Սարգիս Հացպանյան. «Խեղդվելով մահանալը բացառելու միակ ձեւը լողալ սովորելն է, արդեն ժամանակն է, որ սա հասկանանք»
Տեսակետ
Վերջերս սկավառակով ինձ հասած հայաստանյան մամուլից ծաղկաքաղի մեջ ՀԵՏՔ-ում ինձ շատ հետաքրքրող «Սփյուռք» եւ «Թուրքիա» թեմաներով հարցաշարերի հարցերին ինքնաբուխ պատասխանելու ցանկություն ունենալով` այդ ընկերներիս օգնությամբ եւ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում եմ Ձեզ։
Եւ եթե իմ պատասխաններում մեղադրանք, վիրավորանք եւ հայհոյանք պարունակող արտահայտություններ չբացահայտեք, ապա ձեզնից խնդրում եմ ՀԵՏՔ-ի կայքէջում հրապարակել այն, որպեսզի նման "ԿԱՐԾԻՔՆԵՐԻ" շնորհիվ եւս հայրենի ժողովուրդը անընդհատ «նույն երգը» լսելու ողբերգությունից ձերբազատվելու մի փոքրիկ կղզյակի չափ տեղ էլ գտնի մեր՝ տհասների մոլորակում:
Մոտ ժամանակներս, հայոց մայրաքաղաքում հանդիպելու ցանկությամբ, ընդունեք ջերմ ողջույններս։
Հարգանքներով՝ Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ
Ազատագրված տարածքներ, Սեպտեմբեր, 2008թ.
Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները, կարծես թե, հակված են դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն: Հնարավոր է, արդյոք, այդ հարաբերությունների հաստատումը:
Չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ կարող են հաստատվել։ Քանի որ Հայաստանն ու Թուրքիան նման արդյունքի հասնելու համար տարբեր խոչընդոտ-պատճառաբանություններ ունեն։ Հայկական ճակատում ՀՀ-ն Թուրքիային վերաբերող ոչ ռազմավարական, ոչ մարտավարական, ոչ էլ այլ բնույթի որեւէ քաղաքականություն չունի եւ ունենալու նպատակ էլ չունի ըստ երեւույթին։ Նման պայմաններում, թեկուզ տեսականորեն, հարաբերությունների հաստատում կանխատեսելն ինչքանո՞վ է իրական, մնում է անորոշ։ Եւ եթե այս պայմաններում հարաբերություններ էլ հաստատվեն, մենք դրան բոլորովին պատրաստ չլինելով` առավելագույնը վակուումային դիվանագիտության զոհը դառնալուն հարմար թեկնածու կլինենք շատ դժբախտաբար։ Թուրքիայի տեսանկյունից վիճակն այլ է, նրանք ՀՀ երրորդ հանրապետության ստեղծման օրից սկսած` արդեն մեր նկատմամբ՝ ՀՀ-ն հնարավորինս թուլացնող եւ նույնիսկ տարածաշրջանային գործոն լինելուց դուրս մղելուն ուղղված եւ, ըստ իս, իրենց տեսանկյունից շատ հաջողված հստակ քաղաքականություն են վարում։ Ավելին, նրանք իրենց դիվանագիտական զինանոցում մեր նկատմամբ ոչ թե մեկ, այլ պահեստում մշտապես առկա ու օգտագործման պիտանի մի քանի մանրամասն մշակված տարբերակ էլ ունեն։ Աշխարհաքաղաքականության մարտավարության որեւէ չնչին փոփոխության դեռ առաջին քամին չփչած` նրանք «նոր» կեցվածք ընդունելով հանդես գալու պատրաստ մի քանի մշակված տարբերակների հույսին են։ Անշուշտ, նրանց «նորը» լավ պահպանված «հինն» է կամ աննշան շեղումները «նոր» ներկայացնելու վերամշակված տարբերակ, բայց տարիներ շարունակ բոլորիս աչքի առաջ, այնուամենայնիվ, կարողանում են ալեկոծված ծովում բավականին վարպետորեն նավավարել։
Եթե հարաբերություններ հաստատվեն, միանգամից առաջադրվելու է սահմանների բացման հարցը: Ի՞նչ կտա Հայաստանին սահմանների բացումը:
Սահմանների բացմանը Հայաստանը ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական տեսանկյունից բնավ պատրաստ չլինելով հանդերձ` դրա բացումը, իմ կարծիքով, Հայաստանին նոր մարտահրավերների ծովում երբեք լողալ չսովորած` մեզ լողալ իմանալուն կմղի։ Առաջին իսկ հայացքից, սահմանի բացումից քիչ անց «հանրապետական Թուրքիայի» արեւելյան վիլայեթներից մեկի կարգավիճակում հայտնվելու մեծ վտանգի առաջ կկանգնենք եւ, վստահաբար եմ ասում, նման պատկերի առարկայականության իրողությունը մեզ համար 21-րդ դարում «նոր Սարդարապատ» կնշանակի։ Սա էլ, համոզված եմ, մեզ նոր հաղթանակի դուռ կբացի, ու Հայաստանն իր գոյության հավերժացման իսկական գործընթացը կսկսի, որ բնավ չեմ կասկածում, որ մեր պետության համար միայն դրական զարգացում կապահովի։ Խեղդվելով մահանալը բացառելու միակ ձեւը լողալ սովորելն է, արդեն ժամանակն է, որ սա հասկանանք։
Ինչպիսի՞ արձագանքներ կլինեն սփյուռքի համայնքներից, կազմակերպություններից:
«Սփյուռքի համայնք» կոչվող գետտոներից եւ նրանց «կազմակերպություններից» տհասները, հավանաբար, կնեղսրտեն, բայց եւ ոչ ոք անձնասպանության ստից փորձ էլ չի անի։ Ի վերջո, ՀՀ-Թուրքիա փոխհարաբերություններում կողմ չհանդիսանալով` նրանց ասած-չասածը որեւէ կերպ արժեւորելն անիմաստ է։ Նրանց ասելիքի միակ հասցեատերը իրենց հայրենազուրկ դարձրած Թուրքիան է, եւ եթե ասելիք ունեն, թող ոչ թե Հայաստանին, այլ Թուրքիային ասեն, կամ էլ այն երկրին, ում ռազմական բազաները մեր բռնազավթված Արեւմտյան Հայաստանում են գտնվում։
Ի՞նչ կարող է տալ Հայաստանին հայ - թուրքական դիվանագիտական կապերի հաստատումը:
Հայաստանին` իբրեւ անկախ պետական միավորի, իրապես անկախ դիվանագիտություն ունենալու, պետական ինքնուրույն քաղաքականություն վարելու, երկրի հավանական քայլերին բազմազանություն եւ ճկունություն հաղորդելու մեծ հնարավորություն կտա։ Աշխարհն այլեւս կդադարի մեզ իբրեւ ՌԴ կցորդի նայել, եւ առանց երրորդ ուժի ներկայության տարածաշրջանում իրապես անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը ՀՀ-ին վերջապես ի նպաստ մեզ քայլեր անել կստիպի։ Մենք կդառնանք մեր շահերից ելնելով ուրույն մտածելու ընդունակ տարր եւ ինչպես Արցախյան ռազմական հաղթանակներում փաստեցինք, եթե միմիայն մեր ուժերին ապավինելու լինենք, դիվանագիտության ճակատում եւս պարտություն չենք կրի հաստատ, մի գուցե նաեւ հաղթանակել էլ կարողանանք։
Ինչպիսի՞ դերակատարում է ցանկանում վերցնել իր վրա Թուրքիան այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակում:
Թուրքիան այսօր, հավանաբար, ԱՄՆ-ի հետ համաձայնեցված կամ գոնե նրա լռելյայն համաձայնությամբ, իբր տարածաշրջանային մասշտաբներով «ինքնուրույն» քաղաքական գործոն լինելու ջանքեր է գործադրում։ Նման «դերակատարման» գոյության իրավունքի ձեռք բերման համար իրենից կախվածից էլ ավելին «լեզուն դուրս եկած վազողի» կարգավիճակում անելու հայտ է ներկայացրել։ Առայժմ, գուցե շատերի համար ՌԴ վարած քաղաքականության «անսպասելիության» պատճառով իր հայտը ինքնուրույն ներկայացված «հայտ» էլ մնում է, բայց այս իրողությունը դրան որեւէ վնաս չի պատճառում, այլ ամեն ինչ արվում է, ի վերջո, տարածաշրջանում իր պետական դիվանագիտության "ներկա" ստանալուն ծառայեցվելու համար։ Թուրքիայի տեսանկյունից այստեղ շատ տեղին է «ցանկություններն իրականությանը չեն համապատասխանում» թեւավոր խոսքի հիշատակումը, որը, իմ կարծիքով, այժմ առկա պայմաններում ձեր հարցին ամենաճիշտ պատասխանն է։
Ի՞նչ ապագա կարող է ունենալ Ռ. Էրդողանի «Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի» ստեղծման գաղափարը:
Առայժմ միայն ձեր նախավերջին հարցին տրված պատասխանի շրջանակներում տեսական տեսադաշտում անհայտ մի կետի առկայության չափ ապագա կանխատեսել կարելի կլինի։ Այս գաղափարի կյանքի կոչման համար Հայաստանը, իմ կարծիքով, իր առաջ գտնվող լուծման կարոտ հարցերի տեսանկյունից կարող է դրական կեցվածք դրսեւորելով` ապագայում դրանից օգտվողների շարքերում լինել։ Հավատում եմ, որ նման պլատֆորմի ստեղծումը մեզ համար միանշանակ դրական կլինի։ Սակայն հարց է, թե դա կյանքի իրավունք կունենա՞, արդյոք: Կարծում եմ, որ դա, ցավոք, չի իրականանա։
«Ախ Հայաստան, Հայաստան ... ... բոստան» հայտնի երգից հատված
Այս շաբաթ առաջարկում ենք քննարկել հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի նախարարության դերը: Ինչո՞վ պետք է զբաղվի այդ նախարարությունը:
Հարցին տրվելիք հավանական պատասխանը ենթադրում է, որ ձեր կողմից «Սփյուռքի նախարարություն» պայմանական անվամբ ներկայացվող, առայժմ չստեղծված կառույցը, ըստ երեւույթին, քաղաքական կառույց է եւ ՀՀ-ում իր տեսակի մեջ դեռեւս առաջինը։ Այն, ինչքան էլ կառավարության մաս կազմող մի «նախարարություն» լինի, իր զբաղվելիք հարցերի անորոշության կամ նյութի բնորոշմանն անհրաժեշտ լուրջ պակասի պատճառով, գտնում եմ, որ ճիշտ կլինի դրան առայժմ միայն իբրեւ «վիրտուալ հարցերով» զբաղվող կառույցի վերաբերվել։
Նման մոտեցման համար առաջին պատճառը "սփյուռք" կոչվող իրականության իսկապես էլ «վիրտուալ» լինելն է, այսինքն` այդ բացի տեսականորեն գոյություն ունենալուց, իրականում չեղածն եղածի տեղ դնելով, կամ ոմանց համար չզբաղմունքի «նոր» գործառույթ ստեղծելուց բացի` այլ որեւէ իմաստ ունենալ չի կարող։
Երկրորդ եւ ավելի հիմնական պատճառը «սփյուռք» հասկացության, Սերվանտեսի "Դոն Կիխոտ" վեպի հերոսների հար եւ նմանությամբ «հողմաղացների դեմ արշավանք» կազմակերպելուց ոչ մի կերպ չտարբերվող նույնացումն է։ Իսկ սա կարելի է «երեւակայության հիվանդություն» կամ «հիվանդության երեւակայություն» անվանել։ Իմ իմացությամբ` քաղաքական կառույցները, այն էլ որեւէ պետության կառավարության համակարգում գտնվողները, նման հարցերով չեն զբաղվում։ Սակայն ինչպես շատ այլ հարցերում, այստեղ եւս «մենք» անպայման պիտի "մերն ուրիշ է" ասենք, չէ՞ որ «մերը» հասկացությունը, դժբախտաբար, այդպիսի մակարդակ է ներկայացնում։
Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Բնության մեջ եղածը չեղածի հետ չի կարող հարաբերվել։ Հայաստանն ամեն բանից առաջ ընդհանրություն, պետականություն ներկայացնող քաղաքական իրողություն է, իսկ սփյուռքը, առերեւույթ գիտական հետազոտման ինստիտուտներում կատարվելիք վերլուծական աշխատանքների համար հարմար թեմա լինելուց բացի, իր այլ որեւէ որակավորման չհամապատասխանող իրավիճակով կարող է միմիայն նման ուսումնասիրության նյութ լինել, ոչ ավելին։ Ընդհանրություն կամ ընդհանրության ներկայացուցչություն իրականացնելու կարգավիճակ չունեցող, ավելի պատկերավոր ասած` գլուխ չունեցող մի մարմնի հետ հարաբերվել պարզապես չի կարելի։ Ուստի, նման իրողության պայմաններում, «ինչպիսին» հարցադրումը կողմերից մեկի չգոյության պատճառով, բնականաբար, իմաստազրկվում է։
Ի՞նչ կարող է անել Հայաստանը Սփյուռքի համար, որ առայսօր չի արել:
Ինչպես վերեւում նշեցի, Հայաստանը պետք է անպայման «Հայկական Սփյուռքի ուսումնասիրման Կենտրոն» կամ նմանատիպ հարցերով զբաղվող մի «գիտահետազոտական ինստիտուտ» ստեղծի, որի միակ գործառույթը ուսումնասիրության գիտական աշխատանքների լույսի ներքո ձեռք բերված տվյալների արդյունքների վրա առաջին հիմքի ստեղծումն է։ Այնուհետեւ, հենվելով այդ հիմքին, առայսօր գոյություն ունեցող եւ երբեք պատասխան չտրված հարցերի շուրջ պետական մակարդակով քաղաքականություն մշակելու, այն զարգացնելու եւ վարելու խնդիրը կառաջանա։ Եթե սա չլինի, ոչինչ չի լինի։ Ասածս ավելի պատկերավոր ներկայացնելու համար ուզում եմ ձեր հարցադրումն իմ ընկալմամբ, «բժիշկը հիվանդի համար ինչ կարող է անել, որ առայսօր չի արել» հարցադրման դիտանկյունից նայելով` իրերի վիճակն ավելի լավ հասկանալ։ Հիրավի, ինչքան ես գիտեմ, «բժիշկն» իր բժիշկ, իսկ «հիվանդն» էլ իր հիվանդ լինելու մասին առայսօր դեռ նույնիսկ պատկերացում իսկ չունի, ինչպե՞ս կարող ենք հապա այս առթիվ որեւէ հարցադրում քննարկել։ Ըստ իս, Հայաստանն իբրեւ «բժիշկ», ամեն ինչից առաջ նախ իր «հիվանդի» մոտ առկա հիվանդությունների հայտնաբերման, իսկ հետո ախտորոշման կարիք ունի։ Միայն իր հիվանդի իրական վիճակը մանրամասն իմացող բժիշկը կարող է նրան բուժելու միջոցներն առաջարկել եւ հիվանդի համաձայնության դեպքում էլ դրանք կիրառել։ Մենք «բժիշկ-հիվանդ» փոխհարաբերությունում այժմ զրոյական կետում ենք գտնվում եւ, առանց այս գիտակցելու, երբեք դրական առաջընթացի չենք կարող հասնել։ Ցավոք, սա է «մեր» իրականությունը, այդ աստիճան «մերը», որ նույնիսկ մեր դժբախտությունը բարեբախտության վերածելու ընդունակությունից զուրկ ենք։ Չէ՞ որ «մերն ուրիշ է»։
Ի՞նչ կարող է Սփյուռքը անել Հայաստանի համար:
Ոչ մի բան։ Սակայն, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապաստան գտած կամ բնակություն հաստատած անհատ հայորդիներն ու նրանց կողմից ստեղծված ինչ-ինչ կազմակերպություններ, իրենց կարողությունների սահմաններում, շատ բան են արել, անում են եւ կանեն։ Սա, սակայն, «Սփյուռք»-ի հետ ոչ մեկ կապ չունի։ Կապ ունի միայն ու միայն տվյալ վայրում ի նպաստ Հայաստանի գործող հայ անհատների եւ կամ նրանց հավաքական հոժար կամքով ստեղծված որեւէ կառույցի կատարած հայրենասիրական աշխատանքների հետ։ Երեւույթն իր որակով ոչ թե ընդհանուր, այլ մասնավոր դեպք է ներկայացնում, իսկ քանակով՝ ամոթ է նույնիսկ այդ առթիվ որեւէ տվյալ հայտարարել, քանի որ իբրեւ երեւույթ ներկայացվածին մեծ անհամարժեքությամբ «Սփյուռք» կոչվող իրողության հարյուրից մեկ-երկու տոկոս քանակություն իսկ չկազմող հայորդիներին չհաշված, աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղն իմացող ծագումով հայերին մեծ ցանկության դեպքում իսկ, ավաղ, չեք գտնի։
Սփյուռքի յուրաքանչյուր համայնք ունի իր առանձնահատկությունները, ինչպիսի՞ն պետք է լինեն հարաբերությունները այդ համայնքների հետ:
Ներողություն եմ խնդրում ավելորդ անգամ հայտնելու, որ, ըստ իս, առավել, քան թերի են ձեր օգտագործած «Սփյուռք» եւ «սփյուռքյան համայնք» բառերը, որպեսզի հետո կարողանանք նաեւ մեկ էլ «դրանց» առանձնահատկությունների մասին խոսել։ Գտնում եմ, որ համայնք բառն ավելի ճիշտ է գետտո բառով փոխարինել։ Եւ եթե նման երեւույթ կա, ուրեմն գետտո հասկացության առանձնահատկությունները պետք է նշենք եւ դրանց մասին խոսենք։ Բայց եւ այնպես, բնական երեւույթ են, անշուշտ, տվյալ վայրում հաստատված կամ ծնված-մեծացածների միջավայրի արդյունքում ձեռք բերած առանձնահատկությունները։ Նույնիսկ նույն երկրի տարբեր քաղաքներում առկա համայնքային տարբերություններն են շատ մեծ, օրինակ` Իրանի Նոր Ջուղա՝ Սպահան քաղաքի հայն էլ, պարսիկն էլ շատ տարբեր են Թեհրանում եղած իրենց հայրենակիցներից։ Իսկ Լիբանանի Այնճար գյուղի ծագումով մուսալեռցի հայ բնակիչների եւ մայրաքաղաք Բեյրութի Բուրջ-համուդցիների միջեւ սարերի եւ ձորերի տարբերություն կա, եւ նման օրինակները գրեթե ամենուր կարող ենք այսպես շարունակել։ Ինձ թվում է` այստեղ շատ ավելի էական է, որ ուր էլ գտնվելու լինի բոլոր տեսակի ձեր բնորոշմամբ «սփյուռքյան համայնք»ը, իրականում գետտոներում առկա մի անհասկանալի եւ հաստատ աբսուրդի հասնող առանձնահատկությանն արժե անդրադառնալ։ Մոտ հարյուր տարի է` թվով հիսունի հասնող այդ գետտոներում գոյություն ունեցող տարատեսակ քաղաքական, եկեղեցական, կրթա-մշակութային, հասարակական, միութենական, բարեգործական, մարմնամարզական եւ այլ նպատակներով ստեղծված «հայկական» բոլոր կազմակերպությունները, այդ տեղերում ծնված արդեն չորրորդ սերնդին իբր մայրենի լեզու, հայրենիք, եկեղեցի սիրել են քարոզում։ Սակայն, տեղերի հայկական դպրոցներից շրջանավարտ լինելով հանդերձ` հայերեն լեզվին տիրապետող կամ օգտագործող բոլոր սփյուռքահայերին կարելի է Երեւանի Վ.Սարգսյանի անվան մարզադաշտի նստարաններին հանգիստ տեղավորել կամ հիշատակի համար բոլորով միասնաբար լուսանկարվել։
Նման հայրենասերների "հայրենասիրությունից" 1988 թ. երկրաշարժից ի վեր օգտվում ենք եւ, եթե ժամանակ գտնելով, առանց բացառության այս «սփյուռքահայերի» ուղիղ 20 տարին բոլորող տարատեսակ բոլոր օգնությունները մեկ առ մեկ թվել փորձենք, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ փոքրաթիվ էջերից բաղկացած մի գրկույքում կարելի կլինի այդ ամենը ոչ մեծ դժվարությամբ տեղավորել։ Խոսքն այստեղ բարոյական աջակցությանն է վերաբերում, իսկ իմ կարծիքով, նյութական որեւէ արտահայտություն անելուց, «համազգային ամոթ» լինելու պատճառով պետք է գիտակցաբար խուսափել։ Ի միջի այլոց, ասեմ, որ նյութապես մեզնից շատ ավելի վատ վիճակում գտնվող պաղեստինցիների «սփյուռքը» մերոնց քսան տարում զոռով-շառով ի մի բերածը ընդամենը մեկ-երկու շաբաթում կարողանում է հեշտորեն հանգանակել։
Այս տարիների ընթացքում, «հայրենասիրության» վեհ գաղափարներով Իրանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Հունաստանում, եվրոպական մի շարք երկրներում ու Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում հասակ առած ու բնակվող հայությունից նույնիսկ հազար հայ մարդ, ՀՀ-ն հայրենիք համարելով, այստեղ ներգաղթելով նոր կյանք ստեղծելը չեն նախընտրել։ Ահա, «սփյուռքյան գետտոներում», ժողովրդական լեզվով ասած, «հնչակ, դաշնակ, ռամկավարների» հայրենասիրության չափորոշիչն այսքան տխուր եւ խոսուն է, որովհետեւ, ինչպես ամեն տեղ, այստեղ եւս «մերն ուրիշ է»։ Բնության մեջ նմանը չունեցող այս օրինակով ցեղասպանության պատճառով հայրենազրկված Արեւմտահայը ոչ միայն իրենից խլված հայրենիքի հանդեպ կարոտի զգացումն է կորցրել, այլ Արեւելահայաստանի մի հատվածում պետականորեն հայկական կյանք ստեղծող անգամ ՀՀ եւ ԼՂՀ հանդեպ անզգամ ու անտարբեր է։ Սա տրամաբանորեն ոչ մի քննության չի դիմանում։
Իսկ եկեղեցի եւ եկեղեցական կյանք կամ եկեղեցասերներից խոսելը գրեթե անիմաստ է, որովհետեւ "սիրիր մերձավորիդ" պատգամից մոլորակներով հեռու մի կառույցի ապաշնորհ եւ միայն օտար ուժերին եւ նրանց շահերին ծառայելուն սովորեցվածներից բաղկացածների իշխանություն ունեցողների բարձր դասին անբարոյականությունից մաքրագործելու ու անմասն դարձնելու համար առնվազն գոնե մի կես դար է պետք, էլ ու՞ր մնաց մարդկությանն իբր "երկնային արքայության արժանանալու" քարոզչությամբ զբաղվող՝ հոգու խորքում անհավատների եւ նրանց հետեւորդ հանդիսացող մի բուռ հայերի մասին ինչ-որ բան ասել, խոսել, մտածել։
Խոսքս, բնականաբար, հազվագյուտ եւ միլիոնից մեկ էլ լինի, այնուամենայնիվ, նրանց շարքերում եղող երջանիկ բացառություններին չի վերաբերում, որոնց գոյությունը, ցավոք, ընդհանուր կարծիքի ձեւավորմանը ոչնչով չի նպաստում։
Եզրակացություն. անհասկանալի ելքով, աննպատակ եւ անարդյունավետ անհեթեթ մի իրավիճակ, որ մեկ դար տեւելով հանդերձ` իր առանձնահատկության պատճառով եւ հայության ի նպաստ չլինելով հանդերձ, այնուամենայնիվ, նույն «ջանասիրությամբ» դեռ շարունակվում է մեր օրերում էլ։ Սակայն տարակուսելին «սփյուռքյան գետտոներին» ներհատուկ այս աբսուրդ երեւույթին տասը տարուց ի վեր ՀՀ եւ ԼՂՀ փոխադրվելով, նույնիսկ պետական մակարդակ հասնելով, պետությունը շատ ցածր մակարդակին քաշելով իջեցնելուն ենք ազգովին վկայում։
Ինչպե՞ս եք պատկերացնում միասնական լեզվի ստեղծումը եւ ավանդական ուղղագրության անցնելը:
«Միասնական լեզու» ասելով ենթադրում եմ, որ ոչ թե երկու տարբեր լեզու հանդիսացող՝ արեւմտահայերենն ու արեւելահայերենը, այլ հայության նույն ուղղագրությամբ գրելու խնդիրը նկատի ունեք։ 1926 թվականից Խորհրդային Հայաստանում ուսուցանվող եւ արդեն սերունդների սեփականությունը դարձած, այժմ էլ օգտագործվող ուղղագրության առթիվ շատ բացասական կարծիք ունեմ։ Երեւույթը ոչ միայն տգեղ, այլ հակագիտական հիմունքներով կյանքի կոչված անհեթեթություն լինելով` մայրենի լեզվի հանդեպ կատարված ջարդարար անարդարություն է, եւ անձամբ բոլորովին այն կարծիքին չեմ, որ դա ազգիս որեւէ օգուտ է տվել։ Սակայն, մյուս կողմից, առկա իրողության պայմաններում դրանով ստեղծված հսկայածավալ գիր ու գրականություն, մեծ արժեք ներկայացնող ուսումնական ձեռնարկ եւ երկրի խորհրդային ժամանակաշրջանում ազգի մտավոր զարգացման ծառայած՝ ինստիտուտ, համալսարան եւ ակադեմիայում մտածելու ընդունակ սքանչելի հայ սերունդներ դաստիարակելուն օժանդակած լինելու փաստերը պարզապես անհերքելի են։
Դասական ուղղագրության վերադարձի խնդիրը, ազգի առաջ կանգնած լրջագույն խնդիրներից լինելով հանդերձ, իմ կարծիքով, բնավ եւ երբեք առաջնահերթ չէ։ Ավելին, դրա իրականացումը բավականին ծախսատար՝ նվազագույնը տասնյակ միլիարդ եվրոյի առկայության եւ առնվազն մեկ սերունդի դասական ուղղագրությամբ դաստիարակման կկարոտի։ Սա նշանակում է, որ այժմ մենք նման շռայլություն թույլ տալու նյութական հնարավորությունից զուրկ ենք, ուստի համբերությամբ զինվելով` հույսով երանելի ժամանակներին պիտի սպասենք։
Այնուամենայնիվ, սփյուռքի գետտոներից Հայաստան ժամանելով` տարիներ շարունակ այս հարցն անօգուտ շահագործողներից ոմանց անպայման պետք է հիշեցնել Աստվածաշնչյան «Առաջ քո ծառը ջրիր» ճշմարտությունը։ Մոտիկից ճանաչելով նրանցից մի քանիսին` կարող եմ ձեր ընթերցողներին հավաստիացնել, որ այժմ նրանց ընտանիքներում նույնիսկ հայերեն լեզվին թեկուզ միայն բանավոր տիրապետողներ հազիվ թե գտնվեն, ու՞ր մնաց դասական հայերենով գրել իմացողները։ Եւ կարծում եմ, որ ուրիշներին խորհուրդ տվող նմաններին մեկ այլ «խորհուրդ տվող շատ է, փող տվող չկա» իմաստուն ասացվածքը հիշեցնելը բնավ ավելորդ չի լինի։ Ո՞վ իմանա, առանց մեծ չարչարանքների, նրանցից մեկը հանկարծ կարող է միլիարդներն իր գրպանից հանի եւ մեկ էլ տեսնես` ձեր հարցին լավագույնս պատասխանի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել