HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Չդիվերսիֆիկացված էներգետիկ անվտանգություն

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ արդեն հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազ մատակարարել Հայաստանին, իսկ դրա դիմաց Հայաստանը էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին:

Ինչպես հայտարարել է Գազի իրանական ազգային ընկերության տնօրեն Ռասուլ Սալմանին, Իրանը նախատեսում է առաջին շրջանում տարեկան 1.1 մլրդ խմ կապույտ վառելիք մղել, սակայն արդեն 2009-ին այդ ծավալը կհասնի 2.3 մլրդ խմ-ի: Հայտնի է նաեւ, որ Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի 3.3 մլրդ կվտ/ժ:


Իրան-Հայաստան գազամուղի բացման պաշտոնական արարողությունը կայացավ 2007 թ. մարտի 19-ին, երբ Հայաստանի եւ Իրանի նախագահները հայ-իրանական սահմանին գտնվող Ագարակ գյուղում հանդիսավոր պայմաններում ազդարարեցին գազամուղի հայկական հատվածի բացթողումը:

Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կնքվել է դեռեւս 1992 թ.: 1995 թ. կրկին միջկառավարական համաձայնագրով որոշվել է գազամուղի երթուղին: Գազամուղի կառուցման վերջնական պայմանագիրը կնքվեց 2004-ի մայիսին: Գազամուղի երկարությունը 141 կմ է, որից 41 կմ-ը անցնում է Հայաստանով, 100 կմ-ը` Իրանով: Ընդհանուր արժեքը կազմել է 210-220 մլն դոլար, որից Իրանի ներդրումը 120 մլն դոլար է, Հայաստանինը` 90 մլն դոլար: Իրանը գազամուղի հայկական հատվածի կառուցման համար տրամադրել է 30 մլն դոլար վարկ, որը փոխհատուցվելու է կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման տեսքով: Ի դեպ, գազամուղը տալիս է նաեւ թուրքմենական գազ (որը շատ ավելի էժան է իրանականից) ներմուծելու հնարավորություն:

Գազամուղի բացման եւ շահագործման գործընթացը, սակայն, ձգձգվեց եւ տեղի ունեցավ նախապես սահմանված ժամկետներից ուշ: Ի սկզբանե գազամուղի տրամաչափը նախատեսվում էր 1400 մմ` տարեկան 30 մլրդ խմ բացթողնման հնարավորությամբ: Ենթադրվում էր Իրան-Հայաստան երթուղին հետագայում շարունակել մինչեւ Վրաստան, Սեւ ծով, Ուկրաինա, այնուհետեւ Եվրամիության երկրներ` շատ նման Գազպրոմի «Երկնագույն հոսանք» ծրագրին: 2001 թ. Եվրամիությունը նույնիսկ իր համաձայնությունը տվեց Իրան-Հայաստան գազամուղն ընդգրկել INOGATE (Եվրոպա նավթի եւ գազի արտահանման) ծրագրում:

Նման հավակնոտ ծրագրի իրականացման հնարավորության պայմաններում գազամուղը համարվում էր նաեւ այլընտրանք Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ծրագրերին: Հատկապես, որ ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրը չի կարող համեմատվել գազի իրանական պաշարների հետ:

Սակայն, ինչպես պնդում են վերլուծաբանները, Ռուսաստանի ճնշման տակ գազամուղն, ի վերջո, ունեցավ 710 մմ` կրկնակի պակաս տրամաչափ: Վերլուծաբանները գտնում են, որ Ռուսաստանն ընդհանրապես համաձայնեց գազամուղի կառուցմանը այս պայմանով, ինչպես նաեւ` պայմանով, որ այն հետագայում անցնելու է Ռուսաստանի վերահսկողության տակ: Այսպիսով, Հայաստանը համաձայնեց գազամուղի հայկական հատվածը հանձնել «Գազպրոմին» «Հայռուսգազարդ» ընկերության միջոցով: Ներկայումս գազամուղը միացված է «Հայռուսգազարդ» ընկերության գազաբաշխման համակարգին:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման եւ բաշխման գործում: Ընկերության հիմնական բաժնետերը «Գազպրոմ» ԲԲԸ-ն է` 57.59%-ով, Հայաստանի Էներգետիկայի նախարարությանը պատկանում է բաժնետոմսերի 34.7%-ը, «Իտերային»` 7.71%-ը: Ընդ որում, «Գազպրոմը» նախատեսում է մինչեւ 2009 թ. ավելացնել իր բաժնեմասը «Հայռուսգազարդում»` այն հասցնելով 80%-ի:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքագետ Սեւակ Սարուխանյանի կարծիքով` ռուսական գործոնի դերը հայ-իրանական գազամուղի հարցում չափազանցվում է: Ըստ նրա` գազամուղի տրամաչափի հարցը Հայաստանում օգտագործվեց հակառուսական քարոզչության եւ սպեկուլյացիայի համար: «Եթե նպատակ ունենք Եվրամիություն գազ արտահանող տարանցիկ երկիր դառնալ, պետք է ավելի մեծ գազատարներ կառուցենք, եւ ոչ մեկ հատ, այլ երեք-չորս` 1400 մմ-անոց, եւ հասնենք տարեկան 15-20 մլրդ խմ գազ արտահանելու հզորության»,- գտնում է Ս. Սարուխանյանը:

Քաղաքագետը նշում է, որ գազատարը Եվրոպա հասցնելու հնարավորություն հիմա էլ կա, քանի որ ստեղծված է այն հիմնական մակակառույցը, որի հիման վրա կարելի է ավելի խոշոր գազատար կառուցել: Սակայն դրա համար, ըստ Ս. Սարուխանյանի, այսօր կան շատ ավելի լուրջ խոչընդոտներ:

«Նախ` Եվրամիությունը, որը ենթադրաբար պետք է դառնա իրանական գազի հիմնական սպառողը, չի շտապում Իրանի հետ գազի գնման հարցի շուրջ գալ համաձայնության: Այնուհետեւ դժվար է պատկերացնել գազատարի` Վրաստանի տարածքով տարանցման հնարավորությունը իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության պայմաններում: Եվ վերջապես, կա Եվրոպա իրանական գազ արտահանելու այլընտրանքային հնարավորություն` Թուրքիայի տարածքը. Թավրիզ-Էրզրում գազատարը տարեկան շուրջ 20 մլրդ խմ գազ արտահանելու հնարավորություն ունի»,- նշում է քաղաքագետը:

Արդեն իսկ այսօր Իրանը Թուրքիա է արտահանում տարեկան 6.2 մլրդ խմ գազ: Այնուամենայնիվ, օգոստոսի կեսերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Անկարա, հավանաբար ԱՄՆ ճնշման շնորհիվ, այդպես էլ չհանգեցրեց սպասվող պայմանագրի ստորագրմանը, որը թույլ պիտի տար իրանական բնական գազը հասցնել Եվրոպա, ինչպես նաեւ` փոխադրել թուրքմենական գազը Իրանի եւ Թուրքիայի տարածքով:

Հարկ է նշել, սակայն, որ վրաց-ռուսական պատերազմից հետո կրկին ակտիվացան դեպի Եվրոպա գազի արտահանման այլընտրանքային ուղիների մշակման ծրագրերը: Դրանցից մեկը, ինչպես հայտնի է, Նաբուկո ծրագիրն է:

Նաբուկոյի կառուցման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել 2002 թ. եվրոպական հինգ ընկերությունների միջեւ (Ավստրիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա): 2008-ի փետրվարին նրանց է միացել եւս մեկ ընկերություն (Գերմանիա): Բուն Նաբուկոն պետք է սկսվի Թուրքիայից` էրզրումից` Բուլղարիայով, Ռումինիայով եւ Հունգարիայով հասնելով ավստրիական Բաումգարդեն ան դեր Մարչ` ձգվելով 3.300 կմ երկարությամբ: Ավստրիայից խողովակով գազը կհասնի եվրոպական մյուս երկրներ: Էրզրումում այն կարող է միանալ Թավրիզ-Էրզրում եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղերին: Վերջինս Նաբուկոն պիտի կապի ծրագրվող Տրանսկասպյան գազամուղին (Կասպիցի հատակով Թուրքմենստանից Ադրբեջան): Նաբուկոն նախատեսվում է շահագործման հանձնել մինչեւ 2013թ.:

Ծրագրի իրականացմանն աջակցում են Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները: Վերջինս, ճիշտ է, ուղղակիորեն չի օգտվելու խողովակաշարից, այնուամենայնիվ, շահագրգռված է Ռուսաստանը շրջանցող եւս մի ծրագրի իրականացմամբ:

2006 թ. «Գազպրոմն» առաջ քաշեց Նաբուկոյի այլընտրանքային ծրագիր` «Երկնագույն հոսանքի» երկրորդ հատվածը, որը Սեւ ծովի հատակով պիտի հասներ Թուրքիա` ձգվելով Բուլղարիա, Սերբիա, Խորվաթիա եւ արեւմտյան Հունգարիա: 2007-ին առաջ քաշվեց «Հարավային հոսանք» ծրագիրը, որը Բուլղարիայով, Սերբիայով եւ Հունգարիայով պիտի հասնի Ավստրիա: Հենց սա էլ հանդիսանում է Նաբուկոյի մրցակից խողովակաշարը:

Նաբուկոն չի՞ շրջանցի Հայաստանը

Սակայն Նաբուկոյի ծրագրի իրականացումը ձգձգվում է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Նախ` ծրագրի ծախսերն ի սկզբանե հաշվարկված 7 մլրդ դոլարից հասել են 12 մլրդ դոլարի:

Այնուհետեւ, սեպտեմբերի սկզբին Բաքու այցելած ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին այդպես էլ չհաջողվեց համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Կասպիցից Ռուսաստանը շրջանցող գազամուղի կառուցման հարցում: Ինչպես նշում է ռուսական «գգգգգգգգգգ» -ը` հղում կատարելով Ալիեւի աշխատակազմի մի պաշտոնյայի, Ադրբեջանի նախագահը Բաքվում Չեյնիին հայտնել է, որ ինքը չի ցանկանում բարկացնել Ռուսաստանին վերջինիս կողմից հարեւան Վրաստան ներխուժման պայմաններում:

Ադրբեջանի հարցում կա եւս մի խնդիր. իրենք` ադրբեջանցիներն են խոստովանել, որ միայն իրենց պաշարները չեն բավարարի գազամուղի լիարժեք գործունեության համար, ուստի առաջանում է լրացուցիչ աղբյուրներ գտնելու խնդիրը: Որպես նման պետություն կարող է հանդես գալ Թուրքմենստանը (հենց դրա համար էլ նախատեսվում է խողովակի անցկացում Կասպիցի հատակով Թուրքմենստանից Ադրբեջան), սակայն հարց է` արդյո՞ք Թուրքմենստանը կհամաձայնի մասնակցել ծրագրին. Աշխաբադն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի գազ արտահանել Ռուսաստան եւ Չինաստան:

Մյուս խնդիրը առաջացավ արդեն վրաց-ռուսական պատերազմից հետո: «Ռուս-վրացական հակամարտությունը երկյուղ է առաջացնում, որ Կասպիցի տարածաշրջանի նավթ եւ գազ արդյունահանողները, այդ թվում նաեւ Ադրբեջանը, կարող են մեջքով շրջվել Վրաստանից` որպես Արեւմուտք արտահանելու հարմար երթուղուց»,- գրում է «Turkish Daily News»-ը եւ մեջբերում էներգետիկ վերլուծաբան Ռեչդեթ Փամիրի խոսքերը. «Ճիշտ է, Մոսկվան չհարվածեց գոյություն ունեցող էներգետիկ ծրագրերին, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին Թբիլիսիի հետ պատերազմում, սակայն «միջազգային ներդրողները հիմա 30 անգամ կմտածեն նախքան Վրաստանին տարանցիկ երկիր հաշվառելը ադրբեջանական գազը Նաբուկո գազամուղով ուղարկելիս»:

Մի պահ մամուլում հայտնվեց այն վարկածը, որ Նաբուկոն կարող է անցնել Հայաստանի տարածքով, եւ որ այդ մասին պայմանավորվածություն կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այս վարկածը միանգամայն տեղավորվում էր վրացական իրադարձությունների եւ հայ-թուրքական հարաբերություններում ակնկալվող հաշտեցման համատեքստում: Սակայն ադրբեջանական քաղաքական գործիչները շտապեցին հերքել այն` հայտարարելով, որ քանի դեռ հայերը չեն ազատել «Ադրբեջանի օկուպացրած տարածքները», նման համագործակցության մասին խոսք լինել չի կարող:

Նաբուկո ծրագրում ընդգրկվելու մյուս թեկնածուն Իրանն է: Իրանի մասնակցությունը ծրագրին թույլ կտա լուծել միաժամանակ երկու խնդիր` տարանցման (ինչպես նշեցինք, արդեն իսկ գործում է Թավրիզ-Էրզրում խողովակաշարը) եւ մատակարարման (ի տարբերություն Ադրբեջանի` Իրանը, որը գազի պաշարներով աշխարհում երկրորդն է, կարող է ապահովել գազի անհրաժեշտ քանակության հոսքը խողովակաշարով):

Այստեղ, սակայն, կրկին առաջ է գալիս ամերիկյան գործոնը: Սակայն Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցները, որոնք անմիջականորեն իրենց վրա զգում են ռուսական մատակարարումներից կախվածությունը եւ դրանից ծագող բոլոր խնդիրները, այս անգամ կարծես հակված են անտեսել Վաշինգտոնի շահերը. սա հատկապես հավանական է տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության պայմաններում:

Այսպես` նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Հունգարիան, որը 2009 թ. հունվարի 26-27-ը պատրաստվում է Բուդապեշտում հյուրընկալել Նաբուկոյի գագաթնաժողովը` ծրագրի մասնակից վեց պետությունների, հնարավոր մատակարար եւ տարանցիկ երկրների, ԵՄ եւ ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդ որում, նախաձեռնության մեջ ներգրավվել են բոլորը` կառավարությունը, խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նաեւ` Նաբուկոյի հունգարական բաժնետեր MOL ընկերությունը:

MOL ընկերության տնօրեն Ժոլթ Հերնադին Վիեննայում սեպտեմբերի վերջին մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Նաբուկոն իրականություն կդառնա, եթե նրանում ներգրավվի Իրանը: Հիշեցնելով, որ գլխավոր խնդիրը գազի աղբյուրն է, Հերնադին նշել է. «Դատարկ գազամուղը չափազանց թանկ էգ Նաբուկոն արագորեն կֆինանսավորվի եւ կկառուցվի, եթե գազի մատակարարման աղբյուրները հստակ որոշված լինենգ Միգուցե մեզ եւս մի շոկ է հարկավոր, ինչպիսին 2006-ի հունվարինն էր (նկատի ունի ռուս-ուկրաինական գազային ճգնաժամը), հասկանալու համար, թե ինչ ռիսկի առաջ ենք կանգնած»:

«...Հաշվի առնելով Իրանի ներուժը` գործելու որպես հակակշիռ «Գազպրոմին» եվրոպական եւ եվրասիական գազի առեւտրում, Հերդանիի զգուշավոր փաստարկը պարարտ հող է ստեղծում եվրոպական քննարկումների համար, ինչը երկար ժամանակ զսպվում էր ԱՄՆ գործոնով»,- գրում է «Eurasia Daily Monitor»-ը: Նշելով, որ դիվերսիֆիկացիայի միջոցով եվրոպական էներգետիկ անվտանգությանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հակասության մեջ է մտնում Իրանին պատժելու` նույն Միացյալ Նահանգների քաղաքականության հետ, հոդվածագիրը կանխատեսում է, որ «Վաշինգտոնում ադմինիստրացիայի փոփոխությունը հավանաբար կվերաձեւի էներգետիկ անվտանգության շուրջ քննարկումների պայմանները` այդ թվում իրանական նավթի եւ գազի արտահանման խնդիրը»:

Արդյո՞ք Եվրոպան վճռականություն կցուցաբերի եւ որոշում կկայացնի օգտվել իրանական գազի պաշարների հնարավորությունից, ցույց կտա ժամանակը: Հայաստանն այն երջանիկ երկրներից է, որը հնարավորություն ունի ուղղակիորեն ներմուծել իրանական գազը: Ընդ որում` իրեն ձեռնտու պայմաններով Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն ունի այնքան, որ 2009-ից այն վաճառելու է նաեւ Թուրքիային:

Սակայն այն պայմաններում, երբ գազամուղի հայկական հատվածը վերահսկվում է Մոսկվայի կողմից, խոսել, որ գազամուղը դիվերսիֆիկացնում է էներգետիկ մատակարարումները եւ էական գործոն է Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, առնվազն միամիտ է հնչում: Հայաստանը շարունակելու է կախված լինել Մոսկվայից` անկախ նրանից, թե որտեղից է հոսում կապույտ վառելիքը` հյուսիսի՞ց, թե՞ հարավից:

Փոխարենը դեպի Հայաստան եկող իրանական գազի մատակարարումները լրացուցիչ լծակ են տալիս Ռուսաստանին վրաց-ռուսական հերթական ճգնաժամի դեպքում փակել Հարավային Կովկաս մտնող խողովակը` առանց վնասելու ռազմավարական գործընկերոջը: Տուրք տալով իր գործընկերոջ «հորդորներին»` Հայաստանը ոչ միայն բաց թողեց տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, այլեւ չկարողացավ նույնիսկ իրական այլընտրանք ստեղծել ռուսական մատակարարումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter