HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

ԴիջիԹեք 2008

Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտին լրատվամիջոցներն անդրադառնում են միայն առիթից առիթ, եւ այս առումով ամենամյա ցուցահանդեսը, ի թիվս այլ բաների, նաեւ միջոց է պարբերաբար հասարակության ուշադրությունը այդ ոլորտի եւ դրա խնդիրների վրա հրավիրելու համար։

Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում տեղի ունեցավ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների «ԴիջիԹեք 2008» ցուցահանդեսը, որով Հայաստանում սկսվեց տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միամսյակը։ Սա թվով չորրորդ ցուցահանդեսն է, եւ կազմակերպիչների՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հավաստմամբ՝ միամսյակի կարեւորագույն իրադարձությունը։ Ինչպես եւ նախորդ տարիներին, ցուցահանդեսը ուղեկցվեց տարբեր միջոցառումներով. «Բիզնես լուծումներ» եւ «Էլեկտրոնային կառավարում» թեմաներով ֆորումներ, ինչպես նաեւ` սեմինարների շարք, որը թույլ է տալիս մասնակից ընկերություններին ավելի լավ ներկայանալ այցելուներին։ Նմանատիպ միջոցառումներն ունեն նաեւ որոշակի կրթական նշանակություն, քանի որ այցելուներին ծանոթացնում են ՏՀՏ-ի ոլորտի նորություններին եւ գլոբալ տեղաշարժերին։


Ինչպես ցուցահանդեսի բացման նախօրյակին կազմակերպված ասուլիսում նշեց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, այժմ այս ոլորտում գործող կազմակերպությունների թիվը 120 է, անցած մեկ տարում աշխատուժն աճել է 15 տոկոսով, իսկ անմիջապես ոլորտում զբաղված մասնագետների քանակը՝ հասել մոտ 6000-ի։ Խոսվեց նաեւ այն մասին, թե ինչ նպատակների է ծառայում ցուցահանդեսը. ա) հանրությունը կարողանում է ծանոթանալ Հայաստանի ՏՀՏ-ի ընկերությունների նվաճումներին, պատկերացում կազմել ՏՀՏ-ի ոլորտի ընդհանուր պատկերի մասին, բ) օտարերկրյա ներդրողներն այստեղ են ծանոթանում տեղական իրադրությանը եւ ներդրումներ կատարելու հնարավորություններին։ Մի շարք միջոցառումներ նախատեսված են հատկապես երիտասարդության համար, որպեսզի օգնեն նրանց մասնագիտական կողմնորոշմանը, Հայաստանի ընկերությունների գործունեությանը ծանոթանալուն։

«ԴիջիԹեք 2008»-ի տնօրեն Արմեն Բարսեղյանին խնդրեցի պատմել այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունների մասին։ Ըստ նրա՝ այս տարի եւս շոշափելի առաջընթաց է նկատվում թե քանակական, թե որակական իմաստով։ Մասնակցում են մոտ 50 ընկերություններ։ Աճել է ներկայացվող արտադրանքի եւ ծառայությունների քանակը եւ որակը։ Հիմա ընկերությունները ցուցահանդես են բերում լուրջ հետազոտական աշխատանքի վրա հիմնված եւ/կամ կիրառության որոշակի փորձ ունեցող արտադրանք։

Նա անհրաժեշտ համարեց ընդգծել, որ կայունացել է մասնակիցների կազմը, որ նախորդ տարվա մասնակիցների մոտ 80%-ը այս տարի եւս ներկա է։ Թեեւ` որոշ կազմակերպություններ հրաժարվել են մասնակցությունից տարածքի անհարմարության պատճառով։ Ըստ ցուցահանդեսի տնօրենի՝ ցուցադրության սեփական տարածքի բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Կառավարությունը խոստացել է ցուցահանդեսի շենքի կառուցման համար տարածք հատկացնել (եւ իրենք էլ փնտրում են հնարավոր ներդրողներ), բայց առայժմ գործը տեղից չի շարժվում։ Թեեւ` իշխանությունների ուշադրության պակասից չեն բողոքում. կառավարությունը եկող տարի 50%-ով կավելացնի ֆինանսական օժանդակությունը «ԴիջիԹեք»-ին։

Որպես այս ցուցահանդեսի առանձնահատկություն՝ նշվեց օժանդակությունը նորաստեղծ ընկերություններին, որոնց համար դա կդառնա շուկա մտնելու լուրջ խթան։

Երկրորդ առանձնահատկությունը ցուցահանդեսի շրջանակի ընդլայնումն է տարածաշրջանի այլ երկրների ընկերություններ ներգրավելու միջոցով։ Այս տարի մասնակիցների թվում են երկու ռուսական ընկերություններ՝ «Softline» եւ «Մոսկովսկի տելեպորտ», որոնցից առաջինը նաեւ իր մասնաճյուղն է բացել Հայաստանում:

Մի խումբ առաջատար ընկերություններ («Նեշնլ ինսթրումենթս», «Սինոփսիս Արմենիա», «Մայքրոսոֆթ ԱրԷյ» եւ այլն) ցուցահանդեսում ներկայանում են ավելի ընդարձակ տաղավարներով եւ ցուցադրվող արտադրանքի բազմազանությամբ։

Անցյալ տարի մանրամասն պատմել էի այսպես կոչված վիրտուալ գործիքների ոլորտում համաշխարհային առաջատար «Նեշնլ ինսթրումենթսի» հայաստանյան մասնաճյուղի մասին։ Հայաստանում ակնառու հաջողության հասած ընկերություններից է «Սինոփսիս Արմենիան»։ Ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարի տեղական ստորաբաժանումը Հայաստանի ամենամեծ ՏՏ ընկերությունն է (մոտ 400 աշխատակից)։ Ընկերությունը կարողացել է հետազոտական եւ նախագծման աշխատանքը զուգակցել լայնածավալ կրթական գործունեության հետ։ Տեղական համալսարանների հետ (առավել սերտորեն՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի) համագործակցությունը թույլ է տալիս սեփական կարիքների համար պատրաստել բարձրորակ աշխատակիցներ։

Ընդամենը երկու տարվա պատմություն ունի եւ ցուցահանդեսի նորեկներից է «Արմենիան դեյթաքոմ քամփնի» (ADC) հայ-նորվեգական համատեղ ընկերությունը։ Նրա գործունեության ոլորտներից են տվյալների հաղորդումը (data communication) եւ լայնաշերտ ինտերնետը (թարգմանությունն իրենցն է՝ broadband Internet). «Ընկերությունը ստեղծել է 21-րդ դարի հեռահաղորդակցությունների ցանց, որը ծածկում է Երեւան քաղաքն ու իր արվարձաններն ամբողջությամբ եւ հասարակությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ լայն տարածքային ցանցային լուծումներ ու Ինտերնետ հասանելիության ծառայություններ»:

Ժամանակը ցույց կտա, թե Հայաստանում որքանով են պահանջված այս ծառայությունները, բայց նման ընկերության ի հայտ գալն արդեն խոսում է որոշ միտումների, մասնավորապես՝ այսպես կոչված «թվանշային էլիտայի» ուրվագծման մասին։ Ներկա աշխարհը անվանելով «Ինտերնետի գալակտիկա» (Մարշալ ՄաքԼուհանի «Գուտեմբերգի գալակտիկա» արտահայտության նմանությամբ)՝ Մանուել Կաստելսը նկարագրում է մեր օրերում ձեւավորվող «թվանշային անհավասարությունների» նոր տեսակները. «Որքան ավելի ճկուն են դառնում ծառայությունների առաքման տեխնոլոգիաները, այնքան ավելի շատանում են գնի վրա հիմնված տարբերակումները, որոնք ընդլայնում են Ինտերնետի հարուցած անհավասարությունների շրջանակը»։

Ավելի համեստ էին այն տաղավարները, որոնք ինձ հետաքրքրում էին առաջին հերթին՝ էլեկտրոնային կառավարում, ՏՏ-ի կրթական կիրառությունները.… Եւ այստեղ դրսեւորվում է տեղեկատվական հասարակության մասին քննարկումներում հաճախ ընդգծվող խնդիրը՝ երբեմն տեղեկատվայնացումը շատ ավելի մեծ չափով վերաբերում է բիզնեսին, քան հասարակությանը, սոցիալական նպատակների համար նախատեսված ծառայություններին։ Նախորդ ցուցահանդեսին մասնակցած Արտաքին գործերի եւ Տարածքայի կառավարման նախարարությունների փոխարեն այս տարի էլեկտրոնային կառավարման ոլորտում ձեռքբերումները ներկայացնում էին Երեւանի քաղաքապետարանը եւ «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի (հիմնադիր՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն) «Էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության» համակարգը։ Այսպիսի ծառայությունների դեպքում առկա է նաեւ կիրառությունների հաջողությունը գնահատելու դժվարությունը։

Այս տարի ավելի քիչ էր մասնակից համալսարանների թիվը։ Բացակա էին, օրինակ, Երեւանի պետական համալսարանը (որն անցյալ տարի ցուցադրում էր համալսարանում մշակված դպրոցական էլեկտրոնային դասագրքերի նմուշներ), Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան։ Բայց առանձին տաղավարով նորից ներկայացել էր Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը»՝ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդելով իր գործունեության նպատակների ու տեսակների, «Կրթական համալիր էջ» պորտալի (www.armedu.am), Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի մասին։

Ինչպե՞ս գնահատել ցուցահանդեսի օգտակարությունը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հիշել նաեւ կազմակերպիչների մյուս աշխատանքների մասին։ ԻՏՁՄ-ն շարունակում է օժանդակել հայաստանյան ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել միջազգային ցուցահանդեսների, օրինակ` գերմանական CeBIT-ին։ Հիշատակենք ամռանը կազմակերպության իրականացրած «Տեղեկատվական տեխնոլոգիաները առօրյա բիզնեսում» ֆորումը (հունիսի 26-27)։ Այս միջոցառման նպատակն էր՝ նպաստել Հայաստանում մատչելի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների՝ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվելուն, ծանոթացնել ամենատարբեր ասպարեզներում աշխատող գործարարներին ՏՏ-ի հնարավորություններին՝ օժանդակելով տնտեսության արդիականացմանը, բիզնեսի կառավարման մեջ նոր տեխնոլոգիական լուծումներ գտնելուն, տարբեր գործընթացների ավտոմատացմանը եւ այլն։

Կազմակերպությունը փորձում է նաեւ հասնել օրենսդրական փոփոխությունների, ինչը կնպաստի ՏՏ-ի արտահանման արդյունաբերությանն անմիջապես առնչվող իշխանության տարբեր օղակների գործունեության թափանցիկությանը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է մաքսային ծառայություններին, այդ գերատեսչության աշխատանքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter