Վրացական իշխանությունների կողմից հայ փոքրամասնության իրավունքների խախտման նոր փաստեր
Այսպես, թեեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը պահանջում է իրեն վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված տաճարները, եւ մասնավորապես` Թիֆլիսի Սբ. Նորաշեն եկեղեցին, թեեւ այդ պահանջը օրինական է ճանաչվել բազմաթիվ միջազգային ատյանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, վրացական իշխանությունները ոչ միայն անտեսում են այն, այլ ընդհակառակը` արտոնում հարեւան վրացական եկեղեցու սպասավորներին իրականացնել շինարություն Սբ. Նորաշենի անմիջական հարեւանությամբ, որի նպատակն է շենքի վերջնական բռնազավթումը Վրաց Ուղղափոռ Եկեղեցու կողմից:
Այս տարվա մայիս ամսին շնորհիվ Թիֆլիսի հայ համայնքի բողոքի ցույցի, Վիրահայոց թեմի դիմումների եւ վիրահայ եւ հայաստանյան հասարակակական կազմակերպությունների, այդ թվում նաեւ` «Երկիր» միության հայտարարությունների` հաջողվեց առժամանակ կանգնեցնել Սբ. Նորաշենը շրջապատող պատի շինարարությունը: Սակայն մի քանի օր առաջ շինարարական աշխատանքները վերսկսել են, ընդ որում` նոր թափով (տես լուսանկարները):
Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ վրացական իշխանությունները, ոտնահարելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարրական նորմերը, շարունակում են քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործեր հարուցել ջավախքահայության շրջանում ժողովրդայնություն վայելող գործիչների նկատմամբ:
Այսպես, մտացածին մեղադրանքների հիման վրա 2.5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման անդամ Արթուր Պողոսյանը, հետախոզման մեջ է հայտարարված Գուրգեն Շիրինյանը, իսկ նրա հայրն ու հորաքույրը կալանքի տակ են: Կալանքի տակ դատի են սպասում «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանը եւ նրա անչափահաս եղբայրը, նրանց հայր` Ռուբեն Չախալյանը ազատ է արձակվել գրավի դիմաց:
Շարունակվում են չլուծված վիճակում մնալ նաեւ հայ փոքրամասնությանը հուզող այլ խնդիրներ.
- Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմը շարունակում է զրկված լինել պետական գրանցումից.
- Վիրահայությունը, եւ հատկապես համախումբ Ջավախքում բնակվող նրա հատվածը, շարունակում է թերի ներկայացված լինել հանրային կյանքի բոլոր ոլորտներում.
- Շարունակում են գործել օրենքները, որոնք պարտավորեցնում են փոքրամասնություններին հանրային գործունեության բոլոր ոլորտներում` ինքնակառավարման մարմիններում, տեղական վարչական մարմիններում եւ տեղական կրթական համակարգում, օգտագործել բացառապես վրացերենը.
- Տեղական վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտոնների նշանակումը շարունակվում է փոխկապակցաված մնալ վրացերենի իմացությանը:
Այն պայմաններում, երբ Վրաստանը փորձում է ապաքինվել ռուս-վրացական հակամարտության հետեւանքներից եւ ազդարարել է երկրի ժողովրդայնացման եւ օրենքի իշխանության հաստատմամն ուղղված բարեփոխումների նոր փուլի մեկնարկի մասին, հայ փոքրամասնության նկատմամբ նման վերաբերմունքը էլ ավելի անտրամաբանական եւ տարօրինակ է թվում:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` «Երկիր» միությունը դիմում է ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիության եւ Եվրախորհրդի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ համապատասխան միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` ջավախքահայության եւ վիրահայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ներկա խտրական քաղաքականությունը զսպելու ուղղությամբ անհապաղ եւ ուղղակի միջոցներ ձեռնարկելու, քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ հայ փոքրամասնության խնդիրների լուծմանն օժանդակելու կոչով, եւ մասնավորապես`
- Վերջին շրջանում Ջավախքում կալանավորված բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը, նրանց նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերի կարճմանը
- Ջավախքում օրենքի իշխանության հաստատմանը եւ հայ բնակչության անվտանգության եւ զարգացման իրական երաշխիքների տրամադրմանը
- Կրոնի ազատության հաստատմանը եւ Հայ Առաքելական եկեղեցու իրավաբանական գրանցմանը
- Բռնագրավված հայկական եկեղեցիների իրենց օրինական տերերին վերադարձմանը
- Վարչական միավորներում, որտեղ հայ բնակչությունը մեծամասնություն է կազմում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում օրենսդրությամբ Հայոց լեզվի օգտագործմանն արտոնմանը:
Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի հետագա սրումից եւ խոչընդոտել առճակատման նոր օջախի առաջացմանը:
«Երկիր» Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
Երեւան, Հոկտեմբերի 24, 2008թ.
Տես նաեւ՝ Հայկական եկեղեցիների ճակատագիրն անորոշ է
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել