HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայ օլիգարխները Ֆրանսիայում

Լիանա Սայադյան, Էդիկ Բաղդասարյան

Վերջին տարիներին հայ օլիգարխները Հայաստանից սկսել են հանել իրենց կապիտալի մի զգալի մասը: Նրանցից մի քանիսին հրապուրել է Ֆրանսիան: Փարիզում հայ օլիգարխներից շատերն են գնել բնակարաններ, առանձնատներ: Փարիզում անշարժ գույք է ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը: Ամենամեծ գործարքները կատարել են Հրայր Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը

2007-ի հոկտեմբերին Հրայր Հակոբյանը 4.8 մլն եվրոյով ձեռք է բերել Շատընեյ դղյակն իր խաղողի այգիներով:

40 հեկտարանոց կալվածքը պատկանում էր Ֆրանսիայում հայտնի Գրեգուարների ընտանիքին: Կալվածքի տարածքում դղյակն է, խաղողի այգիները եւ օղեթորման գործարանը: Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում հրատարակվող «Կոնյակի երկիր» թերթը գրել է. ««Կոնյակի նոր լորդը», որը ցանկանում էր գաղտնի մնալ կալվածքի ձեռք բերման ժամանակ, գլխավորում է մի կայսրություն»: Թերթը նկատի ուներ Հայաստանում նրա ունեցած բիզնեսը:

Հրայր Հակոբյանը Հայաստանի քաղաքական գործընթացներին չի մասնակցում: Նրան իշխանությունը մի անգամ փորձեց մտցնել հեռուստատեսային շուկա: «Ա1+»-ին եթերազրկելուց հետո Հ. Հակոբյանին պատկանող «Դոլֆի» ընկերությունը փորձեց ձեռք բերել այդ հաճախականությունը, սակայն հետո գործի դրվեց այլ սցենար:

Հրայր Հակոբյանը Երեւանի Շամպայն-գինիների գործարանի սեփականատերն է: Եղբոր` Վերսանդիկ Հակոբյանի հետ «Հայկական միջազգային ավիաուղիներ»-ի, «Աստղաձոր թրավել» տուրիստական գործակալության սեփականատերն է: Այս ընտանիքը ռեստորանների ցանց ունի Երեւանում եւ Մոսկվայում: Նրանց է պատկանում ապահովագրական ընկերություն, տաքսի ծառայություն, մեծ չափերի հասնող հողատարածքներ, ծխախոտի գործարան եւ այլն (Հակոբյանների ընտանեկան բիզնեսի որոշ մասին հնարավոր է ծանոթանալ www.hhr.am կայքում):

1939 թվականին հիմնադրված Երեւանի շամպայն-գինիների կոմբինատը 1995թ. նա ձեռք է բերել շատ էժան գնով: Այսօր այդ ձեռնարկությունը Հայաստանի ամենախոշոր ալկոհոլ արտադրողներից է: Գործարանն արտադրում է գինի, օղի, կոնյակի տարբեր տեսակներ, կոկտեյլներ: Գործարանն ունի տարեկան 10 մլն շշալցման հնարավորություն: Իսկ թե այսօր իրականում որքա՞ն է արտադրվում` դժվար է ասել, քանի որ ալկոհոլային արտադրությունները Հայաստանում մեծամասամբ ստվերում են:

Շատընեյ դղյակը համարվում է Կոնյակ քաղաքի գոհարներից մեկը: Շաղանտ գետի ափին գտնվող Շատընեյ դղյակը շրջապատված է քառասուն հեկտար հողատարածքով, որից քսանմեկ հեկտարը՝ խաղողի այգիներ: Դա միակ խաղողի այգին է Կոնյակում: Դղյակի հարեւանությամբ օղեթորման գործարանն է, որը վերամշակում է կալվածքի բերքը:


Այս տարվա ամռանը Ֆրանսիսյում «Խավիարի կայսր» անունը ստացած Արմեն Պետրոսյանը, միանալով Հրայր Հակոբյանին, պատմական այդ տարածքում խավիարի արտադրություն սկսելու եւ բարձրակարգ ռեստորան բացելու բիզնես ծրագիր են ներկայացրել: Ծրագրի էությունը Հակոբյանին պատկանող կալվածքում թառափի բուծարան հիմնելն է եւ Սիբերիայի թառափի խավիար արտադրելը: Ապա եւ` կոնյակի եւ խավիարի շուրջ էկո-տուրիզմի մի ամբողջ հայեցակարգ զարգացնելը: Սակայն, կա մի մեծ խնդիր. ֆրանսիական օրենքների համաձայն` պատմական հուշահամալիրի այդ տարածքում նման մեծ չափի շինարարություն իրականացնելը եւ ձկնարդյունաբերական սարքավորումներ տեղադրելը ագելվում է: Շատընեյ կալվածքը գտնվում է մի վայրում, որը կապված է Ֆրանսուա Առաջինի այգու խմելու ջրի ստորգետնյա խողովակացանցի հետ: Խավիարի արքա Արմեն Պետրոսյանը փորձում է այս հարցերը լուծել, եւ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ապագա կունենա կոնյակաբնակների քննադատությանն արժանացած այս նախաձեռնությունը:

Հակոբյանի կողմից կալվածքը ձեռք բերելուց հետո այս տարի առաջին անգամ կատարվել է կոնյակի շշալցում «Jule Caminade and Co» ապրանքանիշի տակ: Այն դղյակի ավանդական ապրանքանիշն է եղել: Հ. Հակոբյանը որոշել է նաեւ կոնյակ արտադրել սեփական ապրանքանիշով:

Ֆրանսիական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե «հայերը Կոնյակում ներդրումներ են անում կեղծ կոնյակի իրենց բիզնեսը քողարկելու համար»:

Ֆրանսիայում ներդրումներ կատարած մյուս օլիգարխը ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է: Նա գնել է Ժաղնակ քաղաքի «Hine» շշալցման գործարանը եւ առքուվաճառքի համաձայնագիր է կնքել կոնյակագործ Ժորժ Ռուլեի հետ:

«Գրեյթ Վելլի» կոնյակի գործարանի սեփականատեր Արզաքանցյանի նկատմամբ անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայի կազինոներից մեկում մահափորձ կատարվեց: Այս դեպքից հետո Ֆրանսիայում սկսել են զգուշանալ հայ գործարարից.

«... Տիգրան Արզաքանցյանի ներդրումները կոնյակի արտադրության մեջ մտահոգում եւ անհանգստացնում են կոնյակի պրոֆեսիոնալներին, դրանք նաեւ զգաստացնում են իշխանություններին, որոնք մտադիր են հետեւել նրա գործունեությանը Կոնյակում»,- գրում է «Կոնյակի երկիր» թերթը:

Անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայում մահափորձից հետո ԱԺ-ի նիստերին Տ. Արզաքանցյանը չի մասնակցում, սակայն դա նրան չի խանգարում Ֆրանսիայում իր բիզնեսը հզորացնել:

Լուսանկարները` Ֆիլ Մեսելեի, Մահիդ Բուզիի, «Կոնյակի երկիր» թերթ

Առաջին լուսանկարում ձախից` Հրայր Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter