HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անհոգ» Սեւանը հոգս է դարձել իշխանությունների համար

Ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալների ավելացումը կամ պակասեցումը միանշանակորեն պայմանավորված է ոռոգվող տարածքների մակերեսով: Հասկանալու համար, թե որքա՞ն ջուր էր անհրաժեշտ վերցնել Սեւանից, պետք է կատարել գոնե մոտավոր հաշվարկ, թե քանի հա հողատարածք պետք է ոռոգվի տվյալ փուլում` օգոստոսի 20-ից մինչեւ առավելագույնը հոկտեմբերի առաջին տասնօրյակը:

Եվ շատ կարեւոր է, թե հատկապես որ տարածաշրջաններում պետք է այդ ջրերով ոռոգում իրականացվի: Հարցն այն է, որ Սեւանից վերցվող ջրի մասին խոսելիս ավելի հաճախ շեշտվում է Արարատյան դաշտավայրը: Մինչդեռ մասնագետների բացատրությամբ արդեն բավական ժամանակ է, որ Սեւանի ջուրն Արարատյան դաշտ գրեթե չի հասնում:

Թեեւ Աժ արտահերթ նիստում խոսվում էր Արարատյան դաշտավայրը ոռոգելու մասին, մասնագետների ներկայացմամբ` վերջին տարիներին Սեւանից վերցված ջրի աննշան քանակն է օգտագործվում այդ տարածքի հողերի ոռոգման համար: Սեւանի ջուրը լավագույն դեպքում հասնում է Արարատյան դաշտավայրի Ջրաշեն գյուղ, որը գրեթե Երեւանի հարեւանությամբ է:

Մինչդեռ, նախկինում Սեւանից վերցված ջուրը հասնում էր մինչեւ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանի Գոռավան գյուղ: Ինչ վերաբերում է Արմավիրի մարզին, Սեւանի ջրերով այդ տարածաշրջանի ոռոգման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Այդ տարածքները ոռոգվում են հիմնականում Արաքս գետի եւ Ախուրյանի ջրամբարի ջրերով: 

Մասնագետների ներկայացմամբ` Սեւանի ջրերով ոռոգվում են հիմնականում Աբովյանի, Սեւանի, Հրազդանի, Թալինի, Կոտայքի, Նաիրիի հողերը եւ Աշտարակի ներքին հատվածները: Ընդհանուր առմամբ, այդ ջրերով ապահովվում է 40-50 հազար հա հողատարածքների ցանքատարածությունների եւ բազմամյա տնկարկների ոռոգումը:

Թե այդ տարածքների ո՞ր մասն է մշակվում ընդհանրապես, ո՞ր մասում է տարվա այս ժամանակահատվածում մշակություն իրականացվում մասնավորապես, եւ ո՞ր մասի համար կնքված պայմանագրեր կան, շատ դժվար է հստակեցնել այն պարզ պատճառով, որ Հայաստանում հողերի մշակման լուրջ հաշվառում, առավել եւս մոնիտորինգ չի կատարվել եւ չի կատարվում: Այնպես որ, այսօր հանրապետությունում հողերի մշակության նույնիսկ մոտավոր պատկերը չունեն:

Փաստենք, որ այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ լճից արդեն իսկ բաց է թողնվել վերջին 15-20 տարիների համեմատությամբ ջրի ամենամեծ քանակը: Ավելին, Աժ-ն թույլ տվեց Սեւանից վերցնել մինչեւ 370 մլն խմ ջուր: Սա զարմանալի է այն առումով, որ նույնիսկ եթե ընդունեինք, որ Սեւանի ջրերը տեղափոխվելու են Արարատյան դաշտ եւ ոռոգելու են վերջինիս տարածքները, ամենակոպիտ հաշվարկներով, անգամ անհրաժեշտ նորմատիվներից ավել ոռոգման դեպքում, կառավարության ներկայացրած ջրի պահանջը 40-50 մլն խմ-ով ավելի էր անհրաժեշտից: Ընդ որում, խոսքը ոչ թե պայմանագիր կնքած տարածքների մասին է, այլ փաստացի ունեցած տարածքների, որոնց մի զգալի մասը չի էլ մշակվում:

Անդրադառնանք Աբովյան, Սեւան, Հրազդան տարածքներին, թերեւս որոնց ոռոգման համար էլ Սեւանից վերցվելիք ջրի լրացուցիչ պահանջ էր ներկայացվել ԱԺ-ին: Այդ տարածքներում գործող Ջրօգտագործողների ընկերություններն ընդգրկում են ընդհանուր առմամբ 31-32 հազար հա:

Թե այդ հեկտարներից որքանի՞ համար է պայմանագիր կնքված, դժվար է ասել, բայց մի բան հստակ է. առավելապես նախալեռնային գոտու այդ տարածքները, որոնց ոռոգման համար վերցվում է Սեւանի ջուրը, ընդհանուր առմամբ ավելի փոքր մակերես ունեն, քան Արարատի մարզի ոռոգվող մակերեսներն են: Երկրորդ` եթե Արարատի մարզի ոռոգովի տարածքների դեպքում, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները ՀՀ ոռոգելի տարածքների համար» ձեռնարկի հաշվարկների, ավել էր ստացվում 40-50 մլն խմ, ապա Աբովյանի, Հրազդանի եւ Սեւանից ջուր ստացող մնացյալ բոլոր հատվածների համար, ամենապարզ հաշվարկներով, կառավարությունը բազմապատիկ անգամ ավել ջրի հայտ է ներկայացրել:

Մասնագետների գնահատականներով` այս հատվածներում ոռոգման հարցերը կարելի էր ընդամենը 3-4 տասնյակ մլն խմ ջրով լուծել: Հարցն այն է, որ այդ տարածքներն ընկնում են հիմնականում ոռոգման 11-13 ռեժիմների տակ, որոնցում, որպես կանոն, աշնանը գյուղատնտեսական մշակաբույսերի առավելագույնը մեկ ջրում է նախատեսվում: Ավելին, այդ տարածքներում պտղատու այգիների, կարտոֆիլի, բանջարբոստանային մշակաբույսերի համար վերջին ջրումը նախատեսվում է օգոստոսի 30-ին կամ սեպտեմբերի 1-ին:

Միակ մշակաբույսը, թերեւս, կաղամբն է, որի համար այդ ժամկետից հետո եւս մեկ ջրում է նախատեսվում: Սա հիմնականում վերաբերում է նաեւ Աշտարակի, Թալինի ենթաշրջաններին, որտեղ չնչին տարբերություններով ջրման գրեթե նույն ռեժիմներն են նախատեսվում:

Մինչդեռ, Արարատյան դաշտի համար գյուղատնտեսության նախարարության 2007 թ. հրապարակած վերոնշյալ ձեռնարկում օգոստոսի 20-ից հետո գրեթե բոլոր մշակաբույսերի համար նախատեսվում է եւս 2-3 ջրում: Ընդ որում, վերոնշյալ հատվածներում մեկ ջրման համար օգտագործվող ջրի քանակը նույնպես ավելի քիչ է, քան Արարատյան դաշտում: Դա փաստ է, եւ ոչ ոք չի կարող ժխտել:

Ընդհանրապես, սկսած 1990 թ.-ից` միայն 1993-95 թթ.-ին է, որ օգոստոս ամսին Սեւանա լճից բաց է թողնվել ավելի քան 100 մլն խմ ջուր: Իսկ 2000 թ. եւ դրանից հետո 65-66 մլն խմ-ից ավելի ջուր բաց չի թողնվել: Կոնկրետ 2000 թ. Սեւանից ամբողջ տարվա կտրվածքով բաց է թողնվել գրեթե 190 մլն խմ, իսկ այդ տարվա օգոստոս ամսին` 66 մլն խմ: Հարցն այն է, որ 2000 թ. Հայաստանում արձանագրվել է երաշտ: Այդ մասին հայտարարվել է ի լուր աշխարհի, ինչից ելնելով էլ միջազգային լուրջ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանին:

Պարզ ասած` համաձայն պաշտոնական հայտարարությունների` 2000 թ. ոռոգման ջրի կուտակման եւ գյուղատնտեսությանը դրա մատակարարման, բնակլիմայական պայմանների առումով եղել է շատ ավելի վատ իրավիճակ, քան այս տարի:

Քանի որ Սեւանի այս փուլի ջրաթափումը պայմանավորում էին Արարատյան դաշտում, հատկապես Արարատի մարզում ոռոգման առումով ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակով, ընդամենը մեկ-երկու ցուցանիշների համադրությամբ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ էր լուրջ ներկայացված «հիմնավորումը»:

2000-08 թթ. վեգետացիոն շրջանի ապրիլ-օգոստոս ամիսներին վերաբերող հիդրոմետ տվյալները վկայում են, որ 2000 թ. մարզում ջերմաստիճանը բարձր է եղել ամենամյա միջինից 1.65 աստիճանով, մինչդեռ այս տարի` ընդամենը 0.75 աստիճանով: Նույն սկզբունքով տեղումները 2000 թ. կազմել են ամենամյա միջինի 79.5%-ը, այս տարի` 66.2%-ը: Շեղումները շատ մեծ չեն, մինչդեռ այս տարի օգոստոսի 22-23-ի դրությամբ արդեն Սեւանից վերցվել էր մոտ 270 մլն խմ ջուր (դրանից միայն 85-86 մլն-ը` օգոստոս ամսվա 20 օրերին), իսկ 2000 թ. ութ ամիսներին (սեպտեմբերի 1-ի դրությամբ) Սեւանից վերցվել էր պակաս, քան 160 մլն խմ:

Ի՞նչն է, ուրեմն, պատճառը, որ այդքան շատ ջուր է վերցվել օգոստոս ամսին, հատկապես, որ 2000 թ. օգոստոսի համեմատությամբ այս տարվա օոգստոսը, կարելի է ասել, նույնիսկ ավելի բարենպաստ էր: Ինչ վերաբերում է սեպտեմբերին, վերջին ավելի քան 10 տարիներին ոռոգման նպատակով 34 մլն խմ-ից ավելի ջուր բաց չի թողնվել: Հոկտեմբերին` առավելագույնը 8-10 մլն խմ, շատ դեպքերում` մի քանի հարյուր հազար խմ:

Ստացվում է, որ 2000 թ. ամբողջ տարվա կտրվածքով, արձանագրված եւ ի լուր աշխարհի հայտարարված երաշտով հանդերձ, Սեւանից վերցվել է պակաս, քան 190 մլն խմ, իսկ այս տարի, ավելի բարենպաստ բնակլիմայական պայմաններով հանդերձ, գրեթե կրկնակին:

Այդ առումով մի հետաքրքիր դրվագ եւս. ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2000 թ. գործունեության մասին հաշվետվությունում նշվում է, որ ոռոգման շրջանում երաշտի հետեւանքով ստեղծված իրավիճակում բույսերի նորմալ աճն ապահովելու համար անհրաժեշտ է եղել նորմայից 25%-ով ավել ոռոգման ջուր մատակարարել:

Այսինքն` երաշտը պատճառ է դարձել շուրջ 300 մլն խմ ավելի ջուր մատակարարելու: Նույնն է, թե` Սեւանից 40-45 մլն խմ ավել ջուր վերցնելու: Այլապես պետք է վերցվեր առավելագույնը 150 մլն խմ: Մինչդեռ, այս տարի երաշտ չկար, պարզապես գարունը շուտ եկավ, եւ մարտ ամիսը խիստ չորային էր, ինչն էլ ստիպեց ոռոգման սեզոնը համեմատաբար ավելի շուտ սկսել: Բայց ապրիլ-մայիսը, կարծես թե, մարտի բացը լրացրին: Իսկ տարվա մնացած ամիսներին եղանակը մյուս տարիներից մեծ շեղումներ չի տվել:

Այդ ամենով հանդերձ` հետաքրքիր է ճշտել նաեւ, թե որքա՞ն հող է ոռոգվում այսօր մեր հանրապետությունում: Այս հարցի տրամաբանական պատասխանը Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների միջեւ կնքված պայմանագրերի հաշվարկների հանրագումարն է:

Ըստ տրամաբանության` ոռոգվում է այնքան հող, որքանի համար որ հանրապետության ամբողջ տարածքը ծածկող ՋՕԸ-ները պայմանագրեր են կնքել հողատերերի հետ: Չորրորդ-հինգերորդ տարին է, որ այդ թիվը հաստատուն է` 130 հազար հա, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական տվյալների համաձայն` ՋՕԸ-երի սպասարկման արեալը կազմում է ավելի քան 200-220 հազար հա: Այդուհանդերձ, համաձայն գործող պայմանագրերի` սպառողներից գանձումներ են կատարվում ընդամենը 130 հազար հա-ի համար:

 

Հետեւաբար, ՋՕԸ-ները պարտավորություն ունեն ընդամենը այդքան հողերի հողատերերի նկատմամբ: Նույնը վերաբերում է նաեւ վերոնշյալ տարածքներին: Եթե, իրոք, ջրի խիստ պակաս կար, դա պետք է հնարավորություն տար հայտնաբերելու պայմանագիր չկնքած հողատերերի մի ստվար բանակ: Մինչդեռ, մինչ օրս ոչ մի նման հայտարարություն չի եղել, ինչը նույնպես մտորելու տեղիք է տալիս:

Դեռ խորհրդային տարիներից Հայաստանի կառավարություններն ամեն ինչ արել են (յուրաքանչյուրն իր հնարավորությունների ու բարոյականության շրջանակներում), որ «թեթեւանա հոգսը Սեւանի»: Եվ ահա, այդ «հոգսն», իրոք, մի քիչ թեթեւանալուց հետո պարզվում է, որ Սեւանն ինքն է «հոգս» դառնում մեր իշխանավորների համար:

Հ.Գ. Պատմաբանները փաստում են, որ մեր թվարկության 4-րդ դարում, Արշակունիների օրոք, Հայաստանում մոտ 100 հազար հա հող էր ոռոգվում: 1913 թ. էլ Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմաններում ոռոգվում էր գրեթե նույնչափ հող` 97 հազար հա: Սովետական Հայաստանում, բնականաբար, ոռոգվող տարածքները պետք է ընդարձակվեին եւ, պաշտոնական տվյալներով, 1990 թ.` հողի սեփականաշնորհման նախօրեին, հանրապետությունում ոռոգվում էր 320 հազար հա, որից 187 հազար հա-ն` ինքնահոս եղանակով, մնացածը` մեխանիկական: Այսօր Հայաստանում, համաձայն պաշտոնական պայմանագրերի, ոռոգվում է մի քիչ ավելի (130 հազար հա), քան, ասենք, 4-րդ դարում` Արշակունիների օրոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter