HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեւն ու բովանդակությունը չեն հանդիպում

Սարալանջի նորակառույց մայրուղով Արաբկիրից շատ արագ հասնում ես Կենտրոն։ Հասնում ու հայտնվում ես խուլ խցանման մեջ։ Մեքենաները մի կերպ սողում են, անհամբերները` ազդանշան տալիս, ավելի անհամբերները, սողանցքներ գտնելով, փորձում են առաջ անցնել՝ ավելի խճճելով խցանումը։ Եթե կարգավորող ոստիկան չկա, բախտդ բերել է։

Եթե կա, սուլիչի անընդհատ ձայնը գումարվում է ընդհանուր անհարմարությանը՝ առանձնապես չնպաստելով կարգավորման գործընթացին։ 

Մարդիկ (ղեկավարությունը, իշխանությունը) որոշել էին թեթեւացնել մայրաքաղաքի երթեւեկությունն ու կառուցեցին Սարալանջի հոյակապ մայրուղին։ Ասում եմ՝ հոյակապ, առանց մի կաթիլ հեգնանքի։ Բայց ստացվել է այնպես, որ մայրուղով արագ ընթացող մեքենաները, չունենալով համապատասխան ելք, կուտակվում են։ Եւ ուրեմն, չեն լուծվում ժամանակ չկորցնելու, աշխատանքից չուշանալու, չջղայնանալու հարցերը։ Այսինքն՝ մայրուղին, մեծ հաշվով, խնդիրը չի լուծում։

Կարելի էր չանդրադառնալ այս հարցին, եթե դա լիներ առանձին բացթողում կամ ինժեներատեխնիկական սխալ հաշվարկ։ Բայց սա մի սկզբունք է, որով կազմակերպվել է մեր կյանքը վերջին տասը տարում։

Օրինակ՝ քաղաքի կառուցապատումը։ Եթե բնակելի տներ են կառուցվում, ուրեմն կարելի է կարծել, որ պետությունն ունի սոցիալական ծրագիր եւ իր առջեւ խնդիր է դրել լուծելու քաղաքացիներին բնակարանով ապահովելու հարցը։ Այդ վեհ նպատակին հասնելու համար նա չնչին փոխհատուցմամբ վերցրել է կառուցապատման ենթակա տարածքներում ապրող մարդկանց տները։ Նրանք դարձել են կամ անօթեւան, կամ ստացած աննշան գումարով ձեռք բերել ավելի վատ պայմաններ, քան նախկինում ունեին։

Նորակառույց շենքերը, անկախ դրանց ճարտարապետական արժեքի մասին հակասական պատկերացումներից, հզոր տպավորություն են թողնում, բայց, մեծ հաշվով, չեն լուծում սոցիալական խնդիրը։ Շենքերը հիմնականում դատարկ են։ Բնակարանների մի մասն ունի վիրտուալ տերեր, իսկ քաղաքացիների (ոչ միայն այդ տարածքի) բնակարանային խնդիրները մնացել են չլուծված։

Սրան էլ կարելի էր չանդրադառնալ, եթե ձեւի ու բովանդակության շեղումները մեզանում չլինեին օրինաչափություն, եւ այդ օրինաչափության մետաստազները տարածված չլինեին բոլոր ոլորտներում։

Օրինակ՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Մի կողմ թողնելով տարածաշրջանի սահմանների մասին պատկերացումները` փորձենք պարզել, թե ի՞նչ բաղադրիչներով է որոշվում բանակի ամենամարտունակությունը. գուցե տանկերի, զրահամեքենաների քանակով, գուցե ինժեներական կառույցների ամրությամբ կամ ռազմավարական ճկուն մտքով։ Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ նույնիսկ գերհզոր տեխնիկայի առկայության դեպքում ամենակարեւորը մարդու գործոնն է։

Մարդկային մեր ռեսուրսին նայելիս տարածաշրջանի ամենամարտունակն անմիջապես կորցնում է փայլը, որովհետեւ երկու տարի ծառայելուց հետո զինվորների մեծ մասն իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս։ Նրանց մի մասը գտնում է այդ ապագան, մյուս մասը՝ մնում անհույս երազող։ Նույնը կարելի է ասել նաեւ «շարքային» սպաների մասին, որոնք մեծ առաջխաղացում չունենալով եւ, հետեւաբար, այդ առաջխաղացման հաշվին հարստություն չկուտակելով` դարձյալ իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում։

Պետությունն ահռելի միջոցներ է ծախսել այս մարդկանց կարգապահության, վարժանքի ու ռազմական գիտելիքի վրա, իսկ նրանք իրենց ապագան չեն կապում Հայրենիքի հետ։ Սա նշանակում է, որ հարկատուներիս միջոցները ծառայել եւ հիմա էլ ծառայում են միայն պետական այս կամ այն գործչի սնապարծությանը։ Սա նշանակում է նաեւ, որ ենթադրական ամենամարտունակ բանակի թիկունքում կանգնած է ձգտումներից ու երազից զուրկ հասարակություն։

Ամենամարտունա՜կ բանակ, հոյակա՜պ մայրուղի, հզո՜ր նորակառույցներ… Շարքը երկար է, մեկ հոդվածի մեջ ամեն ինչի մասին չես խոսի, բայց նույնիսկ այս երեք օրինակներն ապացուցում են, որ Հայաստանում ձեւն ու բովանդակությունն իրար չեն հանդիպում։

Ձեւն ու բովանդակությունը չեն ծանոթացել նաեւ Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ տասնհինգամյա ընթացքում։ Երբ ասում են կարգավորում, ձեւի իմաստով պատկերացնում ես մի աշխատանք, որն ուղղված է հարեւան երկրների միջեւ բոլոր խնդիրների լուծմանը։ Պատկերացնում ես, որ այդ աշխատանքի ընթացքում քո երկիրը ոչ թե կրավորական, պաշտպանողական դիրքում է, այլ խոհեմության սահմանում նաեւ նախաձեռնող է ու հարձակվող։ Բայց երբ ծանոթանում ես կարգավորման բովանդակությանը, պարզվում է` խոսքն ընդամենը համառ պնդումների մասին է՝ «չեմ ուզում ու վերջ» կրկներգով, ինչը դեպի փակուղի է տանում։

Ու ոչինչ չի ստացվում՝ լինի երթեւեկության կարգավորում, թե՝ Ղարաբաղյան հակամարտություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter