«Լուսնի» հակառակ կողմը, կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը՝ փակագծերից դուրս
Ուստի, ես խոսելու եմ ոչ թե Վարդան Հակոբյան-բանաստեղծի մասին, այլ մի քանի դրվագով ներկայացնելու եմ Հակոբյան-մարդուն։
Սկսած կեւորկովյան տարիներից` նա իր համար «գրական» ճանապարհ է հարթում ոչ թե սեփական ստեղծագործություններով, այլ օրվա իշխանություններին իր հավատարմությունը հավաստելով եւ դրա դիմաց, որպես «փոխհատուցում», մի բան ստանալով։ Արդյունքում՝ բոլոր ղեկավարներից կորզել է առավելագույնը, ինչ հնարավոր է։ Նրա աշխատավայրում գլխավերեւում կախված էր Սամվել Բաբայանի մեծադիր լուսանկարը։ Կշեռքի նժարների փոփոխությունից հետո անմիջապես դարձավ Ա. Ղուկասյանի «կողմնակիցը»։ Այսօր փոխվել է Արցախի նախագահը, անմիջապես «աստվածափոխ» է եղել նաեւ Վ. Հակոբյանը։ Եթե վաղը իշխանափոխություն լինի, նա առաջիններից մեկն է հայտնելու իր հպատակությունը նոր իշխանությանը...
Բայց այդ մասին ավելի պատկերավոր է արտահայտվել նրա հայրենակից, հայտնի արցախագետ Շահեն Մկրտչյանը, որի նամակը պատճենահանված ու բազմացված կարելի է գտնել շատերի մոտ։
«...Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կեւորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսեւորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից եւ պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության (քեզ համար շատ նեղվածք) գիրկը: Նաեւ դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեեւ շատ հեշտությամբ մեկը մյուսի հետեւից գրքեր է ասպարեզ հանում: Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին,- գրում է Շ. Մկրտչյանը։- Իբրեւ համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես եւ զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարեւոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը եւ քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կեւորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարել»:
Ընդհանրապես, Վարդան Հակոբյանը թույլ ու խոցելի տեղեր շատ ունի, նույնիսկ ավելի շատ, որ կարող է բավարարել մի քանի հոգու։ Բայց նրա աքիլլեսյան գարշապարը փողն է։ Փողը նրա համար ավելին է, քան Աստված, եւ դա հայտնի է բոլոր նրան ճանաչողներին։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել են մամուլում։ Իսկ 2005 թվականին երկու գրողի ստորագրությամբ (համահեղինակներից մեկը ես եմ) նամակ է հղվել նրան՝ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին, խնդրելով ԼՂՀ օրենքով սահմանված ժամանակահատվածում գրավոր պատասխանել վերոհիշյալ հարցերին.
1. 1994-2004 թթ. ԼՂՀ ԳՄ-ն պետական բյուջեից որքա՞ն գումար է ստացել եւ ինչպե՞ս է տնօրինել այդ գումարը (յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ առանձին-առանձին)։
2. 1988-2004 թթ. ԼՂՀ ԳՄ-ն որքա՞ն ֆինանսական եւ նյութական օգնություն է ստացել Հայաստանի եւ Սփյուռքի մեր բարեկամներից (նվիրատուների անունները եւ յուրաքանչյուրի օգնության չափը), ինչպե՞ս է տնօրինվել այդ օգնությունը (տես՝ «Դեմո», 15 հունվարի 2005 թ.)։ Սակայն ոչ օրենքով սահմանված ժամանակահատվածում, ոչ դրանից հետո նամակին պատասխան չի տրվել...
Վարդան Հակոբյանը Ղարաբաղի գրական բաժանմունքի քարտուղար է նշանակվել հետաքրքիր հանգամանքներում։ Նախկին քարտուղարի այդ պաշտոնանկությունից հետո` 1983 թ., մինչ գրողները քննարկում էին, թե ում թեկնածությունն առաջադրեն, Հակոբյանը, որ այդ տարիներին աշխատում էր «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնում, անմիջապես շտապել է ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կեւորկովի մոտ եւ... այնտեղից վերադարձել որպես Գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար։ Տեղեկացնենք, որ այդ ժամանակ ԳՄ բաժանմունքի քարտուղարի աշխատավարձը ավելի բարձր էր, քան խմբագրի տեղակալինը։
Մի քանի տարի հետո, երբ բարձրացվել է վերոհիշյալ թերթի խմբագրի տեղակալների աշխատավարձը, ինչպես նաեւ՝ խմբագրի տեղակալի լրացուցիչ նոր հաստիք են ավելացրել, Վ. Հակոբյանը որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին։ Ու դարձյալ շտապել է մարզկոմ՝ Կեւորկովի մոտ՝ խմբագրի տեղակալ նշանակվելու «դոբրո» ստանալու։ Լավ ճանաչելով Վ. Հակոբյանին` կոլեկտիվը, սակայն, չի ցանկացել ընդունել նրան։
Մարզկոմի քարտուղարը, հանդիպելով կոլեկտիվի անսպասելի դիմադրությանը, հանձնարարել է խմբագրի տեղակալին ընտրել կոլեկտիվի անդամների քվեարկության արդյունքներով։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում գրեթե միաձայն ընտրվել է տեղակալի մյուս թեկնածուն` Ռաֆայել Մայիլյանը։ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը, որ այդ տարիներին հիշյալ թերթի ռուսական տարբերակի խմբագրի տեղակալն էր, Մայիլյանի օգտին քվեարկողների մեջ էր...
Մի հետաքրքիր փաստ եւս. 90-ական թվականներին ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության հասցեով կարիքավոր գրողների համար սփյուռքից նյութական օգնություն է ստացվել։ Ղարաբաղում 100-ական դոլար ստացող հինգ «չքավոր գրողներից» մեկը, «Արցախ» թերթի հավաստմամբ, եղել է Վարդան Հակոբյանը։ Ավելացնենք, որ մի քանի տարի հետո նա մասնավոր համալսարան է բացել, այնուհետեւ Ստեփանակերտի ավտոկայարանի մոտ եռահարկ ապարանք սարքել, արտասահմանյան թանկարժեք ավտմեքենա գնել... եւ այժմ Ղարաբաղի ու Հայաստանի ամենահարուստ գրողներից մեկն է։ Վերջին 5 տարում պետպատվերով նա տպագրել է 7 շքեղակազմ հաստափոր գիրք, որոնց համար ԼՂՀ պետական բյուջեն ծախսել է ավելի քան 6 մլն դրամ։
Այսօր առնվազն 4-5 պետական հանձնաժողովի ղեկավար է, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտորը։ Ասենք նաեւ, որ Վարդան Հակոբյանն արդեն 25 տարի հաջողությամբ եւ մեծ սիրով ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը։ Այդ սերն այնքան փոխադարձ է, որ նրա սեփական «Գրիգոր Նարեկացի» համալսարանը «հիմնադրվել է» հենց այն նույն հարկի տակ, որտեղ Գրողների միությունն էր, այնուհետեւ ԳՄ-ն տեղափոխվել է այլ շենք, բայց տարիներ հետո վերադարձել է եւ արդեն ինքը հյուրընկալվել «համալսարանի շենքում»։
Անձնականն ու ոչ անձնականն այնքան միահյուս են, որ հնարավոր չէ իրարից զանազանել... Այդ համալսարանին կից գործում է նաեւ Վ. Հակոբյանի մասնավոր ատամնաբուժարանը. ասում են՝ բժշկության այդ ճյուղը բավականին եկամտաբեր է...
Վ. Հակոբյանը նաեւ մեծ հայրենասեր է։ Արցախյան շարժման ամենածանր օրերին, երբ մարդիկ փող էին հանգանակում, իրենց վերջին գումարներն էին տալիս՝ Ղարաբաղի պաշտպանության համար զենք ու զինամթերք գնելու համար, «հայրենասեր» գրողը երեք անգամ հսկայական գումար (մոտ 1700 ռուբլի, այսինքն՝ այն տարիների պաշտոնյայի 10-12 ամսվա աշխատավարձը) է անվերադարձ վերցրել ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահից՝ անձնական կարիքների համար...
Կարծում եմ` այսքանն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ով է ԼՂՀ Գրողների միության ղեկավար Վ. Հակոբյանը։ Յուրաքանչյուր մահկանացու ունի մեծ ու փոքր թերություններ։ Անհնար է միանգամայն անթերի գրող ու արվեստագետ գտնել։ Սակայն աշխարհում ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այսպիսի «պոտենցիալով» հնարավոր է Բանաստեղծ լինել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել