HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը գնացել է Հետքի հոդվածի հետքերով

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են Հետաքննող լրագրողների «Հետք online» ինտերնետային լրատվամիջոցի 2008թ. հուլիսի 21-ի հրապարակման մեջ նշված «Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի» հոդվածի փաստերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Շնողի անտառտնտեսությունում» իսկապես առկա է ընկուզենիների ապօրինի ծառահատման 8 դեպք: Այդ մասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հրավիրած մասնագետի, ինչպես նաեւ բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչների եւ Շնողի անտառտնտեսության աշխատակիցների հետ համատեղ, կազմվել է արձանագրություն: Համաձայն արձանագրության` Շնողի անտառտնտեսության N1 պահաբաժնում (Շինու-Խեչիձոր հանդամասում) հայտնաբերված նշված ապօրինի ծառահատումները կատարվել են տարբեր ժամանակներում` 2 ծառ հատվել է 3-4 ամիս առաջ, 2-ը` մոտ երկու տարի առաջ, 1-ը` երեք տարի առաջ, 2-ը` հինգ տարի առաջ, եւ 1-ը` տասը տարի առաջ:


Հոդվածում նշված է, որ ընկուզենիների ծառահատումներ են կատարվել նաեւ հիշյալ անտառտնտեսության այլ տեղամասերում: Բացի անտառտնտեսության տարածքում հատված ծառերից, ինչպես հոդվածում է նշված, պարզվել է, որ ընկուզենիներ հատվել են նաեւ Շնող համայնքի սեփականաշնորհված հողերում, դրանք թվով 18-ն են: Այդ մասին նույնպես կազմվել է համապատասխան արձանագրություն: ՀՀ Լոռու մարզի Ալավերդու ոստիկանության ներքին գործերի բաժնի կողմից նշված փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր եւ կատարվում է հետաքննություն:

Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված սղոցարանին, ապա այն, ըստ անտառտնտեսության պետ Կամո Շահնազարյանի հայտարարության, պատկանում է իրեն, չնայած ձեւակերպված է իր աներորդու` Վարդան Պետրոսյանի անունով: Այս հանգամանքը կարող է ստեղծել հնարավորություն` անտառանյութի անվերահսկելի օգտագործման համար:

Հարկ է նշել, որ հիշյալ անտառտնտեսության տարածքում տարիների ընթացքում նշված ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել ոչ միայն տվյալ տնտեսության ղեկավարության կողմից իրենց վերապահված գործառույթների ոչ պատշաճ կատարման, այլեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ բնապահպանական պետական տեսչության տարածքային կառույցների կողմից դրանց գործունեության թույլ վերահսկողության հետեւանքով. չեն կանխվել, ինչպես նաեւ ժամանակին չեն արձանագրվել հազվագյուտ ծառատեսակների անօրինական հատման փաստերը:

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության առաջարկության հիման վրա ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին` 7-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից արձանագրված խախտումների առնչությամբ անցկացնել ծառայողական քննություն, խախտում թույլ տված պաշտոնատար անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության եւ արդյունքների մասին զեկուցել ՀՀ վարչապետին: Հանձնարարվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` 7-օրյա ժամկետում քննության առնել բնապահպանական տեսչության կողմից «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի գործունեության նշված խախտումների նկատմամբ վերահսկողության բացակայության փաստը եւ արդյունքների մասին զեկուցել ՀՀ վարչապետին: Ինչպես նաեւ` 30-օրյա ժամկետում անցկացնել ստուգումներ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի (առաջնահերթ` հոդվածում նշված տեղամասերը) տարածքում ծառահատումների (մասնավորապես, ընկուզենու) վիճակը եւ արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին հանձնարարվել է ապահովել հանձնարարականի կատարման հսկողությունը:

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ բնապահպանության նախարարի գրության համաձայն` «նախարարությունում քննարկվել է Հետաքննող լրագրողների «Հետք.online» ինտերնետային պարբերականի 2008թ. հուլիսի 21-ի «Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի» հոդվածը: Քննարկման արդյունքում նշվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` 2007 թ. հոկտեմբեր ամսին «Լալվարի անտառտնտեսություն» եւ «Ջիլիզիայի անտառտնտեսություն» մասնաճյուղերի միավորման արդյունքում ձեւավորված «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում անցկացված ստուգումների արդյունքում Լալվարի անտառտնտեսությունում հայտնաբերվել է 51 ապօրինի հատված ծառ, հաշվարկվել է 1.2 մլն դրամ գումարի վնաս: Նշված գումարը տնտեսությունը 2008 թ. հունիսին կամովին մուծել է ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: «Ջիլիզիայի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 294 ապօրինի հատված ծառ, հաշվարկվել է 12.57 մլն դրամ գումարի վնաս: Ընկերությունը հաշվարկված գումարները չի վերականգնել, որի պատճառով ստուգման նյութերը սահմանված կարգով, 22.10.07թ. (023/387) գրությամբ ներկայացվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, որտեղ գործի նյութերով հարուցված 4 քրեական գործերը, նախաքննությունը շարունակելու նպատակով, ներկայացվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին:

Միաժամանակ, «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, համաձայն տեսչության աշխատանքային ծրագրի, հերթական ստուգումներ էին նախատեսված 2008թ. հոկտեմբերին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ներկայումս իրականացվում են ստուգումներ, որի ժամանակ հատուկ ուշադրության կարժանանան մասնաճյուղի` հոդվածում նշված տեղամասերի ծառահատումները (մասնավորապես, հազվագյուտ ծառատեսակների) եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության, եւ ստուգումների արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի:

Հանձնարարականի 2-րդ կետի վերաբերյալ նախարարի պաշտոնական գրության մեջ նշվել է, որ ս/թ օգոստոսի 5-ից մինչ 18-ը բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել է արտահերթ ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Ստուգման արդյունքում անտառտնտեսության անտառածածկ տարածքներում արձանագրվել են 93 ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որոնցից 3-ը` ընկուզենի: Անտառային պետական ֆոնդին հասցվել է 2 մլն 582.5 հազար դրամի վնաս: Այն կվերականգնվի օրենքով սահմանված կարգով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, իրեն ուղղված հանձնարարականին ի պատասխան, ՀՀ վարչապետին զեկուցել է, որ պաշտոնական գրությամբ հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արձանագրված խախտումների կապակցությամբ, կազմակերպությունում իրականացված ծառայողական քննության ընթացքում կատարված ուսումնասիրություններից ու տրված բացատրություններից պարզվել է, որ մասնաճյուղի Շնողի անտառպետության N1 պահաբաժնի Շինու-Խեչիձոր հանդամասում անհայտ անձանց կողմից տարբեր ժամանակահատվածներում (3 ամսից-10 տարի) ապօրինի հատվել է հունական ընկուզենու 8 ծառ, սակայն չի արձանագրվել, որը հետեւանք է պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման: Արդյունքում պատասխանատու անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, մասնավորապես` «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Շահնազարյանին, անտառպահպանության ինժեներ Ա. Անթանեսյանին եւ Շնողի անտառպետության անտառապետ Ֆ. Բեկթաշյանին հայտարարվել է «խիստ նկատողություն», մասնաճյուղի փոխտնօրեն Ա. Բարոյանին եւ ավագ անտառապետ Ա. Ռամազյանին` «նկատողություն», իսկ Շնողի անտառպետության N1 պահաբաժնի անտառապահ Մ. Մատինյանն ազատվել է աշխատանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter