HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Արմեն Հարությունյան. «Հույս ունեմ, որ քաղաքական կամք կա լուրջ հետաքննություն անելու եւ մեղավորին գտնելու»

Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպանի հետ

-Պրն Հարությունյան, Էդիկ Բաղդասարյանն այս տարվա ընթացքում արդեն 7-րդ լրագրողն է, ում հանդեպ բռնություն են գործել: Սակայն, մինչ այսօր հարձակումներից ոչ մեկի դեպքում հանցագործը չի հայտնաբերվել, եւ ոչ ոք չի պատժվել: Ի՞նչն է պատճառը:

-Ես մինչեւ այսօր բացահայտումների մեծ ձգտում չեմ տեսել: Երեւի մեր հասարակությունում խոսքի ազատությունն այն կարեւոր արժեքը չէ, որի համար լուրջ պայքար մղվի: Արդեն իսկ տարօրինակ է, որ որեւ մեկի հանդեպ գործած հարձակման կազմակերպիչ կամ կատարող չի հայտնաբերվել: Ես համարում եմ, որ պարզապես չկա դրա ցանկությունը, այլապես դժվար է հավատալ, որ հնարավոր չէ անել:


Հետքի խմբագրի հետ տեղի ունեցածի առթիվ Ձեր հայտարարության մեջ ասել եք, որ հանցագործությունը չբացահայտելու դեպքում ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանության վերադասության կողմից քննարկվի օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմիններում զբաղեցրած պաշտոնյաների կոմպետենտության հարցը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ իշխանությունը հետեւի Ձեր առաջակին:

Այո, եթե հանցագործությունները չեն բացահայտվում, միգուցե տեղին է իրավապահ մարմինների կոմպետենտության հարցը դնել: Նորմալ երկրում գոնե հրաժարական կտային, եթե չկարողանային այսքան հարձակումների պատվիրատուներին կամ կատարողներին հայտնաբերել: Դրա համար մենք շեշտում ենք, որ եթե ի վիճակի չեն բացահայտել, ապա թող հրաժարական տան: Ես չգիտեմ՝ իշխանություններն այսպես կտրուկ կդնե՞ն հարցը, որ պահանջեն որեւէ մեկի հրաժարականը, թե ոչ: Բայց մենք պետք է ավելի կոշտացնենք մեր դիրքորշումները` նպատակին հասնելու համար:

Ինչի՞ մասին են վկայում նման հաշվեհարդարները, ի՞նչ ցուցանիշներ են դրանք, եւ ինչու՞ մարդիկ, ովքեր համաձայն չեն լրագրողների հրապարակումների հետ, չեն դիմում դատարան եւ հերքում պահանջում:


Դրանք վկայում են ժողովրդավարության բացակայության, մարդու իրավունքների անբավարար պաշտպանված լինելու մասին: Իսկ բողոքարկման այլ մեթոդների չեն դիմում, որովհետեւ գուցե հասկանում են, որ դատարանում կսկսվի հարցի ուսումնասիրություն եւ արդյունքում պարզ լինի, որ դժգոհությունն անհիմն է, եւ ուրիշ հարցեր բացահայտվեն: Որովհետեւ եթե մարդն արդար է, նա միշտ էլ դատարանի ճանապարհով է ապացուցում իր ճշմարտացիությունը: Գոնե առաջին անգամ տեսանք, որ վարչապետն այցելեց տուժած լրագրողին: Ես այս դեպքում հույս ունեմ, որ քաղաքական կամք կա լուրջ հետաքննություն անելու եւ մեղավորին գտնելու: Ի տարբերություն այլ դեպքերի, այս տարբերությունը տեսնում եմ: Ես հավաստիացնում եմ, որ եթե կա քաղաքական կամք, մնացած հարցերը լուծվում են:

Ինչո՞վ են պայմանավորված այս հաճախակի բռնությունները: Որո՞նք են դրանց առաջացման պատճառները:

Եթե քաղաքական համակարգը ժողովրդավարական չէ, նրա համար ամենաանհարմար մարդը լրագրողն է: Միշտ լրագրողը խնդիր կունենա: Եվ այդ անհարմարությունները հանգեցնում են նրան, որ բախումները լինում են հատկապես այս ձեւով: Ինչքան համակարգը ժողովրդավարացվի, այնքան սովորական կդառնա սուր հրապարակումներ անող լրագրողը: Մեր քաղաքական համակարգն իրեն շատ անհարմար է զգում օբյեկտիվ լրագրողի խոսքը լսելու համար:

Ի՞նչ է պետք անել:

Սա տվյալ լրագրողի խնդիրը չէ: Սա ամբողջ հասարակության խնդիրն է: Վաղը սա կլինի մեկ ուրիշ լրագրողի, մի ուրիշ պաշտոնյայի խնդիրը: Միայն պայքարել, կոշտացնել դիրքորոշումները իրավունքների պաշտպանության հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter