HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկիրը ջերմոցի վերածելը Հայաստանի ռազմավարական շահերից չի բխում

Հատվածներ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսական գիտությունների դոկտոր, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի հոկտեմբերի 9-ին «Կովկասի լրագրողների ցանցում»  վրացի, ադրբեջանցի եւ հայ լրագրողների հետ ունեցած օնլայն հարցազրույցից:

Նինոծմինդայի հանրային ռադիո (Վրաստան) - Օգոստոսյան իրադարձություններից հետո առանձնապես բարդ իրավիճակում հայտնվեցին Սամցխե-Ջավախեթիի հայերը, որոնց հարազատների 90%-ը գտնվում է Ռուսաստանում։ Նշանակալի տնտեսական վնաս հասցվեց Հայաստանին։ Ձեր` հայ քաղաքական գործչի կարծիքով, առաջիկայում հնարավո՞ր են ինչ-որ հարաբերություններ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ։


Հ.Բ.
- Այո, կարծում եմ` հնարավոր են։ Որպես հայ քաղաքական գործիչ` ես, բնականաբար, պետք է աշխատեմ այնպես անել, որ ռուս-վրացական հարաբերությունները բարելավվեն։ Իհարկե, ինձանից ոչինչ կախված չէ, բայց Վրաստանի եւ Ռուսաստանի վատ հարաբերություններից Հայաստանը, հայ պետականության բնականոն գործունեությունը միայն տուժում է։ Ահա մի շատ հետաքիքիր օրինակ։ Խորհրդատվություն ստանալու նպատակով ինձ դիմեցին մի խումբ հայ գինեգործներ։ Բնականաբար, խոսակցության ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստան վրացական գինու արտահանման դադարեցումը հայ գինեգործներին կարող է հնարավորություն տալ կոնյակի հետ միասին Ռուսաստան արտահանել նաեւ գինի։ Հարց առաջացավ այն առաքողների ծառայություններից օգտվելու մասին, որոնք զբաղվել են Ռուսաստանում վրացական գինու վաճառքով։ Եւ պատկերացրեք, ոչ մի գինեգործ չցանկացավ դիմել այդ առաքողների օգնությանը։ Բացատրությունը պարզ է՝ մեր վրացի բարեկամները վաղ թե ուշ կվերադառնան ռուսական շուկա։

«Զերկալո» թերթ (Ադրբեջան) - Այսօր Հարավային Կովկասի էներգետիկ քաղաքականության կախվածությունը Ռուսաստանի վարած քաղաքականությունից փոքր չէ, իսկ այն, կարելի է ասել, աչքի է ընկնում անկանխատեսելիությամբ։ Ինչպե՞ս անդրադարձավ Հայաստանի էներգետիկ ապահովվածության վրա Ռուսաստանի հետ հաղորդակցական կապի ժամանակավոր դադարեցումը։

Հ.Բ. - Բնականաբար, վատ։ Բայց, մեծ հաշվով, եթե վերցնենք, օրինակ, վերջին քսան տարին, Հայաստանը կարողանում է գոյատեւել։ Պատահական չէ, որ Հայաստանն ունի ՀՆԱ-ի միավորի արտադրության էներգատարողության ամենացածր ցուցանիշը։ Ավելին, դա միակ ցուցանիշն է, որով մենք կարող ենք համեմատվել արեւմտաեվրոպական երկրների հետ։ Մի խոսքով, վատ է, բայց անելանելի չէ։

Ադրբեջանի լրագրողների պաշտպանության «ՌՈՒՀ» կոմիտե (Ադրբեջան)
- Հայաստանի նոր էներգետիկ նախագծերի լույսի ներքո Դուք հավատո՞ւմ եք նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ համագործակցության իրական վերականգնման հնարավորությանը։

Հ.Բ. - Դժվար է ասել, Ղարաբաղյան հակամարտության լուծումը չի կարող պատկերացվել որպես միանգամյա գործողություն։ Չպետք է կարծել, թե մի ինչ-որ ստորագրված փաստաթուղթ վերջնականապես կլուծի խնդիրը։ Խնդիրը լուծվում է առնվազն 250 տարի։ Ես կարծում եմ, այո, կգտնվի մի ինչ-որ միջանկյալ լուծում, որից հետո հնարավոր կդառնա հայ-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը։ Այդուհանդերձ, առաջիկա հարյուր տարում հայերը եւ ադրբեջանցիները դեռ շատ անգամ ստիպված կլինեն հավաքվելՂարաբաղի խնդրի առիթով։

Ադրբեջանի լրագրողների պաշտպանության «ՌՈՒՀ» կոմիտե (Ադրբեջան) - Ինչպես հայտնի է, օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում փոխվում է քաղաքականությունը։ Այս նոր պայմաններում Վրաստանի նկատմամբ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը տնտեսական եւ էներգետիկ համագործակցության ոլորտում։

Հ.Բ. - Վրաստանի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման մեջ չկան մեծ փոփոխություններ։ Մի բան պարզ է՝ այդ իրադարձություններից հետո հայ-վրացական տնտեսական համագործակցությունը մի քիչ անկում կապրի առնվազն այն պատճառով, որ Ռուսաստան տանող ցամաքային ճանապարհը փակ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ հարաբերությունների գնահատականին, ապա, արտահայտվելով դիվանագիտական լեզվով, ռուս-աբխազական ծովային հաղորդակցության փաստը «համաձայնություն է անհամաձայնության վերաբերյալ»։

«Զարդաբի» կենտրոնի մոնիտորինգային խմբի ղեկավար (Ադրբեջան) - Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի ատոմակայանի օգտագործումը հանգեցնի Չեռնոբիլի աղետի կրկնությանը։

Հ.Բ. - Ո՛չ։ Հայկական VVR-440 ռեակտորն ունի ջրային սառեցման համակարգ։ Չեռնոբիլում գտնվողն ունի օդային սառեցման համակարգ։ «Ֆրամատոնի» եւ «Բեխտելի» լաբորատոր փորձարկումները հաստատեցին, որ հայկական ռեակտորին նման բան չի կարող պատահել. ջրային սառեցման դեպքում անկարելի է ռադիոակտիվ մասնիկների արտանետում մթնոլորտ։ Եթե նույնիսկ հատուկ կազմակերպվի այդպիսի վթար, միեւնույնն է, Չեռնոբիլի կրկնություն չի լինի։ 1995 թվականին հայկական ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հին խորհրդային համակարգը համալրվեց վիթխարի ջրավազանով։ Սա արդեն վճռականորեն խոչընդոտում է չեռնոբիլյան տիպի վթարների առաջացումը։

Էմին Ահմեդով, լրագրող (Մառնեուլի, Վրաստան) - Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Օսիայի անկախության ճանաչումը։

Հ.Բ. - Այդ ճանաչումը համապատասխանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակներին, ուստի, ռուսական տեսակետից՝ դա բնական քայլ է։ Մյուս կողմից՝ դա խոսում է այն մասին, որ Վրաստանը պետք է ավելի լրջորեն զբաղվեր աբխազներով եւ օսերով. հարգեր մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշվելու իրավունքը եւ փորձեր լուծում գտնել տարածքային ամբողջականության շրջանակում։ Ցավոք, ինչ-որ հանգամանքների բերումով, դա հնարավոր չեղավ անել։

Շորենա Ինասարիձե, լրագրող (Սամցխե-Ջավախեթի, Վրաստան) - Ի՞նչ դեր է խաղում Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը հայ-վրացական հարաբերություններում։

Հ.Բ. - Ամենաանմիջական դերը։ Վրաստանը մեր չորս հարեւաններից մեկն է, նրանց մեջ՝ միակ քրիստոնեական պետությունը։ Ի միջի այլոց, հայ-վրացական հարաբերությունները տարածաշրջանում կարող են դիտվել որպես օրինակելի։ Այս երկու ժողովուրդները երկու հազար տարվա հարեւանության ընթացքում իրար նկատմամբ չեն ունեցել լուրջ տարածքային պահանջներ։

Ցաուլինա Մալազոնիա (Սամցխե-Ջավախեթի, Վրաստան) - Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանին ներքաշել Վրաստանի դեմ հակամարտության մեջ։

Հ.Բ.
- Լավ հարց է։ Բայց ես, ճանաչելով հայերին, կարող եմ ասել, որ մեր մեջ, ասես գենետիկորեն, դրված է վրացիների հետ բարեկամության կոդը։ Ընդ որում, չեմ թաքցնում, մենք սիրում ենք տարբեր տեսակի անեկդոտներ պատմել մեկս մյուսի մասին։ Ենթադրում եմ, որ ռուսներն էլ են հասկանում այդ նրբությունները։ Եւ բացառում եմ այդ երեք ժողովուրդների՝ հայերի, վրացիների, ռուսների համար սադրանքի հնարավորությունը հայ-վրացական հարաբերությունները սրելու նպատակով։

Ցաուլինա Մալազոնիա (Սամցխե-Ջավախեթի, Վրաստան) - Հայաստանի կառավարության պլանների մեջ մտնո՞ւմ է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։

Հ.Բ. - Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանել։ Կուզենայի հավատալ, որ՝ այո։ Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական երկարակեցությունը վտանգավոր է։ Ես չեմ բացառում, որ հակամարտության շարունակումը ձեռնտու է նրանց՝ իշխանությունը պահելու համար։

Անժելա Խաչատրյան, լրագրող (Ախալցխա, Վրաստան) - Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի ժամանակ նախագահ Սահակաշվիլու հետ համաձայնություն ձեռք բերվեց Ախալքալաքով անցնող ավտոմայրուղու կառուցման մասին։ Նախագծի իրականացման ժամկետները չեն հայտարարվում։ Սակայն, այդ համաձայնությունը բացասաբար ընդունվեց վրաց քաղաքական գործիչների եւ քաղաքագետների մի մասի կողմից։ Ըստ նրանց՝ նախագծի իրականացումը նշանակում է Վրաստանի անեքսիայի շարունակություն։ Նրանք այդ մայրուղին համեմատում են Ռոկիի թունելի հետ։ Ինչո՞վ եք բացատրում այդպիսի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։

Հ.Բ. - Ինձ թվում է, թե դա ներվրացական խնդիր է։ Նորից եմ ասում՝ երկու հազար տարվա ընթացքում հայերը Վրաստանից ոչինչ չեն զավթել։ Ավելին՝ իրենց աշխատանքով բազմապատկել են այդ երկրի հարստությունը, կռվել են նրա համար։ Ճանապարհի կառուցումը Վրաստանի կառավարության խելամիտ որոշումն է, որը ելնում է Ջավախեթիում ապրող իր քաղաքացիների կարիքների նկատմամբ հարգանքից։

Անժելա Խաչատրյան, անկախ լրագրող (Ախալցխա, Վրաստան) - Երբ մենք քննարկում ենք ավտոմայրուղու շինարարությունը, անհնար է շրջանցել Սամցխե-Ջավախեթիի շրջանի հարցը, որն, իրոք, կարող է ստանձնել տրանզիտային շրջանի գործառույթը։ Ինչպե՞ս կանդրադառնա նոր ավտոմայրուղու կառուցումն այդ շրջանի զարգացման վրա։

Հ.Բ. - Առաջին հերթին կշահի Վրաստանը` որպես ամբողջություն։ Որոշակի օգուտ կքաղեն նաեւ Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակիչները։

Անժելա Խաչատրյան, անկախ լրագրող (Ախալցխա, Վրաստան) - Հավանաբար, Ձեզ հայտնի են հուլիսի 17-ին Ախալքալաքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ սպանվեցին երկու ոստիկաններ։ Մինչեւ օրս կալանքի տակ են գտնվում Վահագն Չախալյանը, նրա անչափահաս եղբայրը եւ Գուրգեն Շիրինյանի հայրը (հատկանշական է այն փաստը, որ վերջինիս առողջական վիճակը խիստ ծանր է)։ Մինչ Վրաստանի կառավարությունը խոստանում է տասը հազար լարի վճարել նրան, ով կհայտնի Գուրգեն Շիրինյանի գտնվելու վայրը, Ջավախեթիի բնակչության կարծիքով` նա անմեղ է եւ հետապնդվում է իր ազգային պատկանելության պատճառով։ Հաշվի առնելով այդ փաստը՝ ինչպե՞ս կգնահատեիք Ջավախեթիի ներկա իրավիճակը եւ Վրաստանի ներկա ղեկավարության քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

Հ.Բ. - Չեմ կարծում, թե ձեր հիշատակած անձանց վատ են վերաբերվում միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Չէ՞ որ ճիշտ այդպես են որոշ վրացի ղեկավարներ մտածում. «Ախ, այդ հայերը»։ Այդպիսի սադրանքներ շատ են եղել։ Համբերեք, մի քիչ ժամանակ կանցնի, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մեծ հաշվով, հայատյացությունը չի բխում Վրաստանի շահերից։

«Նովոյե վրեմյա» թերթ (Ադրբեջան) - Վրաստանում, Թուրքիայում, Իրանում էլեկտրաէներգետիկայի ոլորտում նոր հզորությունների ստեղծումը, չնայած սեփական ածխաջրածնային պաշարների առկայությանը, չի կարող բավարարել էլեկտրաէներգիայի կանխատեսվող պահանջարկը։ Սրանից ելնելով՝ Դուք կարծո՞ւմ եք, որ այս երկրները Հայաստանի համար հեռանկարային շուկա են, եւ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը։

Հ.Բ.
- Առաջին՝ Ձեր ասածը չի վերաբերում Իրանին։ Մի մոռացեք, որ այդ երկրում են գտնվում աշխարհի ածխաջրածնային պաշարների (գազ եւ նավթ) 15%-ը։ Ինչ վերաբերում է Ձեր թվարկած մնացած երկրներին, այո, Հայաստանը կարող է նրանց էլեկտրաէներգիա մատակարարել կարճաժամկետ հեռանկարում։ Բայց, անկեղծ ասած, երկարատեւ հեռանկարում կուզենայի, որ էլեկտրաէներգիայի տեսանկյունից Հայաստանը լիներ ինքնաբավ, եւ արտահանվեր մի ուրիշ բան։ Չեմ կարծում, թե Հայաստանի ռազմավարական շահերից է բխում երկիրը ջերմոցի վերածելը։ Այստեղ Հայաստանը չունի համեմատական առավելություն։ Սեփական էներգետիկ անվտանգությունը Հայաստանը կարող է լուծել հիդրոէլեկտրակայանների զարգացման եւ նոր ատոմակայանի կառուցման միջոցով։

Ադրբեջանի կին լրագրողների ընկերակցություն (Ադրբեջան) - Դուք կարծո՞ւմ եք, որ «Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմի» մասին առաջարկից հետո Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերի միջեւ առաջացավ որոշ հակասություն: Չէ՞ որ նեղուցների «բանալիները» Անկարայի ձեռքում են:

Հ.Բ. - Ճիշտն ասած՝ ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Ժամանակը ցույց կտա։

Հետք - Դուք իրական նախադրյալներ տեսնո՞ւմ եք այն բանի համար, որպեսզի Հայաստանը դառնա մեր տարածաշրջանի հաղորդակցական կառույցի գործուն դերակատար։ Դրա համար որքանո՞վ պետք է այդ կառույցը տարբերվի նախորդից։

Հ.Բ. - Այո, իհարկե, նախադրյալներ կան։ Հայաստանը տարածաշրջանի հինգ երկրներից միակն է, որն անմիջական, իրական սահմաններ ունի մնացած բոլորի հետ։ Ուստի, դա մեր համեմատական առավելությունն է եւ, քաղաքական հարցերի լուծման հետ միասին, մենք պարտավոր ենք հաղորդակցական ծառայություններ մատուցել մեր հարեւաններին։

Հետք - Ի՞նչ չափով կարող է միջազգային ֆինանսական ճգնաժամն անդրադառնալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունների վրա եւ կոնկրետ ի՞նչպես կարող է դրսեւորվել մեր երկրի բնակչության կյանքում։

Հ.Բ. - Կանդրադառնա, անտարակույս։ Հնարավոր է, որ ամենամեծ վատթարացումը մեզ սպասում է ձմռանը։ Գոնե Հայաստանի համար նման ռիսկ կա. բանկերի լիկվիդայնությունը, արտերկրից փոխանցումների նվազումը, IPO-ի անհուսալիությունը, ճգնաժամը լեռնամետալուրգիական սեկտորում, բնակարանաշինության ծավալների կտրուկ անկումը։ Ադրբեջանի դեպքում այդ ամենին կարելի է ավելացնել նավթի գների նվազումը, իսկ Վրաստանին շոշափելի վնաս կհասցնի բեռնափոխադրումների հոսքի պակասումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter