եթե հայերը լսեն, կտեսնեն, որ շատ օտար չեն իրենց: Իմ ծնողները, օրինակ, գաղափար չունեն հայկական մշակույթի մասին, բայց երբ առաջին անգամ հայկական համերգի ներկա եղան, այդ երգերը իրենց շատ հարազատ թվացին: Կարծում եմ, որ նույն զգացողությունը Հայաստանում պիտի լինի:

Հավատու՞մ եք, որ երգի միջոցով ժողովուրդների հարաբերությունները կարող են հարթվել:

Իւլքեր Ունճո - Շատ եմ հավատում, միայն դա չէ, իհարկե, ճանապարհը, բայց քանի որ երգը սրտին ավելի մոտ ճանապարհ է, կարծում եմ՝ քաղաքականությունից ավելի հաջող պիտի լինի:

Մտադի՞ր եք Աբդուլլա Գյուլին եւ Սերժ Սարգսյանին հրավիրել ձեր համերգը դիտելու:

Գայանե Չալըքյան-Գավրիլով - Մենք ունենք նման մտադրություն, բայց դա նաեւ կազմակերպիչներից է կախված՝ «Եվրասիա» հիմնադրամից: Թեեւ մենք ինքներս անընդհատ միջոցներ էինք փնտրում այս համերգը Հայաստանում կազմակերպելու, բայց այս անգամ նախաձեռնությունը Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Փենինգտոնի կնոջը՝ Ամբերինին է պատկանում (դեսպանի կին Ամբերին Զամանն ազգությամբ թուրք է- Լ. Ս.): Համերգի կայացմանն աջակցում է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Իւլքեր, ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանից:

Իւլքեր Ունճո - Երկու օրը քիչ ժամանակ է կարծիք կազմելու համար, բայց կուզենայի ասել, որ Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է: Տպավորիչ է մարդկանց ընկերային, կոլեկտիվ կյանքը, որը շատ ակնհայտ է բակերում, փողոցներում: Իմ եկած պահից ասում եմ, որ այստեղ արտաքինից չի երեւում՝ ով է հայ, ով է թուրք, շատ նման ենք իրար: Երեւանում շատ ուշագրավ է արձանների միջոցով մարդկանց իրենց արվեստը եւ պատմությունը տեւականորեն հիշեցնելու ձգտումը:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ դուք Թուրքիայում էիք: Ի՞նչ տրամադրություններ կային Թուրքիայում, եւ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Գյուլի այցին Հայաստան:


Իւլքեր Ունճո - Մենք ցանկանում էինք, որ Գյուլը գա Հայաստան: Սա դիվանագիտական քայլերից ավելի արագ մի քայլ էր, որը պետք է գնահատել: Մենք ավելի շատ հետաքրքրված էինք, թե այստեղի ժողովուրդն ինչպե՞ս կընդունի: Հայաստան ժամանած մեր թուրք ծանոթների հետ անընդհատ հեռախոսային կապ էինք հաստատում՝ իմանալու, թե ժողովուրդն ինչպես է իրենց դիմավորել եւ ընդունել: Շատ փոքր, բայց կարեւոր քայլ էր:

Իսկ Թուրքիայի հայությունն ի՞նչ ակնկալիքներ ուներ Գյուլ-Սարգսյան հանդիպումից:

Գայանե Չալըքյան-Գավրիլով - Թուրքիայի հայությունը միասնական տեսակետ չունի, եւ դժվար է միանշանակ բան ասել: Ես էլ այդ քայլը գնահատողներից եմ, բայց պետք է առաջին հերթին Սերժ Սարգսյանի քայլը գնահատել: Այս ժողովուրդներն իրար հետ պետք է հաշտություն կնքեն, անշուշտ՝ առանց ոչ մի բան մոռանալու ... Բայց ամենածանր հարցերն անգամ եղբորդ հետ ավելի հեշտ կլուծես, քան թշնամու:

Ի՞նչ կոչ կուզենայիք անել այն հանդիսատեսին, ով դեկտեմբերին գալու է Ձեզ լսելու:

Իւլքեր Ունճո - Ամենակարեոր բանը՝ թող մեր ասելիքը հասկացվի ժողովրդի կողմից: Մեր անելիքը համերգ տալն ու վերադառնալ, հանգիստ քնելը չէ: Այս համերգային ծրագիրը «Սայաթ-Նովա» եւ «Քարտեշ Թյուրքուլեր» խմբերի տարիների ընկերության արդյունքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter