HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղհալածյալի կերպարը

Այսօր Հայաստանում հարյուրից ավելի մարդ այս կամ այն կերպ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այդ հետապնդումը սկսվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։

Ազատազրկվածներին եւ հետապնդվողներին չտարբերակելու համար կարելի է օգտագործել «քաղհալածյալ» տերմինը, հատկապես որ դա առավելապես բնութագրում է նաեւ այն անձանց, ովքեր հալածվում են ոչ թե քաղաքական գործունեության, այլ՝ քաղաքացիական կեցվածքի համար։

Քաղհալածյալներին կարելի է բաժանել չորս խմբի՝ ա) նախագահի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված կազմակերպությունների անդամներ, բ) ընտրությունների օրն ակտիվ դերակատարություն ունեցած մարդիկ (շտաբերի պետեր, վստահված անձինք), գ) շարքային ցուցարարներ, դ) այլ։

Սա կոշտ դասակարգում չէ։ Որոշ դեպքերում մի խմբի մեջ հայտնված մարդիկ միաժամանակ կարող են լինել նաեւ այլ խմբում։ Օրինակ՝ Պետրոս Մակեյանը։ Ձերբակալության եւ դատավարության մոտիվներին նայելիս Պետրոս Մակեյանին կարելի է դասել երկրորդ խմբում, բայց նա ներկայացնում է առաջինը, քանի որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահն է։ Շատ են համընկնումները նաեւ երկրորդ եւ երրորդ խմբերում։ Մարդիկ, ովքեր ընտրությունների օրը եղել են վստահված անձինք, ձերբակալվել եւ ամբաստանվում են որպես շարքային ցուցարարներ։ Օրինակ՝ Տիգրան Բաղդասարյանը, Արամ Բարեղամյանը, Խաչիկ Սիմոնյանը եւ ուրիշներ։

Չորրորդ՝ «այլ» խմբի հիմնական ներկայացուցիչը Գագիկ Ջհանգիրյանն է, ում հալածանքի պատճառը չի տեղավորվում մյուս երեք խմբերում։ Ջհանգիրյանի մեկուսացումը, կարելի է ասել, ավելի շատ կապ ունի հոկտեմբերի 27-ի, քան 2008-ի փետրվար-մարտյան իրադարձությունների հետ։

Այս խմբում են նաեւ ազգակցական հատկանիշով հետապնդվողները՝ Իսահակ Մալխասյան (Մյասնիկ Մալխասյանի եղբայրը), Վարդան Ջհանգիրյան (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը)։ Չորրորդ խմբում է «Պիցցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանը, ով ձերբակալվել է բացառապես Խաչատուր Սուքիասյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով։

Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մեջ համախմբված են ավելի քան քսան կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, առաջին խումբը հիմնականում համալրված է ՀՀՇ-ի, «Հանրապետություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների, «Այլընտրանք» քաղաքացիական-քաղաքական նախաձեռնության, «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչներով եւ երկրապահներով։ Բացառություն էր Արամ Կարապետյանը («Նոր ժամանակներ»)։

Այսպիսով, իշխանությունը փորձում է հասարակությանը եւ, ինչու չէ, նաեւ միջազգային կառույցներին հասկացնել, որ գործ ունենք ոչ թե համաժողովրդական շարժման հետ, այլ, այսպես կոչված, ՀՀՇ-ական ռեւանշի։ Հայոց Համազգային Շարժման հետ քաղհալածյալի ճակատագիրը կիսող կազմակերպությունները հիմնականում ՀՀՇ-ածին են։ Այդպիսին կարելի է համարել եւ «Այլընտրանք» նախաձեռնությունը, եւ «Արմատ» կենտրոնը, եւ երկրապահական միությունները։ «Հանրապետություն» կուսակցութունը, եթե հաշվի չառնենք դրա ստեղծման յուրահատուկ պայմանները, դարձյալ սերում է ՀՀՇ-ից։ ՀՀՇ-ի հետ որեւէ կապ չունենալու առումով բացառությունը «Նոր ժամանակներն» է։

Առաջին խումբը ներկայացնող գործիչներին առաջադրված մեղադրանքները, բացառությամբ մեկ-երկուսի, հիմնականում նույնն են եւ անապացուցելի։ Այս հեռանկարն աչքի առաջ ունենալով` իշխանությունները, իրենց կարծիքով, արել են քարոզչական մի հնարք, որով փորձում են ապացուցել, որ շարժման ղեկավար ուժերը, լինելով նախկին պաշտոնյաներ կամ պատգամավորներ, իբր փորձել են հեղաշրջման միջոցով տիրել իշխանությանը։ Ընտրությունը կատարված է այնպես, որ քաղհալածյալների թվում լինեն նախկին վարչապետ (խոսքն Արամ Սարգսյանի մասին է), նախկին նախարարներ (Ալեքսանդր Արզումանյան, Սմբատ Այվազյան, Սուրեն Աբրահամյան եւ ուրիշներ), նախկին քաղաքապետեր, թաղապետեր, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ազգային ժողովի գործող պատգամավորների (Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան, Հակոբ Հակոբյան եւ Խաչատուր Սուքիասյան) նկատմամբ քաղաքական հետապնդումների նպատակը ԱԺ-ում սկիզբ առած փլուզման կանխումն էր։ Չլինեին Միքայելյանը, Մալխասյանն ու Հակոբյանը ԱԺ պատգամավորներ, հավանաբար այսօր կլինեին ազատության մեջ, իսկ Խաչատուր Սուքիասյանի հետապնդումը կսահմանափակվեր տնտեսական պատժամիջոցներով։

Քաղհալածյալների երկրորդ եւ երրորդ խմբերը դասակարգելը բավական բարդ է, քանի որ, ինչպես արդեն ասացի, վստահված անձի կամ շտաբի պետի հատկանիշ ունեցողներից շատերը մեղադրվում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների, ոստիկանությանն իբր դիմադրելու եւ այլ արարքների համար։ Այստեղ եւս քիչ չեն ՀՀՇ-ի անդամներն ու երկրապահները։ Երկրորդ խմբի տիպիկ ներկայացուցիչներ են Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը, Աշոտ Զաքարյանը, ովքեր փորձել են Գյումրիում կանխել ընտրակեղծիքները։ Հարություն Ուռուտյանը՝ Մարալիկում ընտրակեղծիքները կանխելու համար։ Վարչական տույժ ստացած Սոֆյա Քալանթարյանը՝ Վանաձորում ընտրակեղծիքները կանխելու համար։ Ապօրինի զենք պահելու համար դատապարտված Հուսիկ Բաղդասարյանը՝ Մասիսում։ Նույն հոդվածով դատապարտված Հովհաննես Հարությունյանը՝ Արաբկիրում։

Ըստ էության, նույն պատճառով են հետապնդվում Կարապետ Ռուբինյանը, Արամ Մանուկյանը, Աշոտ Մանուկյանը, թեեւ հետապնդման մոտիվները կամ արդեն ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքները ոչ միշտ են վերաբերվում քվեարկության ընթացքում ծավալած գործունեությանը։

Իշխանությունները բավական բծախնդիր են եղել երրորդ խմբի (շարքային ցուցարարներ) անդամներին ընտրելիս։ Այս դեպքում եւս գերակա շահը եղել է ոչ թե, այսպես կոչված, օրինականության համար պայքարը, այլ քարոզչությունը։ Այս խմբում են Վահե Ղազարյանը (նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի որդին), Սուրեն Սիրունյանը (ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի անդամ), Սիրունյանի եղբայրը, Վանո Սիրադեղյանի վարորդ Վարդան Ղավալբաբունցը։

Տասնյակ հազարավոր ցուցարարներից այս մարդկանց առանձնացնելով եւ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ իշխանությունները նպատակ են ունեցել հասարակությանը ցույց տալ, որ տարիներ շարունակ Հայաստանից բացակայող նախկին պաշտոնյաներն իբր այս ուժերի միջոցով ազդում են իրավիճակի վրա։ Վանո Սիրադեղյանի ազդեցությունն ապացուցելու համար իրավապահ մարմիններն ավելի վաղ դիմել էին մի այլ անհեթեթ քայլի՝ ձերբակալելով եւ դատապարտելով նախկին ՆԳ նախարարի եղբորը՝ 73-ամյա Սերյոժա Սիրադեղյանին եւ քրոջ ամուսնուն՝ Յուրիկ Մամյանին՝ իբր զենք-զինամթերք պահելու համար։

Բոլոր չորս խմբերում էլ մեղադրանքներն այնքան շինծու եւ անհիմն են, որ մեղադրվող յուրաքանչյուր մարդու կարող է փոխարինել ազատության մեջ գտնվող ցանկացած մեկը։

Իրականում իշխանությունները, չզորելով մեկուսացնել շարժման բոլոր մասնակիցներին (հարյուր հազարավոր մարդկանց) կամ առաջնորդին ու գլխավոր կազմակերպչին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, փորձել են ստանալ մոզայիկ պատկեր։ Այսպես՝ միջին քաղհալածյալը հասուն տղամարդ է (40-50 տարեկան)։ Մոտ է կանգնած Ղարաբաղյան շարժմանը եւ պետության հիմքերին։ Ունի բարձրագույն կրթություն եւ ամենատարբեր մակարդակների պետական կառավարման փորձ։ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է։ Հրաժարվել է նախկինում ունեցած դիրքից եւ ապօրինի իշխանությունների հետ համագործակցելուց։ Զգում է երկրին սպառնացող վտանգն ու պատրաստ է պայքարելու հանուն ազատության, արդարության եւ իրավունքի։ Հատկանիշներ, որոնք առանձին-առանձին եւ միասին վերցրած բնութագրում են թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ թե շարժման մասնակիցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter