HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկայացած ամնիստիա

Սերժ Սարգսյանի տարեկան ուղերձից առաջ շատերը գրեթե համոզված էին, որ երկրի առաջին դեմքը ամնիստիա է հայտարարելու եւ ներում է շնորհելու քաղաքական բանտարկյալներին։ Ես, որ առանձնապես հոռետես չեմ, պնդում էի, թե նման բան լինել չի կարող։ Համոզմունքս հիմնված էր ոչ կռահումների, ոչ էլ գուշակության վրա, այլ՝ պարզ հաշվարկի։

Սերժ Սարգսյանը չէր կարող ներում շնորհել արդեն շուրջ կես տարի բանտերում գտնվող քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին, որովհետեւ նրանք սպասում են ոչ թե ներման, այլ՝ արդար դատավարության։ Սա ամրապնդվեց դատախազի նախկին տեղակալ, քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, որը հնչեց հոկտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ. «Ես համաներման հետ կապված մի անգամ ասել եմ. համաներումը ինձ ու իմ պայքարի ընկերներին պետք չէ։ Իրենց է պետք, թող հայտարարեն։ Ով հանցագործ է, նրանց է պետք»։ Կանխատեսելի արձագանքը ամնիստիա չհայտարարելու պատճառներից մեկն էր, բայց ոչ գլխավորը։ 


Ենթադրելի ամնիստիան ենթադրաբար ընդունող քաղբանտարկյալները բանտից դուրս գալով ոչ թե տուն էին գնալու, այլ Հյուսիսային պողոտա՝ այդպիսով կտրուկ զորացնելով չդադարող պայքարի ոգին։ Ամնիստիայով իշխանությունները կորցնելու էին այդ մարդկանց ու մարտի 1-ի իրադարձությունների հիպոթետիկ կապը, եւ հետագայում հարկ եղած դեպքում շատ դժվար պիտի լիներ նրանց կրկին մեկուսացնելը՝ առանց նոր «մարտի 1» հրահրելու։ Սա էլ մյուս պատճառն էր, բայց ոչ գլխավորը։

Ենթադրելի ամնիստիան կփոխեր Հայ ազգային կոնգրեսի մարտավարության օրակարգը՝ առաջին հորիզոնական բերելով մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների պատասխանատվության հարցը։ Եթե ներում են ստանում այն մարդիկ, ովքեր մինչ այդ կասկածվում էին կազմակերպիչ լինելու համար, դրանից հետո հասարակության ուշադրությունն ավելի կսեւեռվեր իրական իշխանական պատասխանատուների վրա։ Սա էլ երրորդ պատճառն էր։

Չորրորդն արդեն գլխավորն էր։ Մի ուղերձով, մի քանի վայրկյանում արդարացնելով համաժողովրդական շարժման գործիչներին ու ակտիվիստներին՝ Սերժ Սարգսյանն անտանելի ծանր վիճակի մեջ կդներ այն մարդկանց, ովքեր սեփական արժանապատվության հաշվին արդեն վեց ամիս ճգնում են ապացուցել անապացուցելին, ովքեր օրենքին ու (միգուցե) սեփական խղճին դեմ գնալով` սուտ ցուցմունքներ ու վկայություններ են տալիս, ովքեր թխում են կեղծ քրեական գործեր, ովքեր այդ գործերի հիման վրա օրենքներին հակասող, կամայական վճիռներ են կայացնում, ովքեր ուժ գործադրելով` ճնշում են բողոքի ցանկացած դրսեւորում, ովքեր Հյուսիսային պողոտայում ձեռք են բարձրացնում կանանց ու երիտասարդ աղջիկների վրա, ովքեր հանձնաժողովի նիստերում խեղկատակություն են անում։

Այս մարդիկ, որոնց թիվը քառանիշ կամ գուցե ավելի է, ամնիստիայի ավետիսը լսելով՝ չէին ասելու. «Տեսե՜ք, ինչ բարի ու ներող նախագահ ունենք», այլ հոգեպես ընկճվելու էին՝ զգալով սեփական արարքների անիմաստությունը։ Ամիսների նրանց «տքնաջան» աշխատանքը ջուրն էր ընկնելու, եւ այդ մարդկանց շատ դժվար էր լինելու հետո համոզել, որ պետք է կեղծ ցուցմունքներ տալ, գործեր թխել, անօրինական վճիռներ կայացնել, կանանց ու աղջիկներին ծեծել եւ այլն։

Միակ իրական հենարանը, որ ունի Սերժ Սարգսյանը, ուժային ռեսուրսն է։ Կորցնել ուժային ռեսուրսը, կնշանակի կորցնել իշխանությունը։ Եւ դրա համար նրանք, ովքեր կարծում էին, թե լարվածությունը թուլացնելու նպատակով երկրի առաջին դեմքը ներում կշնորհի հակառակորդներին, մեղմ ասած, չէին պատկերացնում, որ լարվածության թուլացումն ուժով ստեղծված եւ ուժի վրա պահվող իշխանության վերջը կլինի։

Նույնկերպ շատերը կարծում էին, որ Երեւանի համայնքներում իշխանությունը թույլ կտա անցկացնել ազատ ու արդար ընտրություններ՝ իբր լարվածությունը թուլացնելու համար։ Այդպես չեղավ, որովհետեւ Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատի հույսը հասարակության հուսալքությունն է։

Հասարակությանը հուսալքելու համար արտասանվեց նաեւ տարեկան ուղերձը, որի ամպագոռգոռ ու իրականամերժ ձեւակերպումներն ամբողջության մեջ մեկ նպատակ ունեին՝ հույս տալ բոլոր նրանց, ովքեր անարգել խախտում են օրենքը՝ ամեն ժամ հուսալքելով հասարակությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter