HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եվ աշխատակազմի քարտուղար է, և գրադարանավար

Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղում փաստացի ապրում է 127 մարդ, սակայն փաստաթղթերով գրանցված է 182 բնակիչ: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մարտոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 1990-ական թվականների սկզբին, երբ Հայաստանում դժվարություններ կային, մի կողմից էլ ընթանում էր Արցախյան ազատագրական պայքարը, գյուղացիներն արտագաղթել են' շարունակելով գրանցված մնալ որպես գյուղի բնակիչ:

Ջաղացաձորը համարվում է «փախստականների գյուղ»: Այստեղ են բնակվում Ադրբեջանից արտագաղթած հայ ընտանիքներ: Գյուղում ծնելիությունը ցածր է, այդ իսկ պատճառով այս տարի գյուղն ընդամենը 1 առաջին դասարանցի ունի:

«Վերջին տարիներին արտագաղթ չկա գյուղում, խոպան գնացողներ էլ չկան: Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ, ուրիշ աշխատանք չունեն: Դժվար է մեր գյուղում ապրելը, երիտասարդությունը պարապ է. որ աշխատանք լիներ, կկարողանային ապրել»,- ասում է Գագիկ Մարտոյանը:

Աշխատակազմի քարտուղարի խոսքերով՝ այժմ գյուղից արտագաղթ չկա, որովհետև գյուղում մնացողները դրսում բարեկամ չունեն, որ տեղափոխվեն նրանց մոտ, շատերն էլ գնալու համար ֆինանսական հնարավորություն չունեն: «Ոչ բոլորը, բայց եթե հնարավորություն ունենան, հիմա էլ գյուղից կգնան»,- ավելացրեց Գ. Մարտոյանը:

Նա ասում է, որ իրենց փոքր գյուղում բոլորն էլ աղքատ են, միջին խավ չկա: «Դե պատկերացրեք՝ որ աշխատանք չլինի, մարդիկ ո՞նց պիտի ապրեն»,- հավելեց նա:

Ըստ աշխատակազմի քարտուղարի' գյուղում 6 երիտասարդ տղամարդ կա, որոնք չեն ամուսնացել: Պարզվում է, Ջաղացաձորում բանակ գնացած-եկածները արդեն համարվում են «տանը մնացած»: Եթե 20 տարեկան տղան չի ամուսնանում, ուրեմն մտահոգիչ է, և ամբողջ գյուղով համոզում են, որ ամուսնանա:

Ջաղացաձորը ոչ մշակույթի տուն ունի, ոչ էլ գյուղացիների համար այլ հավաքատեղի: Պարապ ժամանակ գյուղի տղամարդիկ կամ իրենց պատերի տակ են կանգնում, կամ փողոցի անկյուններում խմբվում:

Գյուղն ունի գրադարան, սակայն այն գտնվում է գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում: Քանի որ գյուղի բյուջեն շատ փոքր է և հազիվ աշխատավարձերի վճարմանն է բավականացնում, Գագիկ Մարտոյանը ձեռքի հետ էլ ստիպված գրադարանավարի գործառույթ է իրականացնում:

«Երբ մարդիկ գալիս են գիրք են ուզում, ո՞նց ասեմ՝ ես աշխատակազմի քարտուղարն եմ ու գիրք չեմ տալիս»,- ավելացնում է Գ. Մարտոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter