HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Կաթի գործարանի» նախնական դատական նիստերը շարունակվում են

ՀՀ Հարավային քաղաքացիական դատարանի Կապանի նստավայրում դատավոր Անահիտ Թումանյանի նախագահությամբ դեռեւս շարունակվում է «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերի հայցադիմումի քննությունը` ընդդեմ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Արամայիս Լալազարյանի:

Հիշեցնենք, որ բաժնետերերը պահանջում են անվավեր ճանաչել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության հետ 2 բաժնետերերի մասնակցությամբ 2007 թ. մայիսի 11-ին կնքված առքուվաճառքի պայմանագիրը, որով գործարանը` շենք-շինություններով, դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով վաճառվում է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությանը` 106 մլն 650 հազար դրամով (տես՝ Կապանի կաթի գործարանը վաճառվել է առանց բաժնետերերի գիտության): Պատասխանողի ներկայացուցիչ փաստաբան Յուրա Բալասանյանը անցած դատական նիստում հայտարարել է, որ բաժնետերերն իրենց բաժնետոմսերը վաճառել են Ա. Լալազարյանին, ու արդյունքում բաժնետերերը երկուսն են` Լարիսա Լալազարյանը` 64 տոկոս, Արամայիս Լալազարյանը` 36 տոկոս: Նոյեմբերի 17-ին վերսկսված նախնական դատական նիստում բաժնետերերից Միշա Ղուկասյանը հայտարարեց, որ Կապանի կաթի գործարանի գույքի հաշվեկշռային արժեքի 20 տոկոսը մասնակի անհատույց սեփականաշնորհման հետեւանքով տրվել է այդ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամներին: Բացի այդ, նրանք առաջնահերթ իրավունք ունեն ձեռք բերելու մնացած պետական բաժնեմասի` 80 տոկոսի եւս 20 տկոսը: Ստացվում է, որ աշխատակիցները իրավունք ունեին ունենալ ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 36 տոկոսը, ինչը բավարար է հսկիչ ծրարն ունենալու համար: Նաեւ Կապանի կաթի գործարանի 936 բաժնետոմսից տեր եւ տիկին Լալազարյաններին պատկանում է ընդամենը 749 բաժնետոմս, հետեւաբար նրանք չեն կարող լինել բաժնետոմսերի 100 տոկոսի ընդհանուր քանակի տերը: 


Նոյեմբերի 20-ի նախնական դատական նիստում դատավորը հույս էր հայտնել, որ այս նիստը կլինի վերջինը ու, ըստ էության, կսկսվի դատաքննությունը: Բայց հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան` վերջինիս պահանջով կաթի գործարանից դատարան բերել բաժնետոմսերի ռեեստերը: Փաստաբան Արշավիր Խալափյանի կարծիքով, «չարաբաստիկ այդ ռեեստրը», լույս կսփռի շատ հարցերի վրա: Միաժամանակ պարզաբանվեց, որ ռեեստրը բաղակացած է 3 գրանցամատյանից, ու դատավորը փորձեց պարզել, թե հատկապես ո՞ր գրանցամատյանն է հետաքրքրում հայցվոր կողմին: Պարզվեց, որ 3 գրանցամատյաններն էլ կարեւոր են, որովհետեւ դրանց միջոցով կպարզվի, թե ու՞մ են ի սկզբանե պատկանել բաժնետոմսերը, ինչպե՞ս են դրանք հետագայում հաշվառվել, ու արդյոք վաճառվե՞լ են ինչ-որ մեկին:

Լսելով կողմերին` դատավոր Անահիտ Թումանյանը մերժեց հայցվորի միջնորդությունը: Պատճառը նույնն էր` բողոքավոր բաժնետերերը չեն փորձել որեւէ կերպ ձեռք բերել քաղվածքներ ռեեստրից, որի իրավունքն ունեին: Հայցվոր կողմի փաստաբան Արշավիր Խալափյանը դատարանին տեղեկացրեց, որ պատվիրված նամակներ են ուղարկել պատասխանող Արամայիս Լալազարյանին` նրա մոտ եղած որոշ փաստաթղթեր ստանալու նպատակով: Փաստաբանը խնդրեց դատարանին հետաձգել նախնական դատական նիստը` մինչեւ պատասխանների ստացումը: Դատավոր Անահիտ Թումանյանը դիմեց պատասխանողի ներկայացուցիչ Յուրա Բալասանյանին՝ որեւէ կերպ աջակցել այս հարցում, ու եթե կապ կա վստահորդի հետ, ապա ավելի արագ նրան ուղարկել հայցվոր կողմի նամակները՝ հեռապատճենով կամ էլեկտրոնային փոստով: Փաստաբանը խոստացավ հնարավորինս օգտակար լինել, ու դատական հաջորդը նիստը նշանակվեց ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter