HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Նիկոլա Սարկոզին ֆրանսիական թերթերը փրկելու պլան է մշակել

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է սկսել անցկացնել: Հոկտեմբերի 2-ին բրիտանական «Գարդիան» թերթը գրել է, որ խորհրդակցությունների թեման երկրի տպագիր ճյուղը ճգնաժամից դուրսբերելն է:

Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրասնիայում նախագահին հաճախ անվանում են հեռուստանախագահ, քանի որ բոլորին լավ հայտնի է Սարկոզիի կողմնակալ վերաբերմունքը այն բանի նկատմամբ, թե ինչպես է հեռուստատեսությամբ լուսաբանվում իր գործունեությունը: Ավելին, նախագահը բազմաթիվ անձնական ընկերներ ունի հեռուստաընկերությունների սեփականատերերի շարքում: Սակայն ոչ պակաս ուշադրություն Սարկոզին դարձնում է նաեւ տպագիր հրատարակություններին, որոնք այժմ Ֆրանսիայում ապրում են իրենց ոչ լավագույն ժամանակները: Վերջերս Ֆրանսիայի առաջնորդը հայտարարեց, թե դեմոկրատիան «չի կարող նորմալ գործել մամուլի պերմանենտ ճգնաժամի պայմաններում»: Երկու ամիս առաջ Սարկոզին իր խորհրդականներին հանձնարարել էր կոնկրետ միջոցներ մշակել տպագիր ԶԼՄ-ի տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ:


«Գարդիանն» ընդգծում է, որ թերթային ճյուղում ֆրանսիական հրատարակչական բիզնեսը Եվրոպայում ամենավնասաբերներից մեկն է: Հանրագումարային օրական տպաքանակը Ֆրանսիայում ընդամենը 8 մլն օրինակ է: Համեմատության համար նշենք, որ Մեծ Բրիտանիայում ընդհանուր տպաքանակը 16 մլն է, Գերմանիայում` 24 մլն: 2000 թ. ֆրանսիական թերթերի շրջանառությունը կազմել է 1.145 մլրդ եվրո, 2007-ին` 848 մլն եվրո: Ամենից շատ ֆինանսական կորուստներ կրում են «Լը Մոնդ», «Լա Լիբերասիոն» եւ «Լը Ֆիգարո» թերթերը: Ֆրանսիայի տպագրական շուկայում իրավիճակն այնպիսին է, որ ֆրանսիական հրատարակիչների համար առավել էժան է թերթը հրատարակել արտասահմանում: «Գարդիանը» նկատում է, որ վերջին ժամանակներս գործը հասել է նրան, որ թերթի կրպակներում գնորդները ստիպված են բառացիորեն փնտրել ֆրանսիական թերթերը արտասահմանյանների կողքին, հատկապես Փարիզից դուրս: Տարածման խնդիրներն առաջացան, ինչպես շատերը կարծում են, թերթերի տպաքանակների նկատմամբ պետական հսկողության բարդ եւ խճճված համակարգի պատճառով:

«Լը Մոնդ» թերթի խմբագիր Էրիկ Ֆոտորինոն «Գարդիանի» հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսուլտացիաների ընթացքում կգտնվի ամենամեծ խնդրի լուծումը` գնորդների համար թերթերի մատչելիությունը: Իսկ «Լիբերասիոնի» խմբագիր Լոուրեն Ժոֆրինը գտնում է, որ առաջին հերթին պետք է պաշտպանել խմբագրությունների անկախությունը սեփականատերերի ազդեցությունից: «Գարդիանը» նշում է, որ Ֆրանսիայում սովորական պրակտիկա է, օրինակ, չինովնիկների հետ հարցազրույցը միայն նախապես համաձայնեցված հարցերով: Հասարակական կարծիքի վերջին տվյալներով` 57 ֆրանսիացի ռեսպոնդենտներ կարծում են, որ Ֆրանսիայում լրագրողները անկախ չեն: Ֆրանսիայի կառավարությունը տարեկան տպագիր պարբերականներին 1.5 մլրդ եվրո սուբսիդիա է հատկացնում: Չնայած թերթային ճգնաժամին` Սարկոզին մտադիր է կրճատել դոտացիայի ծավալները: Նա առաջարկում է մեղմացնել Ֆրանսիայի հակամենաշնորհային օրենսդրությունը, որն արգելում է հոլդինգների ստեղծումը, որի մեջ կարող են միաժամանակ մտնել խոշոր հեռուստաալիքները, ռադիոկայանները եւ թերթերը: Սակայն «Սարկոզիի պլանի» ընդդիմախոսները գտնում են, որ նման մեղմացումը թույլ կտա նախագահի ընկեր հեռուստամագնատներին ցածր արժեքներով գնել թերթերը, եւ այդ դեպքում Սարկոզիի անձնական ազդեցությունը ԶԼՄ-ի վրա բազմակի կաճի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter