Տիգրան Սարգսյան. «Մեզ անհրաժեշտ է պահպանել վստահությունը մեր ֆինանսական ինստիտուտների նկատմամբ»
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Միացյալ Նահանգներ կատարած այցելության արդյունքները, պատասխանեց լրագրողների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ այդ հարցուպատասխանից:
- Պարոն վարչապետ, կարո՞ղ էիք ասել, թե ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել կամ կարող է ունենալ ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա: Ի՞նչ է անելու Հայաստանը, կոնկրետ ի՞նչ ծրագրեր կան, որպեսզի հնարավոր ճգնաժամը կանխվի Հայաստանում:
- Շատ լավ: Երեւի սա ամենակարեւոր հարցն է, որն այսօր գտնվում է զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում` ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ամբողջ աշխարհում, առաջին հերթին այն երկրներում, որոնք արդեն իսկ զգում են այդ ճգնաժամի բացասական հետեւանքները: Ինչպիսի՞ մեսիջներ ունեմ ձեզ հաղորդելու Վաշինգտոնից այս առումով, որ մենք ստացել ենք նաեւ աշխարհի լավագույն մասնագետներից, որոնք հասկանալի պատճառներով այս օրերին գտնվում են Վաշինգտոնում եւ շատ բուռն քննարկումներ են ընթանում թե՛ Արժութային հիմնադրամում, թե՛ Համաշխարհային բանկում: Գիտեք, որ Միացյալ Նահանգների նախագահը հանդիպում է ունեցել առաջատար երկրների ֆինանսների նախարարների հետ, որտեղ նույնպես այդ փաթեթն էր քննարկվում, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենն իր տարեկան ուղերձում անդրադարձավ այս խնդիրներին: Առաջինը հետեւյալն է` ֆինանսական ճգնաժամը պայմանավորված է անվստահությամբ ֆինանսական շուկայի ինստիտուտների միջեւ, որ ձեւավորվել եւ առկա է նաեւ այդ ֆինանսական ինստիտուտների նկատմամբ: Իսկ ժամանակակից տնտեսական եւ ֆինանսական համակարգերում վստահությունն ամենակարեւոր գործոնն է:
Ֆինանսական ճգնաժամը խորանում է անվստահության պատճառով: Ֆինանսական ինստիտուտները հրաժարվում են միմյանց հետ իրականացնել գործառույթներ` չվստահելով միմյանց, փորձում են սառեցնել իրենց ակտիվային գործառույթները, զերծ մնալով ավելորդ ռիսկերից, ինչը, իր հերթին, նպաստում է ֆինանսական ճգնաժամի խորացմանը: Եվ սա ամենակարեւոր հանգամանքն է, որովհետեւ ձեւավորվում են սպասումներ նաեւ քաղաքացիների մոտ, եւ եթե այդ սպասումները ձեւավորվում են բացասական միտումներով, բնականաբար, դա նույնպես նպաստում է ֆինանսական ճգնաժամի խորացմանը: Այդ առումով, այս խնդրի կարգավորմանն ուղղված պետական միջամտությունը նպատակ է հետապնդում կոտրելու բացասական սպասումները եւ վստահություն ստեղծելու շուկայի մասնակիցների միջեւ, որպեսզի ֆինանսական ցուցանիշները բարելավվեն: Սա` առաջինը:
Երկրորդ խնդիրը լիկվիդայնության մակարդակն է ֆինանսական ինստիտուտներում: Այսինքն` ունե՞ն արդյոք նրանք բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի իրականացնեն ընթացիկ վճարումներ: Եվ հասկանալի է, որ այն ֆինանսական ինստիտուտները, որոնք աշխատում էին հիպոթեքային արժեթղթերի եւ, մասնավորապես, երկրորդ եւ երրորդ դասին պատկանող ֆինանսական արժեթղթերի հետ, որոնց ռիսկայնությունն ավելի բարձր է, այդ ինստիտուտներն ունեին լիկվիդայնության պրոբլեմ, եւ զարգացած երկրների ֆինանսական ինտիտուտների արձագանքը եղել է տարբեր: Մասնավորապես, հաջողության են հասել այն երկրները, որոնք օպերատիվ եւ միանգամից արձագանքել են, տրամադրել են անհրաժեշտ ծավալի լիկվիդայնություն, որը մեղմել է ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը:
Այսօր խոշորագույն շուկաների կարգավորիչները` կենտրոնական բանկերը, եկել են համաձայնության, որ պետք է գործեն համատեղ, քանի որ, ինչպես նշեց նաեւ Ստրաուս-Քանն իր ելույթում, այս ֆինանսական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել ավելի քիչ կորուստներով, քան 1929-33թթ. Մեծ դեպրեսիան էր Միացյալ Նահանգներում. այն պարզ պատճառով, որ աշխարհի խոշորագույն պետություններն աշխատում են համատեղ ծրագրերի շրջանակներում եւ ունեն փոխադարձ համաձայնություններ: Եվ դրա արդյունքը կլինի այն, որ ֆինանսական ճգնաժամը կունենա ավելի քիչ բացասական հետեւանքներ: Մասնավորապես, դուք արդեն տեղյակ եք, որ Կենտրոնական բանկերը` Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Չինաստանի, միասին փոխադարձ պայմանավորվածությամբ որոշում կայացրին եւ իջեցրին վերաֆինանսավորման տոկոսադրույքները 0.5 տոկոսով, ինչն աննախադեպ էր համաշխարհային պատմության մեջ:
Այդ գործողության նպատակն էր էժանացնել փողի գինը, ներարկել լիկվիդայնություն` նպաստելով տնտեսական աճին, որպեսզի ֆինանսական շուկայի ճգնաժամը բացասական ազդեցություն չունենա տնտեսության վրա, իրական հատվածի վրա: Որովհետեւ հիմնական վտանգները կայանում են նրանում, որ ֆինանսական ճգնաժամը կարող է տնտեսական հատվածում ստեղծել պրոբլեմներ` աշխատատեղերի կրճատում, տնտեսական աճի ցուցանիշների վատթարացում, ինչը, առաջին հերթին, բնականաբար, կհարվածի տասնյակ հազարավոր անապահով խավերին: Սա` երկրորդ:
Երրորդը ֆինանսական ինստիտուտների կապիտալիզացիայի մակարդակն է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, եւ եթե ֆինանսական ինստիտուտների ակտիվների որակը վատթարանում է, ապա հասկանալի է, որ նրանք «ուտում են» իրենց կապիտալը: Այսինքն, սեփականատերերի սեփական միջոցները, որոնք ներդրված են այդ բիզնեսում, սկսում են նվազել: Դրանով իսկ բարձրանում է այդ ֆինանսական ինստիտուտների ռիսկայնությունը: Եվ երրորդ միջոցառումը, որ պետք է արագ, օպերատիվ, իրականացվի դա կապիտալիզացիայի խնդիրն է:
Չորրորդ դասն այն է, որ այս միջոցառումները պետք է իրականացվեն բոլորը միասին եւ ոչ թե էկլեկտիկ ձեւերով:
Սրանք են այն հիմնական մեսիջները, որ տրվում են փորձագետների կողմից եւ այդ տեսակետից, բնականաբար, մենք պետք է անդրադառնանք Հայաստանում ստեղծված իրավիճակին. արդյո՞ք մենք ֆինանսական հատվածում ունենք ցուցանիշներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Առաջինը` մենք պետք է ուշադիր լինենք այն տեղակատվության նկատմամբ, որ զանգվածային լրատվության միջոցները տրամադրում են հանրությանը, եւ պետք է զերծ մնանք կեղծ տեղեկատվության տարածումից, որի նպատակն է աժիոտաժ ստեղծելը: Չստուգված տեղեկատվություն, աժիոտաժային տրամադրություններ, բացասական սպասումներ, վստահության խաթարում... Այս ամենը կարեւոր է նաեւ մեզ համար:
Եվ այդ տեսանկյունից զանգվածային լրատվության միջոցները որքանով օբյեկտիվ, անաչառ տեղեկություններ մատուցեն ֆինանսական դաշտում ստեղծված իրավիճակի մասին, այնքանով, բնականաբար, կնպաստեն եւ կօժանդակեն, որ մարդիկ ճիշտ կողմնորոշվեն: Մեզ անհրաժեշտ է պահպանել վստահությունը մեր ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, չստեղծել ավելորդ աժիոտաժներ եւ այնպիսի սպասումներ, որոնք հեռու են իրականությունից, բացասական սպասումներ: Քանի որ աշխարհի ամենազարգացած երկիրն էլ, եթե գործ է ունենում բացասական սպասումների, աժիոտաժի հետ, նույնիսկ աշխարհի ամենաբարձր ռեյտինգ ունեցող ինստիտուտները կարող են չդիմանալ աժիոտաժային սպասումներին: Բնականաբար, մենք հասկանում ենք, որ կան քաղաքականացված գնահատականներ, որոնց նպատակն ամենեւին էլ այն չէ, որ ապահովեն ֆինանսական կայունություն, որ օգնեն կառավարությանը` հաղթահարելու բոլոր բարդությունները, դժվարությունները, այլ` հակառակը: Ուրեմն, մենք, ձեզ հետ միասին, պետք է լինենք աչալուրջ` ժամանակին ճիշտ արձագանքելով բոլոր հարցերին, տեղեկատվությանը, որ տրամադրվում է: Այդ առումով մենք, մեր տնտեսական թիմը պատրաստ է օպերատիվ պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին եւ տրամադրել օպերատիվ տեղեկատվություն իրավիճակի մասին:
Ես ուզում եմ անցնել բոլոր այն մեսիջներով, որ փորձագետներն առաջարկում են, որոնք նաեւ օգտակար կլինեն ձեզ համար: Երկրորդը` լիկվիդայնությունն է. արդյո՞ք մեր ֆինանսական ինստիտուտներն ունեն բավարար լիկվիդայնություն` իրենց վճարումներն իրականացնելու համար: Ցուցանիշները, որոնք հրապարակվել են Կենտրոնական բանկի կողմից, ցույց են տալիս, որ մեր ֆինանսական համակարգն ունի բավարար լիկվիդայնություն, ավելին` ավելցուկային լիկվիդայնություն, քանի որ մեր ֆինանսական ինստիտուտներն իրենց այդ ավելցուկային լիկվիդայնությունը դեպոզիտների ձեւով պահում են Կենտրոնական բանկում: Կենտրոնական բանկն ամեն շաբաթ բացում է իր պատուհանը եւ տրամադրում է ռեպո մեր առեւտրային բանկերին, եւ դիտարկելով այն գործառույթների ծավալները, որ իրականացնում են մեր առեւտրային բանկերը, տեսնում ենք, որ լիկվիդայնության հետ կապված նրանք որեւէ խնդիր այսօր չունեն: Ավելին` լիկվիդայնության երկու նորմատիվներն էլ չափազանց բարձր մակարդակի վրա են: Եթե տնտեսագետները կուզենան վերլուծության ենթարկել, ասենք, լիկվիդային ակտիվներն ընդհանուր ակտիվների մեջ, կամ լիկվիդային ակտիվները հարաբերելով ցպահանջ միջոցների հետ, ապա կտեսնեն, որ Հայաստանի բանկային համակարգի հուսալիության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ԱՊՀ երկրների, զարգացած երկրների առեւտրային բանկերի նմանատիպ ցուցանիշները:
Հաջորդը կապիտալիզացիայի ցուցանիշն է: Եթե դուք հարաբերեք երկու հարյուր տասնութ միլիարդ դրամ կապիտալը, որ այսօր մեր առեւտրային բանկերն ունեն, նրանց ակտիվների հետ, որ կազմում են ինը հարյուր հիսունութ միլիարդ դրամ, ապա կտեսնեք, որ համարժեքության նորմատիվը Հայաստանի Հանրապետությունում չափազանց բարձր մակարդակի վրա է գտնվում: Այսինքն, ֆինանսական ինստիտուտի սեփականատերերն իրենց սեփական միջոցներով կարողանում են ծածկել ֆինանսական հատվածի բոլոր տեսակի ռիսկերը: Եվ եթե մեր ֆինանսական հատվածին ինչ-որ բան սպառնա, առաջին հերթին սպառնալու է սեփականատերերի կապիտալին: Բայց քանի որ կապիտալիզացիայի մակարդակը Հայաստանի Հանրապետությունում չափազանց բարձր է, այդ տեսակետից էլ մեր ֆինանսական հատվածի հուսալիության մակարդակը չափազանց բարձր է: Եվ անհանգստանալու տեղիք չի տալիս:
Եթե մենք նայենք ֆինանսական համակարգի մնացած ցուցանիշներին, մասնավորապես, դեպոզիտների եւ ակտիվային գործառույթներին, վարկերի տեսակարար կշիռներին, ապա կտեսնենք, որ 2008թ. ունենք կայուն աճի միտումներ. աճում են ինչպես վարկերը` սպառողական, հիպոթեքային, այնպես էլ ներգրավված միջոցները` ավանդները եւ ձեռնարկությունների միջոցները առեւտրային բանկերում: Որպեսզի ստեղծենք կայուն ֆինանսական միջավայր, ես արդեն իսկ նշեցի, որ նախապես ձեռնարկել ենք միջոցառումներ 2008թ. մակրոկայունության առավել ամրապնման համար. հիշո՞ւմ եք, Վայոց Ձորում մենք որոշում կայացրինք շուրջ 13 միլիարդով ավելացնել հարկային հավաքագրումները եւ կրճատել ծախսերը: Ինչը, բնականաբար, նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, էապես ավելացնում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը: Եվ այդ տեսակետից անհանգստանալու տեղիք չունենք:
Հինգերորդը, հարգելի լրագրողներ, այն միջոցառումների զինանոցն է, որոնք կիրառվում են այսօր զարգացած երկրների կողմից: Այդ տեսակետից էլ մենք ունենք հզոր գործիքներ, որ նույնիսկ վատագույն սցենարների դեպքում, կարողանանք հաշվի առնելով` այն դասերը, որ արդեն իսկ առկա են զարգացած երկրներում, օպերատիվ համակարգված միջամտել, թույլ չտալով ռիսկայնություն մեր ֆինանսական դաշտում: Այդ առումով կարող եք հանգիստ լինել, որ մեր ֆինանսական համակարգը գտնվում է չափազանց լավ, կայուն ցուցանիշների ներքո:
Ինչպիսի՞ խնդիրներ ենք ունենալու 2009թ.-ին եւ ինչպիսի՞ սցենարներ կարող են լինել, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մեր տնտեսական ցուցանիշների վրա եւ այդ առումով ի՞նչ անելիքներ ունենք: 2009-2012թթ. մեր ծրագիրը, որ համաձայնեցրինք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, պատասխանում է նաեւ այս հարցերին: Բացասական սպասումները կարող են լինել ֆինանսական հոսքերի հետ կապված, եթե մեր գործընկեր երկրներում, որոնց հետ իրականացնում ենք մեր հիմնական առեւտրային պայմանագրերը, լինեն ինչ-ինչ տատանումներ: Առաջին հերթին` ձեզ համար գաղտնիք չէ, որ մեր հիմնական տնտեսական գործընկերը Եվրամիությունն է: Մեր արտաքին ապրանքաշրջանառության եւ առեւտրի 60 տոկոսը մենք այսօր իրականացնում ենք Եվրամիության հետ: Եվ, բնականաբար, չափազանց կարեւոր է մեզ համար, թե ինչպիսի՞ն է լինելու իրավիճակը հենց եվրոպական տնտեսական գոտում: Դեռեւս գնաճային ցուցանիշները չափազանց բարձր են: Եվ սա կարեւոր հանգամանք է, որը դուք պետք է հաշվի առնեք: Եթե նկատում եք վառելիքի եւ որոշ ապրանքատեսակների գների անկում համաշխարհային շուկաների բորսաներում, ապա պետք է հետեւեք նաեւ սպառողական գների ինդեքսին Միացյալ Նահանգներում, Եվրոպական Միության գոտում եւ տեսնեք, որ դեռեւս գնաճը գտնվում է ծրագրավորվածից բարձր մակարդակի վրա: Դա նշանակում է, որ բորսաներում արձանագրված վառելիքի գների անկումն անմիջապես եւ միանգամից չի հայտնվում լայն սպառման ապրանքների շուկաներում, քանի որ գոյություն ունեն լագեր: Եվ այդ տեսակետից Վաշինգտոնում կազմակերպվել էին մի քանի հետաքրքիր քննարկումներ, բանավեճեր, աշխարհի լավագույն հետազոտողները մասնակցում էին այդ բանավեճերին, փորձելով գնահատել, թե ինչպիսի՞ն է լինելու 2009թ. վառելիքի գինը:
Բայց դեռեւս գնաճային ճնշումները բարձր են, եւ Եվրոպայի կենտրոնական բանկը դեռեւս խնդիր ունի գնաճի հետ: Չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական բանկը ստիպված էր նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, գնաճային ճնշումները բարձր են, իսկ տոկոսադրույքի նվազումը նպատակ ունի խթանել տնտեսական աճը, որպեսզի չլինի տնտեսական անկում: Այսօր ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Եվրոպայում համար մեկ խնդիրը տնտեսական աճի ապահովումն է: Այդ տեսակետից մենք պետք է հետեւենք եվրոգոտում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե արձանագրվի սպառողական գների ինդեքսի նվազում, բնականաբար, ներմուծվող ապրանքների գների իջեցում, ապա դա բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում տնտեսական ծրագրերի իրականացման համար, քանի որ, եթե հիշում եք, 2008թ. բարձր գնաճային ցուցանիշները հիմնականում պայմանավորված էին ներմուծվող գնաճով: Եթե ներմուծվող գնաճը եւ այդ ճնշումները կտրուկ նվազեն (իսկ կոշտ դրամավարկային քաղաքականությունը եւ հարկաբյուջետային քաղաքականությունը հնարավորություն է տալիս զսպել գնաճային միտումները), դա հնարավորություն կընձեռնի Կենտրոնական բանկին` իջեցնելու տոկոսադրույքները եւ ավելի մեծ ծավալի լիկվիդայնություն տրամադրելու տնտեսությանը, ինչը, բնականաբար, կստեղծի տնտեսական աճի համար բարենպաստ պայմաններ: Սա առաջին:
Երկրորդը` Ռուսաստանի Դաշնությունից եկող մարտահրավերներն են: Դուք տեսնում եք, որ ֆինանսական ոլորտում Ռուսաստանում արձանագրվել են լուրջ խնդիրներ: Այս հարցը մենք քննարկեցինք նաեւ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Ստրաուս-Քանի հետ: Քանի որ Ռուսաստանը մեզ համար ունի էական նշանակություն, այդ երկրի տնտեսական զարգացումները գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի ֆինանսական հատվածը` զարգացած երկրների համեմատ, փոքր է եւ թույլ: Դա նշանակում է, որ այն խոշորածավալ ռեզերվները, որ Ռուսաստանը կուտակել է նախորդ տարիների ընթացքում, հնարավորություն կտան չեզոքացնելու տնտեսական շուկայի բացասական ազդեցությունները: Ռուսաստանին դա հեշտ կլինի մի քանի անգամ, քան զարգացած երկրներին: Ինչու՞. որովհետեւ, զարգացած երկրների ֆինանսական հատվածը մի քանի անգամ գերազանցում է այդ երկրների համախառն արդյունքի ներքին ծավալը, եւ նրանց համար շատ ավելի պրոբլեմատիկ է միջոցներ, այդ թվում` բյուջետային միջոցներ հատկացնել ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները վերացնելու համար: Դա անհամեմատ ավելի հեշտ է անել Ռուսաստանին, քանի որ այնտեղ ֆինանսական հատվածը շատ փոքր է, կուտակված ռեզերվները` շատ մեծ: Եվ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը նույնիսկ օգնություն է առաջարկում այլ պետություններին` հաղթահարելու ֆինանսական ճգնաժամը, ինչը վկայությունն է այն բանի, որ նրանք վստահ են եւ իրենց արտաքին ռեզերվներն ամրապնդում են այդ վստահությունը:
Երկրորդ կարեւորագույն հանգամանքը ֆինանսական հատվածի եւ իրական հատվածի փոխկապակցվածության ցածր մակարդակն է Ռուսաստանում` ի տարբերություն զարգացած երկրների: Այսինքն, փոխանցող մեխանիզմները` ֆինանսական հատվածից դեպի իրական հատված` լինելով թերզարգացած, նույնպես հույս են ներշնչում, որ իրական հատվածի վրա բացասական հետեւանքները կլինեն ավելի քիչ, քան զարգացած երկրներում: Երրորդ հանգամանքն այն է, որ վառելիքի գնի նվազումը կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել տնտեսության համար, քանի որ գումարների մի մասը, որոնք կուտակվում են Ռուսաստանի համապատասխան ֆոնդերում, ուղղվում են ազգային ծրագրերի իրականացմանը, իսկ ազգային ծրագրերն ունեն տնտեսական աճը խթանող մեծ ներուժ: Եվ եթե տնտեսական աճը Ռուսաստանում նվազի, բնականաբար, մեր հայրենակիցների եկամուտները նույնպես կնվազեն, կնվազեն նաեւ մասնավոր տրանսվերտները, որ գալիս են Հայաստան, ինչը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել մեր ֆինանսական հատվածի եւ ընդհանրապես, սպառման մակարդակի վրա, քանի որ մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսն ուղղվում է սպառմանը: Նշանակում է, որ այդ բացասական հետեւանքը չեզոքացնելու համար մենք պետք է կտրուկ ավելացնենք փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները: Եվ ես ձեզ զեկուցեցի, որ նմանատիպ պայմանավորվածություն ունենք Համաշխարհային բանկի հետ, ու պետք է ներգրավենք լրացուցիչ ռեսուրսներ, որպեսզի էապես ավելացնենք վարկավորման ծավալները: Դա կլինի լրացուցիչ մի բուֆեր, որը կպաշտպանի մեր միջին սպառողին` չեզոքացնելու հնարավոր այս բացասական հետեւանքը:
- Այնուամենայնիվ, կուզենայինք իմանալ, ԱՄՆ այցելությունից հետո Ձեր ենթադրական կանխատեսումը` որպես նաեւ տնտեսագետի, թե որքա՞ն կարող է տեւել այս ճգնաժամը:
- Կանխատեսումներն ընդհանրապես ամենաանշնորհակալ գործն են, երբ խոսքը գնում է ֆինանսական, տնտեսական հատվածների մասին, մանավանդ այն բուռն իրադարձությունների ներքո, որի վկաներն ենք մենք: Եվ այդ թեմայի շուրջ կային բանավեճեր ու իրարամերժ կարծիքներ: Մի խումբ մասնագետներ գտնում էին, որ կուտակված պրոբլեմների 80 տոկոսն արդեն լուծված է. մասնավորապես, այն փուչիկները, որոնք ստեղծվել էին տարիների ընթացքում ԱՄՆ-ի հիպոթեքային արժեթղթերի շուկայում, ամբողջությամբ արդեն կլանվել են: Այդ փուչիկների պայթյունների շնորհիվ ճշգրտումներ են տեղի ունեցել շուկաներում եւ մնացել է մի փոքր մասը` դա եվրոպական շուկաների արձագանքն է: Եվ լարվածությունը ֆինանսական շուկայում շատ կարճ ժամանակահատվածում կհաղթահարվի ու հիմնականում ուշադրությունը կենտրոնանալու է արդեն իրական հատվածի վրա, տնտեսական աճի ցուցանիշներն ապահովելու հատվածի վրա, որովհետեւ, բնականաբար, ավելի լուրջ անելիքներ կան: Կային ավելի վատատեսական գնահատականներ, բայց դրանց տեսակարար կշիռն այնքան էլ մեծ չէր, չնայած այդպիսիք էլ կային, թե ամեն ինչ կործանվելու է եւ այլն: Բայց մեծամասնությունը չէր կիսում այդ վատատեսական տրամադրությունները: Ստրաուս-Քանի ելույթն այդ առումով չափազանց կարեւոր էր, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն զարգացած երկրների միջեւ, որ նրանք` համագործակցելով, միասնական գործողություններով հաղթահարելու են այս ճգնաժամը: Եվ այն չի նմանվելու 1929-33-ական թվականների հայտնի դեպրեսիային եւ հետեւանքներն էլ լինելու են շատ ավելի մեղմ: Փաստարկներից մեկը, թե ինչո՞ւ պետք է ավելի մեղմ լինի, կայանում էր նրանում, որ այսօր զարգացած երկրները, ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն ունեն բազմաթիվ գործիքներ, որոնք չկային անցյալ դարում: Այսինքն` Բրետոնվուդյան ինստիտուտներն ունեն լրացուցիչ կարողություններ, որոնք հնարավորություն են տալու շատ ավելի արագ եւ ավելի փոքր բացասական հետեւանքներով հաղթահարել այս ճգնաժամը:
- Ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարը եւ ֆինանսական ճգնաժամը. արդյո՞ք վերջինիս պատճառով չեք վերանայելու պլանները:
- Ոչ, իհարկե, ոչ: Ընդհանրապես, տնտեսական թեմաներով գրող մեր եւ մասնագիտացող տնտեսագետները կհավաստիացնեն, թե բոլոր դասագրքերում նշվում է, որ ճգնաժամը` դա զարգացման մի նոր փուլ է: Որովհետեւ ճգնաժամը հնարավորություն է տալիս ձերբազատվել տարբեր տիպի բացասական կուտակումներից, փուչիկներից, շուկան գալիս է հավասարակշռված իրավիճակի, իրական գնահատականներ են տրվում ե՛ւ ինստիտուտներին, ե՛ւ շուկաներին, ե՛ւ գործիքներին, եւ դա դառնում է լրացուցիչ խթան նոր զարգացումների համար: Կարծում եմ, այս ֆինանսական ճգնաժամը մենք պետք է օգտագործենք այդ տեսակետից, ցույց տալով մեր ֆինանսական համակարգի հարաբերական առավելությունները եւ այն դրական կողմերը, որ կարող է ունենալ հայկական ֆինանսական կենտրոնը, որը ձեւավորվելու է ժամանակակից մոտեցումների ներքո` հայկական պլատֆորմի վրա, հայկական աշխարհի բազայի վրա եւ դա լինելու է նրա առանձնահատկությունն ու հարաբերական առավելությունը, ինչի մասին մենք քնննարկումներ ունեցանք մեր գործընկերների հետ: Ու նրանց համար էլ այս հայեցակարգը թվում է չափազանց հետաքրքրական, որովհետեւ սա նոր տիպի ֆինանսական կենտրոն է լինելու, իսկ դրա համար մենք պետք է ստեղծենք նոր կարողություններ: Դա նշանակում է, որ մեթոդաբանությունը, որը ես մի քանի անգամ հնչեցրել եմ եւ ուզում եմ մեր ընդդիմախոսներն էլ ուշադրություն դարձնեն դրա վրա եւ, մասնավորապես, այդ մեթոդաբանությունը հնչեցրեց Հոլանդիայի ԿԲ-ի նախագահը, հետեւյալն է` առաջին հերթին, դուք պետք է հայտարարեք ձեր ծրագրի մասին, երկրորդ` այդ հայտարարությունից հետո պետք է ներկայացնեք ձեր հայեցակարգը, երրորդ` պետք է բոլորի ուշադրությունը հրավիրեք այդ գաղափարի վրա, որպեսզի նրանք ծանոթ լինեն գաղափարին եւ շահագրգռված լինեն օգտագործելու այն գործիքները, որ առաջարկում եք եւ դրա ներքո կառուցեք եւ ընդլայնեք կարողությունները: Եթե ուշադրություն դարձնեք, մեր ընդդիմախոսներն այս մեթոդաբանությունը լրիվ հակառակ ձեւով են ներկայացնում. այսինքն` սկզբից կուտակեք կարողություններ, կառուցեք այդ ֆինանսական կենտրոնը, հետո հայտարարեք այդ մասին: Դա անընդունելի մոտեցում է, որովհետեւ այդպիսի մոտեցումով աշխարհի որեւէ երկիր ֆինանսական կենտրոն չի կառուցել: Եվ եթե մեր ընդդիմախոսները համամիտ չեն կառավարության տեսակետի հետ, ապա կարող են բանավիճել Հոլանդիայի ԿԲ-ի նախագահի հետ: Կարծում եմ, օգտակար կլինի նրանց համար միջազգային փորձին ապավինելը: Այնպես որ` նոր պատուհան եւ հնարավորություններ է բացում ֆինանսական ճգնաժամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել