HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ալեքսանդր Քանանյան. « Ազատագրված տարածքներից մի քանի կիլոմետրերի նահանջն անգամ բերելու է մեր ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը»

«Ես այսօր ազատագրված տարածքում` Քարվաճառում, տուն ունեմ, երկու հազար հայագիտական գրականություն ունեմ, այդտեղ թաղված ընկերներ ունեմ, ընտանիք ունեմ, և ով ինչ զիջում ուզում է պարտադրի, ես իմ տնից, իմ լեռներից, իմ վանքերից, որոնք հարյուրավոր են` ամեն քայլափոխի, իմ ազգի սրբություններից չեմ հրաժարվի և այսօր իմ տունը հանդիսացող տարածքից դուրս չեմ գալու, այդ մասին մտածողները թող այդ մասին մոռանան»,- ասում է  2001-ից Ղարաբաղի Քարվաճառ շրջանում բնակություն հաստատած Ալեքսանդր Քանանյանը:

Նա երբեւէ որեւէ  կազմակերպության անդամ չի եղել, սակայն Ղարաբաղյան խնդրի «մադրիդյան սկզբունքների» հիման վրա մոտալուտ կարգավորման վերաբերյալ շրջանառվող  տեղեկությունները եւ քաղաքական գործընթացների լրջությունը նրան ստիպեց համախոհների հետ հիմնել «Միացում» անունով միավորումը:

Նախաձեռնող խմբի անդամներ են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժսոր Տիգրան Խզմալյանը, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը, Ալեք Ենիգոմշույանը, Գրիզելդա Ղազարյանը:

«Միացումը» Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ է առաջարկում` Ղարաբաղը միացնել Հայաստանին, քանի որ միավորումը դեմ է 1991 թ. տարվող քաղաքականությանը, ըստ որի` Ղարաբաղը առանձին հանրապետություն է: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` հակամարտության կարգավորման գործընթացում պետք է հանդես գալ §Ղարաբաղը Հայաստանի մարզերից մեկն է¦ մարտավարությամբ, քանի որ, ինչպես ինքն է նշում. «Ղարաբաղը պատմական Հայաստանի տարածքն է, Ղարաբաղում Հայաստանի բանակն է, Հայաստանը փող է հատկացնում Ղարաբաղին, Բակո Սահակյանը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է Երեւանից»:

Քանի որ Արցախը կայացել է որպես իրողություն, ուստի Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ այդ իրողությանը պետք է տրվի իրավական տեսք, ինչը եւս միավորման խնդիրը կդառնա: Նոր ձեւաչափի խնդիրները հիմնված են մեկ հիմնական  սկզբունքի վրա, որը միավորում է բոլորին` Հայաստանի տարածքային ամբողջականության գաղափարի գիտակցում:

Իսկ Ադրբեջանին որեւէ տարածք զիջելու դեպքում, ըստ Ա. Քանանյանի, ոչ միայն տարածքային ամբողջականությունն է խարխլվում, այլեւ` Հայաստանի անվտանգությունը, քանի որ « բոլոր ազատագրված տարածքները այն նվազագույնն են, որը կարող է արեւելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային- տնտեսական կենսունակությունը: Այսօր Հայաստանի ցորենի մի զգալի մասը արտադրվում է հենց այս տարածքներում, ուստի ազատագրված տարածքներից մեկ շրջանի, մի քանի կիլոմետրերի նահանջը անգամ բերելու է մեր ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հիմք է դառնալու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը»:

«Այսօր մեզ պահողը մեր 1994 թ. ոգեղեն հաղթանակն է, տարածքներ զիջելու դեպքում մեր ազգը հոգեպես մահանալու է»,- ավելացնում է Ալեք Ենիգոմշույանը: Այս ամենից ելնելով, ըստ նախաձեռնողների, միացման գաղափարն ամենակենսունակն է, իսկ Ղարաբաղի անկախությունը պետք է դիտարկել որպես միջանկյալ իրողություն այդ նպատակին հասնելու համար:

Լինելով Հայ ազգային կոնգրեսի անդամ` Ժ. Սեֆիլյանը դեմ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` փոխզիջումների գնալու տեսակետին, եւ գտնում է, որ ազատագրված տարածքներն առեւտրի առարկա չեն: Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, ըստ միավորման անդամների, ամբողջովին հակասում է հայ ժողովրդի շահերին, եւ այդ քաղաքականության բացասական դրսեւորումներն ակնհայտ են:

Ա. Քանանյանը փաստում է, որ ազատագրված տարածքներն իրապես բնակեցնելու եւ պահպանելու քայլեր չեն ձեռնարկվում. «Խայտառակ փաստ է. այս տարին առջինն է` 1994 թ.-ից սկսած, որ Արաքսի ափից մինչեւ Մռավի լեռնաշղթա, այսինքն` Հայաստանը Արցախին միացնող այս ներքին տարածքում, չի կառուցվել եւ ոչ մի տուն, ինչը շատ մտահոգիչ է»:

Ըստ Ա. Քանանյանի` որպես գործող իշխանությունների զիջողական մտադրությունների փաստ կարելի է ներկայացնել նաեւ Մեղրի-Կապան ճանապարհի բացումը. «Եթե տարածքները զիջելու խնդիր չլիներ, Մեղրիից նույն ճանապարհը կարելի էր տանել մինչեւ Միջնավան, այդտեղից էլ Կուբաթլիով մտցնել Կապան, եւ մինչեւ Խնձորեսկ ճանապարհը կլիներ դաշտավայրային` ավելի հարմար վարորդների համար»: Վերը նշված փաստերին Տիգրան Խզմալյանն ավելացնում է նաեւ այն, որ 2003 թ. Լաչինի եւ Քարվաճառի բնակչության թիվը հասնում էր 12.000-ի, իսկ այժմ կրճատվել է` դառնալով 5000: Նա հարց է բարձրացնում. «Ո՞վ է դա արել»:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter