HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հեռանկարներ հայ-թուրքական հարաբերություններում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) հոկտեմբերի 1-ին կազմակերպվել էր սեմինար-քննարկում «Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը» թեմայով:

Քննարկմանը հրավիրված էին հայաստանյան հետազոտական եւ վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ստամբուլի Բիլգի եւ Ֆաթիհ համալսարանների միջազգային հարաբերությունների ֆալուլտետի դասախոսներ եւ ուսանողներ:

Քննարկմանը հրավիրված էին հայաստանյան հետազոտական եւ վերլուծական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ստամբուլի Բիլգի եւ Ֆաթիհ համալսարանների միջազգային հարաբերությունների ֆալուլտետի դասախոսներ եւ ուսանողներ:


Քննարկմանը ելույթով հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Ստամբուլի Ֆաթիհ համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի փոխդեկան Շամմաս Սալուրը եւ Modus Vivendi հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Մինչ այդ, սակայն, ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանը ներկայացրեց Հայաստանում իրենց կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցման հնարավորության վերաբերյալ:

Ըստ այդ արդյունքների` հարցմանը մասնակցած մարդկանց 24%-ը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցումը հնարավոր է, 33%-ի կարծիքով հնարավոր չէ, իսկ 43%-ը կասկածում է նման գործընթացի հնարավորությանը: Ընդ որում, հարցվածների 76 %-ը հավանություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի որդեգրած քաղաքականությանը, այն է` հաշտեցում առանց նախապայմանների` միաժամանակ չհրաժարվելով Ցեղասպանության ճանաչումից, իսկ 11%-ն ընդհանրապես դեմ է որեւէ հարաբերության:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ԶԼՄ-ների ունեցած դերի վերաբերյալ զեկույցով: Ըստ բանախոսի` ԶԼՄ-ները կարող են լուրջ ազդեցություն ունենալ գործընթացների վրա` հարաբերությունների կարգավորման գործում ունենալով բացասական կամ դրական դեր: Նրանք կարող են իրենց հրապարակումներով վնասել հաշտեցման գործընթացին` մարդկանց մեջ ատելություն սերմանելով միմյանց հանդեպ, կամ հակառակը` այդ գործընթացի մաս կազմել` դրական մթնոլորտ ստեղծելով կողմերի միջեւ:

Հ.Դեմոյանը օրինակներ բերեց սեփական փորձից, թե ինչպես են լրագրողներն իր խոսքը կտրել համատեքստից, գիտակցված ապատեղեկատվություն տարածել, ակադեմիական տեքստը վերածել լրագրողականի` ամբողջությամբ խեղաթյուրելով այն, լրագրողի տված երկիմաստ հարցը վերագրել իրեն որպես պատասխան:

Ստամբուլի Ֆաթիհ համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի փոխդեկան Շամմաս Սալուրը խոսեց Թուրքիայի արդի պատմագրության փոփոխությունների մասին: Ըստ Շ. Սալուրի` Թուրքիայի Հանրապետության պատմագրության վրա մեծ ազդեցություն են ունեցել տարբեր ժամանակներում գերակայող գաղափարախոսությունները: Պատմագրության մեջ, օրինակ, թուրքական արդի պետությունը կապվում է հին քաղաքակրթությունների հետ` դրանք նույնականացնելով էթնիկ, մշակութային, տարածքային առումներով: Թուրքական պատմության մեջ հաճախ հանդիպում է այն պնդումը, որ թուրքերը ոչ թե քոչվոր են, այլ բնիկ ժողովուրդ, հին քաղաքակրթությունների ժառանգորդները: Պատմագրության վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ, այսպես կոչված, թուրք-իսլամական սինթեզի դպրոցը, որը դեմ էր Արեւմտյան քաղաքակրթության հետ Թուրքիայի նույնականացմանը եւ շեշտը դնում էր իսլամական գործոնի վրա:

Շ. Սալուրը նշեց, որ ներկայումս Թուրքիայում պատմագրությունն ավելի ազատ է, քանի որ «իմացության արտադրության դինամիկան տրանսֆորմացիայի մեջ է ազատականացման, Եվրամիությանն անդամակցության գործընթացի, քաղաքացիական հասարակության ձեւավորման, գլոբալիզացիայի եւ տեղեկատվության մատչելիության շնորհիվ»:

Modus Vivendi հասարակագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հանդես եկավ «Հայ-թուրքական հարաբերությունների չպարզաբանված էջերը. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դե յուրե սահմանը` որոշված ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի կողմից» թեմայով զեկույցով: Ա. Պապյանը մանրամասն ներկայացրեց ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի ընդունած իրավարար վճիռը, որով որոշվում էր հայ-թուրքական սահմանը` ամրագրելով Հայաստանի իրավունքը ունենալ ելք դեպի ծով եւ նախատեսելով հայ-թուրքական սահմանի ապառազմականացում: Այս վճռով ճանաչվում էին Հայաստանի Հանրապետության իրավունքները նախկին Օսմանյան կայսրության Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն նահանգների նկատմամբ:

Ըստ բանախոսի` վճիռը պարտադիր է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Սեւրի պայմանագիրը ստորագրած բոլոր 16 պետությունների եւ նրանց իրավահաջորդների համար: «Այն պարտադիր է նաեւ ԱՄՆ-ի համար ոչ միայն այն պատճառով, որ ստորագրել է, այլ նաեւ այն պատճառով, որ դրա վրա դրվել է ԱՄՆ պետական կնիքը, որով այն դարձել է ԱՄՆ ներքին Սահմանադրության մաս»,- նշում է Ա. Պապյանը: Հետեւաբար, Թուրքիայի ներկայությունը «վիլսոնյան Հայաստանի» վրա անօրինական է: Ա.Պապյանը, ընդունելով հանդերձ, որ միայն միջազգային իրավունքը ի վիճակի չի լինելու լուծել հայ-թուրքական հակադրությունը, այնուամենայնիվ, գտնում է, որ «միջազգային իրավունքն է այն արդար ուղին, որ կարող է հանգեցնել հարցի լուծմանը»:

Ելույթներին հաջորդած քննարկման ժամանակ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՔՄՀՀԿ) ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանն արդարացիորեն նկատեց, որ թեեւ քննարկման թեման հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարն էր, հեռանկարի մասին գրեթե ոչինչ չասվեց: Շամմաս Սալուրը եւս հայտնեց, թե ակնկալում էր սահմանի բացման հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ ու քննարկումներ: Հեռանկարների մասին, այնուամենայնիվ, խոսվեց:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կամ հարաբերությունների բացակայությունը լրիվ նորմալ է պատմական ծանր բեռի առկայության պայմաններում: Ա. Աղայանը հիշեցրեց այն փաստը, որ հայ-թուրքական սահմանը փակ է եւ դիվանագիտական հարաբերություններ կողմերի մեջ չկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

Ա. Աղայանը, սակայն, առանձնացրեց եւս մի կարեւոր հանգամանք. «Թուրքիայի ցանկությունն է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները, որովհետեւ թուրքական կառավարությունը շատ լավ գիտի այս խնդրի մասին»: Բանախոսը նշեց, որ Ցեղասպանության հարցը այնպիսի ձեւակերպմամբ` եղել է այն, թե ոչ, հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ թուրք հասարակության ներքին խնդիրը:

Ըստ Ա. Աղայանի` «սահմանի բացումը տնտեսական օգուտ կբերի միայն, այն էլ` կասկածելի, որովհետեւ հասկանալի չէ, թե շուկաների թափանցման դեպքում ով ավելի շատ կշահի»: «Սակայն երբ սահմանի բացումը կապվում է Ադրբեջանի հետ եւ անվտանգության տեսանկյունից վտանգներ է պարունակում, ենթադրում է զիջումներ, օրինակ` Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, հարց է առաջանում` արդյո՞ք դա այդքան կարեւոր է Հայաստանի համար»: Վերջում Ա. Աղայանն ավելացրեց, որ հայ-թուրքական հարաբերություններում Արեւմտյան Հայաստանի հարցը շարունակելու է մնալ որպես գերխնդիր:

Հանդիպման վերջում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանը չի կարող իրեն անվտանգ զգալ, երբ երկրի տնտեսության 90%-ը գտնվում է «ռուսական սապոգի» տակ: «Այսօր Հայաստանը պետք է հասկանա, որ իր անվտանգության հիմնական երաշխիքը հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter