
Էլ ո՞վ է պահպանելու վայրի բնությունը
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի մուտքի մոտ` Գառնի գյուղի մոտակայքում, կառուցվում է տեղեկատվական կենտրոն, որը նախատեսված է արգելոցում զբոսաշրջային այցեր կազմակերպելու համար:
Այդ կենտրոնը կառուցվում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի ֆինանսավորմամբ: Շինության արտաքին պատերը շատ նման են Գառնու ձորում սյունաձեւ բազալտե քարերի շերտերին, որոնք անցած տարի տարբեր պաշտոնյաների պատվերով անխնա ջարդվում էին` շինարարությունում օգտագործելու համար:
Այդ քարերից էին անցած տարի, ըստ մամուլի հրապարակումների, Արտաշատում կառուցվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի սեփական «Սուրբ Հովհաննես» եկեղեցին եւ առանձնատան պատերը: Այդ սյուներով Գառնիում իր առանձնատունն է կառուցել նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ( Տես հոդվածները՝ «Քարե սիմֆոնիան» հատվում է պաշտոնյաների հովանավորությամբ, Գառնի. «Քարե սիմֆոնիա»): «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հավաստիացրեց, որ կառուցվող կենտրոնի պատերն ուրիշ քարերով են կառուցվում: Սակայն, մեզ հետ զրուցած շինարարներից մեկը նշեց, որ կենտրոնի պատերի քարերը բերվել են հենց Գառնու ձորից, թեպետ վստահ չէր` դրանք նո՞ր են ջարդվել, թե՞ ջարդվածներն են օգտագործվել: Կ. Մանվելյանը հայտնեց, որ մտադրություն ունի երկու պահակ վարձել «Բազալտե երգեհոնի» տարածքը հսկելու համար: Սակայն փաստն այն է, որ կառուցվող տեղեկատվական կենտրոնի պատերն այդ նույն երգեհոնի շերտերից են: Մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի բնության հուշարձանների ցանկը: Երկրաբանական հուշարձանների ցանկում ներառվեց նաեւ Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն»-ը: Սակայն այսօր էլ Գառնու ձոր այցելողները կարող են տեսնել տեղ-տեղ կուտակված «Բազալտե երգեհոնի» հատվածներ:
Մեկնաբանել