ԱՄՆ դեսպանության աշխատակիցները հիշատակի տուրք են մատուցում Սասնաշենում ընկած ինքնաթիռի զոհերին
Այսօր ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն և ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, Սասնաշենի համայնքապետ Անդրանիկ Շամոյանի և Սասնաշենի բնակիչների հետ միասին մասնակցեցին հայկական հողում ընկած C-130 ինքնաթիռի օդաչուների հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառումն անցկացվեց զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ, որը գտնվում է վթարի վայրին հարող բարձունքի վրա:
Միջոցառմանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից ելույթով հանդես եկավ գեներալ-լեյտենանտ Զամզոուն` շնորհակալություն հայտնելով Սասնաշենի բնակիչներին զոհված օդաչուների հիշատակը հարգելու և վառ պահելու համար: «Ես անչափ զգացված էի` իմանալով, որ Սասնաշենի բնակիչները դեռ հիշում են այդ դեպքը և 1958թ. ի վեր ամեն տարի հիշատակի տուրք են մատուցում այդ օրը զոհված օդաչուներին… Այն, թե դուք ինչպես եք կազմակերպում այս հիշատակի միջոցառումը, ինչպես եք պահպանում այս հուշարձանը, փաստում է, թե ինչքան ամուր է ձեր համայնքը», - ասաց գեներալ-լեյտենանտ Զամզոուն: Նա նաև նշեց, որ զինվորական ծառայության վաղ տարիներին ինքն էլ վարել C-130 ինքնաթիռ և իր սեփական փորձով գիտի, թե ինչ մեծ ռիսկի են գնում օդաչուները:
Միջոցառման ընթացքում ամերիկյան կողմին հանձնվեցին վթարի վայրում հայտնաբերված անձնական իրեր: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էին Սասնաշենի բազմաթիվ բնակիչներ: Դպրոցականները հուշարձանի մոտ եկան հայկական ու ամերիկյան դրոշներով: Իսկ մի տարեց կին հիշում էր. «Պայթյունի ձայն լսվեց մեր տնից ոչ հեռու, ու մենք վազեցինք դուրս` տեսնելու թե ինչ եղավ»:
Ըստ տեղացիների պատմածի` օդաչուները վերջին պահին հասցրել են փոխել ինքնաթիռի ընթացքի ուղղությունը, որպեսզի ընկնելիս այն վնաս չտա համայնքի քաղաքացիական բնակչությանը: «Այս վերջին խիզախումը, - ասաց գեներալ-լեյտենանտ Զամզոուն, - օդաչուների ներքին մղումն էր, և ի վերջո դա այն էր, ինչը տվյալ պարագայում ճիշտ քայլ էր»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել