
Էրգենեկոն. լեգենդ եւ իրականություն
Հոկտեմբերի 20-ին Ստամբուլում մեկնարկեց վերջին մեկ եւ կես տարում Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցած «Էրգենեկոն» ուլտրանացիոնալիստական գաղտնի կազմակերպության գործով դատավարությունը:
Թվով 86 անձինք` հայտնի լրագրողներ, գիտնականներ եւ պաշտոնաթող զինվորականներ, որոնք հարում են տարբեր քաղաքական հայացքների` ազգայնականներից մինչեւ կոմունիստներ, մեղադրվում են պետական հեղաշրջման ծրագրման եւ ահաբեկչական գործունեության մեջ:
«Էրգենեկոնի» գործով հետաքննությունը սկսվեց դեռ 2007 թ. հուլիսին, երբ Ստամբուլի արվարձաններից մեկում գտնվող տունը բացահայտվեց որպես զենքի եւ զինամթերքի պահեստ: Հետաքննությունը բացահայտեց Էրգենեկոնի կապը վերջին տասնամյակներում Թուրքիայում տեղի ունեցած եւ չբացահայտված աղմկահարույց սպանությունների հետ, այդ թվում նաեւ` «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ: Հետաքննության վարկածով կազմակերպությունը ծրագրել էր նաեւ վարչապետ Էրդողանի, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ այլ ակնառու գործիչների սպանությունը:
Թուրքական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն` «Էրգենեկոնը» սերտ կապերի մեջ էր Քրդական աշխատավորական կուսակցության (PPK), «Դեվ Սոլի», «Հըզբոլլահի», «Հիզբ-ութ-Թահրիրի» եւ այլ ծայրահեղական կուսակցությունների եւ կառույցների հետ:
Թուրքիայի դատախազության վարկածով «Էրգենեկոնի» գործով ձերբակալվածները ծրագրում էին մի շարք մտավորականների, քաղաքական գործիչների, դատավորների, զինվորականների, կրոնական առաջնորդների եւ հանրային այլ դեմքերի սպանություններ: Այս ամենը նպատակ ուներ ապակայունացնել իրավիճակը Թուրքիայի ներսում` դրանով անխուսափելի դարձնելով միջամտությունը բանակի կողմից, որն էլ պիտի իրականացներ հեղաշրջումը: Այն նախատեսվում էր իրականացնել 2009-ին:
Իշխանության բռնազավթման այս ծրագրի մանրամասները կառավարական լրատվամիջոցները հրապարակեցին այն բանից հետո, երբ ձերբակալվեց «Աթաթյուրքի մտքի հասարակություն» ազդեցիկ հասարակական կազմակերպության ղեկավար, պաշտոնաթող գեներալ Սեներ Էրույգուրը: Ծրագիրը, ինչպես նշվում է, գտնվել էր գեներալի օրագրում:
«Էրգենեկոնի» գործով գլխավոր դատախազ Զեքերիյա Օզը բացահայտել է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) տեղյակ էր ցանցի գոյության մասին 2002 թ. հուլիսից:
Հետաքննության շրջանակներում բացահայտվել են մի շարք այլ հետաքրքրիր փաստեր: Ազգայնական «Աշխատավորների կուսակցության» գրասենյակում գտնվել են փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ MIT-ը 1980-ականներին վճարել է նեո-ազգայնական զինվորականներին` «Գորշ Գայլերի» անդամ Աբդուլլահ Քաթլիի ղեկավարությամբ, իրականացնելու «ԱՍԱԼԱ»-ի եւ «PPK»-ի անդամների սպանություններ, ինչպես նաեւ` Հայոց Ցեղասպանության հուշարձանի պայթեցումը Ալֆողվիլում (Փարիզ) 1984 թ. մայիսի 3-ին:
Գործով ձերբակալվածների թվում են ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչիզը, վերոնշյալ ազգայնական «Աշխատավորների կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքը, պաշտոնաթող բրիգադային գեներալ Վելի Քյուչյուքը: «Cumhuriet» թերթի գլխավոր խմբագիր, իր աշխարհիկ հայացքներով հայտնի Իլհան Սելչուկին մեղադրանք է ներկայացվել «Էրգենեկոնի» քաղաքացիական առաջնորդը լինելու համար: «Kanal Turk» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Թունչայ Օզկանը 16 այլ անձանց հետ ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին:
Փաստաբան Քեմալ Քերինչիզը հայտնի է որպես մտավորականության ներկայացուցիչների` այդ թվում նաեւ Հրանտ Դինքի եւ Օրհան Փամուկի դեմ մի քանի տասնյակ դատական գործընթացներ նախաձեռնած իրավաբան: Գործով առանցքային կասկածյալը, սակայն, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքն է, որի ներկայությունը Դինքի դեմ դատավարությանը, ինչպես ավելի ուշ Դինքն էր գրում, իրեն համոզել էր իր հասցեին եկող սպառնալիքների լրջությունը: Ենթադրվում է, որ Քյուչյուքը ռազմական ոստիկանության կազմում ստվերային ենթաբաժին է հիմնել, որը կասկածվում է 90-ականներին մի քանի տասնյակ քուրդ ակտիվիստների սպանության մեջ:
Հետաքննությունը բացահայտել է նաեւ «Էրգենեկոնի» անդամների կապը 1996 թ. մեծ աղմուկ հանած Սուսուրլուկի սկանդալի հետ: Այն ժամանակ համանուն քաղաքում ավտովթարի հետեւանքով զոհվեցին մեքենայում գտնվող ոստիկանության պետը, կառավարամետ քուրդ պատգամավորը եւ հետախուզման մեջ գտնվող մի քրեական հեղինակություն: Սուսուրլուկի սկանդալը բացահայտեց կապը պետական պաշտոնյաների եւ քրեականների միջեւ:
«Էրգենեկոնի» առասպելը
Ընդհատակյա կազմակերպության անվանումը պատահական չէ ընտրված: «Էրգենեկոնը» կապվում է թուրքական ակունքների հետ: Համաձայն հայտնի լեգենդի` թշնամիները մի օր հարձակվում են թյուրքերի վրա եւ կոտորում նրանց: Կենդանի մնացածները քոչում են հեռու: Երկար ճանապարհից հետո նրանք հասնում են անանցանելի լեռնային անտառ, սակայն լեռների արանքում մի նեղ արահետ են գտնում: Արահետն անցնում են եւ հասնում մի դրախտային տեղանքի` ջրառատ լճով, պտղատու այգիներով, որսով լի անտառներով: Շնորհակալություն հայտնելով Ամենաբարձրյալից` թյուրքերը անվանում են այն Էրգենեկոն (էրգենե- լեռնանցք, կոն-զառիթափ):
Շուրջ 400 տարի նրանք այստեղ են ապրում` աշխարհից մեկուսացած, մինչեւ որ բազմանում են այնքան, որ նրանց եւ անասուններին Էրգենեկոնն այլեւս չի բավարարում: Սակայն արահետը, որով նրանց նախնիները հասել էին այստեղ, փակված է լինում: Մի դարբին հայտնում է, որ լեռներից մեկը երկաթից է, եւ եթե հսկայական կրակ վառեն ու հալեցնեն այն, լեռների արանքով գուցե ճամփա բացվի: Այդպես էլ վարվում են: Լեռան երկաթյա հատվածում փայտ ու ածուխ են դարսում եւ վառում: Երկաթը հալվում է, եւ առաջանում է մի արահետ, որով կարող էր անցնել բեռնված ուղտը: Էրգենեկոնի թյուրքերը, ուժերը կենտրոնացնելով, վերադառնում են հայրենիք եւ լուծում նախնիների վրեժը:
Էրգենեկոնը, այսպիսով, թյուրքերի հիշողության մեջ մնացել է որպես մի վայր, որ Ամենաբարձրյալը տվեց նրանց որպես ապաստան` պահպանելով եւ բազմացնելով նրանց ազգը:
Ստվերային կառավարություն
Եթե հեղաշրջումն, իրոք, ծրագրված էր եւ իրականանար, այն կլիներ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ թվով հինգերորդ հեղաշրջումը: Զինվորականությունը, որն ավանդաբար համարվում է Թուրքիայում աշխարհիկության երաշխավորը, կգրավեր իշխանությունը այնպես, ինչպես դա եղել է 1960, 1971, 1980 եւ 1997 թվականներին:
Հաշվի առնելով այս փորձը` Թուրքիայում շատերը գտնում են, որ «Էրգենեկոնի» գործը իրականում իշխանության համար պայքար է իսլամիստ կառավարության եւ աշխարհիկ զինվորականության միջեւ:
«Առաջին հայացքից թվում է, թե սա փորձ է` վերջապես ջախջախելու ստվերային կառավարությունը: Սակայն, սա չի կարող իրական մարտահրավեր լինել այդ ուժերին: Սա հարված է նրանց, ովքեր դեմ են կառավարությանը»,- գտնում է Իրֆան Բոզանը, ով լուսաբանում է այս պատմությունը թուրքական մասնավոր NTV 24-ժամյա լրատվական հեռուստաալիքով:
Ստվերային կառավարությունը (deep state) կոալիցիա է` բաղկացած մի խումբ քաղաքական գործիչներից, քաղաքացիական եւ զինվորական անձանցից, որոնք իրենց ձեռքում ունեն իշխանության լուրջ լծակներ, գործում են օրենքից դուրս` հաճախ համագործակցելով կազմակերպված հանցավորության հետ, ինչպես իրենք են կարծում` հանուն Թուրքիայի շահերի: Ստվերային կառավարության հիմքերը գտնվում են բանակում, սակայն, որոշ տվյալներով, սերտորեն կապված են նաեւ Ազգային հետախուզական ծառայության (MIT) հետ:
«Էրգենեկոնի» գործով դատախազների կողմից պատրաստված մեղադրական ակտի համաձայն` Էրգենեկոնը ստվերային կառավարության մարմնավորումն է:
Ստվերային կառավարությունը գալիս է դեռ Սառը պատերազմի ժամանակներից, երբ ապօրինի զինված խմբերը ենթադրաբար համագործակցում էին Արեւմտյան հետախուզական գործակալությունների հետ` կանխելու համար կոմունիզմի տարածումը:
«Երբ Սառը պատերազմն ավարտվեց, այդ կառույցները այլեւս անելիք չունեին, սակայն շարունակում էին գոյություն ունենալ,- նշում է լրագրող Չենգիզ Չանդարը,- այնուհետեւ նոր սպառնալիքներ առաջ եկան: Թիրախ դարձան քուրդ ապստամբները եւ «ԱՍԱԼԱ»-ն` հայկական ռազմական կազմակերպությունը, որի զոհերը թուրք դիվանագետներն էին»:
Շատերը գտնում են, որ ստվերային կառավարությունը շարունակությունն է այն մութ եւ կասկածելի ցանցի, որն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի ողջ բիզնեսը (շատերի կարծիքով` նաեւ հայկական բիզնեսը) Օսմանյան կայսրության վերջին տարիներին:
Ներկայումս ուլտրանացիոնալիստների նպատակն է կանխել «Թուրքիային սպառնացող վտանգները», որոնք ընդգրկում են ԵՄ անդամակցությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման պնդումները, քրդերի հետ խաղաղության համաձայնության մասին ցանկացած խոսակցություն, ինչպես նաեւ` գործող իսլամիստական կառավարության կողմից երկրի աշխարհիկությանն ուղղված սպառնալիքը:
Վերլուծաբանները պնդում են, որ հետաքննության գործում իսկական պայթյուն տեղի կունենա այն ժամանակ, երբ սկսեն հետապնդվել նաեւ գործող սպաները:
«Թուրքական զինված ուժերը քրեական կազմակերպություն չեն»,- շտապեց հայտարարել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Յասար Բույուքանիթը` ձգտելով հերքել «Էրգենեկոնի» կապը բանակի հետ:- Այն զինվորականները, ովքեր հանցանք են գործում, պատժվում են դատարանի կողմից: Սխալ է փորձել նման իրադարձությունները կապել ընդհանրապես զինվորականության հետ»:
Դարի դատավարությունը
«Էրգենեկոնի» գործով հետաքննությունը Թուրքիայում խիստ հակասական արձագանքներ է առաջ բերել: Շատ վերլուծաբաններ քննադատում են հետաքննության գործընթացը` մատնանշելով հակասությունները, օրենքի խախտումները եւ քաղաքական շարժառիթները:
Դատախազների կողմից կազմված մեղադրական եզրակացությունը կազմված է 2455 էջից: Մասնագետները նշում են, որ նման ծավալի մեղադրականը նախադեպ չունի, եւ որ դատարանի վրա նման անհաղթահարելի ծավալի բեռ բարդելը վտանգում է արդար դատավճիռ կայացնելու հնարավորությունը: Վերլուծաբանները հիշեցնում են, որ նույնիսկ Նյուրնբերգյան դատավարության մեղադրական ակտը 70 էջից էլ պակաս էր:
Թուրքական մամուլն ընդգծում է, որ հետաքննության ընթացքում արվել են գաղտնալսումներ` կոպտորեն խախտելով մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Ինչ վերաբերում է գործի քաղաքական շարժառիթներին, ապա շատերը հակված են այն ընկալելու որպես կառավարող կուսակցության վրեժը աշխարհիկ ընդդիմությունից, որը կառավարությանը մեղադրել էր Թուրքիայում իսլամի դերը բարձրացնելու փորձի մեջ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի Գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել կառավարող կուսակցության դեմ: Հայցը քննության էր ընդունվել Սահմանադրական դատարանի կողմից եւ սպառնում էր վերացնել կառավարող կուսակցությունը եւ արգելել երկրի ղեկավարների` այդ թվում նաեւ նախագահի եւ վարչապետի քաղաքական գործունեությունը:
Վերջապես, իրադարձությունն աչքի է ընկնում մամուլում հայտնված ապատեղեկատվության ահռելի ծավալներով: Հարկ է նշել, որ 2455 էջանոց մեղադրականը եւս լի է հակասական, խեղաթյուրված փաստերով եւ ասեկոսեներով: Հետաքրքիր է, որ պաշտոնաթող գեներալ Սեներ Էրույգուրի մոտ գտնված օրագիրը, որը պարունակում էր իշխանության բռնազավթման ծրագիրը, եւ որը հրապարակվել էր մամուլում, այդպես էլ չի ընդգրկվել գործի մեջ:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ «Էրգենեկոնը» կապված էր նաեւ ռուսական հատուկ ծառայությունների հետ: Սակայն Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հերքել է այս պնդումը` հայտարարելով, որ այս մեղադրանքի ճշմարտացիությունը հաստատող որեւէ տեղեկություն չունի:
Հոկտեմբերի 20-ին դատավարությունը, որը Թուրքիայում արդեն իսկ անվանել են «Դարի դատավարություն», ոչ այնքան հաջող մեկնարկ ունեցավ: Ստամբուլի մոտ` Մարմարա ծովի ափին գտնվող Սիլիվրի բանտային համալիրում այն սկսվեց անվտանգության աննախադեպ պայմաններում: Դատավարությունը սկսվելուն պես ընդհատվեց, քանի որ դահլիճը չափազանց փոքր էր հավաքված մարդկանց համար: Բացի այդ, դատարանը սահմանափակել էր լրագրողների մուտքը դահլիճ` սահմանելով, որ 80 լրագրողից ավելի նիստին չեն կարող ներկա լինել:
Հարյուրավոր մարդիկ` ձեռքներին Թուրքիայի դրոշները եւ ձերբակալվածների նկարները, հավաքվել էին դատարանի շենքի մոտ` ի պաշտպանություն ձերբակալվածների:
Կառավարամետ շրջանակները մեծ կարեւորություն են տալիս այս դատավարությանը` համարելով այն Թուրքիայի ժողովրդավարացման պատմության մեջ առանցքային իրադարձություն: Նշելով, որ նախորդ չորս հեղաշրջումները մեծ վնաս են հասցրել ժողովրդավարացման առաջընթացին, մարդու իրավունքներին եւ ժողովրդի տնտեսական բարեկեցությանը` կառավարամետ թերթերը հույս են հայտնում, որ դատավարությունը վերջ կտա երկրում անօրինական ուժերի գործունեությանը:
Թուրքիայից դուրս գտնվող ուժերը, սակայն, ավելի մեծ` աշխարհաքաղաքական նշանակություն են տալիս այս իրադարձությանը` մասնավորապես առաջ քաշելով այս գործընթացի վրա Միացյալ Նահանգների հնարավոր ազդեցության վարկածը: Նշելով, որ Վաշինգտոնի նպատակը Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցմանը խոչընդոտելն է, «Եվրասիա» տեղեկատվական-վերլուծական կայքը գրում է. «Իսլամիստները ծովային կայսրությունների ավանդական աշխարհաքաղաքական դաշնակիցներն ենգ Այդ իսկ պատճառով լրիվ օրինաչափ է, որ Թուրքիայում` երկրում, որը տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկն է, ամերիկացիները որոշել են հենվել հենց իսլամիստների` «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցության վրա»:
«Թուրքիայի միջոցով Կովկասի վրա գործելը կրկին ավելի լավ է` օգտագործելով իսլամական կառույցները եւ ցանցերը: Այդ պատճառով ԱՄՆ-ի համար կենսական անհրաժեշտություն է պահպանել ներկա իսլամիստական ղեկավարությունը: Իսկ դա ենթադրում է եւ' ընդդիմության ճնշում, եւ' որոշակի հեղաշրջում բուն թուրքական հասարակությունում, ուր մինչ այսօր մեծ նշանակություն ունեն Քեմալ Աթաթուրքի պատգամները»,- շարունակում է «Եվրասիա» տեղեկատվական-վերլուծական կայքը:
Հոդվածագրի կարծիքով` «Էրգենեկոնի» գործը կրիտիկական պահ է Թուրքիայի արդի պատմության մեջ. «Փաստացիորեն, սա մի փորձ է` լիովին վերանայել այն սկզբունքները, որոնց վրա ստեղծվել է թուրքական պետությունը»:
Հեղինակը եզրակացնում է, որ այս ամենը շուտով կարող է հանգեցնել Թուրքիայի ներքաղաքական իրադրության լուրջ բարդացումների` կա'մ հերթական ռազմական հեղաշրջմանը, կա'մ երկրում կարգերի արմատական փոփոխությանը, ինչը կենթադրի հրաժարում Աթաթուրքի կողմից սահմանված սկզբունքներից:
Մեկնաբանել