HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վերադառնու՞մ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը

Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում «ընտրել տալու» նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնության ենթատեքստում որոշ տեսաբաններ նկատեցին Ռոբերտ Քոչարյանին պետական իշխանության լծակներին վերադարձնելու միտում։ Իբրեւ այդ խնդրի լավագույն լուծում՝ մատնացույց է արվում վարչապետի պաշտոնում նրա նշանակումը։

Եվ իբրեւ վերջնական նպատակ՝ ներկայացվում էր Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան չափազանց պինդ տանդեմը եւ իշխանության վերջնական մոնոլիտացումն ու կարծրացումը։ 


Ռոբերտ Քոչարյանի վերջին ճեպազրույցի ընթացքում հնչած այն դիրքորոշումը, թե ինքը դեռեւս ցանկություն չունի վերադառնալու եւ նման ցանկության ի հայտ գալուց հետո այդ մասին առաջինն ինքը կհայտարարի, իրականում ոչինչ չէր ասում։ Խնդիրն այն է, որ Քոչարյանը ոչ թե պետական կառավարման համակարգից վերջնականապես հեռանալու կամ հեռացած լինելու մասին խոսեց, այլ ավելի շատ հասկացրեց, որ եթե նման ցանկություն ունենա, իրեն որեւէ մեկը չի կարող խանգարել, այսինքն` դեռ վաղ է խոսել ասպարեզից նրա հեռացման մասին։ Ու՞մ էր ուղղված այս ակնարկը։

Դրանից ընդամենը օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին ակտիվացած խոսակցությունները շրջանառության մեջ են դրվում հենց Քոչարյանի թիմի կողմից, որի նպատակը իշխանության եւ հատկապես նոմենկլատուրայի շրջանում հակասական տրամադրությունները խորացնելն է, այդպիսով մշտապես Սերժ Սարգսյանին կառավարելիության որոշակի մակարդակում պահելը։ Այլ կերպ ասած՝ Քոչարյանը ցանկանում է Սերժ Սարգսյանին պահել այն մշտական վախի մթնոլորտում, թե ցանկության դեպքում հեշտությամբ կարող է նրա ոտքերի տակից քաշել գորգը։ Եթե ուշադրություն ենք դարձնում իր վերադարձի մասին առկա խոսակցությունների մասին Քոչարյանի արձագանքին, ապա այն լիովին տեղավորվում է Տեր-Պետրոսյանի առաջ քաշած վարկածի շրջանակներում։

Այսինքն` այն, որ Ռոբերտ Քոչարյանը նման ցանկություն իսկապես ունի, կարծես թե դառնում է իրատեսական։ Ավելին, այն կարող է դառնալ քաղաքական չափազանց կարեւոր, առանցքային գործոն, որը իրադարձությունների համապատասխան զարգացումների դեպքում կարող է հանգեցնել նաեւ ներիշխանական ճգնաժամային իրավիճակների կամ իշխանական կոալիցիայի ֆորմատի փոփոխության։

Սակայն խնդիրն այն է, թե որքանո՞վ է այդ պլանի կենսագործումն իրատեսական, եւ որքանով է Սերժ Սարգսյանը շահագրգռված դրանում։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները երբեք չեն կարող վատանալ այնքան, որ վերաճեն միջանձնային կոնֆլիկտի։ Որովհետեւ երկուսի համար էլ դա կարող է կործանարար լինել, եւ նրանք հրաշալի հասկանում են դա։ Այսինքն` երկուսն էլ երբեք քաղաքական գործընթացները չեն հասցնի այնպիսի մի կրիտիկական կետի, որից հետ վերադառնալն ուղղակի անհնար կլինի։

Այսուհանդերձ, այդ սահմանի շրջանակներում երկուսն էլ փորձում են էականորեն ամրապնդել իրենց դիրքերը։ Սերժ Սարգսյանին դա անհրաժեշտ է իշխանության միասնականությունն ապահովելու, վարչական, տնտեսական եւ ուժային լծակներն իր ձեռքում ամրապնդելու համար, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ նախ ունեցած տնտեսական որոշակի արտոնությունները պահպանելու, ապահովագրելու, իսկ իշխանության վերադառնալու ցանկության դեպքում՝ նաեւ որոշակի նախնական ստարտային ռեսուրսներ պահպանելու համար։ Դա չի նշանակում, թե Ռ. Քոչարյանը վախենում է, որ Սերժ Սարգսյանը կփորձի նրան զրկել տնտեսական այդ արտոնություններից։ Որովհետեւ դա նշանակելու է անցնել վերը նշված կրիտիկական կետը՝ դրանից բխող բոլոր կործանարար հետեւանքներով։

Միաժամանակ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Քոչարյանն իր հերթին չի ցանկանա փոխել խաղի կանոնները եւ վերադառնալու խնդիրը լուծել իր քաղաքական, վարչական ու տնտեսական ռեսուրսները փոշիացնելու կամ յուրացնելու հաշվին։ Դա եւս կդիտվի իբրեւ այդ սահմանն անցնելուն ուղղված կոնկրետ քայլ։ Այսինքն` այդ սահմանների շրջանակներում երկուսն էլ մանեւրելու, յուրատեսակ խաղ կազմակերպելու հնարավորություններ ունեն, ինչից էլ փորձում են օգտվել։ Առավելեւս, որ երկուսի համար էլ դա ինչ-որ տեղ անհրաժեշտություն է՝ իրենց համար վստահելիներին անվստահելիներից զանազանելու, իրենց իշխանությունը բյուրեղացնելու համար։

Եթե ուշադրություն դարձնենք, այս զույգի միջեւ առկա հակասությունների մասին լուրերը տարածվել են նաեւ Ռ. Քոչարյանի նախագահության ողջ շրջանում։ Ավելին, հենց այդ խոսակցությունների ակտիվանալուց հետո, տարօրինակ զուգադիպությամբ, տեղի էին ունենում ամենաաղմկահարույց կադրային փոփոխությունները, որոնցից, թերեւս, ամենաառանցքայինը Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունն էր։ Այսինքն` այս խոսակցություններն ակնհայտորեն արհեստածին էին, որոնց միջոցով թե Ռ. Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը կարողանում էին պարզել՝ ո՞վ է իրենց ավելի հավատարիմ, ովքե՞ր են շուտ տրվում այլ «գայթակղությունների» եւ, ընդհանրապես, որքանո՞վ է ամուր իրենց սատարող մարդկային ռեսուրսը։

Չի բացառվում, որ Քոչարյանի վերադարձի մասին ներկայիս խոսակցությունները եւս որոշակիորեն արհեստական բնույթ ունեն հենց վերոնշյալ նկատառումների շրջանակներում։ Սակայն տարբերությունն այն է, որ այս երկու առանցքային խաղացողներից մեկը հիմա իշխանության մեջ չէ։ Իսկ նա, ով իշխանության մեջ չէ, թիմի համար ավելի քիչ նախընտրելի է, եւ դա չի կարող հաշվի չառնել Ռ. Քոչարյանը իր հաշվարկները կատարելիս։

Նրա հիմնական խաղաքարտը այս դեպքում, որքան էլ տարօրինակ լինի, մնում է ընդդիմությունը։ Որքան վերջինս ուժեղ է, այնքան Սերժ Սարգսյանի դիրքերը թույլ են, եւ երկրում քաղաքական կայունությունը պահպանելու իմաստով Սերժ Սարգսյանը մշտապես կախվածության մեջ է լինելու Քոչարյանից, ով իր կենտրոնաձիգ կառավարման մոտեցումներով, կայացրած որոշումներից երբեք ետ չկանգնելու, կոմպրոմիսների չգնալու աշխատելաոճով միշտ օդում կախված է թողնելու այն հարցը, թե այս երկուսից ո՞վ իշխանության ամբողջականությունը պահպանելու ավելի մեծ կարողություն ունի։

Այս հանգամանքը չի կարող չկոմպլեքսավորել Սերժ Սարգսյանին, ով այս խնդիրը փորձում է լուծել բոլորովին հակառակ կառավարման մեթոդներ առաջարկելով։ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելը, նախարարներին կառավարության նիստերի ընթացքում վարչապետի բարոյախրատական ելույթները լսել պարտադրելը դրա առաջին արտահայտություններն էին։

Իսկ ԱԺ-ում խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում հնչեցրած գաղափարներով ու մոտեցումներով նա ուղղակի փորձեց բացահայտ ասել, որ ի հակադրություն Քոչարյանի իշխանության ռեժիմի՝ ինքը փորձում է որդեգրել բաց, հրապարակային աշխատելաոճ։

Այն, որ սա ոչ թե իրականում կառավարման մեթոդների որակական փոփոխություն է, այլ պարզապես Քոչարյանին հակադրվելու փորձ, ցույց է տալիս այն իրողությունը, որ քաղաքական խնդիրները լուծելու եւ հատկապես կադրային քաղաքականության ոլորտներում Սերժ Սարգսյանը բացարձակապես չի առաջնորդվում հրապարակային գործունեության մասին իր իսկ հռչակած գաղափարներով։

Մասնավորապես, այդպես էլ չբացատրվեց, թե ինչու՞ էր անհրաժեշտ ԱԺ-ի հեղինակությունը բարձրացնելու համար Տիգրան Թորոսյանի հրաժարականը եւ նրան Հովիկ Աբրահամյանով փոխարինելը, ինչու՞ է առանց որեւէ խելքը գլխին բացատրության հրաժարական տալիս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ինչու՞ են օրենսդրորեն անկախ կարգավիճակ ունեցող Վերահսկիչ պալատի հրապարակած խախտումների, պետական միջոցների փոշիացման մասին փաստերն ու տեղեկությունները նորից ստուգվում ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության կողմից: Արդյո՞ք վերջինս ավելի բարձր կարգավիճակ կարող է ունենալ, քան ՎՊ-ն, ինչու՞ հայտնաբերված խախտումների արդյունքում որեւէ պաշտոնյա, օրինակ` ՀՀ Սյունիքի մարզպետը կամ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարներից որեւէ մեկը, պատասխանատվության չի ենթարկվում եւ այլն։

Այս «անբացատրելի» երեւույթները, սակայն, մյուս կողմից գալիս են փաստելու, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական խնդիրները փորձում է լուծել կուլիսային մակարդակով՝ հրապարակային հայտարարությունները թողնելով հասարակական-քաղաքական իրավիճակի կայունության ապահովմանը, հասարակական գիտակցության մեջ իր լեգիտիմության հիմնահարցի չեզոքացմանը։

Իսկ ի՞նչ խնդիր է ուզում լուծել նախագահը։ Ըստ էության, նա երկու հիմնական նպատակ է հետապնդում. ստեղծել սեփական քաղաքական թիմ, հենարան, եւ երկրորդ՝ ունենալ այնպիսի վարչական ապարատ, որը կդառնա իր իշխանության իրական հենարանը։ Առաջինի առումով ամենահիմնական խնդիրներից մեկը՝ ԱԺ-ն իր համար միանշանակ ընդունելի եւ իր կողմից աներկբայորեն վերահսկելի անձի ղեկավարմանը հանձնելը, նա լուծեց։ Դրան զուգահեռ նա ակտիվ կադրային փոփոխություններ է կատարում նաեւ այնպիսի ոլորտներում՝ դատական, հարկային, մաքսային, որոնք նախորդ նախագահի ձեռքում առանցքային լծակներ էին։

Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին այսպիսի աղմկալի ձեւով պաշտոնանկ անելը դրա ամենավառ արտահայտություններից էր։ Սերժ Սարգսյանը փորձում է հերթով ազատվել այնպիսի առանցքային կադրերից, որոնք իրենց կարիերայի աճով, ձեռք բերած կշռով պարտական են առաջին հերթին հենց Ռ. Քոչարյանին, այլ խոսքով՝ համարվում են նրա կադրերը։ Այս համատեքստում պետք է ընկալել նաեւ Վերահսկիչ պալատի կողմից Քաղաքաշինության նախարարությունն առանձնահատուկ ուշադրությամբ փորփրելը։

Չպետք է մոռանալ, որ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հենց Ռ. Քոչարյանի նախաձեռնությամբ ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է եւ չափազանց մտերիմ հարաբերությունների մեջ է այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Արդյո՞ք այստեղ չի կարելի տեսնել Իշխան Զաքարյանի ձեռքերով կրակից շագանակներ հանելու միտում։ Ամեն դեպքում դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանի կողմից Քոչարյանի վերադարձին մատների արանքով նայելու դեպքում այս զարգացումները տեղի կունենային։

Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ուղղակի պարզորոշ հասկացնել է տալիս իր հիմնական «դաշնակցին»՝ Ռոբերտ Քոչարյանին, որ վերջինս փորձի բավարարվել միայն այնքանով, ինչ ունի եւ ձեռնպահ մնա ավելի մասշտաբային գործողությունների անցնելուց։

Բացի դրանից, կա նաեւ մի շատ կարեւոր հանգամանք՝ արտաքին աշխարհի գործոնը։ Փաստ է, որ Սերժ Սարգսյանը կտրուկ փոխել է Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորները եւ այնպիսի տակտիկա է որդեգրել, որը երբեք չէր կարող արժանանալ Ռ. Քոչարյանի հավանությանը։

Ստեղծված իրավիճակի նրբությունն ու առանձնահատկությունն այն է, որ Սերժ Սարգսյանի ձեռնարկած հատկապես արեւմտյան ուղղվածության քաղաքականությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար ավելի նախընտրելի է, քան այն, ինչի ազդակները վերջիններս ստանում էին Ռ. Քոչարյանից։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը սահմանափակել է նաեւ այս գործոնը խաղարկելու` նախկին նախագահի հնարավորությունները, եւ միակ գոտին, որտեղ պայքարը կարող է ավելի սուր ու սկզբունքային բնույթ ստանալ, մնում է Ռուսաստանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter