HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հադրության խճանկար

Վալյան երեք տարի առաջ Մոսկվայից եկավ Հադրութ: Նա Մոսկվայում սիրահարվել էր հայազգի Վովային եւ նրա հետ եկել բնակություն հաստատելու Հադրութում. «Սկզբից դժվար էր: Ոչ մեկս էլ աշխատանք չունեինք: Բայց կարեւորը, որ Հադրութն ինձ շատ էր դուր եկել»: 

Վալյան խմորեղեն էր թխում եւ առաջարկում տարբեր խանութների, բանջարանոցում էր աշխատում` օգնում էր Վովային: Աստիճանաբար ամեն ինչ սկսեց կարգավորվել: Վալյան հիշում է, որ սկզբնական շրջանում իրեն այնքան էլ գրկաբաց չընդունեցին, միայն Վովայի հոր` Ռուբենի հետ էր «լեզու գտել»:


«Գիտես` որտեղով անցնում էի, բոլորն ասում էին՝ էդ էն ռուսն ա: Սկզբից մի քիչ նեղվում էի, բայց հասկացա, որ ես այդ հասարակությունում դեռ օտար եմ: Խմորեղեն էի պատրաստում ու հարևանների դուռը թակում, սկզբից զարմանում էին, շփոթվում, ապա ներս հրավիրում»,- պատմում է Վալյան:  Հետո Վալյային էին հրավիրում թեյ խմելու:

Տիկին Ալվարդը` Վալյայի հարեւանը, ասում է. «Սկզբից, ճիշտ է, մտածում էի՝ տեսնես էս ոնց մեր Վովայի գլուխը տարավ, հետո հասկացա, որ Վովան է նրա «գլուխը տարել», քանի որ ինքը կորցնելու ավելի շատ բան ուներ: Ես Վալյային սիրեցի: Երբ ձմեռային մի օր արթնացա և տեսա, թե ինչպես է Վալյան` այդ նուրբ, բարակ աղջիկը, Ռուբենի ռեզինե սապոգները հագած` աղբյուրից ջուր կրում, հասկացա, որ նա մեզ հետ յոլա կգնա»,- ասում է տիկին Ալվարդը:

Ամենադժվարը ամուսնու մոր՝ տիկին Ռիմայի հետ հարաբերությունները հարթելն էր: «Տիկին Ռիման ժամանակին ուսուցիչ էր, եւ նրա մեջ այդ խստությունը դեռ պահպանվում էր: Չէր հավանում, թե ինչպես եմ հատակը մաքրում, ճաշ պատրաստում»,- հիշում է Վալյան:

Բայց շուտով տիկին Ռիման դիրքերը զիջեց. «Ես միշտ Վովային հայ աղջկա հետ էի պատկերացնում, նույնիսկ թեկնածու հարսնացուների մի ցուցակ կար գլխումս, բայց… հասկացա, որ պիտի համակերպվեմ, եթե չեմ ուզում, որ տղաս իրերը հավաքի ու նրա հետ մեկնի Ռուսաստան»,- պատմում է տիկին Ռիման:

Վալյան համակերպվել էր իր առօրյային, սակայն նաեւ հոգնել այդ առօրյայից: Մի օր որոշեց վերադառնալ Մոսկվա՝ հայրենի տուն: 

«Հրաժեշտի պահն էր ամենասարսափելին, բոլոր հարևանները հավաքվել էին, նույնիսկ տիկին Ռիման էր լացում»,- ասում է Վալյան:

Վովան ճանապարհեց նրան. «Ես  չէի կարող նրա հետ մեկնել, քանի որ ծնողներիս թողնելը ինձ համար անպատկերացնելի մի բան էր, չգիտեմ, բայց շատ հանգիստ էի, չէի մտածում, որ Վալյային կորցնում եմ, մտածում էի, որ վերադառնալու է»,-հիշում է Վովան:

«Մոսկվայում մի տեսակ մոլորված էի: Զարմանալի էր: Շատ էի հիշում իմ ամեն ապրած պահը, բայց ոչ այն պատճառով, որ դրանք անկրկնելի էին, այլ ներքին մի կապ էր ստեղծվել: Միշտ հիշում էի, թե ինչպես էի կանգնում մեր պատշգամբում ու նայում դեպի լեռները, այդ պահերին ինձ այնքան ազատ էի զգում, կարծես դրախտում լինեի: Երեւի Հադրութը այն տեղն էր, որտեղ ես իմ նախորդ կյանքում ապրում էի: Այն վեց ամիսները, որ ես Մոսկվայում էի, ինձ ամեն ինչ օտար էր: Որոշեցի վերադառնալ»,- ասում է Վալյան: Վալյան վերադարձավ եւ չի զղջում` չնայած ոմանք նրան դրանից հետո «կիժ» (գիժ) կնքեցին:

Կիեւում ապրող Արտակը, ի տարբերություն Վալյայի, չի պատրաստվում Հադրութ վերադառնալ: Նա Կիեւ մեկնեց չորս տարի առաջ, երբ մայրը ծանր հիվանդ էր եւ փող էր պետք նրան բուժելու համար: Մեկ տարի էր անցել, երբ մայրը` տիկին Մարալը, մահացավ: Արտակն այնքան փող չէր խնայել, որ գար ու մորը հրաժեշտ տար:

Միայն երկու տարի անց վերադարձավ տուն: Նրան նույնիսկ աշխատանքով ապահովեցին` էլեկտրիկ էր, բայց միայն երեք ամիս, քանի որ որոշեց վերադառնալ Կիեւ: Քույրը` Մարիամը, հիշում է. «Խնդրում էի, որ չգնա, որ մեզ չթողնի: Մենք վեց երեխա էինք, եղբայրս` Արսենը, զոհվեց պատերազմի ժամանակ, ես արդեն մեկին կորցրել էի, ինձ թվում էր, որ նրան էլ եմ կորցնում»: 

Սակայն Արտակը խոստացավ, որ ամեն ամառ գալու է Հադրութ` քրոջը եւ եղբայրներին տեսնելու ու կարոտը առնելու նպատակով: Երբ զանգեցի նրան եւ հարցրեցի` արդյոք միտքը չի փոխել, պատասխանեց. «Շուշան ջան, ինձ համար Հադրութը ճահիճ է: Վերադառնալ մի տեղ, որտեղ կյանքեր են խորտակվում, ինչպես մորս կյանքը, անիմաստ է»: Իսկ մայրը` տիկին Մարալը, ամուսնու մահից հետո երեխաներին պահելու համար աշխատում էր զինվորական մասի լվացքատանը, որտեղ էլ հիվանդացավ թոքախտով:

Արտակի նման է մտածում նաեւ Արմենը: Նա Հադրութի բնակիչների ամենասիրելիներից է: Միշտ բոլոր մրցումներից առաջին տեղի պատվոգրով էր վերադառնում: Արմենը մեկնեց Մոսկվա սովորելու եւ մնաց այնտեղ: Ծնողները շատ էին անհանգստանում, քանի որ իրենց միակ զավակն էր: Մայրը` տիկին Արեւը, պատմում է. «Ստիպված էի խաբել, որ հիվանդ եմ եւ ուզում եմ նրան տեսնել: Սուտը անընդունելի է, բայց օգնեց: Նա վերադարձավ»: Արդեն մեկ տարի է Արմենը Հադրութում է: Հայրը խանութ է բացել, մեքենա է գնել, որպեսզի որդին զբաղմունք ունենա և գլխից հանի Մոսկվա գնալու ցանկությունը, բայց ապարդյուն:
«Ես երիտասարդ եմ, իսկ այստեղ երիտասարդների մասին ով է մտածում: Այստեղ երիտասարդը մեկ պարտականություն ունի` աղջիկ ուզի, տուն բերի: Ոչ մի այլընտրանք չկա: Օդն այստեղ ինձ չի հերիքում: Ես վանդակի մեջ եմ»,-ասում է Արմենը: Տիկին Արեւը չգիտի, թե ինչ անի այս անգամ, որպեսզի որդին չմեկնի Մոսկվա. «Ես շատ եմ նրա մասին մտածում: Օրը մի հայ են սպանում Ռուսաստանում, բա ոնց չմտածեմ: Երևի, իրոք, պիտի մեռնեմ, որ հորը մենակ չթողնի, ու ինքն էլ մնա այստեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter