HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձայնի տերն ընդդիմությունն է

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքն ապացուցեց, որ մեկ տարի առաջ սկսված համաժողովրդական շարժման նպատակն ավելին է, քան սոսկ իշխանափոխությունը։ 

Քաղաքական պայքարի նոր որակի դրսեւորումներ մինչ այս էլ նկատվել էին։ Մասնավորապես՝ համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում (02.05.2008) արված հայտարարություններով Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացրել էր, որ շարժման համար անցանկալի է դրսից սպասվող որեւէ պատժամիջոց, որը կարող է վնասել Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին։ Միաժամանակ, նա իշխանությանը հորդորել էր ներքաղաքական լարվածությունը թուլացնող որոշակի քայլեր կատարել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի մասշտաբային ֆինանսավորումից չզրկվելու ու եվրոպական ընտանիքից չվտարվելու համար։

Նախապատվությունը տալով առկա խնդիրները ներսում լուծելուն` շարժման առաջնորդը, հավանաբար, նկատի է առնում երկու բան։ Առաջին՝ ներքաղաքական առիթով դրսից ձեռնարկվելիք պատժամիջոցների հետեւանքը կրողը լինելու է ժողովուրդը, որը թե' ընտրությամբ, եւ թե' հետընտրական ընդվզմամբ արտահայտել է իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին։ Երկրորդ՝ պատժի պրակտիկան կարող է սահուն կերպով տեղափոխվել աշխարհաքաղաքական խնդիրների ոլորտ, որտեղ ընդդիմության եւ իշխանության շահ չկա, կա պետության շահ։

Մի երրորդ հանգամանք եւս։ Երկրի ղեկավարման բավական լուրջ փորձ ունեցող գործիչը չէր կարող չհասկանալ, որ դրսի ուժերի միջամտությանն անվերապահ ապավինելը կարող է իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ խաղալիք դարձնել նույն այդ ուժերի ձեռքում, քանի որ ժողովրդավարական արժեքներն ու չափանիշները, չնայած դրանց պատկառելի կշռին, ստորադաս են առանձին պետությունների կամ միավորումների շահերին։

Սրա վառ ապացույցը հայ-թուրքական ֆուտբոլային մերձեցման առիթով ԵԽԽՎ-ի անթաքույց հապաղումն էր։ ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններից հստակ քայլեր պահանջելու փոխարեն գերադասեց լուռ հետեւել Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ հաստատելով, որ հիմնարար արժեքներից հեղինակավոր այդ կառույցին կարող է շեղել ցանկացած ավանտյուրա։

Եւ եթե ցանկացած ավանտյուրա կարող է շեղել արեւմտյան պաշտոնեության աչալրջությունը, որքան ավելի մեծ կլինի շեղումը, եթե խաղասեղանին դրվի տարածաշրջանի կնճռոտ խնդիրներից մեկը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Այս հարցում, դրսի կարծիքով, կարեւոր գործոն պիտի լիներ նաեւ «պարտված» ընդդիմության գայթակղությունը, սակայն, ինչպես մայիսյան կոնգրեսում, այնպես էլ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում շարժման առաջնորդը հիասթափեցրեց խաղի «մրցավարներին»։ Նա հասկացրեց, որ շարժումը ոչ թե պետության դեմ է (ինչպես կամայականորեն մեկնաբանվում էր «ավազակապետություն» եզրը), այլ իշխող վարչակարգի։

Հոկտեմբերի 17-ին ունեցած ոչ պոպուլյար ելույթով, որն իշխանությանը, Արեւմուտքին, Ռուսաստանին եւ մյուսներին ուղղված մեսիջների ամբողջական փաթեթ է, Տեր-Պետրոսյանն իշխող վարչակարգին վերջնականորեն տարանջատեց ժողովրդից։

Սա Ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմամբ շահագրգռված կողմերին առիթ պիտի տա` մտորելու, թե բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները որքանով են ընկալելի եւ ըմբռնելի լինելու մի ժողովրդի համար, ում ձայնի տերն ընդդիմությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter